Ուկրաինայի արգանդում հասունացող հրեշը. հայ ակտիվիստները ողջունում են փոքրիկին

22.02.2014 at 09:25 Оставьте комментарий

աղբյուրը՝ themoscowtimes.com

աղբյուրը՝ themoscowtimes.com

«ժողովուրդը» Վոլինյան երկրամասի գուբերնատոր Ալեքսանդր Բաշկալենկոյին շան պես գցում է գետնին, ձեռնաշղթաներով  կապում սյանը ու թուղթ դեմ տալիս, որ ստորագրի Յանուկովիչի իշխանությունից հրաժարվելու մասին: Նա չի ստորագրում: «Ժողովուրդը» որտեղից էլ գտե՞լ է նացիստական սաղավարտներ, գլխներին հագցրած՝ Բաշկալենկոյին քաշքշում են ու եթե կողքի տեսագրության մեջ չտեսնեիր, թե ոնց է սաղավարտավորի ախպերությունը Կիևի փողոցներում գյուլլում ոստիկաններին, սաղավարտը զվարճալի կլիներ(տեսագրությունը էստեղ և էստեղ):

«Հերոս ժողովուրդ» կարդում եմ ֆբ-ում: Ո՞ւր է հերոսությունը, փնտրում եմ, եթե հերոս տեսա էս երկու օրերի ընթացքում, գուբերնատոր Բաշկալենկոն է, ով «ժողովրդի կամքը» չկատարեց:

Իսկ եթե ունես Յանուկովիչի նման մելանխոլիկ նախագահ, ով համարձակություն չունեցավ ոչ ժամանակին մայդանը ցրելու ոչ էլ հրաժարական տալու, ամեն նկուղում «հերոսներ» կծնվեն Ֆրիթաունից մինչև Բիշկեկ ու Քյավառ:

Հա ու նաև ընդդիմություն ունենաս, որի լիդերի վաստակը գլխին կերած հարվածների քանակն է:

Չէ, Ուկրաինական ընդդիմադիր եռյակը, կարծես քառյակ է ու էն պատկերացումները, թե ընդդիմությունը չի հսկում իրադրությունը, արդեն կասկածելի է թվում: Չորրորդը Աջ սեկտորի ղեկավար Դմիտրիյ Յարոշն է, ով ղեկավարում է զինված խմբերը ու սնայպերներին, ովքեր գյուլլում են իրենց հայրենակից ոստիկաններին ու նրանց ովքեր իրենց դեմ կարող է կռվեն:

Ամեն դեպքում եռյակը՝ Կլիչկոն, Յացենյուկը և Տյագնիբոկը հրապարակային երբեք չեն քննադատում Յարոշին, զգուշանում են, բայց հակառակը՝ Յարոշը կպնում ա սրանց՝ «Ինչ որ մեկը ուզում է կանգնացնել ժողովրդի ապստամբությունը կեղծ հաշտությամբ»,- ասել էր Յարոշը, երբ ընդդիմության եռյակը 20-ի գիշերը Յանուկովիչի հետ համաձայնության էր եկել(տես այստեղ): Ու առավոտ էլի զոհեր, ուղիղ եթերով տեսնում ես ոնց են ոստիկանները ընկնում «ժողովրդի» սնայպերի կրակոցից:

Յարոշը ու նրա թիմը բենդերականներ են: Արդեն ժամանակն է, որ հայերը, մանավանդ Ուկրաինա գնացող-էկողները էշի ականջում քնած չմնան ու իմանան, թե ովքեր են դրանք: Եթե միայն ասես, որ բենդերականները ուկրաինական նացիոնալիստ ՕՈՒՆ-ի(«Ուկրաինական նացիոնալիսնտերի կազմակերպություն») առաջնորդ Ստեփան Բենդերի հետևորդներն են, բան ասած չես լինի: Ցեղասպանություն տեսած հայերը պիտի որ ավելի լավ պատկերացնեն, թե ովքեր են դրանք,  եթե իմանան Վոլինյան ջարդերի մասին, երբ 1943թ ուկրաինացի նացոնալիստները կոտորեցին 60 հազար լեհ: Իսկ եթե իմանան, որ Կուտ գյուղում լեհերի հետ մորթել են նաև հայերին, ուրեմն պիտի որ զգուշանան ուկրաինական «ժողովրդից»(տես այստեղ): Մայդանի երկրպագու եվրոհայը գուցե ասի՞՝ հայերը պատահական են կացնի տակ ընկել, ուկրաինացի նացիոնալիսները նաղդի ռուսների դեմ են: չէ, պատահականություն չկա: 1942 թ. ՕՈՒՆ-ի ծրագրի մեջ ասված է.

«Անկախության համար ռազմական գործողությունների սկզբում ամեն գնով վերացնել ազգային փոքրամասնություններին: Իսկ այդ հարցը լուծելու համար պետք է ազգային փոքրամասնություններին ոչնչացնել…. Ռուս ակտիվիստներին, ովքեր պայքարում են ուկրաինացիների դեմ, անպայման ոչնչացնել….. Հրեաներին պետք չի ոչնչացնել, բայց քշել Ուկրաինայից: Համարվում է որ նրանք մեծ ազդեցություն ունեն Անգլիայում և Ամերիկայում: Հայերին մեկնաբանել որպես հրեաներ, հաշվի առնելով որ նրանք նվիրված են Ռուսաստանին» բառացի այսպես՝ Армян трактовать так же, как и евреев, учитывая, что они – преданные России люди (փաստաթուղթը այստեղ):

Պատերազմի ժամանակ քշելը ո՞րն է, մորթեն ավելի հեշտ է: Երբ կոտորածները սկսել են, ախորժակները բացվել է, հայերին էլ են մորթել հրեաներին էլ(թե ինչպես են բենդերականները գնդակահարել հրեաներին այստեղ):

Մոռացե՞լ են էսօր ավելի հակառուս դարձած բենդերականները, որ հայերը ռուսներին նվիրված են: Եթե մոռացած լինեն նրանց հայերը կհիշեցնեն. Երբ Ուկրաինայում հայկական համայնքը հայտարարում է, որ չեզոքություն է պահպանում և չի անցնում հակամարտող կողմերից ոչ մեկի կողմը, այսինքն խելքը գլխին որոշում, հո ապո՞ւշ չես ընկնես խելքը կորցրած «ժողովրդի» գյուլլեքի բերանը, Կիևում բնակվող ու Եվրոմայդանական ակտիվիստ Բորիս Եղիազարյանը բենդերականներին հիշեցնում է հայկական  «համայնքն ընդհանրապես ունի պրոռուսական մոտեցումներ»: Չէ, չի հիշեցնում՝ մատնում է: Նրա մյուս խոսքերը, թե հայը Ուկրաինայում պիտի լինի պրոուկրաինական, հիմարություն է, բայց անմեղ հիմարություն:

Ուկրաինայից եկած միակ քիչ թե շատ վստահելի փաստը 25 զոհն էր: Բայց թե ո՞վ էր մեղավոր ու ո՞վ առաջինը կրակեց, չես կարող իմանալ: Եվրոմայդանական կայքերը դնում են տեսագրություններ, ուր Բերկուտը ջարդում է ակտիվիստներին, ռուսականները հակառակը՝ դնում են տեսանյութեր, ուր ակտիվիստները ջարդում են ոստիկաններին, ակտիվիստները զինված ատրճանակներով ու  դիպուկահար հրացաններով կրակում են Բերկուտի վրա(քանի որ լավ տարածում են Բերկուտի արած դաժանության կադրերը, դնում եմ միայն հակառակը ցույց տվող այստեսագրությունը):

Էսօր առավոտ զոհերը արդեն 70-ի մոտ են, թե՞ ավել: Լավ, տեղեկություն չունես թե ով առաջինը կրակեց, ու երբեք էլ չես ունենա, ընդդիմությունը կասի՝ իշխանությունը սադրեց, իշխանությունը կասի՝ ընդդիմությունը սադրեց, բայց ունես խելք մտածելու համար, որ կրակելը հեչ ձեռ չէր տալիս Յանուկովիչին, ինչքան էլ նրան արյունարբու անվանեն, ինչի՞ն է պետք, հիմա, կրակելը, կրակող-ցույց ցրող լիներ, իրեք ամիս առաջ կաներ: Պարզ չի՞, որ եթե ցույցը չի ցրում, ամեն կաթիլ արյունը իր դեմ է աշխատելու: Նա ձև է ման գալիս անվնաս դուրս պրծնել իրավիճակից, ընդդիմությանը անընդհատ  զիջումներ է անում, կառավարություն տալիս, առեք, մենակ թողեք հանգիստ հեռանամ, մյուս տարի ընտրություններ են: Ու փողոցում մենակ մի բան է անում՝ Բերկուտին որպես պատնեշ դնում է «ժողովուրդի» դեմը, որ չհասնեն իր կաբինետ: Բերկուտը չի թողնում, «ժողովուրդն» էլ կրակում է որ թողնի:

Իսկ ո՞ւմ է ձեռ տալիս պատերազմը՝ պարզ չի՞ ընդդիմությանը, ինչի՞ սպասես մյուս տարվա ընտրություններին, եթե կարաս հիմա առնես իշխանությունը, սպասե՞ս, որ պարզվի բացի մայդանի «ժողովրդից» ուրիշ «ժողովուրդ» էլ կա՞, որ արևելքի «ժողովուրդը» վերակազմավորվի՞, ազատվի՞ իր թուլակամ ու կոռումպացվաած լիդերից, նոր լիդեր ստեղծի, որ պառլամենտում էլի հակակշի՞ռ դառնա, ու էլի Արևմուտք-Ռուսաստան կաշան լուծում չստանա՞: Չէ, ինչների՞ն է պետք, հեն է, հիմա կդնեն, կգյուլլեն նրանց, ովքեր կանգնած են դեպի իշխանության կառույցներ տանող ճանապարհին, կմտնեն-կառնեն իշխանությունը, իրանց ուզած ընտրությունները կանեն, ու պըրծ: Օբաման ու Մերկելն էլ իրենց սադրիչ արբանյակներով՝ Լեհասանտով ու Լիտվայով կհռչակեն նոր դեմոկրատական Ուկրաինայի ծնունդը: Էդպիսի մի ծնունդ կողքի երկրում՝ Վրաստանում եղավ, տեսանք թե բերդերում ոնց էր ծնվում նոր Վրաստանը: Բայց վրացական մանուկը մի ստից չարաճճի է Ուկրաինայի արգանդում հասունացող մանյակի համեմատ:

Կլինի՞ վիժեցնել այդ հրեշին: Չգիտեմ, նրա ծննդին անհամբեր սպասում են մանկաբարձները՝ Ամերիկան ու Եվրոպան, երկիրը սնում ազատագրական լոզունգ-վիտամիններով.

Մայդան. Ամբիոնում հոգևորականն ու սրբապատկերը անպակաս են, դողացող ձայնով բարի ելույթներ՝ բռնակալ վարչախումբը պետք է հեռանա, ազատատենչ ժղովուրդի կամքը կկատարվի, փառք Ուկրաինային.

Ազատություն բառը շատ չծամեցի՞ն,  համը լրիվ կորցրել է, թքելու ժամանակն է, թե՞ արդեն վաղուց թքել են, ուղղակի աղբամանից թափոնը ԱՄՆ-ն հավաքում, մշակում, գենետիկ մոդիֆիկացված համեր խառնում, ու նորից բաժանում ա որպես հումանիտար օգնություն, ու էլի վերցնում-ծամում են, ծամում, ու ծամոնը հա փուչիկ ա դառնում շուրթերին ու պայթում արյուն ցփնելով:

Ի՞նչ ազատություն, ում եք էշի տեղ դրել: Եվրոպրեզիդենտ՝ ունեիք՝ Յուշչենկոն, երկիրը վարի տվեց, Ուկրաինան աշխարհում ամենամեծ տնտեսական անկումը ունեցավ, չուզեցիք, 2010-ին ընտրություններ արիք, ընտրվեց Յանուկովիչը, բան չկարացավ անի, ու էլի երկիրը վարի էր գնում: Ո՞նց փրկի, Ռուսաստանը ասեց՝ 15 միլիարդ տամ, Եվրոպայի հետ ասոցացման պայմանգիրը մի ստորագրի: Եվրոպան 16 միլիարդ տար, կստորագրեր, չտվեց, խի՞ տա, եթե ավելի էժան կառնի երկիրը: Ու Յանուկովիչը քաշվավ:

Դուրներդ չի գալի՞ս, մի տարի հետո թազա եվրապրեզիդենտ ընտրեք, եվրոասոցացումը կստորագրի: Թե՞, մի տարի հետո որ ստորագրեր ուշ կլիներ, Եվրոպան լքելու էր երկրագունդը, գնար լուսին, հետը ազատությունը տաներ, Ուկրաինան էլ մնար մատույցին՝ սաղ կյանքը ազատության կարոտ:

Ի՞նչ ազատություն, հանգիստ չեն տալիս էդ ծերացած «ազատություն» բառին, որ վաստակած թոշակի անցնի:

Հանգիստ չեն թողնելու, ուրիշ ի՞նչ բառով ախպորը ախպոր դեմ հանեն, Արևմուտքը՝ Արևելքի, ամենահարմարը՝ ազատությունն ա:

«Լվովում, սաղ ուկրաիներեն են խոսում, ռուսերեն գիտեն, բայց որ հարց տաս ռուսերեն, չի պատասխանի, բայց էդ նույն մարդու հորոխպոր տղեն  Դոնեցքում ուկրաիներեն չգիտի, էնտեղ էլ մենակ ռուսերեն են խոսում»,-ասում է Ուկրաինայում մեծացած մի երիտասարդ:

Երկփեղկված ժողովուրդ, որ միասնական ինքնություն ձևավորելու համար էլի մի քսան տարի  պետք կլիներ: Ի՞նչ քսան տարի, սպասեն նորմալ ազգ դառնա, որ էլ չկարանա՞ն հետները ինչ ուզեն անեն, Ռուսաստանն ու Արևմուտքը քացու տակ գցած տշեն: Չէ, հոպ, քանի բենդերականների արյունը եռում ա, պիտի կոտրել Ուկրաինան, Եվրոմիության ու Ռուսաստանի սահմանին ընկած էս շփոթված երկիրը, որ Ռուսաստանը տակը խարխլվի,  սևծովյան ռուսական նավատորմը խորտակվի  ու Մերձավոր Արևելքում էլ տհաճ նավեր չհայտնվեն: Ստացվում է՝ քարտեզը նայենք՝ Ուկրաինայի արևմուտքում «ժողովորուդը» իշխանությունը վերցրել է, բայց ինչքան արևելք ես գալիս, ինչ որ «ժողովուրդը» բան չի կարում անի, հակառակը, արևելյան քաղաքներում ոստիկանները շատ դուխով են ու նրանք ովքեր Մայդանի ապստամբ ազատատենչ «ժողովուրդ» են, արևելքում թաքուբիր  զինված տեռորիստներ են:

«Յանուկովիչը մարդասպան է այնքան, որքան մարտի մեկի հրահանգ տվողները…, Իմ համար կապ չունի թե որ երկրի քաղաքացի է կամ նախագահ է մարդասպանը…,Մարդասպանները մի “ազգ” են՝ հայ, ռուս, թուրք թե ուկրաինացի….»,-գրում է Ժառանգություն կուսակցության ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Ես հարցնում եմ, իսկ զոհե՞րը քանի ա՞զգ են, ազգություն ունե՞ն, թե՞ ոչ: Աշխարհը չոփով ծածկած չի, որ հումանիստական կտերով համոզեն թե արյան ծորակը մենակ պրեզիդենտի ձեռքում է:

Րաֆֆի Հովհաննսյանին խորհուրդ կտամ «Ժառանգության» քաղաքական դիրքորոշումը հստակեցնի, ֆաշիստ հակահայ բենդերականներին բալետ անող ու Ուկրաինայի դեսպանատան դեմ ազատություն ծամող կուսակցությունը չի սազում թուրքից հող ուզող տղին: Գիտե՞ս խի, նրա համար չէ, որ բենդերականները սադիստ են ու իրանց պապերը հայերին մորթել են, չէ, որովհետև, որ գան իշխանության Ադրբեջանին ավելի շատ են զինելու, իրանց լայթ տեսակը՝ Յուշչենկոն, տեսանք, չէ՞, ոնց էր ախպերացել Ալիևի հետ:

Բայց Հայաստանում հո մենակ «Ժառանգությունը» չի՞ պարում եվրոպարահանդեսում: Հայկական մամուլը նայես, կասես ուկրաինական «ժողովրդի» մոլոտովի կոկտեյլները ջերմանցում է հայ քաղաքացիական հասարակության սրտերը:

«Ուկրաինայի քաղաքացիները բարձրացրել են ազատության դրոշը» հայտարարում է՝ ո՞վ, Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն:

«Մենք հիացած ենք հանուն քաղաքացիական արժանապատվության եւ իրենց անկախ պետականության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի արիությամբ եւ այն վճռականությամբ, որով նրանք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց հայրենիքը Հայստանից հետո դառնա Կրեմլի նեոկայսերապետական քաղաքականության հերթական ավարը» և այլն: սիրուն է ասված, բայց սուտ: Եթե ավար դառնալը Հայաստանի մաքսայինին անդամակցելն էր, ապա Ուկրաինայում մաքսայինին միանալու հարց չկա, Յանուկովիչը ուղղակի չէր ստորագրում ասոցացման պայմանգիրը:

Ո՞վքեր են ստորագրել, Դավիթ Շահնազարյանը, բռնում ա, ԱՄՆ-ի դեսպանների հաճելի զրուցակիցը, ով առվոտից իրիկուն Ռուսաստանի դեմ է խոսում, հետո իրավապաշտպան չի, որ այլատյացությունը անհանգստացնի, բենդերականների սադիզմն էլ օտար զգացողություն չի(երբ ինքը ԱԱԾ-ի պետ էր, էնտեղ սադիստաբար սպանեցին դաշնակցական Արտավազդ Մանուկյանին): Բորիս Նավասարդյան, Արթուր Սաքունց, էլի բռնում են, հայ ակտիվիստի ու իրավապաշտպանի մի կերպար կա, որի համար միայն նրանք իրավունքներ ունեն, ովքեր Ռուսաստանի դեմ են, իսկ դիպուկահար բենդերականի գյուլլից ընկած Բերկուտի տղան նրանց համար իրավազուրկ է ու ըսկի կյանքի իրավունք էլ չունի, նրա կյանքը խանգարում է Եվրոպայի առաջխաղացմանը: Ու էլի ոմանք, հարգելի մարդիկ, ում համար դեռ ազատություն ծամոնը համ է տալիս:

Entry filed under: խոհ. Tags: .

Հավատով վերադարձածները. «ի՞նչ օգուտ եթե դուռը փակել ես…» Մարտի մեկի բրենդը ու Տաթևի ճամփեն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: