Կրիշնայականները. նրանք, ովքեր դիմացան փորձություններին

22.01.2014 at 14:58 Оставьте комментарий

12g

20 տարի անց «հարե նամ»-ը Երևանի փողոցներում: լուս. Կրիշնայական համայնքի արխիվից

20 տարի անց Երևանում` 2013-ի սեպտեմբերին, կրիշնայականները կրկին «հարե նամ» կատարեցին` «հարե կրիշնա» մանտրան արտասանելով, թմբուկ ու ծնծղա զարկելով քայլում են հասարակական վայրերում: Նրանք քայլեցին Աբովյան փողոցով, իջան հրապարակ, լճի շուրջը չորս անգամ պտտվեցին: Երթը արտոնված էր Երևանի քաղաքապետարանի կողմից:

Վերջին անգամ նրանք Հարե նամ էին արել 1990-ականների սկզբին:

Հարե նամը կրիշնայականների հրապարակային գործունեության երեք ձևերից մեկն է, մյուս երկուսը՝  խոսքով քարոզը (սանկիրտանա) և ուտելիք բաժանելը (պրասադ), առայժմ չեն անում, դեռ պահպանվում է երկյուղը 1995 թվի, երբ պաշտպանության նախարարի հրամանով երկրապահները կրիշնայականների տաճար ներխուժեցին, ծեծեցին հավատացյալներին և անպատիժ մնացին:

«Սկսվում է Կրիշնա գիտակցության տարածման երկրորդ ալիքը, աշխարհում արդեն սկսվել է, մեզ մոտ դեռ թույլ է արտահայտվում»,- ասում է 59-ամյա Աղվան Հարությունյանը՝ Վանաձորի փոքրիկ կրիշնայական համայնքի ղեկավարը: Նա կրիշնայական գործունեության համար սովետական տարիներին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման (1986-1989), պատիժը կրել է Բաքվում: Ազատվելուց հետո Երևանից տեղափոխվում է Վանաձոր և ստեղծում մինչև այժմ գործող կրիշնայական համայնքը:

«Խղճի ազատության» թղթակիցները այցելեցին Վանաձորի կրիշնայական փոքրիկ համայնքի առանձնատունը, ուր ապրում են Աղվան Հարությունյանը (կրոնական անունը՝ Ատվայտա դաս), նրա կինը՝ Ալվարդը, կնոջ քույրը` Գայանեն ու եղբայրը՝  Լևոնը Ավետիսյանը (Լալ Մոհան դաս) իր ընտանիքով և իրենց արարողությունները կատարում առանձնացված խորան-սենյակում:

Կրիշնայական համայնքի մի փոքր խումբ էլ գործում է Երևանում, ամբողջ Հայաստանում մոտ 60 մարդ են:

6

Ատվայատա դաս՝ Աղվան Հարությունյանը տեսնում է Հայաստանում կրիշնայականության վերածնունդ

«Կրիշնա գիտակցության» (այլ անվանմամբ՝ բհակտի յոգա՝ խոկում սեր առ Աստված) ուսմունքը հինդուիզմի ճյուղերից մեկի՝ Գաուդյա-Վայշնավիզմի ժամանակակից մեկնաբանությունն է, որը 1965 թ. Հնդկաստանից ԱՄՆ գալով աշխարհով մեկ տարածել է Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադան՝ Նյու Յորքում ստեղծելով Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպությունը: Ուսմունքը հիմնականում հիմնված է Վեդայական գրքերից Բհագավադ Գիտայի, ապա նաև 16-րդ դարի հինդուիստական բարենորոգիչ Չայտանիայի մեկնաբանությունների վրա:

Կրիշնայականները հավատում են բարձրագույն աստծուն՝ Կրիշնային: Ըստ կրիշնայականության` գոյություն ունեն պատրանքային (նյութական) և ճշմարիտ (հոգևոր) աշխարհներ: Մարդը հոգևոր էակ է և նյութական աշխարհում ստանում է նյութական մարմին: Կատարելության հասնելու համար նա պետք է կարողանա տիրապետել իր զգայարաններին, բհակտի յոգայի նպատակն է վերականգնել հոգու հավերժական հարաբերությունը Աստծո գերագույն անձնավորության հետ (այդ հարաբերությունը սանսկրիտով՝ ռասա):

Կրիշնայականի առաջնային պայմաններն են` ա) չուտել միս, ձուկ, ձու. բ) չօգտագործել թմրամիջոցներ, հաշիշ, ալկոհոլ, ծխախոտ, սուրճ, թեյ. գ) չզբաղվել մոլախաղերով. դ) չունենալ ապօրինի սեռական կյանք:

Կրիշնայական առաջին գրականությունը Հայաստան մուտք գործեց 1981 թ.:

Երևանը դարձավ Կրիշնա գիտակցության ԽՍՀՄ գլխավոր կենտրոններից մեկը:

1984 թ. Երևանում 10 հազար տպաքանակով ինքնահրատ լույս է տեսնում Բհագավատ Գիտան և ցրվում Միությունով մեկ:

Ինչպես ամբողջ Խորհրդային Միությունում, Հայաստանում էլ 1980-ականներին Կրիշնա գիտակցության համայնքը ճնշվում էր ավելի շատ, քան մյուս կրոնական կազմակերպությունները, հավատացյալներին կա´մ ազատազրկման էին դատապարտում, կա´մ հոգեբուժարաններում փակում:

1985 թ.առաջինը դատվեց Երևանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Արայիկ Հակոբյանը (մեկուկես տարի ազատազրկում): Հայաստանում ձերբակալվեց 10 կրիշնայական, որոնք ուղարկվեցին հոգեբուժարաններ կամ դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման: ՊԱԿ-ը նրանց առաջարկում էր հրաժարվել իրենց կրոնական հայացքներից`  խոստանալով ազատ արձակել, սակայն կրիշնայականները հավատարիմ մնացին իրենց ուսմունքին[1]:

Կրիշնա գիտակցության կազմակերպությունը անկախ Հայաստանում գրանցում ստացած առաջին կրոնական կազմակերպություններից մեկն էր, սակայն այն նաև դարձավ կրոնական անհանդուրժողականության առաջին զոհը և առաջինն էր, որ զգաց կրոնական անհանդուրժողականության ծավալվող մթնոլորտը:

1994 թ. հինգ անգամ կրիշնայականներին անպատիժ բռնությունների են ենթարկում ազգայնական զինվորականները և Հայ Եկեղեցու հոգևորականները:

Բռնությունների գագաթնակետը հասավ 1995-ի ապրիլին, երբ երկրապահները ներխուժեցին ութ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիները, ծեծեցին հավատացյալներին և գույքը տարան: Ամենադաժանը վարվեցին կրիշնայականների հետ:

Երևանի Արաբկիրի շրջանի երկրապահ ջոկատը՝ մոտ 25 հոգի, ներխուժում են Սոսե փողոցում գտնվող կրիշնայականների տաճարը և երկաթյա ձողերով դաժանորեն ծեծում հավատացյալներին, հետո թալանում տաճարը, պոկում նաև կանանց վրայից ոսկե զարդերը: Այս դեպքից հետո մոտ 100 հոգիանոց կրիշնայական համայնքի ստվար մասը մեկնեց երկրից, և տաճարի շենքը վաճառեցին: Երկրապահները սպառնացել էին, որ եթե կրկին հավաքվեք տաճարում, նորից կջարդենք (մեկ ուրիշն էլ ասաց, որ սպառնացել են՝ կսպանենք):

1997-ին «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում» փոփոխություն կատարվելուց հետո, որով կրոնական կազմակերպություն գրանցելու համար անհրաժեշտ էր ունենալ ոչ թե նախկին 50 անդամ, այլ 200 անդամ, կրիշնայականները զրկվեցին նաև գրանցումից, քանի որ այդքան մարդ չկարողացան հավաքել:

1977 թ. Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադայի մահից հետո սկիզբ են առնում կազմակերպության պառակտումները: 1990-ականներին պառակտումները ավելի են խորանում, շատերը լքում են Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպությունը և հետևում են այլ հնդիկ գուրուների:

Վանաձորի համայնքի դարպասը

Վանաձորի համայնքի դարպասը

1995-ի բռնությունները մի կողմից, մյուս կողմից` Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպության (ISKCON) պառակտումները, որոնք հասան Հայաստան 1994-1996 թվերին, Հայաստանի համայնքին կրկնակի հարված հասցրին, որի հետևանքով այն նույնպես պառակտվեց:

«Մեզ հետ կատարվող փորձությունները դիտվում են որպես ճակատագրի՝ կարմայի պտուղներ, այսինքն` նախկինում և այժմ արած գործողությունների հետևանք, ու լավ կամ վատ բաներ մեզ հետ կատարվելը մենք վերագրում ենք կարմային և նրա իներցիային,- ասում է Լևոն Ավետիսյանը: — Դժվարություններն ու բռնությունները հանգիստ ենք տանում ու ցանկացած իրավիճակում հիշում Աստծո գերագույն անձնավորությանը՝ և´ աշխարհը, և´ բոլոր կրոնները տեսնում ենք ներդաշնակության մեջ: Հակված չենք ուրիշ կրոնական ուղղություններին թշնամաբար վերաբերվելու, որովհետև ցանկացած կրոնական ուղղություն գոյություն ունի Աստծո կամքով, և յուրաքանչյուրը գտնվում է տարբեր հոգևոր մակարդակների վրա: Այլ կերպ ասած՝ չկան վատ կրոններ, կան վատ հետևորդներ՝ ասում էր մեր հոգևոր ուսուցիչը՝ Պրաբհուպադան»:

Կատուն էլ կրիշնայական է

Աղվանն ասում է՝ Կատուն էլ կրիշնայական է

Այսուհանդերձ հավատի փորձությանը դիմացավ Կրիշնայական համայնքի վանաձորյան այս բեկորը Աղվան Հարությունյանի ղեկավարությամբ, որ չլքեց երկիրը և վտանգի մեջ իրեն զգալով պահեց կրիշնայականության օջախը: Նրանք հետևորդն են գուրու Նարայան Գոսվամի Մահարաջիի (1921-2010): «Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպության» մի քանի անդամներ կան երկրում:

«Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադան հանդիսանում էր գաուդիավեդանտա դպրոցի ներկայացուցիչը,- բացատրում է իրենց համայնքի ուղղությունը Վանաձորի համայնքի ներկայացուցիչ 54 -ամյա Լևոնը Ավետիսյանը,- ինքն էլ իր ուսուցիչն է ունեցել, նա էլ` իր, նա էլ` իր, և էդ ուսուցչաշակերտական շղթան դարերի խորքից՝ Կրիշնայից գալիս է մինչև մեզ: Հոգևոր գիտելիքը այդ ուսուցիչ-աշակերտական շղթայով է (պարամպարա) տարածվում: Կրիշնայական կազմակերպության մի խումբը ԻՍԿՈՆԸ ընդունում է միայն Պրաբհուպադային, ասում են՝ նա մեզ ամեն ինչ տվել է, և այլ ուսուցչի կարիք չունենք. ավանդական` ուսուցիչ-աշակերտ շղթան գցեցին երկրորդ պլան:

Լալ Մոհան դաս՝ Լևոնը Ավետիսյան. այս սենյակն է կրոնական արարողությունների խորանը

Լալ Մոհան դաս՝ Լևոնը Ավետիսյան. այս սենյակն է կրոնական արարողությունների խորանը

Բայց չէր կարող վերանալ այդ կապը, որի հետ նվիրյալները լուրջ հաշվի են նստում: Մեր հոգևոր ուսուցիչը նույն Բհակտիվեդանտա դպրոցից է, Պրաբհուպադայի հոգևոր եղբայրն է համարվում, ու Պրաբհուպադան մարմինը թողելուց առաջ խնդրել էր մեր գուրու դևին՝ Նարայան Գոսվամի Մահարաջիին, տիրություն անել արևմտյան աշակերտներին»:

1995-ին Վանաձորի կրիշնայական համայնքը չտուժեց իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ.

«Քաղաքապետ Աշոտ Մանուկյանը (այժմ ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության անդամ) մեզ ընկեր էր, նա ասաց՝ հանգի´ստ եղեք, ձեզ ոչ ոք չի նեղացնի: Ասեցի՝ բայց չէ՞ որ պետական բնույթ է կրում, էլի հանգստացրեց՝ խնդիր չի լինի»,- հիշում է Աղվանը:

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում: Լուսանկարը՝ Արայի ֆբ էջից

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում: Լուսանկարը՝ Արայի ֆբ էջից

Սակայն երևանյան բռնությունները ազդում են նաև Վանաձորի գործունեության վրա, նրանք դադարեցնում են բարեգործական ճաշարանի գործունեությունը: «Մենք օր էր լինում, երբ 300 հոգու կերակրում էինք, այդ օրերից հետո դադարեցրինք»,- ասում է Ալվարդ Ավետիսյանը:

Հայաստանում քրիստոնեական միջավայրը նրանց չի կաշկանդում, հակառակը՝ Հիսուսին համարում են մեծ ուսուցիչ, իրենց ուսմունքի ընդհանրություններ են տեսնում քրիստոնեության մեջ:

«Քրիստոսը որպես անձնավորություն Կրիշնայի գիտակցության մեջ է եղել»,- ասում է Աղվանը:

Նրանք Ավետարանում տեսնում են վերամարմնավորման հետքեր, ինչպես օրինակ են բերում Մատթեոսի Ավետարանում Հիսուսի խոսքը Հովհաննես Մկրտչի մասին. «Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու է»:

Կրիշնան վանաձորյան խորանում

Կրիշնան վանաձորյան խորանում

«Մեր գաղափարախոսության մեջ դա կոչվում է ռեինկարնացիա` հոգու վերամարմնավորում,-ասում է Լևոնը: — Նյութական աշխարհում կենդանի էակները դատապարտված են չորս վիճակների՝ ծնունդ, հիվանդություն, ծերություն, մահ: Ոչ ոք չի կարող դրանցից խուսափել, քանի որ նյութական մարմինը ավելիի համար նախատեսված չէ, իսկ հոգին հասունանալու դեպքում կատարելության հասնելով, մուտք է գործում հոգևոր աշխարհ և ստանում հոգևոր հավերժական մարմին, որը չի ենթարկվում այդ չորս բաներին: Հոգին ունի երեք բնորոշում՝ հավերժ է, գիտելիքի մեջ և երանելի, սակայն նյութական աշխարհում էդ ամեն ինչը ծածկված է նյութով, իլյուզիայով (մայա), նյութական մարմնի հետ կեղծ նույնացման պատճառով մարդը, կենդանի էակը չի զգում իր հոգուն բնորոշ վիճակները՝ հավերժություն, երանություն, գիտելիք: Փոխարենը` չտիրապետելով իր զգայարաններին, տրվելով իլյուզիային, գտնվում է ծննդի ու մահվան շրջապտույտի մեջ իր բոլոր հետևանքներով՝ տառապանք, երջանկություն, հիվանդություն, ճակատագիր և այլն»:

Հիսուսի պատվիրանը՝ մի´ սպանիր, նրանք մեկնաբանում են, որ վերաբերում է ընդհանրապես չսպանել որևէ կենդանի արարածի: Հավատում են, որ յուրաքանչյուր կենդանու մեջ հոգի կա:

Ոչ մի կենդանի էակի հանդեպ մարդ բռնություն պիտի չգործի. ո՞վ է բարեպաշտը՝ վեդաները մի նախադասությամբ ասում են՝ նա է, ով ոչ մի կենդանի էակի նեղություն չի տալիս:

Այս պնդումը լսելուց հետո նրանց հաճախ հարցնում են՝ մոծա՞կ էլ չեք սպանում.

«Նախ` մաքրություն ենք պահպանում, մաքրությունը շատ կարևոր է, որ միջատներ չհայտնվեն,-ասում է Ալվարդը,- նաև կամֆորա ենք դնում, դրա հոտից փախչում են: Միջոցներ կան մոծակների դեմ, հո միայն սպանելը չի»:

Պետության հետ պրոբլեմներ չեն ցանկանում ունենալ, և եթե անհրաժեշտ է, կրիշնայականը պատրաստ է ծառայել զինված ուժերում:

Վանաձոր. փորձություններով անցած համայնքը

Վանաձոր. փորձություններով անցած համայնքը

«Պատերազմի դեպքում էլ, եթե մեր երկրի հանդեպ ագրեսիա է կիրառվում, մենք պարտավոր ենք պաշտպանել այն երկիրը, որտեղ կոչված ենք ապրելու,- ասում է Լևոնը: — Ագրեսորի դեմ պայքարը ընդհուպ մինչև սպանություն մեղք չի համարվում: Իսկ եթե մեր երկիրը դառնա ագրեսոր և հարձակվի այլ երկրի վրա, մենք ձեռնպահ կմնանք, չենք մասնակցի: Ղարաբաղյան խնդրում, վեդայական ուսմունքով` Ղարաբաղը կռվով իր ազատությունը ձեռք է բերել, հետևաբար, այդ հողերն էլ մերն են, մարդիկ ուզել են ինքնորոշվել, թույլ չեն տվել, ստիպված զենքով են նվաճել, իսկ մյուս տարածքներն էլ իրենց վաստակն է: Եթե Ադրբեջանը կրկին հարձակվի, մենք կպաշտպանենք երկիրը»:

Բանակում ծառայելու գլխավոր պրոբլեմը սննդի խնդիրն է, այնտեղ կերակրում են մսով, իսկ միս ուտելը նրանց համար սոսկալի մեղք է:

Վստահ են, որ առանց միս ուտելու էլ բուսական սննդով և համապատասխան սննդակարգով կարելի է էներգիա և աշխատունակություն ունենալ:

Լևոնն իր օրինակն է բերում, ով միայն բուսական սննդակարգով ծանր, մեծ էներգիա պահանջող արհեստով է զբաղվում. նա դարբին է, ավանդական ձևով մետաղ է կռում, Հայաստանում միակ դամասկոսյան սուր պատրաստողն է (մի քանի մետաղի խառնուրդից): Նրա պատվիրատուները մեծահարուստներ են ու իշխող դիրք ունեցող հեղինակություններ:

Կրոնական գործունեությունը նեղ շրջանակի մեջ է, մտավախություն ունեն, որ եթե ավելի ակտիվ գործունեություն ծավալեն, կրկին բռնությունների կենթարկվեն:

«Ճիշտն ասած` աչքը տեսածից ա վախում, չգիտենք` ինչ ռեակցիա կտան»,- ասում է Ալվարդը:

Տեղյակ են նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը իրենց մասին գիտի, թեև դեռևս չեն անհանգստացրել:

Այսուհանդերձ նրանց կրոնական գործունեության մեջ չի մտնում յուրաքանչյուրին իրենց ուսմունքը քարոզելը. «Քարոզել նրան, ով չի ընդունում խոսքդ, սուրբ անուններ տալը էն մարդուն, ով չի ուզում լսել, Կրիշնային ուղղված տասը վիրավորանքներից մեկն է,- ասում է Լևոնը: — Քրիստոնեության մեջ դա կոչվում է՝ մարգարիտները շաղ տալ խոզերի առաջ»:

————————-

[1] Մի մեջբերում 1994 թ. օգոստոսի 10-ին «Լրագիր» թերթում հրապարակված Վահան Իշխանյանի «Կրիշնայականներին Հայաստանում հալածում են» հոդվածից.

«Սովետաշենի հոգեբուժարանի դատական հոգեբուժական փորձաքննության բաժնի վարիչ Արմեն Հարությունյանը մեզ բռնությամբ սրսկել էր տալիս,- պատմում է Հայաստանի առաջին կրիշնայական Արմեն Սարգսյանը, որին ճակատագիրը հոգեբուժարան էր բաժին հանել,- ես գոռում էի, բողոքում, իսկ նա տիզեռցին կրկնակի դոզա էր սրսկել տալիս: Երբ փորձեցինք պահանջել, որ առանց ախտորոշման չսրսկեն, նա գալապիրիդոն սրսկել տվեց: Այդ ահավոր դեղը մեկուսացնում է մարմնի նյարդային համակարգը, և մարդ չի կարողանում ո´չ նստել, ո´չ կանգնել, ո´չ պառկել: Լեզուն կծկվում է, խոսելն անհնար է դառնում, ողջ օրգանիզմը ցավում է: Այդ վիճակում անընդհատ ուզում ես զուգարան գնալ, սակայն արգելում էին: Մեզ պահում էին կյանքի ու մահվան միջև, որը կոչվում է շոկաթերապիա: Երբ տեսնում էին՝ մեր ճնշումը ընկել է այնքան, որ մի րոպեից կմեռնենք, հատուկ սրսկումով մեզ ուշքի էին բերում: Արմեն Հարությունյանը պայման էր դնում՝ կա´մ պիտի միս ուտեք, կա´մ ինսուլին ենք սրսկում: Եվ այդպես մի անգամ ստիպված միս կերա: Սանիտարները հավաքվում խմում էին և մեզ էլ ուժով փորձում էին օղի խմեցնել: Իմ աչքի առաջ երեք հոգի մահացան, և երբ ես կանչում էի սանիտարներին՝ թե մարդ է մեռնում, նրանք նարդի էին չխկացնում և ասում՝ քո գործը չի»:

Հոգեբուժարանում սրսկումներից սպանվեց կրիշնայական Մարտին Ժամկոչյանը, որը խորհրդային մամուլը ներկայացրեց կրիշնայականների՝ կյանքից ինքնակամ հեռացում և ապացույց, թե նրանք մահ են քարոզում: Հոգեբուժարանում գտնվողները երազում էին բանտ ընկնել, մինչդեռ բանտերում էլ էին նրանց հալածում: Կրիշնայական Սարգիս Օհանջանյանին ուղարկում են Օրենբուրգի երկրամասի ամենադաժան ճամբարներից մեկը: Բանտի վերակացուները, հակառակ նրա կամքի, մշտապես մսով կերակուր են տալիս: Այդ իսկ պատճառով Սարգիս Օհանջանյանը սովամահ է լինում բանտի հիվանդանոցում»:

Լուսանկարները Ազնիվ Անդրեասյանի

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Սահմանազանցներն են. Ցուցահանդես ընդհատակում՝ «Մենակության շտամպը» Krishna Adherents: Those Who Endured the Difficulties

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: