Այլախոհի ժամանակը կամ Շանթի հեղափոխությունը

11.11.2013 at 00:00 Оставьте комментарий

― Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում,

Ո՞ւր ես նստում դու նավակ,

Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում,

Դեպի երկինք կապուտակ:

Երբ Շանթը մահակը ձեռքին, Գայ Ֆոքսի դիմակը թիկունքին օպերայի հրապարակից քայլերն ուղղեց Մաշտոցի պողոտա, նավավար երգն էր մտքիս մեջ նրան ուղեկցում՝ ի՞նչ ես անում Շանթ, ուր ես գնում օրենքի դեմ, տես ամբողջ ոստիկանությունը ոտքի է կանգնել, քեզ խփելու են, բռնեն, ջարդեն, նստացնեն, կերած-խմած երկրի տերերը քմծիծաղ կտան՝ ո՞վ դառար, որ բենզինի շշով հեղափոխության ես դուրս եկել:

«Տեսեք, հես ա ամբողջ Կռեմլը խառնելու եմ իրար»,-80-ական թվերն էր, ես պատանի, 16-17 տարեկան, զարմացած ու հիացած նայում էի կյանքումս տեսած առաջին այլախոհին. Շահեն Հարությունյանը, հորս բարեկամն էր, մեր տան հաճախակի հյուրը՝ մի ունքը վեր, թեթև ժպիտով, որ դեմքին վստահություն ու վճառկանություն էր հաղորդում, կարծես ամեն վայրկյան պատրաստ նետվելու բախման, թռչեր Մոսկվա, մասնակցեր հերթական այլախոհական ակցիային, հետո … հետո փողոցում կգբ-ն սադրանքով կռիվ սարքեր ու ձերբակալեր: Ի՛նչ ուժ կա այս մարդու մեջ, որ դուրս է եկել աշխարհի ամենահզոր երկրի դեմ, ու վստահ ասում է՝ հես ա Կրեմլը խառնելու եմ:

Շանթը իմ հասակակիցն էր, բայց նրան չէի ճանաչում, Շահենը որդու՝ Շանթի մասին չէր պատմում, 88-ին, երբ Շահենը արդեն ԱՄՆ-ում էր, նոր ծանոթացա Շանթին:

Նավավարը պատասխանում է.

Մանուկ օրից շա՜տ եմ տեսել,

Ե՛վ փոթորիկ, և՛ աղետ,

Ծովն է ինձ միշտ օրոր ասել,

Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ:

 

Հայր ունեի – ծովում կորավ,

Որսի ելած մութ գիշեր,

Նրան ալիք լափեց, կերավ,

Նա ձկնորս էր անվեհեր:

Շահեն Հարությունյանի հետ հանդիպեցի 2006-ին Երևանում, Կոնսերվատորիայի դիմացի այգում

Շահեն Հարությունյանի հետ հանդիպեցի 2006-ին Երևանում, Կոնսերվատորիայի դիմացի այգում

Դիսիդենտ, հայերեն՝ այլախոհ. Ռուսերեն վիքիպեդիայի հոդվածը բացատրում է. «Մարդ, ով իր հայացքներն է պաշտպանում, որոնք արմատապես առանձնանում են համընդհանուրի հայացքներից: Անձնական համոզմունքների և տիրող դոկտրինայի այս կոնֆլիկտի արդյունքում հաճախ պաշտոնական իշխանությունները հալածում, ճնշում են նրանց»:

Դիսիդենտ՝ այլախոհ տերմինը շրջանռության մեջ է մտել 60-ականներին Սովետում: Վիքիպեդիայի հոդվածը ասում է, որ դիսդիենտ բառը առաջացել է 16-րդ դարում Անգլիայում, դիսիդենտ էին անվանում պաշտոնական անգլիական եկեղեցուն հակադրվող բողոքական խմբերին: Ուրեմն, Հայաստանում դիսիդենտությունը Անգլիայից հազար տարի առաջ է եղել, պավլիկյանների շարժումը, իսկ հետո թոնդրակեցիները, որոնք հակադրվում էին իշխող, պաշտոնական եկեղեցուն:

Շանթի հայրը՝Շահենը հայ այլախոհական երկու գլխավոր շարժումների հիմնադիրներից է եղել, 1967-ին նկարիչ Հայկազ Խաչատրյանի և ուսանող Ստեփան Զատիկյանի հետ հիմնադրել է Ազգային միացյալ կուսակցությունը, հրատարակում են «Փարոս» թերթը: Երեքն էլ դատվում են  հակասովետական ագիտացիա և պրոպագանդա հոդվածով:

Շահենը ազատվելուց հետո շարունակում է այլախոհական գործունեությունը, 1977-ին  Ռոբերտ Նազարյանի ու Էդուարդ Հարությունյանի հետ ստեղծում է Հայաստանի հելսինկյան խումբը. Լյուդմիլա Ալեքսևայի История инакомыслия в СССР(Այլախոհությունը ԽՍՀՄ-ում) գրքում ասված է. «Հայաստանի Հելսինկյան խումբը հրապարկեց դեկլարացիա, որում Հելսինկյան համաձայնագրի նպատակներին ավելացված էր ձգտումը. որ Հայաստանը դառնա ՄԱԿ-ի անդամ, ամբողջ աշխարհով ցրված հայության համազգային նպատակների լուծման համար», հասնել «Ադրբեջանական ՍՍՀ-ին միացված Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի ավտոնոմ մարզի վերամիավորմանը Հայաստանի հանրապետությանը», «Պահանջել հայերեն լեզվի օգտագործումը Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում»: Ինը ամիս խումբը գործում է, 1978-ի դեկտեմբերի 22-ին ձերբակալվում են Շահեն Հարությունյանը եւ Ռոբերտ Նազարյանը, 1979 թվի հունիսի 13-ին Էդուրադ Հարությունյանը:

Հիշում եմ, որ Շահենը պատմում էր հորս, թե ինչպես են կգբ-ի գործակալները փողոցում մոտեցել ու կռիվ սարքել հետը, դատում են խուլիգանության մեղադրանքով, երեք տարի նստում է այս անգամ հանցագործների հետ: 2006-ին, երբ Շահենը Երևան էր եկել Լոս Անջելեսից, Շանթի միջոցով նրա հետ կրկին հանդիպեցի: Նրա դեմքը հանդարտված էր, այլևս չկար մարտի նետվելու վճռականություն հաղորդող ինքնավստահ ժպիտը: Կրկին պատմեց հելսինկյան շրջանը, իր ձերբակալվելու պատմութունը. «Ինձ փողոցում բռնեցին։ Մի քանի հոգով մոտեցան, մեկն ասեց՝ արա ախպորս դու ես խփել ու յոթ-ութ հոգով խփելով մտցրին ավտոն»:

Շահեն Հարությունյանը ազատվելուց հետո նախաձեռնում է երկրորդ հելսինկյան խումբը՝ Ժորա Խոմիզուրիի, Ռաֆայել Պապայանի և Էդմոն Ավետյանի հետ, սակայն չեն հասցնում հայտարարություն անել։ ԿԳԲ-ն խուզարկություններ է անում նրանց տներում, հայտնաբերում արգելված գրականություն։ 83 թվին Խոմիզուրին եւ Պապայանը հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդիայի հոդվածով դատապարտվեցին ազատազրկման, Երկրորդ անգամ դատվում է նաև Էդուարդ Հարությունյանը և ազատվելու ժամանակ մահանում: Էդմոն Ավետյանին սկզբում ձերբակալում են, ապա երկրորդ անգամ փակում հոգեբուժարանում, առաջին անգամ տարել էին 48 թվին Ստալինին սպառնալից նամակ գրելու համար։

Իսկ Շահենը ԿԳԲ-ի ճնշումների արդյունքում 1985-ին մեկնեց ԱՄՆ:

Երգը շարունակվում է.

Ծովում կորցրի երկու եղբայր,

Նավավարներ ինձ նման,

Որ իմացա-երկինք, աշխարհ,

Ասես, գլխիս փո՜ւլ եկան․․․

 

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,

Թե ծովն ինձ էլ կուլ կըտա,

«Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»․․․

Ամեն բանի վե՜րջը կա․․․

1980-ին ձերբակլվում է Շահենի եղբայրը՝ Մարզպետ Հարությունյանը: Նա Վարդան Հարությունյանի, Սամվել Եղիազարյանի և Իշխան Մկրտչյանի հետ ստեղծել էր  «Հայ երիտասարդների միությունը»: Նրանք դատապարտվում են ազատազրկման հակասովետական ագիտացիայի հոդվածով: Ալեքսեևայի գրքում ասված է. «Միության անդամները գրել և տարածել են բանաստեղծություններ, որոնք գովերգում էին Հայաստանի անկախության գաղափարը: Դատի ժամանակ Մարզպետ Հարությունյանը հայտարարում է, որ խմբի նպատակը քարոզելն է, որ Հայաստանը դուրս գա ՍՍՀՄ կազմից: Մեղադրականը խմբի գաղափարախոս և ոգեշնչող ներկայացնում էր Մարզպետ Հարությունյանին, իսկ խմբի փաստացի ղեկավար Իշխան Մկրտչյանին»:

Երկուսն էլ չկան, Իշխան Մկրտչյանը սպանվեց գաղութում 1985թ. Ապրիլի 24-ին, նրան  գտան խցում կախված: Մարզպետը մահացավ ԱՄՆ-ում:

Իշխան Մկրտչյանը դատարանում հայտարարեց. Եթե իմ լեզուն պետք է մեռնի վաղը, ես պատրաստ եմ մեռնել այսօր:

Իշխան Մկրտչյանը դատարանում հայտարարեց. Եթե իմ լեզուն պետք է մեռնի վաղը, ես պատրաստ եմ մեռնել այսօր:

Սփյուռքահայ ինտելեկտուալ բարեկամս ասում էր, որ նպատակ ունի հայ այլախոհության պատմություն գրել, մի քանի հատոր կլինի, պավլիկյաններից սկսած մինչև մեր օրերը: Մի պատմություն, որը պատմության մայրուղին ոչնչացրել է, ամեն ինչ արել է, որ այն չերևա, եղած չլինի: Միջնադարը ավելի բարդ է գրել, սովետական շրջանի վերաբերյալ նյութ ավելի շատ կա:

Ինչ տվեցին հայ այլախոհները, այդ մոտ 100 հոգին, ովքեր սովետական քսան տարիներին՝ 1965-1985թթ անցան սովետական բանտերով:

Ռացիոնալ հաշվարկով դիսդիենտական շարժումը զրո ազդեցություն ուներ հասարակության վրա, ու պրագմատիկ հայրենասերը կասեր՝ անիմաստ է գնալ նստելը, մեկ է ոչինչ չես փոխելու: Նրանց մասին բացի հարևաններից ոչ ոք չէր իմանում(մի բարեկամ ունեինք, Պարույր Հայրիկյանի հարևանն էր, հայրս նրան հարցնում էր Պարույրից, նա պատասխանում էր՝ հազար տարի ինձի պետք ա էնի), մասսաները ապրում էին իրենց «խոհով», մի ձևակերպմամբ այդ «խոհը» Սովետի հոկեյի հավաքականին երկրպագելն էր, նրանց հերոսը Խառլամովն էր, անկախությո՞ւն, մարդու իրավո՞ւնք, է՞դ ինչ թազա ֆռուկտ ա:

Այլախոհությունը ռացիոնալ հաշվարկներից դուրս շարժում էր, հասարակության մարմինը գրեթե ամբողջությամբ իշխանությանն էր պատկանում, և այլախոհությունը մարմնի այն միակ մասն էր, այն ներվը, որին իշխանությունը դիպչելով հակահարված էր ստանում: Այդ ներվն է իշխանության նկատմամբ մարմինը զգայուն պահում, հոկեյի բալերշչիկների հասարակության դեմքին դիմագիծ հաղորդում: Կարո՞ղ է առանց այդ ներվի հասարակությունը ապրել: Նայած ինչ հասարակություն է ուզածդ, ճաշակի հարց է: Ալեքսևայի  «ՍՍՀՄ-ում այլախոհության պատմություն» գրքում ամենամեծ գլուխներից մեկը «Հայկական ազգային շարժումն» է, գրքում չկան միջինասիական հանրապետությունները և Ադրբեջանը, իշխանությանը դիմադրող այդ ներվը նրանք չեն ունեցել:

Շանթը սովետական տարիներին նստել է, նա բանտից հաճախ պատմում է, պատահական չի, որ հասարակության իրավիճակը նկարագրելու համար բանտից է օրինակներ բերում՝ «Հայաստանը սուչի զոնա ա, այսինքն անբարոյական հարաբերություններով ապրող միջավայր: Ես չեմ կարա էդ միջավայրում ապրեմ»(տես՝ այստեղ):

Բայց էդպես էլ նրան նորմալ չեմ հարցրել, թե ինչի՞ համար էր նստել: Հետո 2008-ին նստեց: Հիմա երրո՞րդ անգամն է՝ «ես ավել լավ ա մեռնեմ, բենզինի շշերը ձեռս էթամ ու մեռնեմ, թող սնայպեռը խփի, չեմ ուզում գնամ  կիևյանից գցեմ, չեմ ուզում Հայաստանից գնամ»:

Կյանքը լավ է․․․ բայց ի՞նչ արած,

Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ․․․

Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց,

Ծովի տակ էլ կըհանգչեմ․․․»:

Շանթի վերջին ըմբոստությունը՝ «ես հեղփոխություն եմ անում», կրկին հիշեցրեց այլախոհությունը: Այն ինչ արեց Շանթը իսկական այլախոհություն էր, օրինազանց այլախոհություն ընդդեմ օրինապահ բազմության: Հեղափոխություն մի հասարակությունում, որը ինչքան էլ դժգոհի իշխանություններից, մի բանում նրա հետ համաձայն է՝ պետք է օրինապահ լինել(օրենքները անտեսելով իշխանափոխության հասնելու խոսակցությունները պատերի տակից այն կողմ չեն անցնում, հրապարակային քաղաքացիական կեցվածքը օրինապահությունն է: Հասարակության մտածողությունը լավագույնս է արտահայտում «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը. «Եթե տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից դառնա 150 դրամ, դա կլինի քաղաքապետարանի սխալ, անարդար, չմտածված որոշում: Ես դրա դեմ կգրեմ ու կխոսեմ, գուցե կմասնակցեմ դրա դեմ կազմակերպվելիք խաղաղ (ընդգծում եմ՝ խաղաղ) ցույցերին, ես կփորձեմ մարդկանց տեղափոխել խմբագրության մեքենայով, ես կոչ կանեմ բոյկոտել այդ տրանսպորտը: Բայց եթե ես հայտնվեմ այդ տրանսպորտում, եւ ուղեվարձը սահմանված լինի 150 դրամ, ես կվճարեմ 150 դրամ: Վատ օրենքների դեմ պետք է պայքարել՝ այդ օրենքները փոխելու պահանջով, ոչ թե այդ օրենքները չկատարելով», Առավոտ, նոյեմբերի 7):

Ամեն շարժվող ու թրթռացող բան հսկողության տակ, կայուն ու անսասան համակարգ, իշխանությանը սպառնալիքի նշույլը վերացած է: Վերահսկելի ընդդիմություն իր սահմանդրական ճանապարհով, որը տանում է մի տեղ ուր օլիգարխի կոշիկների երիզներն են հարթուկում: Այսպես, ընդդիմությունը նույնիսկ անհրաժեշտություն է դառնում իշխող խմբավորումներին միմյանցից իրենց կապիտալի պաշտպանության համար, ինչպես թիկնապահների բանակները: Սեփական ընդդիմություն ունենալը նույնքան պատվաբեր է, ինչպես Ռոյլ ռոյսը:

Ամեն ինչ այնքան վերահսկելի է, որ խոսքի ազատությունը ծփում է ինչպես երբեք: Ի՞նչ պիտի անի խոսքի ազատությունը, խոսքը ընդհանրապես, երբ անվերահսկելի ու անկառավարելի ուժեր չեն մնացել, երբ երկրում պտտվող ամեն լուման հսկվում է, ու չի կարող առանց նախագահականի իմացության օգտագործվել, երբ երկրի նախագահի ամենախիստ քննադատությունն էլ ոչ միայն ոչինչ չի փոխում, այլև ծառայում է նույն նախագահի շահերին որպես օրինակ, թե ինչ ազատ երկիր է Հայաստանը:

Իշխանություն՝ բանակով, ոստիկանությամբ, կգբ-ով, ընդդիմությամբ, օրենքներով ամուր ու անդրդվելի և խուճապահար մասսա, արդեն վստահ թե երկիրը մեռել է, մարդիկ միայն մահվան բոթ են հաղորդում,  ու բոլորն այնպես օրինապաշտ, նույնիսկ մահվան բոթը նրանց չի ստիպում օրենքը խախտելով գոնե ստուգել պուլսը՝ գուցե դեռ չի՞ մեռել, ու երկիրը առանց թաղելու թողնում փախչում են արտագաղթի քարավաններով: Էվակուացիա:

Իշխանության գլխավոր հենարանը հասարակության օրինապահությունն է:

Շանթը ուրիշ օրենք բերեց, իր օրենքը,  ես հռչակում եմ իմ օրենքը և եթե իմ դեմ դուրս գան պետական օրենքները և օրինապահները նրանց վրայով անցնելու եմ, ինչպես հայրն ու հորեղբայրն էին անցնում քրեական օրենսգրքի հակասովետական ագիտացիայի հոդվածի վրայով:

Եվ ինչպես հայրը և հորեղբայրը Հայաստանին մի դիմագիծն էին հաղոդում, որով երկիրը մասնակից էր դառնում համաշխարհային դիսիդենտական շարժմանը, այնպես էլ Շանթը համակարգի դեմ անոնիմնուսի դիմակով Հայաստանը մասնակից դարձրեց համակարգի դեմ միջազգային շարժմանը:

armtimes.com, Ֆոտոլուր

armtimes.com, Ֆոտոլուր

Ուրեմն, Շանթը հեղափոխությունը արեց՝ մահակով դուրս գալով ամբողջ համակարգի դեմ, օրինազանցության հեղափոխությունը՝ որ հռչակում է սեփական օրենքի գերակայությունը իշխանության օրենքից: Նրա պաշտպանների բազմությունը արդեն հեղափոխության ծնունդ է, ովքեր ընդունել են օրինազանցի իրավունքը:

Ուրեմն, ներվը աշխատում է, այն ներվը, որ զգայուն է իշխանությանը, այն միակ մնացած ներվը, որ չի թմրել «օրենքին ենթարկվելու» ներարկումներից:

Շանթը հանում է զրահաբաճկոնը, հագցնում որդուն՝ 14-ամյա Շահենին, ով երկու օր անց հեղափոխված բազմության հետ կդիմավորի ձեռնաշղթաներով տեղափոխվող հորը՝ գոռալով Շանթը հերոս է:

Ասաց, շարժեց նա թիակներ

Եվ բարձրաձայն երգելով,

Քաջ սլացավ ծովի խորքեր,

Սև ալիքներ ճեղքելով․․․

80-ականներին ո՞վ կսպասեր, որ վեց-յոթ տարի անց հոկեյի բալերշչիկները Ղարաբաղ ու անկախություն են գոռալու:

 

ՀԳ

Նավավար երգի բառերը Ալեքսանդր Ծատուրյանի՝ այստեղ, երգը Ֆլորա Մարտիրոսայնի կատարմամբ այստեղ :

Իշխանությունը միշտ էլ ընդդիմադիր գործիչներին պատժում է նրանց նկատմամբ օրենք կիրառելով, իր դատավորների միջոցով ապացուցելով, թե օրենքը խախտել են, միևնույն ժամանակ ընդդմադիրներն էլ պաշտպանվում են ապացուցելով որ օրենք չեն խախտել, ու հրաժարվում են այն գործողություններից, որոնք իրոք արել են: Ի հակադրություն բազմաթիվ այլ հեղափոխականների, ինչպես օրինակ, ցարական Ռուսաստանում հեղափոխականները դատարաններում հպարտանում էին իրենց ահաբեկչությամբ ու զինված պայքարով, ի՞նչպես հրաժարվեին, դրանք իրենց պայքարի կարևոր մասին էին: Շանթը խախտեց հասարակական կոնսեսնուսը, իր օրինազանցությամբ փակելով հայ ակտիվիստների իշխանության ճնշումից պաշտպանվելու հույսը՝ Ստրասբուրգի դատարանի դռները. ապավինել ոչ թե դատարաններին, այլ սեփական օրենքին:

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Հոգեկան հիվա՞նդը բանտախցում. իրավապաշտպանները լռում են Եվրոմայդանը, Քեյմադան և Երևանի առաջին ձյունը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: