Մարտի մեկի բրենդը ու Տաթևի ճամփեն

04.03.2014 at 11:06 Оставьте комментарий

Մանվելի բեղերը լրացնում են Խոր Վիրապի գեղեցկությունը

Մանվելի բեղերը լրացնում են Խոր Վիրապի գեղեցկությունը

Ինչի՞ են կարծում, թե հայերը յոթ հազար տարի առաջ էնքան հիմար են եղել, որ աստղերին նայելու համար չարչարվել, քարի վրա ծակ են արել, որ ծակից նայեն: Առանց ծակ աստղերը չէին երևո՞ւմ, մենք Տաթևում գիշերը տիկին Փունջիկի տանը առանց ծակի, ուղղակի նայելով երկնքին տեսանք Մեծ արջ համաստեղությունը: Աստղերը նորմալ երևում էին, ու կարիք չեղավ տանտիրոջ կահույքի վրա ծակ անել դրանք տեսնելու համար:

Պարիս Հերունին ու էլի մի քանի հոգի որոշել են, որ Սիսիան-Գորիս ճամփի վրայի ծակ քարերը, կամ ինչպես պաշտոնապես անվանել են զորաց քարերը,  աստղադիտարան է  եղել և որ հայերը  ծակերի միջից նայել են աստղերին:

Եթե հայ ազգի խելքը չափել են էն հանգամանքով, որ վեց տարի շարունակ ամեն մարտի մեկին   Օպերայի հայաթում մեծ բազմություն է հավաքվում Լևոն Տեր-Պետրոսյանին լսելու համար, ուրեմն, կարային եզրակացնեին, որ նրանց նախնիները աստղերին նայելու համար հաստ քարերի վրա ծակ են արել:

Ղուշբասը ով բացահայտել է հայի չուզողությունը

Ղուշբասը ով բացահայտել է հայի չուզողությունը

Այսուհանդերձ,   ոչ բոլոր հայերն են մարտի մեկի բրենդի զոհը դարձել, ինչպես հավանաբար, յոթ հազար տարի առաջ ոչ բոլոր հայերն են քարի վրա ծակելով աստղերին նայել:  Ու էն ժամանակ, երբ Օպերայի ունկնդիրները լսում էին Գագիկ Ծառուկյանի քաղաքականության գծով նորանշանակ pr մենեջեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանից՝ «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել»(ինչպես իր ապանքը կարող էր մատուցել որևէ հեղուկ արտադրող՝ «Ինչո՞վ է մեր ջուրը պակաս կոկա-կոլայից»), Գորիսի ճամփին քսան հոգիանոց մի խմբի մեջ ես սկսում եմ հիշել, որ մարտի մեկը քաղաքական բրենդ լինելուց բացի, գարնան առաջին օրն է, ու այդ օրը դեպի ծակ քարեր ձյան միջով քայլելով դիմավորելը ավելի հաճելի է երևանյան թարմ լուրերը լսելուց:

«Վերևից նայելով այս քարերը ճշգրիտ գծագրում են անգղի համաստեղությունը, այդ համստեղության անունից էլ առաջացել է Անգլիան՝ անգղ անգղիա»,-քարերի մոտ կանգնած բացատրում է Հերունու հետևորդը:

Ձյունն ու ցուրտը չխանգարեցին մտածել՝ իսկ գուցե հա՞վ, ոչ թե անգղ այլ հա՞վի համաստեղծություն, երկուսն էլ թռչուն են, ու հնարվոր է մեր նախնիները անգղի համաստեղծությանը հավ են անվանել, իսկ հետագայում ճանապարհորդել Անգլիայից էլ հեռու և հասել կղզներ, որոնք անվանել են համաստեղության անունով՝ Հավերի, Հավայան կղզիներ:

Այն ծակը, որից մեր նախնիները նայել են աստղերին

Այն ծակը, որից մեր նախնիները նայել են աստղերին

Բայց Զորաց քարերը(թե ինչի՞ զորաց, վիկիպեդիայում չկար: մի վարկածով զորքը քարի մեջ ծակ է արել ձին կապելու համար) մեր արշավախմբի միակ հանգրվանը չէր, մենք գնում էինք Տաթևի վանք, ճանապարհին, ինչպես իրեն հարգող ամեն խումբ, հանգրվանելով հայոց հանճարի վկայություններում, առաջինը  Խոր Վիրապն էր:

Ես արդեն մի քանի անգամ տեսել ու իմացել եմ, որ Խոր Վիրապի վանքը Մասիսի ֆոնին սիրուն է, բայց հիմա այդ գեղեցկույթունը լրացվեց Մանվելի բեղերով, տենց երկար բեղեր կյանքումս չէի տեսել:

Խոր վիրապում մեր մյուս բարեկամը ղուշբասն էր,  ճիշտ է նա սկզբից մեզ օտարի տեղ դրած ղշերը դեմ տվեց, բայց հենց իմացավ հայ ենք, էլ չառաջարկեց: «Ինչի՞ համար պիտի ուզեն թռցնել»,-հարցնում եմ ղուշբասին: «Դե մտքին ցանկություն են դնում, որ թռցնում են կատարվում ա», «Ինչ արժի՞ մի թռցնելը», «հինգ հազար դրամ», «Այ քեզ գին, մի հատ թռցնի հինգ հազա՞ր», «էս էժան ա, տեղ կա տասը հազար են առնում, հարսանքին էլ հարյուր դոլար», «Դե հարսանիքին հասկացնաք, բայց էդքան տվող կա՞», «Հա, ռուսները բազար չեն անում, հարցնում են ինչքա՞ն, ասում ես, փողը տալի թռցնում են: Բայց մեր հայերի մեջ լիքը չուզողություն կա, մեկ էլ ռուսը ուզում ա թռցնի, գիդը կողքից իրան գցում ա՝ նե նադո, նե նադո: Այ աղջիկ, ասա քեզ ինչ ա խանգարում, որ հացիս վայիս ես ասում», «Հա՞, տենց շատ ա լինում», «Բա ինչ, էս վերջերս էլ էլի, մի աղջիկ տենց մեջ ընկավ, ռուսը ասեց՝ քո ի՞նչ գործն ա, թե փողս ոնց կծախսեմ: Այ տենց կերցրեց»: Խոր Վիրապի վատը էն ա, որ մի տեղ չկա, նստեղ ծխես կոֆե խմես: Մեղադրելու էլ չի, մեկը հենց ուզի կաֆե բացի, Եղիան ճամփեքը կփակի-չի թողնի:

Զիլինա Զորաց քարերում

Զիլինա Զորաց քարերում

Տես, լիքը հետաքրիր տեղեկություն ստացա հայերի չուզողության մասին, մնայի Երևան ի՞նչ պիտի անեի, տանը ինչ միացնեի մարտի մեկի միտինգն էր հաղորդելու: Բայց մեկ է, չես փախչելու, մի օր հետո էլ վերադառնաս Երևան, առաջին լուրը, որ հաղորդեն միտինգի մասնակիցների քանակն է, ու անալիզ ես անում՝  դատելով օպերայում հավաքվածների քանակից՝ Գագիկ Ծառուկյանը Մարտի մեկի բրենդը գնելով վատ ներդրում չի արել:

Բայց մի բան էլ ես իմանում, որ տարվա հիմար ժողովուրդ կոչմանը ոչ թե հայերը կարժանանան, այլ ուկրաինացիները, որ հաջողացրեցի ռուսներին էնպես լարել իրենց դեմ, որ Պուտինը զորք մտցրեց Ղրիմ: Չէ, ժողովուրդը չէ, ինչպես հումանիստներն են սիրում ասել՝ վատ ժողովուրդ չկա(թե՞ հիմար ժողովուրդ չկա), պոլիտկորեկտության համար ուղղեմ՝ ոչ թե ամենահիմար ժողովուրդը, այլ ամենահիմար իշխանությունը:

2008-ին հիմարության մրցանակը շահեց Վրաստանի իշխանությունը, երբ Ռուսաստանին ստիպեց Վրաստան զորք մտցնել ու Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունները ճանաչել ու հիմա ես հասկանում, որ Սահակաշվիլին Մայդանում սոսկ երկրպագու չէր, նա ուսուցանում էր, թե ինչպես այս տարվա հիմարության մրցանակը շահի ուկրաինական ժողվուրդը:

ի տարբերություն ղուշ թռցնելուն, կարմիր կտոր կապելով ցանկություն պահելը անվճար է: Բայց ոչ ոք չի ստուգել, թե որ ցանկությունն է կատարվում՝ փողովը՞ թե՞ ձրին

ի տարբերություն ղուշ թռցնելուն, կարմիր կտոր կապելով ցանկություն պահելը անվճար է: Բայց ոչ ոք չի ստուգել, թե որ ցանկությունն է կատարվում՝ փողովը՞ թե՞ ձրին

Բայց մեր խմբում էլ մարդիկ կային, որ խելքով շատ չէին փայլում օպերայի հայաթում հավաքվածներից, որոնցից մեկը ես էի.  ինչպես Լևոնը Ծառուկյանին որպես Իվանիշվիլի տուլիտ արեց, էնպես էլ Արենիի շուկայում Մհեր Ենոքյանը ներկած-համ տված հեղուկը տուլիտ արեց վրաս որպես բալի ու ելակի գինի:

«էս գինին իսկապե՞ս բալի ա»,-հարցնում եմ Մհերին, «հա, հա, բալի ա»,-աչքերիս մեջ չնայելով, գինին տարայի մեջ լցնելով ասում էր Մհերը: «Ճիշտ ես ասո՞ւմ», «հա, հա, ճիշտ եմ ասում»:

Ու այցեքարտ տվեց՝ գինեգործ Մհեր Ենոքյան: Ուրեմն,երկու Մհեր Ենոքյան կա, մեկը՝ տասնութ տարի բերդում նստած ցմահ դատապարտված՝ չի կարողանում իշխանությանը ապացուցել, որ ինքը անմեղ է, մյուսը Եղեգնաձորի ճամփին օրը հազար հոգու խաբում, խաղողի գինին մալինայի, ելակի ու բալի տեղ սաղցնում ա:

Ծակ քարերի մոտ Գնելի ձեռքին ելակի գինին թափվեց ու գույնը ինչքան պռտում չէր անցնում, ոնց որ կարմիր թանաք լցրած լինեին: Ես որ ինձ խելոքի տեղ դրած ֆայմել էի, որ մեքենայի միջի երաժշտությունը Շուբերտ է, ու պեչենու միջի միրգը խուրմա, մտքովս չանցավ, որ անհնար է էնքան ելակ հավաքել ու էնքան գինի քաշես,  որ օրական լիտրերով Եղեգնաձորի շուկայում ծախես, էշ-էշ առա՝ ելակի գինի կխմեմ,ինչ համով ա: Սերգեյը ֆայմեց՝ դա հավանաբար ելակի գինի չի, գինին տենց չէր ներկի ձեռքը:

Սատանի կամուրջը, ցանկություն պահելու համար էլ ծառի ճյուղին կտոր կապելու նեղություն չես քաշում, ցանկությունը պահում ես ու ցելոֆանը գցում, գնում կպնում ա մացառներին

Սատանի կամուրջը, ցանկություն պահելու համար էլ ծառի ճյուղին կտոր կապելու նեղություն չես քաշում, ցանկությունը պահում ես ու ցելոֆանը գցում, գնում կպնում ա մացառներին

«Հիմա ճիշտը պիտի ասես, ի՞նչ ես լցնում գինու մեջ»,-արդեն հետ գալուց շուկայում էլի հարցրի Մհեր Ենոքյանին: Էս անգամ նայեց ինձ, հասկացավ որ գլխի ենք ընկել, ասեց՝ «համեր ենք լցնում, կանֆետի համեր, գինու մեջ լցնում ենք», «ի՞նչ գինու մեջ եք լցնում» «խաղողի գինու մեջ, մարդ կա սպիրտը բացում մեջը լցնում ա համերը, մենք՝ չէ, գինու մեջ ենք խառնում»:

Տաթևի վանքն էլ արդեն փոքր ժամանակ իմացել եմ որ սիրուն է, նորություն չէր լինելու, ու ճամփորդությանս գլխավոր նպատակը, ճիշտը որ ասեմ,  ոչ էնքան մարտի մեկի միջոցառումներից փախչելն էր, որքան աշխարհի ամենաերկար միաթռիչք ճոպանուղին նստելը: Ինչու եմ շեշտում միաթռիչք-ը, որովհետև պարզեցի, որ սա իր տեսակի մեջ է ամենաերկարը և կան ավելի երկար ճոպանուղիներ, նույնիսկ մեկը 40կմ երկարություն ունի, ուղղակի դա մարդու տեղը ուրիշ կարևոր բաներ է տեղափոխում:

Արժեր, արժեր բարձրությունից նայել Անապատի վանքին: Բայց եթե հանկարծ ավելի երկար միաթռիչք ճոպանուղի սարքեն աշխարհում, ու կարծեմ սարքում են, էլ չես կարա գլուխ գովաս, թե ամենաերկարը Հայաստանին ա: Ուրեմն, պետք կլինի մի էրկու միլիոն էլ ծախսեն, ճոպանուղին երկարացնեն մինչև Տաթևի հաջորդ գյուղը, որ էլի ամենաերկարի ռեկորդը հայերի ձեռը լինի: Իսկ հիմա Հալիձորից ձորի վրայով հասնում ես Տաթև վանքը ու մի գյուղ, որը ինչպես տիկին Փունջիկը նկարագրեց՝ գյուղ չի, ծերանոց ա: Առաջին դասարան հազիվ երեք աշակերտ է հավաքվել, իսկ երբ Փունջիկի երեխաներն էին դպրոց գնում, մի քանի առաջին դասարան էր լինում:

Փունջիկը պիտի տունը մաքրի, ամանները լվա, որ աշխատած էրկու կոպեկը ղրկի, որ թոռըմեքանայի անվադողը փոխի

Փունջիկը պիտի տունը մաքրի, ամանները լվա, որ աշխատած էրկու կոպեկը ղրկի, որ թոռըմեքանայի անվադողը փոխի

Ճոպանուղին կա, վանքը կա: Եթե գարնան ոչ թե առաջին այլ 15-րդ օրը գայինք, կլիներ նաև սրճարանը, և էդ ժամանակ ճոպանուղու տրամվային մի ժամ կսպասեինք ոչ թե ցուրտ քամու տակ այլ սուրճ խմելով: Էս էլ քեզ տուրիստական կենտրոն: Պակասում է միայն հարմարավետ կացարանը, եթե իհարկե զբոսաշրջիկի համար միջնադարյան համալսարանը դիտելը ավելի կարևոր է քան գյուղացու անջուր զուգարանի առաջ առավոտ հերթ կանգնելը կամ հինգ տղամարդու հետ մի սենյակում քնելը:

Լավ էր որ խռմփացնող չկար: Կողքի կանանց հինգ հոգիանոց սենյակում, որին քիփ կպած էին նաև տանտերերի մահճակալները,  Անահիտը ասում էր, որ ամբողջ գիշեր ունկնդրել է սիմֆոնիա: Շուբերտից հետո մի քիչ դժվարամրաս է եղել: Հոսանքը կտրել էին, գիշերը մնացինք մոմի լույսի տակ, վաղուց չէի տեսել, որ էդքան երկար լույսը չտան: Բայց քաղաքի ու գյուղի տարբերությունը վերացել է մի հարցում, Տաթևում էլ Երևանում էլ իշխում են նույն ապոկալիպտիկ տրամադրությունները, թե Հայաստան պետությունը վերանում է: Տիկին Փունջիկն ու մեր արշավականներից շատերը համամիտ էին, որ մի քանի տարուց էլ Հայաստան չի լինի, ու իմ տեսակետը, որ գուցե մի բան կփոխվի, լուրջ ու հիմնավոր դիմադրության արժանացավ: «Ինչ պիտի փոխվի, գյուղերում մարդ չմնաց»,-ասում է Փունջիկը ու ես չեմ կարողանում առարկել:

74-ամյա Փունջիկն ու ամուսինը՝ Արշավիրն են գյուղում մնացել, չորս զավակները քաղաքում են, մի որդին զոհվել է Աֆղանստանում. «Դու ինձ ասա, Աֆղանստանում զոհված հերոսի ու նոր զոհված հերոսի մեջ տարբերություն կա՞», «Չէ, չկա»,-ասում եմ, «Բա ինչի՞ են խտրականություն դնում, իմ որդու հերոսությունը չեն ընդնում», «Ո՞նց չեն ընդունում», «Ուրիշ սպանվածների ընտնաանքիներին արտոնություն են տալիս մեզ չեն տալիս»:

 

Տաթևում. մի գարեջրի բաժակ լիներ վվրան Տաթևի նկարը, կառնեի:

Տաթևում. մի գարեջրի բաժակ լիներ վվրան Տաթևի նկարը, կառնեի:

Փունջիկը բողոքում է, ամբողջ կյանքը աշխատել է, հիմա երեսուն հազար թոշակ է ստանում, ի՞նչ անես էդ փողով: Ու հիմա էլի աշխատում է՝ գարունը կբացվի այգին պիտի մշակեն, մենք կգնանք, իսկ ինքը պիտի հատակները մաքրի, ամանները լվա, անկողինները լվա, լվացքի մեքենա չունի, ձեռքով էլ լվալու առողջություն էլ չկա, կրծքավանդակը սեղմվում է, բայց պիտի անի, որ էրեխեքին հասցնի, նրանք քաղաքում նեղության մեջ են, պարտքերի մեջ են, վարկեր են վերցրել, չեն կարում մարեն:

«Ինչի՞ համար են վարկ վերցրել»,-հարցնում եմ: «Մեկը աղջկա ուսման համար, մյուսը էրեխի հարսանիքի համար, էն մյուսն էլ զանգում ասում ա՝ մաշինի պագրիշկեքը բացվել են, փող չկա որ փոխեմ», «Լավ,-ասում եմ,-ուսման համար վարկը հասկացանք, բա հարսանիքի համար վարկ խի են արել», «Էրեխեն ա ուզել, ասում ա՝ կյանքում մի անգամ ենք ծաղկում, բա  հարսանքի չանե՞ն», «Այ տիկին Փունջիկ ջան, որ չունեն, խի՞ են անում, որ իրանց մերն էլ չարչարվի էրկու կոպեկ ուղարկի քեֆի պարտքը փակե՞ն, այ քեզ հիմարություն», «հա ճիշտ ես ասում», «Բա էն մյուս տղեդ, որ փող չունեն, խի՞ ա ավտո առել», «Էրեխեն ուզել ա, առել ա, ասել ա պապ՝ էն մեկը մաշինա ունի, ես էլ եմ ուզում ունենամ», «Այ քեզ պատմություն, որ մերն էլ խալխի ցեխը մաքրի, փողը ղրկի պագրիշկա փոխեն: Բա մե՞ղք չես, փոխանակ իրանք քեզ պահեն, դու ես իրանց պահո՞ւմ»,-ջղային ասում եմ ես: «Հա, տղա ջան, ինչ անեմ, էն որ ասում են անաշից կախվածություն ա լինում, չէ՞, հիմա իմն ա, էդ էրեխեքից կախվածության մեջ եմ, Արշավիրն էլ ա ջղայնանում, բայց դե ուզում են, ես էլ չեմ կարում փող չղրկեմ ու չարչարվում եմ ամբողջ օրը»:

Տեսնես վարկով հարսանիք անող Փունջիկի զավակները մարտ մեկի միտինգին գնացե՞լ են:

Էսքանը հերիք չի, Տաթևի տերտերն էլ փոխանակ բացատրի Փունջիկին, որ իրա գլուխը պահի, առողջությանը հետևի, էրեխքի պագրիշկի ու քեֆերի համար փող չղրկի, բռնել կնքել ա նրան ու Փունջիկ սիրուն հայկական անունը փոխել օտար Մարիամ անունն ա դրել վրան: Էս էլ եկեղեցու խերը: 

ճոպանուղուց

ճոպանուղուց

Entry filed under: ակնարկ. Tags: .

Ուկրաինայի արգանդում հասունացող հրեշը. հայ ակտիվիստները ողջունում են փոքրիկին Հավատացյալ դերասանները թիրախ. «Կուզեք կտրեք, կուզեք կոտրեք, իմ արմատները երկնքում են»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: