Հավատացյալ դերասանները թիրախ. «Կուզեք կտրեք, կուզեք կոտրեք, իմ արմատները երկնքում են»

12.03.2014 at 00:52 Оставьте комментарий

Աննա Էլբակյան. «իմ շուրթերը խոսում են իմ սրտի ավելցուկից ինչպես և ձեր շուրթերը ուղղակի իմ սիրտը լցված է Աստծո քաղցրությամբ»:

Աննա Էլբակյան. «իմ շուրթերը խոսում են իմ սրտի ավելցուկից ինչպես և ձեր շուրթերը ուղղակի իմ սիրտը լցված է Աստծո քաղցրությամբ»:

Այն ինչ երկու դերասանների կյանքի իմաստն է ու երջանկությունը, դարձել է ռեակցիոն խմբերի ու մամուլի հարձակման թիրախը:

Երկու տարբեր սերունդների դերասաններ Աննա Էլբակյանը և Արսեն Գրիգորյանը Ավետարանական հավատքի «Ռեմա» եկեղեցու անդամներ են:

Հայաստանի հոգեգալստական եկեղեցուց ճյուղավորված Ռեման ստեղծվել է 2000 թ., պետական գրանցում ստացել 2006-ին:  1000 անդամ ունեցող եկեղեցին համայնքներ ունի  Երևանում, Արտաշատում, Մասիսում, Ստեփանակերտում և Ախալցիխեյում։ Անդամակցում է Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների միությանը։

Ռեմայի անդամներ են նաև Էլբակյանի դուստրը՝ դերասանուհի Լիլի Էլբակյանը և ևս մի քանի դերասաններ: Այս փաստը ոչ կարևոր  դրվագ կարող էր լինել, եթե նրանց այդ ընտրությունը ժամանակ առ ժամանակ չդառնար  հասարակական քննարկման առարկա: Որոշ կրոնա-ազգայնական կազմակերպություններ և մամուլը ոչ առաքելական եկեղեցու անդամ արտիստներին անվանելով աղանդավոր այնպես են թվարկում նրանց անունները կարծես բռնացրել են հանցանքի մեջ:

Թե ինչու են հատկապես դերասանները Ռեմայի անդամ դառնում, Արսեն Գրիգորյանը ասում է.

«Ինձ գրավել է խոսքը, քարոզը: Ես երբևէ չեմ զգացել, որ հայտնվել եմ մի տեղ, ուր ուզում են ինձ դարձնել այլ տիպի ինչ որ մեկը: Ես ազատության հոգին եմ ապրել, որը հենց Աստծո երևի ամենամեծ նվերն է»:

Հավատացյալ արտիստների դեմ վերջին արշավը եղավ անցյալ տարի՝ 2013-ի սեպտեմբերին, երբ «Միացյալ երիտասարդական լիգա» և «Մենք» կոչվող կազմակերպությունները շարժում սկսեցին ոչ առաքելական եկեղեցիների դեմ, անվանելով այն «պայքար աղանդավորության դեմ»(ստորագրություններ էին հավաքում նրանց արգելելու համար, այդ մասին այստեղ) և «Միացյալ երիտասարդական լիգան»  հրապարակեց 25 աստղերի անուններ, ովքեր, ըստ նրանց, ոչ առաքելական, ավետարանական եկեղեցիների անդամներ են:

Հրապարկումը որպես սենսացիա անմիջապես տարածեցին բազմաթիվ լրատվական կայքեր: Այդ թյուրիամցություններով առատ հրապարակման մեջ Աննա Էլբակյանի և Լիլիթ Էլբակյանի դիմաց գրված էր՝«ըստ տեղեկությունների` «Հայ ավետարանչական եկեղեցի» աղանդ», իսկ Արսեն Գրիգորյանի դիմաց՝«ըստ տեղեկությունների` Կյանքի խոսք աղանդ»:

Ռեմա եկեղեցու կիրակնօրյա ծառայություն:

Ռեմա եկեղեցու կիրակնօրյա ծառայություն:

Աննա Էլբակյանը ասում է, որ շատ ավետարանական հավատացյալներ  թաքցնում են իրենց հավատը՝ զգուշանալով հարձակումներից, իսկ որոշ հավատացյալներ էլ իրենց այլադավանության նկատմամբ կասկածները քողարկելու համար հատուկ շեշտում են, թե  եղել են կնքահայր կամ երեխաներին մկրտել են Առաքեկալան եկեղեցում:

32-ամյա Արսեն Գրիգորյանը այս հարձակումների մեջ տեսնում է նաև որպես հայտնի դերասան իր անձի նկամտմամբ հետաքրքրությունը և  թեթև է վերաբերվում դրանց.

«Կուզեք կտրեք, կուզեք կոտրեք, իմ արմատները երկնքում են,-ասում է նա,- կուզեմ հիասթափեցնել բոլոր այդ մարդկանց, Աստծո ներկայությունը այնքան ուժեղ է, որ ամբողջ աշխարհն էլ կանգնի բան չի փոխվելու: Աստծո պաշտպանությունը այնպես գերբնական է, որ այդ խոսակցությունները չեն էլ հասցնում թեթև խոցել»:

Նրա կարծիքով բոլոր քրիստոնեական եկեղեցիներն՝ Աստծո տունն են, իսկ տարբերությունները արարողակարգերի մեջ է:

Արսեն Գրիգորյանը, ով այժմ աշխատում է Կամերային թատրոնում և «Արմենիա» հեռուստատեսությունում, ասում է, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում գործատուները երբեք չեն անդրադարձել իր հավատին. «Այդ առումով ես երջանիկ եմ: Չգիտեմ, թե ուր պիտի գնա Հայաստանը, որ հավատի հետ կապված գործի ընդունվելը դժվարանա»:

Սակայն Աննա Էլբակյանն ավելի ծանր է տանում քարոզչությունը. «Դուք չգիտեք. ամենափոքր հիշատակումը, որ մենք այլ եկեղեցում ենք, արժենում է մեզ գիշերներ, գիշերներ,  անքուն գիշերներ»:

Աննա Էլբակյանը, ով խաղացել է ավելի քան 40 ներկայացում և նկարահանվել 14 ֆիլմում,  հանդիստեսների ու մասնագետների կողմից գնահատվում է որպես հայ թատրոնի լավագույն դերասաններից մեկը: Այժմ  Աննա Էլբակյանն իր արտիստական աշխատանքը շարունակում  է  ամուսնու` Արմեն Էլբակյանի ղեկավարած «Էդգար  Էլբակյան» թատրոնում միաժամանակ, որպես գլխավոր ռեժիսոր բեմադրություններ անում Խամաճիկների պետական թատրոնում:

 Ամեն այսպիսի արշավ նրա մեջ արթնացնում է այն տհաճ հիշողությունը, երբ ինը տարի առաջ, 2005թ. հունվարի 18-ի համարում «Ազգ» օրաթերթը, որի խմբագիր Հակոբ Ավետիքյանի եղբայրը Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է,  անանուն զրպարտություն հրապարակեց  Էլբակյան ամուսինների դեմ: «Հոգևորսությունը շարունակվում է» վերնագրով նյութում ասվում էր, թե իբր Երևանի բնակարաններից մեկում հիսունականների խումբը (հոգեգալստականներին տրվող անվանում), որի հավաքներին այցելում են Արմեն և Աննա Էլբակյան ամուսինները,  աղմկում են և զբաղվում «խառը սեքսով»(հրապարակումը ստորագրված էր Ռ. Ռ.): Մեկ ամիս անց մարտի 2-ին «Ազգը» հերքում տպագրեց և ներողություն հայցեց Էլբակյաններից:

Արսեն Գրիգորյան. Ռեմայում ինձ գրավել է խոսքը: Ես երբևէ չեմ զգացել, որ հայտնվել եմ մի տեղ, ուր ուզում են ինձ դարձնել այլ տիպի ինչ որ մեկը:

Արսեն Գրիգորյան. Ռեմայում ինձ գրավել է խոսքը: Ես երբևէ չեմ զգացել, որ հայտնվել եմ մի տեղ, ուր ուզում են ինձ դարձնել այլ տիպի ինչ որ մեկը:

«Ես  իրոք  հալածվել  եմ,  լրջորեն հալածվել,-ասում է Աննա Էլբակյանը,- Մեզ   զրպարտել են բազմաթիվ անգամներ,  նույնիսկ  այնպիսի անհեթեթ  զրպարտություն, թե   մեր  ընտանիքը,    զբաղվում  էր  ոչ  ավել,  ոչ  պակաս  անառակությամբ`   գրուբեն  սեքսով:

Երբեմն  մտածում  ես  ներել  ու  մոռանալ,  սակայն  այդ տխմարությունները  հաճախ  մեծ  աղմուկ  են  հանում,  աղմուկ  որն անհարկի  է, տգեղ  ու  լռելն  էլ  տեղին  չէ,  մանավանդ  այն  դեպքում,  երբ  դու  աշխատում  ես  մանկական թատրոնում  ու  քո  գործունեությանը  հետևում են մանկան անմեղ  աչուկները:

Խմբագիրը ներողություն խնդրեց, փոքրիկ հերքում տպեց ու ձեռքերը լվաց, համարելով, որ ամեն ինչ նորմալ է, որովհետև նրա համար միևնույն  է, մենք էնտեղ գրուպեն սեքսով ենք զբաղված, թե ուզում  ենք հասկանալ Աստված իրոք կա, թե ոչ կամ Աստվածաշունչը ինչպես է գրվել»:

«Ռեմա» եկեղեցին Աննա Էլբակյանի փորձություններով լցված կյանքը վերաիմաստավորել է, տվել է նրան կյանքի ուղենիշ և ուժ` դիմագրավելու մեծ դժբախտությանը:

Նրա կյանքի ամենամեծ հարվածը զավակի՝ 18-ամյա Էդգար Էլբակյանի մահն էր, ով ընկերոջ հետ 2000թ. խեղդվեց Հրազդանի լճում:

«Ես ու Արմենը գնացինք Հրազդան, երբ առաջին լուրը եկավ, ես հիշում եմ, ոտքերս բամբակի պես թուլացան, ուղղակի թուլացան, ու իմ ամուսինը եկավ,  ինձ բարձրացրեց ու նայեց աչքերիս ու ասեց` էս երևի միակ բանն է, որ ես անզոր եմ փոխել:

Երբ մարդ մահվան առաջ է կանգնում, և ոչինչ իրեն չի կարող օգնել, ոչինչ, նա գլուխը բարձրացնում է վեր, ոչ թե ուղղակի բարձրացնում է, այլ ուզում է, որ էդ վայրկյանին իր ձեռքը մեկը բռնի էս կյանքում: Այդպես իմ կյանքում այդ Մեկը իմ ձեռքը բռնեց, ու մինչև հիմա բոլոր դժվարությունների միջով անցնելիս, նա իմ ձեռքը բռնած է պահում»:

Աննան մխիթարվում է, որ մինչ իր որդին, ինչպես ինքն է ասում, կննջեր, արդեն հավատքի էր եկել և Աստվածաշունչ էր կարդում, որը նրա աշխարհայացքը լիովին փոխել էր:

Իսկ ինքը մինչ այդ արդեն այցելում էր Ռեմա եկեղեցի: Նա պատմում է, որ կյանքի ամենամեծ փոփոխությունը այն էր, որ մի քանի անգամ բաժանվելուց հետո «Աստծո կամքով» վերջնական միացավ ամուսնու հետ.

«Մենք երեք- չորս անգամ փորձել էինք միանալ, բայց առանց Աստծո: Իսկ երբ այդ ժամանակ Արմենը ինձ միանալ առաջարկեց, հարցրեցի` որովհետև ես քո երեխաների մա՞յրն եմ, ասեց` ոչ, որովհետև դու ինձ պետք ես: Եվ ես փաստորեն առաջին անգամ իմ կյանքում իսկապես ամուսնացա, իմ աչքերը բացվեցին ես հասկացա, որ մենք իրար համար ենք, դա իրական ամուսնություն էր:

Ես Աստծուն պարտական եմ, որ մինչ որդուս հեռանալը հասցրինք միանալ Արմենի հետ, որովհետև նա շատ էր ուզում, որ մենք միասին ապրենք»:

Աննան հիշում է մինչ ապաշխարելը իր նախորդ կյանքը՝ ինքնավստահ, էմանսիպացված կին, ով ամուսնուց հեռացել, երկու երեխաներին ինքնուրույն մեծանցում է, Համազգային թատրոնի լավագույն դերասանուհին,  ուներ շատ դերեր, հանրահայտ էր, սիրված՝ «Իմ կյանքը գնում էր դեպի վեր՝ չակերտավոր»:  Սակայն իրականում այն իր համար ավարտված էր թվում, իմաստը չէր գտնում, և իր բնութագրմամբ, հոգևոր մահ էր ապրում. «Երբ ամեն ինչ կա, բայց ոչինչ չկա, հասկանում ես, որ կամ պիտի մեռնես, կամ նորից ծնվես»:

Ո՞ւր գնա, ո՞ւմ դիմի, ո՞վ կարող է օգնել իրեն, որ լցնի հոգևոր դատարկությունը: Մի քանի անգամ փորձում է ապաշխարել Հայ առաքելական եկեղեցում, սակայն օգնություն չի ստանում.  «Հաճախում էի իմ սիրած` Սուրբ  Հովհաննես եկեղեցին, ուզում էի հասկանալ իրական ապաշխարության գաղտնիքը: Նույնիսկ հյուրախաղերի ժամանակ Լոս Անջելոսում  1997թվին այցելեցի  Առաքելական եկեղեցի  և  քահանային  ասեցի՝ ուզում եմ ապաշխարեմ, զգացողություն ունեի, որ իմ վերջն է եկել, ինձ դա շատ պետք է:  Քահանան սենց տմբտմբացրեց գլուխը ու ասեց` քեզանից ավելի լավ հավատացյալ էլ ո՞վ կարող է լինի` գնա, գնա դուստրս, գնա: Ու ես  հեռացա  ոչնչով»:

Մեկ տարի անց՝ 1998-ին նա ապաշխարում է Ռեմայում  (այդ ժամանակ եկեղեցին այդ անունը դեռ չուներ): Այս եկեղեցին դերասանուհին գտնում է իր հավատացյալ ընկերուհիների միջոցով: Նա նրանց առաջ քննադատաբար էր նայում որպես մարդկանց ովքեր շեղվել են Առաքելական եկեղեցուց, ու հանկարծ, հիմա  ուզում է հասկանալ, թե նրանք ինչով են իրենից տարբեր ու այցելում է.

«Ես շատ հայտնի էի, ու ովքեր ինձ տեսնում էին, անպայման ամեն ինչ թողնում էին ու սկսում էին զբաղվել ինձանով: Բայց հետաքրքիր բան տեղի ունեցավ, ես մտա էնտեղ, ոչ ոք ինձ ուշադրություն չդարձրեց, ու դա ինձ շատ դուր եկավ: Ես հասկացա, որ էստեղ կա մեկը, ով շատ ավելի կարևոր է, բայց ես նրան չէի տեսնում, բայց ես տեսնում էի նրան բոլորի մեջ»:

Ինչպես Արսեն Գրիգորյանը, Աննան էլ երկու անգամ են մկրտվել, առաջինը Առաքելական եկեղեցում, երկրորդը Ռեմայում.

Արսենը Առաքելական եկեղեցում կնքվել է մանուկ ժամանակ, և որի համար շատ ուրախ է. «Որովհետև հավատում եմ, որ տիրոջ գերբնական պաշտպանությունը ստացա»: Իսկ Ռեմայում՝ «ջրով» արդեն ինքնուրույն որոշմամբ. «Ես այնպիսի մարդ եմ, որ պետք է ինքնուրույն ընտրություն կատարեմ, այս մեկը ինձ պետք էր, որ իմ որոշումով լիներ»:

Աննա Էլբակյանը մկրտվել է առաջին անգամ ամուսնու հետ Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրության ժամանակ.

«Եթե դու մկրտված չես , չեն կարող քեզ եկեղեցում պսակադրել, և դրա համար ես մկրտվեցի, ամուսինս մկրտվեց, քույրս մկրտվեց,  բոլորը միանգամից մկրտվեցին, որի համար ես շատ շնորհակալ եմ, որովհետև ես իրոք հավատում եմ,  որ Աստված մեզ այդ պահին միավորեց»:

Իսկ երկրորդը՝ իր հոգևոր վերածնունդն է համարում.

«Մարդ կարող է հինգ անգամ մկրտվել, բայց  ոչինչ  չապրի ու ոչինչ չփոխվի իր կյանքում. երբ ես  ընկղմվում էի ջրի մեջ, ուզում էի դուրս գալ ջրից որպես մի մարդ, որը մահացել է իր հին կյանքի համար  և հարություն է առել մի նոր կյանքի համար, ինչը  մկրտությունն է իր խորհրդով նշանակում»:

Առաջին հերթին նա դարձավ ներող,և ոչ անտարբեր. «Եթե մի հոգի ցավ ունի քո ազգից, դու չես կարող հանգիստ քնել: Աստծո առաջ ի՞նչ հայտնի անուն, եթե նրա առջև հայտնվես, կհարցնի՝ ո՞ւմ ոտքն ես լվացել, ո՞ւմ ես մի բաժակ ջուր տվել»:

Աննան ասում է, որ Էջմիածնում իմանալով իր ջերմեռանդ հավատի և Ռեմա եկեղցուն անդամակցելու մասին, դիմել են, որ չքարոզի. «Բայց ես Եհովայի վկա չեմ, որ անծանոթ մարդկանց քարոզեմ: Ես իրենց ասեցի` իմ շուրթերը խոսում են իմ սրտի ավելցուկից ինչպես և ձեր շուրթերը ուղղակի իմ սիրտը լցված է Աստծո քաղցրությամբ»:

Աննան չի կտրվել Առաքելական եկեղեցուց, ամուսնու հետ հաճախ ուխտագնացության է գնում, և նրան հաճելի չի, երբ բաժանում են երկու եկեղեցիները «մենքի» և «դուքի». «ինչ ուզում են ասեն, ուզում են ինձ իրենցից չհամարեն, Աստված գիտի, թե ես ինչքան եմ սիրում Առաքելական եկեղեցին և շատ ցանկանում, որ նա արթուն համայնքի կյանքով ապրի»:

Նա կարծում է, որ ինչպես իր հավատին առնչվող յուրաքանչյուր հրապարակում, սա էլ առիթ կտա իր դեմ  զազրախոսությունների.

«Գիտեք չէ՞ որ եթե դուք էս տպեք, ամենամեծ հարվածը ես եմ ստանալու: Բայց ես գիտեմ իմ խոսքի գինը, մտավախություն չունեմ, ուղղակի անպատեհ պիտի ընկնես մարդկանց լեզվի տակ ու դա շատ ցավոտ է»:

Լուսանկարները Նազիկ Արմենակյանի

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Մարտի մեկի բրենդը ու Տաթևի ճամփեն Պրիվոլնոյե

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: