Գնչուական տոն Թիֆլիսում

12.04.2014 at 20:31 1 комментарий

Թիֆլիսի Պամպերս կամրջին. Զաուրը, Մարիամը, Մարիաննան, Մարինեն, նա ով հաջորդ օրը ջնջխվել էր

Թիֆլիսի Պամպերս կամրջին. Զաուրը, Մարիամը, Մարիաննան, Մարինեն, նա ով հաջորդ օրը ջնջխվել էր

Վարորդին արդեն բզում էի որ խաչակնքի, էս ի՞նչ բան էր՝ դեմը եկեղեցի ա, խաչը չի հանում: Բայց չհասցրի բզեմ, մալադեց, ինքը նկատեց, հասցրեց՝ խաչակնքեց.

Թիֆլիս, խաչակնքող մարդկանց քաղաքը, գնում ենք ռեստորան: Վրացի վարորդը հասկացանք, բա որ հայ վարո՞րդն ա արդեն խաչակնքում:

Մի գլուխ գովալու բան էր մնացել, որ հայերի դեմը եկեղեցի ա դուս գալիս, վրացու պես չեն խաչակնքում, էն էլ Երևանից Թիֆլիսի ճամփին էս էլ մեր վարորդը՝ Գնելը, Նոյեմբերյանի կողմերը՝ մեկ էլ խաչակնքեց: Նայում եմ դեմը, բան չի երևում, բայց 1 կմ էլ որ անցանք, դեմը մի ճստո մատուռ դուս էկավ. իրեք կմ էս կողմ  Գնելը արդեն գիտի, որ խաչ հանելու վախտը էկել ա: Ուրեմն, էնքան ա մարդ տարել-բերել Թիֆլիս, վրացու պես սրբություն տեսնելիս ձեռը ճակատն ա տանում: Այ սենց, վրացիներից գինի քաշելը չսովորեցին, իշխանություն փոխելը չսովորեցին, խաչակնքելը սովորեցին:

Թե՞ կամաց-կամաց հայերը կրոնափոխ են լինում: Էսքան Թիֆլիս եմ եկել, բայց Պանթեոն չէի գնացել, վերջը եղա՝ Թումանյան, Րաֆֆի, Նար- Դոս, Ջիվանի ու մեկ էլ ամենաթարմ գերեզմանը՝ ինչ- որ անծանոթ մեկը ում արժանիքը մենակ էն է, որ Սրբազանի ընկերն է եղել: Համայնքի դուրը չի եկել, որ արժան-չարժան սրբազանի խաթեր Պանթեոնում թաղում են:

«Հայկական եկեղեցի էկող քիչ են մնացել, հայերը վրացիների եկեղեցում են կնունք, պսակ անում»,- ասում է թիֆլիսահայ Գոգան:

«Ինչի՞ են վրացական գնում»:

«Որտև վրացականը էժան ա, վրացականում կնունքը 30 լարի ա, հայկականում՝ 150 լարի, վրացականում պսակը 50 լարի ա, հայկականում՝ 350 լարի»:

Երևանի գնե՞րը ոնց են: Ոնց են գնում Թիֆլիսից հեծանիվ, նոթբուք առնում բերում, որտև էժան ա, մեկ էլ տեսար, էրեխեքին էլ տանեն, Սադախլոն անցկացնեն, կնքեն բերեն, որ էժան նստի:

Թիֆլիսում մենակ տաքսին ա թանկ Երևանից, մնացածը էժան, իսկ գինին հոսում է:

Պավլիկը հաջորդ գլխում կասի. «Սպանեք, գենոցիդ արեք, ինչ անե՞նք, մենք ցիգան ենք ծնվել, այդպիսին ենք»

Պավլիկը հաջորդ գլխում կասի. «Սպանեք, գենոցիդ արեք, ինչ անե՞նք, մենք ցիգան ենք ծնվել, այդպիսին ենք»

Աշխարհում էլ որտե՞ղ ռեստորանում գինին գրաֆինով կխմես, ու հենց գրաֆինը պրծնում ա,  մատուցողը առանց ասելու թազա լիքը գրաֆին  ա դնում: Երևանում գրաֆինով թանն ա, Թիֆլիսում գինին ու Լաշան էլ չի թողնում ինքս լցնեմ, չի էլ թողնում բաժակս պարզեմ, նոր լցնի, չէ, ինքը բաժակս առնում, լցնում դնում ա դեմս՝ սպիտակ գինին: խմի, խմի ու անհետացի: էհ, Լաշա, իսկապես երևի սա աշխարհի ամենլավ ռեստորանն ա՝ Ձվալի քալաքին, Հին քաղաք ռեստորանը, որ աստծո էն բանի ծերին ա, տաքսին մինչև  հասավ, վարորդը տասը անգամ խաչակնքեց, դե հաշվի՝ արանքը քանի՞ եկեղեցի ա ընկնում:

Տես, Վահան, որ էրեկվա գինին ասում էի ծանր ա, խմում էի տխրեցնում էր, իսկ սա ուրախացնում ա,- գինին վեր բարձրացրած հրճվանքով ասում ա Մարիաննան: Էհ, Մարիաննա, ասա սրտիդ մեջ ինչ կա, ասեմ ինչ գինի ես դու սիրում:

Բայց էրեկվա տխրույթունը գուցե գինուց չէր միայն, չորս երիտասարդ տղա տխուր երգում էին, բառերը չես հասկանում, բայց ակնաջդ էլ չես կարում կտրես: ինչի՞ մասին են երգում Ռիմա: Սիրո մասին, սիրո: Աչքերի արտահայտությունից էլ է երևում, որ սիրո մասին են երգում՝ կորցրած սիրո մասին, հոնքերը տխրելու չափ կիտած՝ երիտասարդ, կիրթ տղաներ՝ իրար ձայնակցելով երգում են սիրո վերհուշը:

Ձայնակցել ձայնակցել, գոնե սիրո թեմայով ձայնակցեն, այ սենց պատկեր՝ ռեստորանում բազմաձայն տղամարդկանց կվարտետ՝ երգում են՝ ժամ.ամ-ի խմբագիր Երվանդ Բոզոյանը, Սլաք.ամ-ի խմբագիր Մենուա Հարությունյանը, 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանը, Հայ լուրի խմբագիր Գևորգը Ալթունյանը: Նրանց դեմքերի մտահոգությունը ավելի համոզիչ կլինի սիրային երգեր երգելիս, քան երկրի ճակատագրի մասին խոսելիս:

Թամարան

Թամարան

Չգիտեմ, Մարիաննա, բայց իմ ատամի ցավը անցավ, վիրահատությունից հետո առաջին օրն ա որ ցավազրկող չեմ խմում, ու ես վստահ եմ երգը չէր միայն, կարմիր գինին ինչքան էլ տխրեցնող լինի, նաև սպեղանի է: Կծու, ոչխարի մսով համով կերակուրը կերար, ու դուրս ես գալիս բալկոն, ցավ չկա, կպցնում օրվա առաջին սիգարետը, սուրճը կում անում ու նայում Քռին: Երջանկություն:

«Քաք մոժնո պօսլե վինա քոֆե պիծ»,-մեկ էլ բալկոն է դուրս գալիս Զաուրը: Այ քեզի պատմություն, կարո՞ղ ա մի հատ էլ տաս տապոռով վիզս կտրես: Ու երջանկությանը փոխարինում է Զաուրի դատողությունները.

-Ռուսաստանը չլինի մենք կհաշտվենք, սաղ Ռուաստանն ա մեզ թշնամացնում:

-Չհասկացա, բա Սաֆարովի՞ն կարո՞ղ ա ռուսները հերոս սարքին,-հարցնում եմ:

-Նեթ, նե քեռոիզովալի, էթօ թոլքո օփրեթելեննիե քռուքի:

-Ոնց թե,- ասում եմ,- բա աշխատավարձը, կոչումը, բնակարանը:

Զաուռը չի լսում, շարունակում ա՝ էթոթ Փութին, էթոթ Փութին…..:

-Իսկ Աքրամ Այլիսիլին ձեր համար դավաճա՞ն ա:

-Նե մնոշքո փռեթացել, նո նեմնոշքո: օն խաթել նօփելովսկւըւ փալուչաց: օն իսվինիլսյա պերեդ ասերփեչանսկիմ նարոթոմ:

Բա ի՞նչ աներ, ներեղություն չխնդրեր ականջը կկտրեիք: Նույնիսկ ամբողջ համաշխարհային գրականությունը չարժի մի կտրված ականջ:

-Նեթ, նե քթո նե զասթավիլ, օն սամ փոնյալ:

«Ադամադնե ձեռքը» կինոն տեսե՞լ ես՝ յա նե վինովատա, օն սամ: Սուրճս լավն էր, բայց համ չառա:

-Ա մօքո՞ւթ վ Առմենիի թաքոյե փիսաթ: Վոթ նե մօքութ, առմյանին նե մօժեթ տաք պիսաց:

Երևի «Անլռելի զանգակատունը» չի կարդացել: Էլ ինչքա՞ն գրեն թե ոնց եք մեզ մորթել: Մի հատ էլ թող թուրքը գրի, ի՞նչ կլինի:

-Ռասիյա եսլի նե փիլ, մի բի թավնօ փոմիիրլիս:

-ո՞նց:

-Մի թացիմ Քարաբախ շիրոքույու աֆթոնոմյու:

Գնչուները թույլ չէին տալիս, որ իրենց լուսանկարեմ: Բայց երբ Վեներան ասեց,մի վախեցեք Հայաստանից են, համաձայնվեցին: Տեղացիները նկարեն հետո գործբացեն վրաները, վտանգավոր է:

Գնչուները թույլ չէին տալիս, որ իրենց լուսանկարեմ: Բայց երբ Վեներան ասեց,մի վախեցեք Հայաստանից են, համաձայնվեցին: Տեղացիները նկարեն հետո գործբացեն վրաները, վտանգավոր է:

Լաշան՝ լավ կենացներ ա ասում, մեր սրբությունների համար, խմեցինք, էրեխեքինը՝ խմեցինք, կանանցը՝ խմեցինք, մենակ ոտի չկանգնեցինք, թե՞ կանգնեցինք: Բայց արանքում որ կենաց չի լինում, քաղաքականությունից ա խոսում՝ ռուսներն են օսերին ստիպում, որ անկախանան, թե չէ Աբխազիան կմիանար Վրաստանին: «Օսը՞, թե՞ աբխազը»,-հարցնում եմ: «էրկուսն էլ»,-ասում ա:

Իսկ ինձ թվում էր թե էրեկվանից բան չեմ հիշում, բայց որ Ռուսթավելու վրա խինկալին կերա, մտա ինտենետ, աչքիս դեմը դուս էկան հայերի խոսքերը՝ Ռուսաստանը հայկական Քեսաբը օգտագործում է, հայերին մանրադրամ է դարձրել իր շահերի համար, հես ա մեզ կմորթեն, մեկ էլ Լաշայի խոսքերը հիշեցի, թե էլ ինչեր ա անում Ռուսաստանը, ու էրեկվա օրը սկսեց պարզվել: Հարբածությանը մենակ կարող է հաղթել ռուսական վտանգը: Բայց մենակ դա չէր,  որ պայծառացրեց: Երբ լուսը բացվեց, երկու հարց էր տանջում՝ ի՞նչ էր եղել գիշերը և ի՞նչ պիտի լինի՝ ցերեկը, ոտի չես կարում կանգնես, ո՞նց կհասնես Էրևան: Ու պրյամո հյուրանոցի կողքի դեղատունը՝ Ալքա զելցեր, ըհը, խմում ես, ու նորից ծնված:

Վերջի կենացը Պավլիկն էր ասո՞ւմ, տես՝ նստած ենք չորս ազգեր՝ հայ, ադրբեջանցի, վրացի, գնչու, խմում ենք, ու ընկերացել ենք: Էլ ի՞նչ էր ասում: Այ, չեմ հիշում: Բայց մի բան հաստատ չասեց՝ թե 10-րդ դարում ռուսներն են իրենց Հնդկաստանից քշել:

Պավլիկ, արի Հայաստան, քեզ հրավիրում եմ: Կգամ, մեզ համար սահմաններ գոյություն չունեն:

Բաաա, Պավլիկ, էս չորսիս մեջ մենակ դու դպրոց չես գնացել, բայց մենակ դու գիտես որ աշխարհը աստված մեզ տվել ա առանց սահմաններ: Իսկ  հիմա տես՝ ստիպում են, որ քո երեխաները դպրոց գնան, սովորեն, թե որն է իրենց հայրենիքը, որն է նրա սահմանները, հետո էլ որ մեծանա, տանեն բանակ, որ պաշտպանի մի բան որ գոյություն չուներ քեզ համար՝ սահմանը: Ըհը, հիշեցի Պավլիկի կենացը՝ խմենք Վրաստանի համար, ուր չորս տարբեր ազգեր իրար հետ կարողանում են քեֆ անել:

Կողքս էլ Թամարան է՝ գնչուհին, որ ցերեկը փողոցներում բախտ է բացում, իսկ հիմա Ռիման նրա բախտը բացեց՝ հրավիրելով ռեստորան: Ու երբ գնչուական մեղեդին հնչեց, նստած տեղը ձեռքերը սկսեցին պարել,  ու մեկ էլ նետվեց ու խիտ ու լիքը պարողների արանքներով պտտվում է, անհետանում ու հայտնվում, ինչպես քամու բերան ընկած կրակը մեկ անհետանում մեկ մի այլ տեղ հայտնվում: Պավլիկ, սիրուն են գնչու կանայք: Սիրուն կլինեն, եթե տանես, լվանաս, լողացնես, տեսքի բերես,-ծիծաղելով ասում է Պավլիկը:

Ապրիլի ութը Գնչուների միջազգային օրը: Թիֆիսում գնչուներին նվիրված կովկասյան կոնֆերանս՝ երեկոյան ռեստորան՝ քեֆ, ցերեկը զեկույցներ:

«Ես երբ փոքր էի, մեր բակ հաճախ էին գալիս բոշաներ, բոշա կանայք իրենց պատրաստած ծամոնն էին ծախում՝ սարի ծամոն, բանկաների մեջ սպիտակ քառակուսի կուբիկներ՝ Դրանք պատրաստված էին բույսերի կաթնագույն հյութերից: Ու նաև ծախում էին շաքարաքլոր՝ շաքարից պատրաստված փայտիկի վրա կարմիր աքլորներ: Նրանք հայերեն կանչում էին՝ շաքարաքլոր, սարի ծամոն: Երեխաները վազում, ծնողներից փող էին վերցնում, գալիս առնում էին»:

Ես զգում էի գնչու Վաշայի հիացած հայաքը: Վաշա, դո՞ւք էլ եք սարի ծամոն սարքել: Չէ, մենք չենք սարքել,-ժպտալով ասում է Վաշան:

Որ մտա հյուրանոց ուր կոնֆերանսը պիտի լիներ, գնչուների վրայի ծխի հոտը խփեց քթիս, էն նույն հոտը, որը փոքր ժամանակ իմ վրայից էր գալիս, երբ իրիկունները կրակի մոտ նստելուց հետո տուն էի գալիս:

«Մենք չգիտեինք, որ նրանք գնչուական ծագում ունեն: Երբեմն գալիս էին նաև գնչուներ՝ ռուսախոս էին, գույնզգույն շորերով, հստակ էր որ նրանք Հայաստանից չէին: Գնչուներ ինչպիսին դուք եք: Իսկ բոշաները հայերեն էին խոսում, ու գիտեիր, որ Հայաստանի բնակիչներ են: Դա 70-ականների վերջերն էր:

Բոշաների հետ իմ հաջորդ հանդիպումը տասը տարի առաջ էր՝ Ախալքալաքում: Մի ակնարկ գրեցի մի բոշայի մասին, ով իր գերեզմանը սարքել էր, ու հաճախ գնում էնտեղ քեֆ էր անում: Նա տաքսու վարորդ էր, բոշաների լեզուն չգիտեր, մի երկու-երեք բառ միայն, ասեց որ մեծերը ավելի շատ գիտեն: Զրուցեցի մի քանի բոշաների հետ՝ աչքիս առաջ է մի խանութպան, որ տխուր աչքերով հարցրեց՝ չգիտեմ ինչու, մեզ չեն սիրում: Նրանք ասում էին, որ մինչև 30 ական թվերը Ախալքալաքում բոշաների թաղը թելով բաժանված է եղել, որ նրանք հանկարծ մուտք չգործեն հայերի թաղ: Ինքս ինձ խոստացա, որ կվերադառնամ ու նրանց մասին կգրեմ, սակայն խոստումս չկատարեցի:

Հայաստանում մի քանի ուսունասիրություն է արվել բոշաների վերաբերյալ: Ամենահայտնի գործը 20-րդ դարի սկզբի հայ գրող Վրթանես Փափազյանի «Հայ բոշաներ» ուսունասիրությունն է, ինքն էլ կարծեմ ծագումով բոշա է եղել:

Անցյալ տարի Երևանում մեր հանդիպման ժամանակ ինձ համար անակնկալ էր, որ վրացերենում գնչուներին բոշա են անվանում(բոշեբի): Հայերենում հստակ տարանջատված է՝ գնչու և բոշա անվանումները, գնչու կոչվում են ցիգանները, իսկ բոշա այն ժողովուրդն է, որ հայկական միջավայրում է ապրում և որը ընդհանրություններով հանդերձ շատ տարբեր է գնչուներից:

Անգլերեն վիքիպեդիայի Lom people հոդվածում ասվում է որ նրանք նաև կոչվում են բոշա Armenian Gypsies[1] (Russian: армянские цыгане)

Ակադեմիայում կարդացի Արմենակ Խաչատրյանի դիսերտացիան՝ «բոշաներ. պատմազգագրական ուսունասիրություն», շատ տեղեկություններ էնտեղից եմ վերցրել:

Բոշաները գնչուների ենթաէթնիկ խումբ է, որը ըստ ուսումնասիրողների ձևավորվել է 17-րդ դարում, ովքեր դարերով Հայաստանում ապրելով ու հայերի հետ շփվելով փոփոխվել են՝ դառել հայախոս ու ընդունել հայերի կրոնն ու մշակութային շատ տարրեր:

Ուսումնասիրությունները վկայում են, որ գնչուները հյուսիսարևմտյան Հնդկաստանից ներգաղթել են մոտավորապես 10-րդ դարում դեպի Պարսկաստան, ապա 11-12-րդ դարերում այնտեղից սկսել են գաղթել երկու ուղղություններով՝ մի մասը դեպի արևմուտք, իսկ մի մասն էլ հյուսիս-արևմուտք, որի մի մասը հանգրվանել է Հայաստանում և մնացել, որոնք ստացել են բոշա անվանումը:

Բոշաների մասին առաջին հիշատակումը 17-րդ դարի պատմիչ  Սիմոն Լեհացու մոտ է:

Ավելի մանրամասն բոշաների մասին գրել է Աբրահամ Երևանցին 1724-ին  «Երևանի Կոնդ թաղամասում 100 քրիստոնյա բոշաների տուն կա: Քաջ են և վարժ զինվորականության մեջ»:

Երբ 19-դարում սկսեցին ուսումասիրել բոշաներին, արդեն նրանք հայ առաքելական եկեղեցու անդամ էին և հայախոս, թեև պահպանել էին իրենց լեզուն «լոմավրենը»: Սակայն դա հայերենի ու գնչուերենի խառնուրդ էր արդեն:  Խաչատրյանը գրում է, որ այդ լեզվում 400 գնչուական բառեր են մնացել, իսկ քերականությունը հայերենն էր: Այժմ այդ լեզուն էլ չկա, բոշաների խոսակցական հայերենում պահպանվել են միայն մի քանի բառեր, որոնք օգտագործում են որպես գաղտնալեզու:

1926թ.Սովետական միության մարդահամարում բոշաները դիտվել են որպես առանձին ժողովուրդ, Հայաստանում նշված է 26 բոշա, հաշվել են նաև երկու գնչու: Սակայն հաջորդ մարդահմարներում բոշա ժողովուրդը հանվել է, սակայն կա գնչու ժողովուրդը և օրինակ, Հայաստնում 1989թ. մարդահամարով գնչուների դիմաց 48 է նշված: Բայց հաստատ սա բոշաները չեն:

Այժմ մոտ 6 հազար բոշա կա, որ բնակվում են Երևանում,Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, ու նաև Ախալքալակում, Ախալցխայում, Թիֆլիսում: Գյումրիում բոշի մայլա կոչվող թաղամաս կա:

Բոշաները հիմնականում զբաղվել են մաղեր պատրաստելով, Բայց հետզհետե մաղի կարիքը վերացավ, ու հիմա կարծեմ այլևս մաղ պատրաստողներ չկան: Նաև պատրաստել են զամբյուղներ:

Բոշա բառը հոմանիշ է դարձել դատարկապորտ, պարապ, անճարակ, թափառաշրջիկ, պնդերես, ուզվոր, մուրացկան, աներես բառերի(Աճառյանի գավառագիտական բառարան):

Նաև կան ասացվածքներ՝ «Բոշան փաշա չի դառնա», «Բոշան խաթուն ալ ըննայ, բարձին ետևեն հաց կմուրա», «Բոշի յըղ շադ էղնի, գքսը ուր օռուն», «Բոշի պես հազար տաշտից հաց է կերել», «Բոշի պես խոսքը ջեբումն է»:

Հետևաբար իրենց՝ բոշաների համար էլ բոշա անվանումը վիրավորական է: Եթե բոշային հարցնես՝ դուք բոշա եք, նա կվիրավորվի ու նաև հնարավոր է կռիվ անի: Էդպիսի դեպքեր եղել են, երբ ուսունասիրողը նրանց որպես բոշա փորձել է հարցեր տալ, կռիվ են սարքել:

Այժմ նրանք ուղղակի չեն ընդունում որ իրենք առանձին ժողովուրդ են՝ բոշա են, իրենց հայ են համարում ու հայ են դարձել»:

-Ես չեմ լսել, որ Հայաստանում գնչուներ լինեն,-ասում է Պավլիկը:

-Իսկ հայ-բոշաների մասին գիտեի՞ր:

-Չէ, նոր եմ լսում, չեմ իմացել:

գնչուները կոնֆերանսում. կանայք չեն խոսում, միայն ժպտում են

գնչուները կոնֆերանսում. կանայք չեն խոսում, միայն ժպտում են

Կոնֆերանսի նպատկան է գնչուներին ինտեգրել հասրակությանը, այսինքն, որ ունենան փաստաթուղթ, գնան դպրոց, սովորեն մաթեմատիկա, գրականություն, մարդու իրավունքներ, դառնան իրավագիտակից քաղաքացի, որ հետո նետվեն մայդան՝ գոռան` սլավա գերոյամ ու զոհվեն: Կամ հակառակը: «Քաղաքացին» դարձրին «մարդու» հոմանիշը, հանկարծ չմնան   մարդիկ առանց քաղաքացիության, մեկը կանտրոլից դուրս, բոլորին պետք է փաստաթղթավորել, սարքեն սաղիս պես՝ համարակալված… նախիր՝ ինչպես հախվերդյանն է ասում՝ դարձրել բանող եզ, որ մինչև կյանքիդ վերջ աշխատես ճորտի պես: Կամ էլ, Ռազմիկ Դավոյանը լավ է գրում.

Ու էլ չկան արդեն անտոմս ուղևորներ.-

Հիմա բոլորն արդեն օրինավոր որբեր:

Դեռ երեք հարյուր տարի  առաջ գնչուները հայերի մեջ չդիմացան ու սկսեցին ձուլվել: Իսկ ուրիշ տեղեր գնչուները դիմանում ու դիմադրում են, չեն թողնում, որ իրենց խցկեն նստակյաց ֆուտլյառի մեջ:

«Գնչուները, մուրացկանություն են անում և եթե կոռեկտ արտհայատվեմ, ոչ ադեկվատ են իրենց պահում,- կոնֆերանսի իր զեկույցում ասում է Էլմարին Ադրբեջանի գնչուների մասին:

Է՞լ ով, ադրբեջանցիների համար մեկ էլ  հայերն են ոչ ադեկվատ:

Պավլիկը չդիմացավ՝ ի՞նչ է նշանակում ոչ ադեկվատ, մուրացկանություն բոլոր ազգերի մեջ էլ կան, ինչ եք կպել գնչուներից:

-Սպանեք, գենոցիդ արեք, ինչ անե՞նք, մենք ցիգան ենք ծնվել, այդպիսին ենք, աստված ամեն մեկին իր ձևով է ստեղծում և ես հպարտ եմ որ ցիգան եմ»,- զայրացած ասում է Պավլիկը,- Ինչու են միայն ցիգանների մասին խոսում, խոսեք նրանց մասին ովքեր աղքատ են, չկան՞ ռուսների, ադրբեջանցիների մեջ աղքատներ, մուրացկաններ, կան, ուրեմն, դրեք աղքատների հարցը ոչ թե ցիգանների:

Նացիստները գնչուներին  գենոցիդ արեցին՝ 200 հազար գնչու սպանեցին համակենտրոնացման ճամբարներում: Հիմա ժամանակները փոխվել են, մեթոդներն էլ բարիացել՝ գնչուների ոչ թե սպանել, այլ սարքել «քաղաքացի»: Գնչուին «քաղաքացի» ես սարքում, հոգին միջից դուրս է գալիս՝«մեզ ձեր մարմինն է պետք և ոչ թե հոգին»:

Ո՞վ կհիշի, Սովետի ժամանակ հայերի ռուսացմանը ասում էին սպիտակ եղեռն: Հայաստանը անկախացավ, տերմինը մոռացվեց: Գնչուների սպիտակ եղեռնն էլ ինտեգրելն ա:

Սովետի ժամանակ ինտեգրելն իր անունը ուներ՝ ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական, հիմա՝ ձևով ազգային, բովադնակությամբ՝ համամարդկային(թե՞ բովանդակությամբ՝ լիբերալ):

Կովկասում մնացել են գնչուներ Վրաստանում ու Ադրբեջանում, Վրաստանում մոտ 1500 գնչու կա, իրական թիվը հայտնի չի, շատերը գրանցում ու փաստաթուղթ չունեն, դպրոց չեն գնում, ու նստակյաց չեն:

«Մեր իշխանույթուննները ուզում են լուծել ձեր պրոբլեմները, բայց դուք էլ պիտի համագործակցեք որ լուծվեն: Փաստաթղթեր ստանաք, որ կարողանաք սահմանը անցնել,-ասում է Ռիման՝ գնչուական համաժողովի կոորդինատորը:

Ռիման մենգրել է: Ռիմա մենգրելը վրացի՞ է: Իհարկե վրացի է: Ռիմա, բայց լեզուն տարբեր է: Այո, տարբեր է: Ռիմա, Թուրքիայի Սև ծովի ափին լազեր են ապրում, որ խոսում են ճիշտ նույն լեզվով մենգրելերեն, բայց նրանք վրացի չեն: Մտածում է: Մենգրելներն ու լազերը միավորվեն, մի ազգ դառնան, ինքնորոշվեն, վատ կլինի՞:

«Ես 17 տարի մորս չեմ տեսել, ապրում է Ուկրաինայում, բայց ոչ թե որ փաստաթուղթ չունեմ,  այլ փող չունեմ որ գնամ տեսնեմ»,-ասում է Վաշան:

-Իսկ ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում, չէ՞ որ դա վտանգավոր է:

-Որտև վախենում են բժիշկներից, հիվանդանոցում ստուգում են, հարցեր են տալիս ավելորդ՝ հոր անունը ինչ է և այլն: Նրանք էլ չեն ուզում: Այ եթե ասեն՝  հիվանդանոցում ծննդաբերես  երեք հարյուր լարի կտանք, վազելով կգան հիվանադնոց»,-ասում է Վաշան:

Կանայք լռում են, ժպտում ու լռում են՝ երեխաները գրկներին:

Վաշա, էս վառիչը քեզ եմ նվիրում, որ պրծնի, չգցես: Հոպայում, խմել էինք, ու մեր ընկերության հիշատակ մուսուլման համշենցի Մումին ինձ վառիչ նվիրեց, դարակիս մեջ պահում եմ:

Ձվալի քալաքի ռեստորանում. Ռիման, Էլմարը ու հեռվում ես՝ չգիտեմ ինչու, դարձել եմ գնչու

Ձվալի քալաքի ռեստորանում. Ռիման, Էլմարը ու հեռվում ես՝ չգիտեմ ինչու, դարձել եմ գնչու

Գնչուների կենացը: Չինտեգրված գնչուների, փաստաթուղթ չունես, անձնագիր չունես, ոչ մեկից կախված չես, ի՜նչ երջանկություն: Մնում է խմես, որ մոռանաս բոլոր փաստաթղթերդ, գոնե մի ակնթարթ՝գնչու դառնաս, մինչև օյաղանալդ: Գինին քո անկախության հիշողությունն է արթնացնում:

Ես ու Լաշան հավասար էինք խմել, բայց ես ոնց որ ոտի վրա կանգնում էի, Լաշան էնքան էլ չէ: Զաուրն էլ էր խմել, բայց քիչ կամ էլ, որ մուսուլման ա, ամեն կում անլուց գիտի, որ մեղք ա գործում, լավ չի հարբում: Զաուրն էլ, Էլմարն էլ հավատացյալ մուսուլման են, էրկուսն էլ խոզի միս չեն ուտում, բայց էլմարը ավելի բարեպաշտ է, չի էլ խմում, իսկ Զաուրը հաճույքի ու Աստծո միջև կոմպրոմիսի է գնացել ու իրեն թույլ է տվել խմել, թե ի՞նչ կլինի վերջը, Ալլահը կիմանա: Բայց երբ խմած վախտ հետդ մուսուլման ա լինում, մանավանդ եթե վահաբիստ չի, վատ չի, որտև, եթե Զաուրն ու Էլմարը չլինեին, կարող ա ես Թիֆլիսից Երևան չհասնեի:

Լաշան արդեն մեր ախպերն ա ու սիրուն չէր լինի թողեի փողոցում, մեկ էլ տեսար տուն չհասներ: Որ տաքսին հասավ աստծո էն մյուս բանի ծերը, Զաուրին համոզեցի, որ Լաշային տուն հասցնենք: Բայց հենց մտանք բնակարան, Լաշան ընենց դզվեց, որ դուռը փակեց՝ մինչև չխմենք ստից դուս չեք գալու: Զաուրը խուճապի մեջ ընկավ, Լաշայի հայրը, մայրը, եղբայրը վրացերեն խոսում են, ջղային չեն, մի քիչ անհանգիստ, իրենց համար ինչ որ ծանոթ տեսարան էր: Մեկ էլ, ո՞նց էղավ, Լաշան մի կողմ թեքվեց, ու արանքից Զաուրը ծլկեց տնից ու վազեց: Լաշան հետևից վազեց՝ պադաժդի: ես էլ դուս էկա հայաթ: Զաուրը վազում ա, Լաշան հետևից, մեկ էլ էլի գոռաց՝ պադաժդի միունտչկու: Բայց Զաուրը չլսեց: Որ Լաշան թեքվեց գարաժների մոտ շռելու, հասկացա խի էր ասում պադաժդի մինուտչկու, այսինքն մի րոպե կանգնի, շռեմ-պրծնեմ, էլի կվազես: Զաուրի համար ավելի կարևոր էր հյուրանոց հասնելը քան արդար խաղի կանոնները պահպանելը: Որ ասեմ ադրբեջանցիների հետ արդար խաղ հնարավոր չի, կասեն կողմնապահ ես:

Վաշան, ես Մարիաննան, անծանոթ գնչուհին և Վեներան

Վաշան, ես Մարիաննան, անծանոթ գնչուհին և Վեներան

Ես էլ չսպասեցի, նստեցինք տաքսին: Բայց գաս Թիֆլիս ու Պերովսկայայի  փաբերը չգնա՞ս, էլ խի ես էկել, մեկ ա,գնչուները առանց քեզ էլ կինտեգրվեն:  Չհասկացա՝ Զաուրի ու Էլմարի մուսուլմանական ողջամտությո՞ւնը թույլ չտվեց, թե՞ ինձ թվում էր հյուրանոցում սպասող կա: Սպասի, էրեկ գիշեր մենակ չեմ եղե՞լ, թե էրազ եմ տեսել: Չէ, մյուս անգամ Թիֆլիս առանց նոթբուքի եմ գալու:

Բայց մի բան էլ չարեցի, մոռացա Վեներային խնդրեմ բախտս նայի, Վեներան լավագույն բախտ նայողն է, հազիվ  գնչուների հետ ընկերացել էի, ղայդին կնայեր:

Մեր հայկական պատվիրակությունն էլ իր գնչուն ուներ՝ Մարիամը, տատը Սարի թաղի բոշաներից է եղել:  Տատից ոչ մի հարազատ չի մնացել, միայն բախտ բացելն է մնացել: Մարիամը էնքան ճիշտ ա բախտ նայում, էնպիսի բաներ ա ասում, մնում ես զարմացած,-ասում է Մարիաննան:

Մարիամ, բախտս կնայե՞ս, չնայած վախում եմ, կյանքում մի անգամ են բախտս նայել, երկու բան ասեց՝ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ, վատը եղավ, լավը չեղավ: Մարիամը ծիծաղում է, ես վատ բաները չեմ ասում: Ինչ անեմ, մեքենայից իջնենք ափս տա՞մ նայես: Չէ, ափիդ կարիքը չկա, աչքերդ ամեն ինչ ասում են: Ի՞նչ են ասում: Որ երրորդ անգամ դերասանուհու հետ ես ամուսնանալու: Աչքերիս մեջ մնացել է Թամարայի պա՞րը: Վեներան մի քիչ ավելի շատ բան կասեր:

Էհ, Վեներային մեկ էլ երբ կտեսնեմ: Գոնե թափորը գար Երևան, հյուսիսային պողոտայում վրաններ խփեր, կրակ վառեր, ափս բացեի նայեր, արագ նայեր, թե չէ մի քիչ ուշացներ, Սաքունցը կբռներ կինտեգրեր սաղին:

— See more at: http://www.tert.am/blog/?p=10479#sthash.TDxMG6ll.dpuf

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Քեսաբը և ԱՄՆ-ի նպատակները կեղծարար լուսանկարիչները

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: