Արվեստը անցնում է ընդհատակ. Սամվել Սաղաթելյանի «Տրանսռոմանս» շարքը

17.09.2013 at 11:38 Оставьте комментарий

«Տրանսռոմանս». հաճույք են ստանում և իշխողը և հպատակը

«Տրանսռոմանս». հաճույք են ստանում և իշխողը և հպատակը

Մուտքի դամաֆոն վեցերորդ կոճակը կսեղմես, բարձրախոսը կասի՝ «երրորդ հարկ» ու մուտքի դուռը չխկալով կբացվի: Ընդհատակյա ցուցհանադե՞ս, գաղտնագետների  խորհրդավոր ծե՞ս. Սեպտեմբերի 12-ին Սամվել Սաղաթելյանի «Տրանսռոմանս» ցուցհանդեսը Շագա Յուզբաշյանի Սայաթ-Նովայի բնակարանում երկու հանգամանք դարձնում է ընդհատակյա. Որ ցուցասրահները մերժել են ցուցադրել այն և որ այնպես պետք է մտնել մուտք, որ Շագայի հարևանի՝ օլիգարխ-պատգամավորի կինը չիմանա, նա ահավոր զայրանում է, երբ մուտքում առանց իրեն հաշիվ տալու ճանճ է տզզում. իսկ ցուցհանդես կազմակերպել իր մուտքի բնակարանում, ո՞նց հանդուրժես, հո բարդա՞կ չի, բնակելի շենք է: Նա ամեն օր ստուգում է մարմարափայլ մուտքում իր ձմեռային այգու ծաղիկների վիճակը, և աստված չանի, եթե մի ծաղիկ պակասած լինի, կասկածը էլ ո՞ւմ վրա կընկնի՝ մուտքի բոլոր բնակարանները գնել են, մնացել է Շագայինը ու մի տատիկինը: Տատիկի մոտ գնացող-էկող չկա, միայն աղջիկը, նա չէր տանի ծաղկամանը, իր հյուրերն էլ դիշովկա չեն, որ ծաղիկ գողնան, մնաց ո՞վ՝ Շագայի բոմժ ընկերները:

Ու գալիս են տարեց ու պատանի պրադվինուտիները իրենց մուտքի թույլտվությամբ՝ յուրաքանչյուրը իր խմիչքով՝ Ղարաբաղի քաշած դեղնավուն օղի ու պեչատնի արաղներ ու հայկական էժանագին գինիներ, գալիս են բնակարանային ցուցահանդես, անընդհատ հնչում է դամաֆոնի տնգոցը, Շագան չի հասցնում բոլորին պատասխանել, հոգ չէ, Շագ ջան, դու ազատ վայելիր բնակարանիդ արվեստային օծումը, հյուրերդ արդեն անգիր գիտեն ինչ պիտի ասեն՝ երրորդ հարկ, և ինչ պիտի անեն՝ սեղմեն կոճակը(80-ականների վերջի արվեստագենտերի ցուցահանդեսի «երրոդ հարկ» փոխաբերական անվանումը, իրականություն դարձավ Շագայի երրոդ հարկում):

Բա որ օլիգարխն ու իր կինը հանկարծ ծեծեի՞ն Շագայի դուռը ու գային տեսնեին ինչե՜ր են կախած նրա խունացած ու գորգածածկ պատերին՝ առռռը հա, Սամվել Սաղաթելյանը կանացի զուգագուլպաները հագին՝ հաջաթը տնկած, հաջաթով կնոջ հետ գիրկընդխառն. Այ քեզ պատմություն, մենք էնտեղ պետություն կառուցենք, սրանք էստեղ գենդեռ խաղցնեն:

Սամվել Սաղաթելյանը բնակարան-ցուցասրահում

Սամվել Սաղաթելյանը բնակարան-ցուցասրահում

Ահա թե ինչի դեմ է պայքարում քյառթու մտավորականությունը, որ ասում էին, չէիք հավատում, որ հես ա սաղս սեռափոխ ենք լինելու:  Գենդերային օրենքի պտուղները փարթամորեն աճում են Շագայի բնակարանում՝ ըհը. էս էիք ուզո՞ւմ, որ մարդ ինքն ընտրի իր սե՞ռը: Միակ տարբերությունն այն է, որ նկարներում Սամվելը ընտրում է ոչ միայն իր, այլև ուրիշի՝ հմայիչ կնոջ սեռը: Հաջաթը կնոջ սեքսուալությունը նվազեցնո՞ւմ է. նայած ում համար, ըհը, էս էլ քեզ մի ուրիշ սեռ, որ գրգռվում է հաջաթով կնոջից: Ուրեմն, Շագայի բնակարանում Սամվելի պատկերների հերոսների ու հանդիսատեսների միացյալ հասարակությունում վեց թե յոթ սեռ կարելի է հաշվել՝ չորսը միայն նկարներում են:(Սամվելի կաքը http://www.samsaga.com/):

Իսկ գուցե հենց իրեն՝ օլիգարխի՞ն է ձոնում արվեստագետը այս մի պատկերը, հայոց արքան հաջաթից հրավառրություն է թափ տալիս մասսաների վրա: Արվեստի ուժը, նվնվոցների, ջղագրգիռ ցույցերի տեղ՝ հաճույք. հաճույք են ստանում և թագավորը(օլիգարխներով) և հպատակները: Դերերը կատարեցին՝ հայոց արքա՝ Սամվել Սաղաթելյան, ժողովուրդ՝ կին, որը չցանկացավ իր անունը հրապարակել: Այսպիսի պատկերների շարք, որոնցում գլխավոր հերոսը  զուգագուլպայոտ հաջաթն ա՝  «առռռռը հա իմ սեր»:

Սամվել Սաղաթելյան «Տրանսռոմանս»

Սամվել Սաղաթելյան «Տրանսռոմանս»

Տրանսռոմանսի քնքշության և ագրեսիայի մասին խոսում է ստորև ներկայացվող արվեստաբան Վիգեն Գալստյանի գրախոսությունը:

-Ոնց որ պատերազմի ժամանակ լինի,-ասում է Կարինե Մացակյանը:

Պատրկերացրու՝ռմբակոծության վտանգը քաղաքի գլխին, հանրային վայրերը ամայի, և արվեստի ծարավ համայնքը թշնամուց ու յուրայինից  թաքուն բացում է ցուցահանդեսը բնակարանում և «առռը հա» ասում թշնամուն ու յուրայինին:

-Ես կասեի՝ ոնց որ նախապատերազմական ժամանակ լինի,- ասում եմ ես: Կարծես վաղվա հետպատերազմյան հայացքով տեսնես բնակարանը:

Ուրեմն, Սամվելի գործերը Շագայի բնակարնում ցուցադրվելով էլ ստեղծվում է մեկ այլ սեռ, ճիշտ է այս անգամ ոչ թե մարդու այլ արվեստի՝ համադրող Վիգեն Գալստյանի հիանալի համադրությունը՝ համադրել երևանյան անհետացող բնակարանը Սամվելի տրանսսերը բացահայտող գործերի հետ(Շագա ջան, ինչքան էլ դիմադրես, մի օր լավ գին կտան ու բնակարանդ կծախես, եվրոռեմոնտ կանեն ու միայն արվեստի հավատացյալները կվստահեցնեն, որ օլիգարխի վեցերորդ բնակարանում ապրում են Սամվելի ստեղծած  օրինազանց սիրահար ոգիները):

Ճիշտ է, մուտքի վերանորոգումը ջնջել է երևանյան հնաբույր մուտքերին բնորոշ կոլորիտը, և միայն Շագայի բնակարանի դուռն է հիշեցնում սովետական Երևանը իր ժամացույց լարելու բանալի հիշեցնող զանգով. զանգը տալու համար պիտի փայտե դռան վրա խրված բանալին պտտես ու լսվում է դռան զանգի խռպոտ բասը: Բայց օլիգարխի դրած մուտքի դուռը և տեսախցիկները այնպես են պաշտպանում բնակարանները որ կարիք չկա պտտել դռան զանգը, դուռը բաց է, առանց թակելու կարող ես մտնել: Ըհը, տեսախցիկները, ուրեմն չես թաքցնի իշխանության աչքից տրանսսիրո ընդհատակյա խրախճանքը: Հանդիսատեսների անելիքը սենյակում պտտվելուց  հետո չի ավարտվում, խոհանոցում շարունակվում է ցուցհանդեսը՝ մտքերի,  որտեղ խմիչքների բազմազանությունը ներդաշնակվում է սեռերի բազմազանության հետ, միայն խնդրում եմ, հայկական գինի մի առեք, ինչքան էլ տարբեր պիտակներ ունենան, ինչքան էլ հարգենք բազմազանությունը, անտանելի է, բոլորը մի համ ունեն՝ թթու են:

—————-

Սաղաթելյանի «Մարմին» շարքից

Սաղաթելյանի «Մարմին» շարքից

Վիգեն Գալստյան

                                               Թիթեռի երազ

Կարո՞ղ է պոռնոն անմեղ լինել: Կամ սեռական ցանկությունը` ընդհանրապես: Եվ ինչու են այլասերվածները երազներում ծաղիկներ տեսնում: Ահա մի քանի հարցեր որոնց կարելի է առնչվել  է Սամվել Սաղաթելյանի 2010-13 թթ.-ի  «Տրանս-ռոմանս»  շարքում: Խումբը կազմող, խառը մեդիայով արված 11 նկարներից յուրաքանչյուրը, պատկերում է արվեստագետին սադոմազոխիստական կաշվե հագուկապով և կանացի գուլպաներով, տրանսգենդերային մի կերպարի հետ միասին: Այս զույգի լուսանկարային պատկերը տպված է, քսերոքսով պատճենված, կոլլաժված, ձեռքով նկարազադրված, սոսնձված էժանագին  տախտակների վրա ու այնուհետև տեղ տեղ մաշեցված` պատինային էֆեկտ ստանալու համար:

Նկարների հերթականությունը հաղորդվում է երազի նման: Տրանս-կինը սկզբում հայտնվում է որպես պրոեկցիա, որը ելնում է արվեստագետի կիսաքուն մարմնից: Հետո նա նյութականանում է որպես ավելի կոնկրետ էակ` դիրք ընդունելով Սաղաթելյանի կողքին ասես ընտանեկան լուսանկարի համար, ու ի վերջո արվեստագետին օգնում է հասնել հրավառանման կլիմաքսի: Սա մի պսեվդո-բիբլիական նարատիվ է` (նկարներից մեկում այն տեղի է ունենում Արարատի լանջերին) դիտված ֆալոցենտրիկ արական նարցիսիզմի` պոռնոգրաֆիկ պրիզմայի միջով: Սակայն պատումը այստեղ խնդրականացված է իր ներկայացմամբ: Անճարակ և մուլտային աշխատանքների երեխայական կատարումը ականապատում է «Տրանս-ռոմանսի» հիմքում ընկած սեքսուալության անհանգստացնող բնույթը: Ագրեսիան ցրվում է նրբիկ ծաղիկների, ծիածանների, սարերի, բոսորագույն փայլերի և սրտիկների շերտերի արանքում: Ընդհանուր առմամբ «Տրանս-ռոմանսը» ասես միջին տարիքի տղամարդու թաց երազների էջեր լինի` պատանյակ աղջնակի անձնական օրագրի տեսքով:

Ընդհատակում

Ընդհատակում

Այս անպարկեշտ տոնը բնորոշում է Սաղաթելյանի պրակտիկան 1990-ականների կեսից սկսած, դառնալով էլ ավելի ցցուն իր` 2002 թ.-ին Լոս Անջելես տեղափոխվելուց հետո: Օրինակ` 1996-2013 թթ.-ի «Մարմին» շարքի իր աշխատանքներից մեկը պատկերում է ուրվականակերպ ֆալոսների որոնք սողոսկում են Էջմիածնի Մայր Տաճարի դռներից և պատուհաններից: Այսպիսի շփացած հարձակումները ինստիտուցիոնալ արժեհամակարգերի վրա ներկայացուցչական են մի արվեստագետի համար, որը ձևավորվել է Հայաստանի` սովետականից դեպի անկախ հանրապետության փոխադարձի, 1988-1991 թթ.-ի անցումնային ժամանակաշրջանում:

Գլխավորը այն բազում թեմաներից որոնք տեղակայված են «Տրանս-ռոմանսի» օպերացիոն սեղանին, արական սեքսուալությունն ու ցանկությունն են: Դրա` ուժի և իշխանության  գրոտեսկային տարածքը ծաղրված է որպես կիչային մաստուրբացիոն ակտ: Սա տառացիորեն երևում է շարքի վերջին երկու պատկերներում որտեղ «հայոց թագավորի» պիտակը կրող տղամարդու ֆիգուրը միզում է ու հետո սերմաժայթքում իր հլու, երևակայական սիրուհու վրա: Այնուհանդերձ, չնայած իրանց բաց սարկազմին, Սաղաթելյանի պատկերները վերանայում են պաստիշի և պարոդիայի պոստմոդեռնիստական զինանոցը: Արվեստագետը բարդացնում է այդպիսի միջոցների օգտագործումը զգայական մեղմ տոներով որոնք հեղեղում են իր աշխատանքները:

«Ցանկության այս անորոշ մարմնում, սեքսուալությունը հեղհեղուկ է և պարադոքսալ»

«Ցանկության այս անորոշ մարմնում, սեքսուալությունը հեղհեղուկ է և պարադոքսալ»

«Սայաթ Նովայի ներկայությունն եմ զգացել էս շարքի վրա աշխատելիս և շարունակում եմ զգալ, որպես տրանսռոմանսային մի վիճակ, երբ հակասությունների համատեղ առկայությունը ստեղծելով անորոշության զգացողություն սրում է միջանկյալությունը, դարձնելով այն մի կիզակետ, որտեղ տրանսային են թե սեքսուալուաթյունը, թե պատկերները, թե զգացմունքները և թե աշխարհագրությունը…»(1)

Սայաթ Նովային հղումը հատկանշանական է քանզի «Տրանս-ռոմանսում» կա հստակ ակնարկ դեպի Սերգեյ Փարաջանովի 1969 թ.-ի «Նռան Գույնը» ֆիլմը: Ֆիլմում` բանաստեղծին մարնավորում էր դերասանուհի Սոֆիկո Ճաուրելին որը նաև անձնավորում էր Սայաթ Նովայի սիրո առարկային և մուսային: Այս երկակիությունը կիսում է նաև Սաղաթելյանի հերոսը: Տրանս-կնոջ և տղամարդու ֆիգուրները ակնհայտորեն նույն մարմնի մասերն են` տեղ տեղ պատկերված սիամական երկվորյակների նման: Նրանց կապը էլ ավելի խճճված է, քանզի տրանսգենդերային կերպարին ներկայացնում են հարավ-արևելյան ասիական ծագում ունեցող տարբեր մարդիկ: Ցանկության այս անորոշ մարմնում, սեքսուալությունը հեղհեղուկ է և պարադոքսալ: Հիպեր-արականությունը և հիպեր-իգականությունը, ինչպես նաև էթնիկ ստերեոտիպերը, կարող են պրովոկատիվ կերպով ըմբոշխնվել, որովհետև հիմնականում դրանք ի ցույց են տրված որպես ոչինչ ավելի, քան ծիծաղելիորեն սենտիմենտալ և փոխկապակցված հանդերձներ: Ինչպես տասնիներորդ դարի լուսանկարչական արվեստանոցում, զվարճանքը կայանում է փոխանակման և պերֆորմանսի մեջ, որի ընթացքում կարող է ի հայտ գալ ինքնության նոր պոետիկա: Այս տեսակետը կրկին շեշտված է աշխատանքների գեղագիտական լուծումներում. կոմպոզիցիաները անընդհատ կրկնվում են և միայն իրենց նկարված մակերեսներն են փոփոխվում, մաշկի կամ զգեստների նման: Այն ինչ արվեստագետը փնտրում է այս լուսանցքային, անցողիկ  իրավիճակում` անհոգ հրճվանքի և հետազոտության հնարավորությունն է:

Ցուցասրահից խոհանոց

Ցուցասրահից խոհանոց

«Տրանս-ռոմանսը» սիմպտոմատիկ է ժամանակակից արվեստի այն տեսակի համար (որի ներկայացուցիչներ են Քեթրին Օփին, Ջեֆ Քունզը, Փէթ Բրեսինգտոնը և այլոք), որը յուրացրել է փսիխոանալիզի, պոստ-ստրուկտուրալիզմի և «քուիր» [queer] տեսաբանության դասերը` անցում կատարելով քննադատությունից այն կողմ: Տպավորիչ թեթևությամբ, Սաղաթելյանի շարքը հորատում է այս տարածքներում ու վերադառնում հաճույքի և զգացմունքի կիզակետին: Ինչպես նշել է տեսաբան Զուդիթ Բաթլերը` «իշխանության մատրիքսի մեջ գործելը նույն բանը չէ ինչ անքննադատաբար կրկնօրինակել գերիշխանության հարաբերությունները»(2). Ահա այս  «իմացությունն» է որ Սաղաթելյանին թույլ է տալիս անվախ խաղալ խնդրահարույց նշանների, կլիշեների և մետա-պատումների հետ:

Այն ինչ մենք տեսնում ենք «Տրանս-ռոմանսում» ինքնագիտակցված կերպարանքների թատրոն է, որտեղ արվեստը, մարմինը և ցանկությունը ձևախեղվում ու խմորվում են տարատեսակ փոփոխական դիմակներ ստանձնելով: Սինթեզելով ընտանեական լուսանկարների, ժողովրդական ու նաիվ արվեստների գեղագիտությունը, Սաղաթելյանը բացահայտում է պատկերների, ինքնության և գենդերի բնույթը որպես հասարակական-մշակութային կառուցվածք: Սակայն այս սահմանները մերժելու փոխարեն, արվեստագետը իր խաղը ծավալում է դրանց ներսում, նորմալիզացնելով ու ընտանեացնելով այն ինչ ճնշված է և  արհամարված: Խորմանկության փոխարեն, պատկերները իրենց ուժը ձեռք են բերում անկեղծության հիմքի վրա: Հիշեցնելով քննադատ Միխաիլ Բախտինի «կառնավալի» տեսությունը (3) «Տրանս-ռոմանսը» գործածում է հումորը, խոստովանությունը և  ծաղրախաղը` ստեղծելով արգասալից մի հարթակ, որտեղ միատարրությունը, իշխանությունը և գաղափարախոսությունները տարրալուծվում են ճամփա տալով կերպարանափոխության ռոմանտիկային:

«Տրանս-ռոմանսը» ներկայացվել է որպես մեկօրյա հէփընինգ-իրադարձություն, որը տեղի է ունեցել Երևանում` կինոգետ Շահանե Յուզբաշյանի մասնավոր բնակարանում, 2013թ.-ի սեպտեմբերի 12-ին: Ցուցադրությունը կազմակերպվել է հայկական լուսանկարչության «Լուսադարան» ֆոնդի օժանդակությամբ:

1) Արվեստագետի հետ զրույցից, Երևան, 09.09.2013
2) Judith Butler, Gender trouble: feminism and the subversion of identity, Routledge, New York, London, 1990, p 40
3) Տես` Mikhail Bakhtin, Rebelais and his world (1940), Indiana University Press, Bloomington, 2009

Այս ակնարկը` որոշ ուղղումներով, թարգմանված և վերատպված է ցուցահանդեսին ուղակցող բուկլետից:

լուսնակարները բնակարանում Մոմիկ Վարդանյանի

Entry filed under: խոհ. Tags: , , .

Ռուբեն փաշայի վերադարձը Հոգեկան հիվա՞նդը բանտախցում. իրավապաշտպանները լռում են

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: