Պրիվոլնոյե

28.03.2014 at 10:29 Оставьте комментарий

kin

Վանաձորի խաչմերուկին. Ստեփանավան գնացող անգլերենի ուսուցչուհին

1. ճանապարհին

Սոխաձև գմբեթով ռուսական եկեղեցին ի՞նչ գործ ունի դուխաբորների գյուղում: Դուխաբորները Ուղղափառ եկեղեցուց առանձնացան հենց եկեղեցին չընդունելու համար:

Դարուփոսով ճանապարհի վերջում դիմացներս բացվում է Պրիվոլնոյեն՝ կարմիր կղմինդրե տանիքներով տներ, կենտրոնում ռուսական եկեղեցին:

«Վաղը հետ գալուց կբերե՞ս»,- դպրոցի մոտ իջնելիս հարցնում եմ վարորդին:

«Էս գնով չեմ բերի, սաղ մաշնեն տվեց ավիրեց»:

«Համաձայն եմ, ինչքանո՞վ»:

«Վեց հազար»: Այսինքն մինչև Վանաձոր 6-ով, իսկ մինչև Ստեփանավան 2-ի տեղը 3,5 հազար ա ստացվում:

Ռոբի համարը գրեցի, հաստատ կզանգեմ, թե չէ, էս կորած գյուղից ո՞նց պիտի հասնենք Վանաձոր:

Պրիվոլնոյեի ճամփին հասկացա, որ վարորդը լավ քաշվել ա: Խեղճ ժիգուլին ինչքան էլ դանդաղ էր գնում, մեկ ա, վեր ու վար էր թռնում իր փափուկ մասերը խփելով դարուփոսերին: Ռոբը խամ էր, Վանաձորի տաքսու վարորդ, Պրիվոլնոյե գյուղի անունը առաջին անգամ մեզնից էր լսում:

Ստեփանավանում երբ Ռոբը հետաքրքրվեց, թե  քանի կմ ա Պրիվոլնոյե ու իր գինը ասեց՝ 2 հազար, ես արդեն գիտեի, որ վերջում փոշմանելու ա:

«Ստեփանավանից Պրիվոլնի տաքսիները 4 հազարով են տանում, ճամփեն շատ վատն ա»,-ինձ ասել էր Անահիտը:

Պրիվոլնոյեն Անահիտի գյուղն է, մի անգամ երբ պատմում էր գյուղի դուխաբորների մասին, ես վեր թռա՝ դուխաբորներ Հայաստանո՞ւմ: Ոնց ես չէի իմացել: Անպայման, առիթ լինի, գնամ տեսնեմ:  Բայց ե՞րբ: Օգնեց Ազնիվը՝ լուսանկարիչ, երբ զրուցում էինք իմ ու օղորմածիկ Մանգասրյան Ռուբոյի չիրականացած ծրագրի մասին՝ Նինոծմինդայի դուխաբորների վերաբերյալ նախագիծ անել: Ռուբոյի հետ եղել էինք Ջավախքի դուխաբորների մի գյուղում, մի ծեր տատիկի տանը, ու Երևանի ճամփին ոգևորված որոշում էինք՝ վերադառնալ արդեն լուրջ ուսումանսիրության՝ լուսանկար, տեքստ: Ծրագիրը մնաց երազանք՝ Ռուբոն հեռացավ էս կյանքից, դուխաբորներն էլ գյուղերով հեռացան Ռուսաստան:

Պրիվոլնոյե

Պրիվոլնոյե

«Գիտե՞ս Հայաստանում էլ կան դուխաբորներ: Ծանոթներիցս մեկը իրանց գյուղում ա մեծացել»:

«Գնանք, սկզբում տեսնենք, հետո նյութ կանենք»,-ասեց Ազնիվը: Շատ հեշտ, երևի Ռուբոյից ա սովորել՝ գնալ փորձնական տնտղել, ու հետո վերադառնալ արդեն նյութ անելու:

Վիքիպեդիայում գրված է.  ռուսների առանձնահատուկ էթնոկրոնական խումբ, մերժում են եկեղեցու արտաքին ծիսականությունը: Գաղափարներով մոտ են անգլիական կվակերներին: Եվ ամենահետաքրքիրը, որ համ քրիստոնյա են համ էլ հավատում են վերամարմնավորմանը, այսինքն մահվանից հետո կրկին ծնվելուն: Դե վերամարմնավորմանը հավատալը խելքին ավելի մոտ է քան հանդերձյալ կյանքը, գոնե գիտես թե մեռնելուց հետո ուր ես ընկնելու:

Նիկոլայ առաջինը 1841-ին նրանց աքսորում է Անդրկովկասի երկրամաս: Նրանք բնակվել են հիմնականում Վրաստանի Մինոծմինդայի շրջանում և Ադրբեջանի երեք գյուղերում: 90-ականներից գյուղերով վերադարձել են Ռուսաստան:

Ըհը, Վիքիպեդիայում կավելացնեմ, որ նաև Հայաստանում են ապրել դուխաբորներ, թե՞ ապրում են դեռ:

Ուրեմն, սկզբում Ստեփանավան: Բայց ավտոկայանում մարշրուտնին ժամուկեսից ա գնում, ինչքա՞ն կոֆե խմես: Դե ուրեմն, տաքսիով գնանք Վանաձոր, էնտեղից մոտիկ ա:

«Քանիսո՞վ ես տանում»,-հարցնում եմ էրեկվա խմելուց հետո կարմրած դեմքով վարորդին:

«Դե, 15 հազար ա մի տաքսին»,-ուշադիր էրկուսիս նայեց ու դանդաղ ասեց կարմրադեմքը: Կարո՞ղ ա հարուստի տեսք ունենք: Բա որ Ազնիվը  canon 7d ապարատը հանա՞ծ լիներ, քսան հազար կասեր:

Չորս ուղևոր, մարդ ա ինչ կանի՞: 15 հազարը ոչ մի կերպ չբաժանվեց չորսի:

«Այսինքն մարդ ա 3 ու կե՞ս»:

«Դե հա»:

Թվաբանության ժամանակ հազար դրամ պակասացվեց: Մինչև մարդ հավաքի, մինչև էսկողմ-էնկողմ, Ստեփանավանի մարշրուտնին կշարժվի: Գնանք տոմս առնենք:

«Վանաձո՞ր եք գնում»,-մեկ էլ տոմսարկղի ճամփին հարցրեց ծառի տակ կանգնած մարդը: «Հա», «էկեք 1500-ով տանեմ»: Այ քեզ հաջողություն: «Պիտի երկու հոգի էլ հավաքե՞ս», «Չէ, երկուսը արդեն մեքենայի մեջ են»: Ու որ անցումով անցնում էինք մյուս մայթը, տաքսու թանկաբազար վարորդները հետևներիցս գոռում էին՝ «Վանաձոր, Վանաձոր» , ձայների մեջ ավելի շատ սպառնալիք կար, քան ծառայություն մատուցելու ցանկություն:

Աննա Մաքսիմովնայի տանը. Լավ լուրը՝ գյուղը տիպիկ ռուս ուղղափառ է եղել, ստեղծել է 19-րդ դարի 20-30-ական թվերին: Ուրեմն, մինչև Սովետի ստեղծվելը Հայաստանում ռուսական համայնքներ են եղել:

Աննա Մաքսիմովնայի տանը. Լավ լուրը՝ գյուղը տիպիկ ռուս ուղղափառ է եղել, ստեղծել է 19-րդ դարի 20-30-ական թվերին: Ուրեմն, մինչև Սովետի ստեղծվելը Հայաստանում ռուսական համայնքներ են եղել:

Հաջորդ օրը 02-ով կլսե՞նք՝ Վանաձոր երթուղու տաքսու վարորդը չզսպելով իր ագահությունը դանակով հարվածել էր իր կոլեգային, ով ավելի էժան գնով տարել էր իրեն մոտեցած ուղևորներին:

Վանաձորից հետ գալուց ո՞նց մոռացա Վովային զանգեի որ հետ բերեր, համարը թողել էր: Բան չկա, հազար դրամ տուժեցինք, մարդ ա երկու հազարով հետ էկանք:

«Ստեփանավան եք գնո՞ւմ»,-հարցնում եմ Վանաձորից դեպի Ստեփանավան խաչմերուկում կանգնած միակ ուղևորին՝ սիրունատես կնոջը:

«Այո, դո՞ւք էլ»:

«Հա, բայց էնտեղից պիտի Պրիվոլնոյե գնանք: Հեռո՞ւ ա Ստեփանավանից»:

«Չէ շատ, Ստեփանավան պիտի հասնեք, էնտեղից երևի մի բան ճարեք գնաք: Ի՞նչ եք կորցրել Պրիվոլնիում»:

«Լրագրողներ ենք, ուզում ենք նյութ գրենք»:

«Աղքատության մասի՞ն»,-քմծիծաղով հարցրեց կինը:

«Չէ, դուխաբորների»:

«Հա, մենք իրանց դըխաբոր ենք ասում»:

Ըհը, ուրեմն, շրջանում էլ գիտեն դուխաբորների մասին:

Կինը անգլերենի ուսուցչուհի է, վախտ է եղել երեք գյուղում դաս է տվել, մի գյուղից մյուս գյուղը ոտով երեք կմ գնացել է, ձմեռներն էր դժվար, ձյան վրայով, մեկ էլ հեռվից գայլի աչքեր: Հիմա երկու գյուղում է դաս տալիս:

Բայց դուխաբորներից շատ բան չգիտեր, պատմեց մալականների մասին, Ստեփանավանի շրջանում մի քանի մոլոկանի գյուղ է եղել, հիմա բան չի մնացել, սաղ գնացել են Ռուսաստան, հայը չի մնում, ուր մնաց ռուսը մնա էս երկրում: Տատիկներ են մնացել, մեջները կան վախ չափողներ: Իսկ այ, թուղթուգիր բացող, բախտ գուշակող տատիկներ մոլոկանները չունեն, գրբացները միայն հայկական գյուղերում են, մոլոկանը թուղթուգիր ոչ անում ա ոչ բացում: Էլի լավ թեմա:

Աննա Մաքսիմովնան

Աննա Մաքսիմովնան

«Մի անգամ, ընկերուհիներիս հետ գնացինք բախտ բացողի մոտ, բոլորի բախտը բացեց, ես մոտեցա, ասեց չէ, քոնը չեմ կարա բացեմ, քո էներգետիկան շատ ա, ու տենց էդտեղ էլ բախտս չբերեց»:

Ժամանակ լիներ, հրավիրեի սրճարան, պատմեր, թե էլ ինչում բախտը չի բերել: Ու որ ավելի անկեղծանա, ես էլ մի քիչ ինձնից պատմեի ու լսեի իրա խորհուրդները: Անբախտ երկրի անբախտ քաղաքացին:

«Ստեփանավան,էժան տանում եմ»,-կանգնեց դեմներս մի ժիգուլի:

«Քանիսո՞վ»:

«2,5 հազար»:

Նայում եմ կնոջը, ձեն չի հանում, հույս ունի ծանոթ գա, ձրի գնա:

«Էկեք երկու հազարը մենք վճարենք, դուք էլ 500 դրամը»:

«Չէ, չէ, դուք գնացեք»:

«Լավ, լրիվ մենք ենք վճարում, ձեզ էլ հրավիրում ենք»:

«Չէ, ամոթ կլինի, դուք գնացեք»:

«Հետո կասեք բախտս չի բերում: Ձրի տանում ենք, չեք ուզում»,-ասեց Ազնիվը ու կինը ժպտալով նստեց մեքենան:

«Էս ա պուլտը, ինչ երաժտություն  ուզում եք, միացրեք»,-Ռոբը հետևը նստած կանանց է մեկնում չռթիկը:

Տաքսու մեջ պուլտն էր պակասում:

«Չէ, ինչ ենք անում, դու ինչ ուզում ես միացրու», ասաց կինը ու մենք մնացինք Ռոբի ճաշակի հույսին:

«Էս ով ա երգում», «Արամ Աաստրյանը», «Փոխի մի ուրիշ բան»:

Մյուս երգի վրա գլուխ էի կոտրում, թե ինչ լեզվով ա, արևելյան ելևէջներ, բայց լեզուն անհասկանալի: «Էս ի՞նչ լեզվով ա», «Կարամ ասեմ, անհասկանալի լեզվով ա»,- պատասխանեց Ռոբը: «Ո՞նց թե, թուրքերեն ա»,-ասեց անգլերենի ուսուցչուհին ու սկսեց տեղ տեղ բառերը թարգմանել: Հաջորդը ադրբեջանական մեյխանա՝

У меня жигули сигнал итальянский

Сам военный, форма гражданский

«Էս ադրբեջանական երգը խի՞ ես պահել»:

«Ադրբեջանական չի, ռուսերեն ա երգում»,-ու Ռոբի խոսքի վրա երգեց.

Я кавкаский парень интересний

И веселий и и серезний и честний

Приехал из Баку

Теперь я местний

Ուրեմն, պիտի Վանաձոր-Ստեփանավան տաքսի նստես, որ իմանաս էս երկում ադրբեջանական մշակույթի նկատմամբ սերը չի մարել:

Մատրյոնա Պետրովան

Մատրյոնա Պետրովան

Բայց որ գուգլով փնտրեցի «սիգնալ իտալյանսկիյ», պարզվեց՝ երգիչը հայ է, Մանվել Փաշայան: Ճիշտ ա, երգը բերեց ադրբեջանական երգերի ցանկում, բայց կատարումը հայի:  Ըհը, քեզ թազա Սայաթ-Նովա, հայը ռուսերն երգում ա ադրբեջանական մեյխանա ադրբեջանցի լավ տղու մասին: Հայ- ադրբեջանական մերձեցման լավ գրանտի թեմա ա: Գեորգի Վանյան ջան, ի՞նչ կասես: Մենակ Ռոբին էլ հոնորար տան, մեքենան Պրիվոլնոյեի վրա վարի գնաց, մի քանի զապչաստ առներ, որ կարողանար պրոպագանդել երկու ժողովուրդների բարեկամությունը:

Հաջորդ օրը առավոտ զանգում եմ Ռոբին. «Բարև Ռոբ, հիշո՞ւմ ես էրեկ մեզ Պրիվոլնի բերիր, կգա՞ս հետ տանես»:

«Կյանքիդ մեռնեմ, ավտոն վարի ա գնացել Պրիվոլնիի ճամփին, ընենց չի որ չի քշվում, բայց վրան գործ կա անելու: Կներես չեմ կարա գամ»:

Էհ, Ռոբ, Ռոբ, ասիր էրկու կոպեկ աշխատես, մեքենան խարաբ էղավ:  Այ սենց անարդար ա կյանքը, ով ադրբեջանական ու թուրքական երաժշտություն լսի, ով ազերիի բարեկամության վրա փող աշխատի:

«Շատ շնորհակալություն: Ո՞ր բլոգում եք գրելու,ասեք, մտնեմ լայք տամ»,-հարցրեց ուսուցչուհին  Ստեփանավանում իջնելիս:   «թերթ էյ էմ, մտնեք, տակը նկարս կտեսնես»: Էսպես, կյանքս մի լայքով ավելացավ:

պատմություն

Հենց իջանք Պրիվոլնոյեում, մտանք դպրոցի տնօրեն Աննա Մաքսիմովնայի տուն, առաջին հարցս էր՝ սա դուխաբորների գյո՞ւղ է:

Աննա Մաքսիմովնան երկու նորություն ասեց՝ մեկը լավ, մյուսը վատ: Վատը՝ գյուղը դուխաբորների հետ կապ չունի, ոչ մի դուխաբոր էլ գյուղում չի եղել(հետո կպարզվի, որ ամեն դեպքում չորս դուխաբոր եղել է): Ուրեմն, վիքիպեդիայում ուղղումս էլ չեմ կարող անել, ափսոս դուխաբորներ Հայաստանում չկան, վերամարմնավորման գաղափարը մեր երկրում պահելու հույսը մնաց կրիշնայականների վրա:

Մոտիայի խազյայինը

Մոտիայի խազյայինը

Լավ լուրը՝ գյուղը տիպիկ ռուս ուղղափառ է եղել, ստեղծվել է 19-րդ դարի 20-30-ական թվերին (Լոռու մարի պաշտոնական կայքւոմ գրված է որ գյուղը հիմնվել է 1850թ.): Ուրեմն, մինչև Սովետի ստեղծվելը Հայաստանում ռուսական համայնքներ են եղել:

Ինձ համար հայտնգործություն՝ ուրեմն, Հայաստանի ռուսները մենակ Սովետի ժամանակ էկածները չեն, 180 տարի առաջ ուղղափառ ռուսների համայնքներ են ստեղծվել ու մինչև հիմա գոյութուն ունեն: Գոյություն ունե՞ն: Երեք հարյուր ընտանիքից հազիվ մի ութսուն հոգի է մնացել, հիմնականում ծերեր: Աննա Մաքսիմովնան էլ մնացել է որտև ամուսինը հայ է, որդին վաղուց Ռուսաստանում է, աղջիկն է միայն  մոտը:

Պրիվոլնոյեն հիմնել են ցարական բանակի ռեկռուտները՝ Արևելյան Հայաստանը առաջին նվաճող ռուսները: Նրանք 25 տարի ծառայության մեջ էին ու պետք է ստեղծեին իրենց բնակավայրը: Հետզհետե բերում են իրենց ընտանիքներին, հիմնականում կենտրոնական Ռուսաստանից:

Աննա Մաքսիմովնան պատմում է.

«Հիմնականում  ֆեոդորովներ, Իվանովներ, Պետրովներ, այս երկրորդ փողոցը, ուր ապրում էի ես, ասում էին ֆեոդորովների փողոց, 30 ընտանիք Ֆեոդորովներ էին:

Վերա Ռեշիտովան ամեն կիրակի խփում է զանգերը

Վերա Ռեշիտովան ամեն կիրակի խփում է զանգերը

Ինչպես մեր նախնիներն են պատմում, սկզբում ռեկռուտները ավելի հյուսիում էին բնակվում, իսկ այս տեղանքում ընդհանրապես գյուղ չի եղել, էստեղ ճահիճ է եղել, ճահիճը չորացնում են, ու հետզհետե սկսում են այստեղ բնակվել, սկսում են հողագործություն անել, այդպես ծառայությունն էլ անցնում է, բայց նրանք մնում են այստեղ, երևի դուրները եկել է այս տարածքը, բարենպաստ պայմաններ են եղել գյուղատնտեսության համար:

Պատմում են, թե Պուշկինն է դրել մեր գյուղի անունը՝ էրզրում գնալիս, նա այս կողմերում գիշերել է, գիտեք:  Բարձրունքին կանգնած նայում է ու ասում` կակօյե պռիվոլյե: Ի՜նչ ազատության ափ: Ո՞վ գիտի, ինչպես է եղել:

Երեք ընկերուհիներով երբ սովորում էինք ինստիտուտում, մեզ անվանում էին՝ դեկաբրիստների թոռներ: Պապիկներս, տատիկներս, մամաս պապաս, բոլորը էստեղ են ծնվել, դպրոցը այստեղ եմ ավարտել»: Հետո Բրյուսովի ինստիտուտն է ավարտել, վերադարձել է գյուղ ու 36 տարի դպրոցում է աշխատում:

Անահիտը ասում է, որ երբ ինքը Երևան է եկել սովորելու, բոլոր դասախոսները զարմանում էին, որ գյուղի դպրոցն ավարտելով, առանց դասախոսի մոտ պարապելու էդքան գիտելիք ունի: Իսկ գրականությունն էլ այդպես սիրում է ու բանասիրությունն է ընտրել իր անզոգական ուսուցչուհի Աննա Մաքսիմովնայի շնորհիվ:

«Սկզբում գյուղը մաքուր ռուսական էր: Երբ հայերը ուզում են գալ գյուղում վերաբնակվել, սկզբում նրանց  չեն թողնում, տեղ չեն տալիս: Այս վերևը մի տեղ կա, կոչվում է Չերեմշա, հայերին այնտեղ թույլ տվեցին ապրել: Մի քանի տարի անց, երբ նրանք իրենց արդարացրեցին, որ աշխատասեր են, բարեխիղճ են, արդեն թույլ տվեցին գյուղում տեղավորվել: Սկզբում շատ քիչ էին հայկական ընտանիքներ, երբ ես դպրոց էի գնում հատուկենտ հայեր կային, հիմա որ դպրոցի հին մատյաններն եմ նայում, հայկական ազգանուն հազվագյուտ կտեսնես: Կամաց-կամաց հայերը շատացան: Երբ արդեն կոլխոզը շատ հարուստ էր, շատ զարգացած էր անասնապահությունը, հովիվների անհրաժեշտութուն եղավ, այդպես ադրբեջանցիներ եկան հովվության, և շատացան նաև ադրբեջանցիները, մի քանի ընտանիք էլ եզդիներ կային:  88-ին գնացին ադրբեջանցիները, նրանց փոխարեն եկան փախստականներ: Նրանցից շատերն էլ չդիմացան գյուղական կյանքին, մեկնեցին Ռուսաստան»:

Տատիկները եկեղեցու և սպասավոր և շարքային հավատացյալ

Տատիկները եկեղեցու և սպասավոր և շարքային հավատացյալ

Անահիտը հիշում է, թե ինչպես լաց լինելով ճանապարհում էին համագյուղացի ադրբեջանցիներին: Իսկ որոշ ժամանակ անց դիմավորում բեռնատարերով եկած, կիսամերկ հալածված փախստականներին:

Սովետի վերջին տարիներին էլ ռուսները մեծամասնություն էին, Աննա Մաքսիմովնան ասում է որ 2000 բնակիչներից մոտ 1500-ը ռուս էին(պաշտոնապես այժմ գյուղի բնակչությունը այժմ 1048 է): Իսկ հիմա  անունն է մնացել ռուսական, հիմնականում հայերն են բնակվում՝ կողքի գյուղերի ֆրանկներ և փախստականներ:

Մեկ էլ միայնակ, զավաակներից լքված ծեր ռուս կանայք են մնացել: Հենց Աննա Մաքսիմովնայի տնից դուրս եկանք, հանդիպեցինք դրկից Մոտյային՝ 83-ամյա Պետրովա Մատրյոնան:

«Մոտյա քեզ ամուսնացնենք, բայց հիմա նորմալ տղամարդ չես գտնի, բոլորը հարբեցող են»,-ասում է Վաչագանը, փախստական է Ադրբեջանից:

«Да, бывает, но не все, у нас вот два брата были, Иван не пил а другой дай бог(այո, պատահում է, բայց ոչ բոլորը, մեզ մոտ երկու երղբայր կային, մեկը չէր խմում, մյուսը Աստված բեթարից ազատի)»:

Սրբ. Միխայել եկեղեցում

Սրբ. Միխայել եկեղեցում

Խեղճ Մոտյան, ռեկրուտների սերնդի վերջին ներկայացուցիչներից մեկը, տունը ավանդական ռուական խրճիթ, բակում աջից խոհանոցը, ձախից բնակարանը, փոքրիկ սենյակաները մաքուր-մաքուր, խազյայինի՝ ամուսնու պորտրետը պատին, տասը տարի առաջ է մահացել, փոքր էկրանով հեռուստացույցը, որ հազվադեպ է միացնում, ալիքները լավ չեն բռնում, համ էլ լսողությունը էն չի: Միայնության մեջ, զավակներից լքված իր կյանքի մայրամուտն է ապրում.

«Աղջիկս էլի մեկ մեկ գալիս է, Թիֆլիսում է ապրում, տղաս ընդհանրապես մոռացել է ինձ, Բելառուսում է, ութ տարի կլինի տեղեկություն չունեմ»:

«Завтра придете в церковь?»(վաղը կգա՞ք եկեղեցի)

«А как же»(իհարկե)

Չէ, Մատրյոնան մենակ չի, եկեղեցին է նրա հետ:

Պրիվոլոնոյե

Պրիվոլոնոյե

Վաղը կիրակի է, պատարագ: Առավոտյան ութ անց կես Վերա Ռեշիտովան զանգերը հնչեցնում է: Նա Պրիվոլնոյեյի այն հազվագյուտ զավակն է, որ ոչ թե լքել է ծնողներին, այլ Դիլիջանը թողել, գյուղ է վերադարձել ծեր մորը խնամելու համար: 30 տարի հեռախոսավարուհի է եղել, մի մասնագիտություն որ անհետացավ Սովետի հետ: Աղջիկներից մեկը Ռուսաստանում է, մյուսը՝ Երևանում է, «Սպանված աղավնիում» է նկարվել, Սվետա Ռեշիտովա, լսե՞լ եք: Ոնց ենք ապրում, երկու կովերի կաթն ենք հանձնում ու կյանքից առանց դժգոհելու ապրում՝ կյանք է, չենք բողոքում: Ինչու՞ չի բողոքում, ինչպես կարող են երկու կովի կաթով ապրել: Կաթը ջրի գին՝ լիտրը 140 դրամ: Ռեկրուտների կոփված կա՞մքն է, որ չեն բողոքում բոլողքների մեջ ծփացող երկրում, չեն ասում՝ էս երկիր երկիր չի:

Սուրբ Միխայիլ եկեղեցու անհոգևորական պատարագը հանգստություն է տարածում ու շշնջում՝ կյանքը էս երկրում այնքան էլ սարսափելի չի, երկրպագիր Աստծուն ու շատ մի դժգոհիր բախտից:

Առանց հոգևորական պատարագ են մատուցում ծեր կանայք: Ամբողջ պատարագը չեն կարող մատուցել, դրա իրավունքը միայն հոգևորականը ունի, իրենք մի քանի մասերն են մատուցում: Իսկ հոգևորականը միայն տոներին է գալիս՝ ծննդյան օրերին:

Ծաղիկների գույները երբեմն խաղում են այն խրճիթների դիմաց

Ծաղիկների գույները երբեմն խաղում են այն խրճիթների դիմաց

Տատիկները  եկեղեցու և սպասավոր  և շարքային հավատացյալ:

Կապույտ գրիչով ձեռագրով գրված տետրից ընթերցում է ավելի երիտասարդ կինը, պատարագի մի ամբողջ գլուխ ութ տատիկները անգիր երգում են, երգում են մոտ ժամ ու կես, ինչպե՞ս են հիշում, այդ ե՞րբ անգիր սովորեցին: Եկեղեցին հիմնվել է 1875-ին, Սովետի ժամանակ պահեստ է եղել: 90-ականներին մարդիկ տների գաղտնարաններից հանեցին սրբապատկերները, Վրաստանից էլ մի ուղղափառ հոգևորական եկավ, հայր Նաումը ու եկեղեցին սկսեց գործել:  Որոշ ժամանակ անց Նաումը անհետացավ հետն էլ սրբապատկերները:

Նաումից մնացել են եկեղեցու լքված մեծ սրահում պատերին սրբերի անավարտ պատկերները. Ինքն էր պատվիրել նկարները, բայց ընթացքում չէր հավանել, նկարիչներին դուրս էր արել, իսկ նոր պատկերներ էլ չէր հասցրել պատվիրել ու տենց գեշ թողել պատերը:

Չխկացրու ապարատդ Ազնիվ, չխկացրու, մի քանի տարի անց էլ ո՞վ է պատարագ մատուցելու, ո՞վ է երգելու սաղմոսներ, ո՞վ է զանգերը տալու եկեղեցու: Տատիկների մատուցած պատարգը կմնա միայն քո նկարներում:

Աչքիդ առաջ կավերվի

Աչքիդ առաջ կավերվի

«Գիտես ինչ սիրուն էր մեր գյուղը, մաքուր սպիտակ ներկած պատերով տները, բոլոր տների դիմաց ծաղիկներ»,-հիշում է իր մանկության Պրիվոլնոյեն Անահիտը:

Ծաղիկների գույները երբեմն խաղում են այն խրճիթների դիմաց, ուր դեռ ռուսներ են մնացել, ծաղիկներն անհետացան ռուսների հետ, ռուսական խրճիթներն էլ փլուզվում են հերթով, թեև գյուղը վերևից նայելիս դեռևս կարմիր կղմինդրե տանիքներն են գերակշռում:

Հազվագյուտ խրճիթներ բարեկարգ տեսք ունեն՝ լուսամուտի կապույտ փեղկերով, սպիտակ պատերով, ուրեմն, այնտեղ դեռևս բնակիչներ կան: Անբնակ խրճիթներին նայելիս,  թվում է, թե մի քիչ երկար կանգնես դիմացը, աչքիդ առաջ կփլվի:

Ռուսները խրճիթները վաճառում են տեղացիներին, տարիներ առաջ 800 դոլար էր, հետո 1000-ով, հիմա 1500-2000-ով: Հայերի ինչների՞ն են պետք համեստ փայտյա խրճիթները, մի բանի համար՝ որպես վառելափայտ, տները քանդում են ու մի երկու տարվա վառելիք ունենում: Մարդ կա այդպես հինգ վեց խրճիթ է առել ու վառել: Մի գյուղացի հաշվել էր, որ մոտ 80 խրճիթ արդեն քանդել են:

Երեք-չորս ադրբեջանական տապանաքար է մնացել

Երեք-չորս ադրբեջանական տապանաքար է մնացել

Որտեղի՞ց մի երկու հազար դոլար ճարես, մի խրճիթ գնես ու պահպանես, որպես հուշ, որպես հուշարձան երբեմնի ռեկրուտների գյուղի մասին պատմող:

Հայ-ռուսական բարեկամության սուտը, երկրում հազվագյուտ ռուսական գյուղ-հուշարձանը՝170 տարեկան,  աչքիդ առաջ ավերվում-վերանում է:

Ու նաև երեք ժողովուրդների բարեկամության միակ վկայությունը՝ գերեզմանոցն էլ կանհետանա, և միայն կմնան հայկական գրանիտե տապանաքարերը:

Չխկացրու ապրատդ Ազնիվ, չխկացրու,  ազգերի բարեկամության՝ գերեզմանոցը: Եվս մի քանի տարի ու ադրբեջանցիների մնացած երեք-չորս տապանաքարերն էլ չեն լինի, մի քանի տարի էլ ու ռուսների գերեզմանների մետաղյա խաչերը կանհետանան ծաղիկների մեջ:

Վաչագանը ասում է, որ տարիներ առաջ ադրբեջանցիները Վրաստանով եկել, իրենց քարերը տարել են. «Մի տասը տարի առաջ հնարավոր էր, գալիս տանում էին, հիմա էլ չեն կարա գան»:

հանգուցյալի ջնջվող անունը

հանգուցյալի ջնջվող անունը

Կոտրված կամ պղծված տապանաքարեր չկան, ուրեմն, հնարավոր է որ քարերը ադրբեջանցիներն են էկել-տարել: Հեռվից արդեն գլխի ես ընկնում, թե էն աշխարհի, որ հատվածը, որ ժողովրդին է պատկանում:

Ադրբեջանականում ուղղահայաց, միատեսակ համեստ տապնաքարեր, մի քանիսի կողքին սափոր է փորագրված: Աճյունը թողել, քարերը տարել են, երևի քարերի մեջ են ապաստանել հանգուցյալների հոգիները:

«Սափորը ինչի՞ համար է»:

«Իրանց զզուգարանի սափորն ա, եսիմ ինչի են դրել»,-ասում է Վաչագանը:

Բայց, սպասի, էս մեկի կողքին էլ սամովար է փորագրված: Տեսնես ինչո՞ւ հենց հեղուկ լցնելու սափորներ են փորագրել:

Վաչագանը կարդում է մակագրությունը ու թարգմանում՝ փեսան զոքանչի քարն է դրել: Այ քեզ փեսա, քարը դրել ես, բայց զոքանչիդ էնքան էլ չես սիրել, թողել ես թշանամի երկրում:

Ծաղիկների մեջ անհետացող գերեզմանոց

Ծաղիկների մեջ անհետացող գերեզմանոց

Ռուսականը էլ ավելի համեստ է՝ խողովակներով զոդած ռուսական խաչեր, կենտրոնում պտուտակներով ամրացված մետաղե տախտակ՝ վրան հանգուցյալի տվյալները: Վարպետի կարիք էլ չկա, մի պրովուլկա վերցրու ու խզբզի անուն ազգանունը: Ավելի հին գերեզմանների վրա ջնջվել են տվյալները, իսկ ավելի հները, մինչ Սովետական գերեզմանները թաղվել են փարթամ խոտի տակ՝ խաչերը մետաղե բարակ ձողերից են, ոչ մի տվյալ չի պահպանվել, կարևորը խաչը կա, քրիստոնյա ես եղել, էլ անունն ինչի՞դ է պետք թողնես: Մի քանի գերեզման խնամված է, ուրեմն, դեռ հարազատները գյուղում են:

Ամենաշքեղը հայկական գերեզմանոցն է՝ փայլուն սրբատաշ գրանիտե քարեր՝ հանգուցյալների պատկերով: Հայի ծանր բեռը հերիք չի էս կյանքում պիտի տանես, էն կյանքում էլ վզիդ ծանր քար են դնում:

Ընտրիր, ո՞ր բնակարանը կուզեիր ունենալ, գուցե ռուսական խա՞չը՝ ծաղիկների մեջ թաքնված, մետաղի վրա փորված անհայտացող անունովդ:

«Ճիշտ ա, կաթը ջրի գնով ենք տալիս, բոլորն էլ բողոքում են, բայց Աշտարակ կաթը, որ սկսեց մեզնից կաթ առնել, գյուղը փրկվեց, սկսեցինք շնչել, թե չէ առաջ ի՞նչ էր, ապրելն անհնար էր»,-ասում է Էրիկը, Անահիտի դասընկերը:

գուցե ռուսական խա՞չը՝ ծաղիկների մեջ թաքնված, մետաղի վրա փորված անհայտացող անունովդ:

գուցե ռուսական խա՞չը՝ ծաղիկների մեջ թաքնված, մետաղի վրա փորված անհայտացող անունովդ:

Ուրեմն, ոչ բոլորն են դժգոհ կյանքից, ու նույնիսկ կարողանում են բարեփոխումներ նկատել:

Ի՞նչն էր Էրիկին տարբերում ուրիշներից: Երբ հաջորդ օրը Վանաձորի ճանապարհին վարորդը ասեց՝ Պրիվոլնոյեն դժխոք է, ապրելու տեղ չի, հասկացա. Էրիկը վերջին ժամանակներս հանդիպածս այն հազվագյուտ մարդն է, ով չասեց՝ ընտանիքս առնում եմ երկրից գնամ, ապրելու տեղ չի: Երեկոյան նա հանդից տուն եկավ՝ խոտհունձ էր արել ամբողջ օրը, հետո արոտավայրից վերադարձած ութ կովերին կթեց, կինը փոքրիկ Գառնիկով էր զբաղված, լույսը չբացված երկրորդ անգամ կովերին կթեց, արդեն առավոտյան ավագ որդու՝ Նիկոլայի մազերը կտրեց՝ սեպտեմբերի մեկին հարդարված մազերով դպրոց կգնա(երեք երեխա ունի, մեծ զավակը Լիլիթն է), ու մի քանի ժամից էլի պիտի հանդ գնար հնձված խոտը բերելու:

Ու ոչ մի բողոք գյուղացու դաժան կյանքից:

Ընթրիքին զրուցում էինք Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչ Հարությունյանի մասին, որ ինքը մեղք չուներ, որ  մեքենայի արգելաները չեն աշխատել: Էրիկը  ժպտալով պատմում է, թե ինչպես ամեն օր ինքը ընկերոջ հետ առանց արգելակների բեռնատարով խոտը իջեցնում է հանդերից: Ընկերը միայն արագություններ փոխելով է ղեկավարում մեքենան, հանկարծ մի բան էն չանի բեռնատարը ձորը կընկնի: Անհանգստանում եմ՝ ո՞նց կարելի է էդ ծանր մեքենան առանց արգելակի քշեք սարից, ինչի չեք վերանորոգում, նայում եմ ընտանիքի անդամներին, ոչ մի անհանգստություն:

սեպտեմբերի մեկին

սեպտեմբերի մեկին

Ռուսների հանգստությո՞ւնն էր անցել նրանց, թե՞ հանգստությունը էս անհանգիստ ու դժգոհ երկիր իրենց հետ բերել էին Ադրբեջանի Իսմայիլի շրջանի «Գիրք» գյուղից(«Գիրք» թե՞ «Կիրք», բարբառով Կիրք է հնչում), որտեղից գաղթել էին 89-ին:

Գյուղը օրական հինգ-վեց տոննա կաթ է հանձնում, Աշտարակ կաթի ընդունման կետի պատին լավ նորություն է փակցված՝ սեպտեմբերի մեկից կաթի լիտրը 150 դրամ, 10 դրամով գյուղացիք հարստացան: Ընդունման կետում կաթը որոշ չափով սառեցնում են ու ցիստեռններով տանում են: խորդուբորդ ճամփին կաթի ցցիստեռնը խնոցու չի՞ վերածվում, կաթը հարվելով սմետան չի՞ դառնում, թե՞ կարագ:

(Դպրոցական տարիներիս անեկդոտ էինք պատմում՝ ամուսինը պիտի գնա  կամանդիրովկա, մահճակալի տակ բանկայով կաթ ա դնում, մեջը կախված մետաղե շարիկ, որ վերադառնա, տեսնի, եթե  շարիկը կաթոտվել ա, ուրեմն կինը իրան դավաճանել ա, սիրածի հետ ա քնել, շարիկը իջել ա կաթի մեջ: Կամանդիրովկայից գալիս-տեսնում ա կաթը սմետան ա դառել: Հիմա Պրիվոլնիի կաթն ա դարուփոս ճամփեքին հարվելով):

«Ի՞նչ անենք, ցույց անե՞նք, սաղ գյուղով գանք նախագահի դեմը նստե՞նք, հրապարակում նստե՞նք, ախպեր ջան, իմանանք ինչ անենք որ էդ ճամփեն սարքեն, ասա անենք, ամեն ինչ էլ կանենք: Էս ճամփեքի վրա հինգ հարյուր դոլարի զապչաստ եմ ծախսում, էսքան աշխատում ենք, օր ու դադար չունենք, գոնե ճամփեն սարքեին»,-երեկոյան Էրիկենց տանը թեյի սեղանի շուրջ բողոքում է Արան՝ Գեներալը:

մինչ նոր հանդիպում Պրիվոոլնոյե

մինչ նոր հանդիպում Պրիվոոլնոյե

«Արո, քեզ ինչի՞ են գեներալ ասում, որ ութանասուն հատ կով ունե՞ս»,-հարցնում է գյուղացի ջահել տղան: Արոն ֆերմեր է, ամենամեծ տնտեսություն ունեցողներից մեկը: Գյուղում բոլորը անասնապահությամբ են ապպրում, հողագործությունը վերացել է, կարտոլ-մարտոլ ձեռ չի տալիս: Լոռու մարզպետարանի կայքը սխալ տեղեկություն է տալիս. «Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, հաճարի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ»: Խմբագրի՛ մարզպետարան, ոչ մի կարտոլ ու կաղամբ, հիմնականում խոշոր եղջերավոր: Մեկ էլ գրեք, որ գյուղը ճամփա չունի, որ հայ-ռուս ստրատեգիական դաշնակից եք խաղում մի բուռ մնացած ռուսների համար ինը կմ ճամփա չեք սարքում:

Գյուղի պատգամավորն էլ ԱԺ-ում Կարեն Կարապետյանն  է, աշխարհի ամենահարուստ հայի՝ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի ախպերը: Ինքն էլ քյասիբ չի, Պրիվոլնոյեի ճամփեն ասֆալտ փռելը Միջերկրական ծովի ափին մի շաբաթ հանգստանալուց էժան կնստի: Սամվել Կարապետյանը հայ աստղերին հյուսիսայինում բնակարան ա առնում, լավ է անում, իր գործն է, բայց ինչ կլիներ մի էրկու կոպեկ էլ  ծախսեր կորած մոլորած ռուսական գյուղի վրա, ճամփեն սարքեր, ռուսական խրճիթները նորոգեր-պահեր՝ թանգարան բաց երկնքի տակ, որ Պուտինը Հայաստան գար, ցույց տայիք, որ էս երկում ռուսներին իրոք սիրում են:

Գյուղում ում հետ խոսես, երկու բառից հետո ճանապարհից է բողոքում, ու հետո հիշում, որ հեռուսատեսությամբ լսել են՝ «Ստեփանվան-Պրիվոլնոյե գյուղի ավտոճանապարհը արդեն վերանորգոված է»: Ասում են, որ ճամփի համար փող է դուրս գրվել ու կերել են:

Վանաձոր տասը հազար դրամից պակաս տանող չկա: Ըհը, մեկը համաձայնվեց ութով տանի:Ինչ արած, ստիպված պիտի գնանք: Բայց լավ էր, վերջը Էրկը գտավ մի համագյուղացու, ով Վանաձոր էր գնում, մեզ էլ անվճար հասցրեց:

«Մարզպետի տեղակալը էկել ա Ուռուտ կանգնել ա, զանգել գյուղապետին ասել ճամփեն վատն ա, մեքենաս վարի կգնա, մեքենա ուղարկեք հետևիցս գամ: Ինձ ասին, գնա, ասի չեմ էթա, իրա համար իրա 10 հազար դոլարանոց մեքենան ա թանկ, իմ համար իմ էրկու հազարանոցը,-դարուփոսի վրա ժիգուլին վերուվար նետվելիս պատմում է վարորդը,-Էկավ, գյուղում ժողով արեց ու ի՞նչ ա ասում՝ ճամփեն դուք ձեր միջոցներով պիտի սարքեք, ո՞նց սարքենք, մարդ գնում, հազար դրամով կով ա կթում, որտեղի՞ց նալոգ տա:

Զանգում են զինակոչիկին արի կամիսիա, տաքսի ա բռնում փող ծախսում, որ գնա, հայրենիքի համար ծառայի: ո՞ր հայրենիքի ինքն էլ չգիտի, սա հայրենի՞ք ա, որի համար ծառայես, էրկու տարի իմ էրեխես  Ղարաբաղ ջանք թափեց թուրքի դեմը, էրկու տարի քուն չեմ ունեցել, տասը ռես գնացել եմ,բայց ախպեր, ում համար ծառայի: Մեր հայրենիքը մեր ժողովուրդը մեր էրեխեքն են, խի գնաց ծառայի, որ էս դժոխքում ապրի՞:

էրեխես բանակից էկավ, քսան օր չմնաց, ասեց էս դժոխքում ոնց մնամ, ջահել էրեխեն ընկավ Ռուսաստանի փողոցները ու դռները, ինչ ա թե աշխատի գլուխը պահի:

Մեր էրկու կովը պահում ենք, մեխանիզացիան սարքում ենք, աշխատում ենք, կարում ենք հնարավություն ստղծենք մի կերպ ապրենք, էրկու ռես գնում եմ ստեփանվան գալիս եմ, տենում ես, ավտո չի մնում:

Ճանապարհ լինի,մուզիկալնի բան կբերեն կբացեն, գյուղ ա վերջապես, էրեխեն կսովորի, ամեն ինչ էլ կարելի ա ստեղծել, ուրիշ գյուղեր գնում ես տենում, հավես ա գալիս, մեր գյուղը էն ժամանակ որ ուներ, էս ռայոնը չուներ, բայց հիմա  վերջին գյուղն ա դառել»:

Այո, ռայոնը չուներ, Անահիտը հիշում է գյուղի տանցին՝ ուր պարում էին գեղեցկուհի ռուս աղջիկները հարևան գյուղերից եկած տղաների վավաշոտ հայացքի տակ:

— See more at: http://www.tert.am/blog/?p=8320#sthash.ydFFqZmS.dpuf

Entry filed under: ակնարկ. Tags: .

Հավատացյալ դերասանները թիրախ. «Կուզեք կտրեք, կուզեք կոտրեք, իմ արմատները երկնքում են» Քեսաբը և ԱՄՆ-ի նպատակները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: