Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ

10.06.2014 at 11:58 Оставьте комментарий

օրագրի 1-ին էջը

օրագրի 1-ին էջը

«Խեղճ մարդը էնքան է ոգևորվել որ աղջիկ է ունեցել, մտածել է՝ կմեծանամ ես կշարունակեմ»,-խունացած տետրակի էջերը մամաս կարդում ու թելադրում է, ես չեմ կարողանում պապիս ձեռագիրը ընթերցել: Վահան Չերազը՝ պապս, մորս ծննդյան օրից նրան նվիրված օրագիր է սկում պահել, բայց տևում է ընդամենը հինգ ամիս, ընդամենը երեք էջ:

Բյուրակնին տարեգրությունը(որոշ կրճատումներով)

1927 հնվար 25.  Բյուրակնը ծնավ երեկոյան ժամը 5:15ին Կազաչի պոստի ամերիկյան հիվանդանոցը: Վարդանուշը քիչ չարչարվեցավ. և ազատվեցավ առանց բժշկի կամ մանկաբարձի, փոքրիկը նիհար է, միայն 6,5 ֆունտ կկշռե: Ամբողջ շաբաթ մը, սաստիկ ցուրտին, ամեն իրիկուն բոլիկոնեն կազաչի պոստ կերթամ այցելության, թեև փոխադրական միջոցներե օգտվելու արտոնությունը կը զլացվի:

Հունվար 30. Բյուրակնը առաջին անգամ երեսնիս կխնդա

Փետրվար 3. Վարդոն և Բյուրակնը տուն կու գան: Վարդգեսին հետ սենյակը կը զարդարենք գունավոր թղթե մանյակներով: ցնծություն:

Փետրվար 6. Բյուրակնի առաջին պաշտոնական ընդունելությունը:

Փետրվարի 10. Բյուրակնը երկու շաբաթվան է, 8ֆ. Կկշռե:

Փետրվարի 12. Բյուրակնը կշարունակե ընդունիլ այցելուներու շարան մը: բայց ծխախոտի ծուխեն չ՛ախորժեր: Հայրիկը աշխատանքե կը զրկեն:

Փետրվար 25. Բյուրակնը մեկ ամսական է, ծանրություն 10ֆ:

Փետրվար 27. Բյուրակնին առաջին բացօթյա պտույտը դեպի Դարբինեանենց տնակը: Գետինը ձյուն կայ:

Մարտ 6. Բյուրակնը գերազանց տրամադրության մեջ կը տօնէ իր քառսունքը: լողալու փորձեր կը կատարե:

Մայիս 23. Բյուրակնը բոլորովին առողջ է, ժիր և զվարթ: ձեռքին մեջ օձ կը բռնէ, հակառակ մորն առարկությանց:

24. Բյուրակնը կատվի ձագ կը տեսնէ, զարմանքի արտահայտությունը:

25. Բյուրակնը 4 ամսական, 16ֆ կկշռե: Բյուակնը և հավի ձագը:

30. առավոտյան ժամը 3,5-ին երկրաշարժ, Բյուրակնին երրորդը:

Հունիս 3. Բյուակնը և սկյուռը

10. 4,5 ամսական, 17ֆ:

16. Բյուակնը կպատաստվի «քէօռ» դանակով:

Օրագրի վերջին էջ

Օրագրի վերջին էջ

Այստեղ օրագրը ըդհատվում է, վերջին գրառումը հունիսի 16-ին է:

Հետո, պապիս ձեռագրիը հայտնվում է արդեն Վրաստանի ոստիկանության արխիվում՝«Գործ 3160» նրա 45 էջանոց գործի մեջ: Հարցաքնությունների տակ իր ստորագրությունն է:

Օրագրի վերջին գրառումից  մի շաբաթ անց թվագրված ՝ 1927թ. հունիսի 23 Չարազի ձերբակալման ու տան խուզարկության օրդերն է: Խուզարկությունը կատարել է ոմն Աղեկյան:

Մյուս փաստաթուղթը կալանավորի անկետան է(ռուսերեն)` տվյալները՝ 41 տարեկան է, ծնվել է 1886թ., ազգականները՝

  1.  Հայրը՝ Գասպար Չերազ  77, ծերունի
  2. Մայրը՝ Իսկուհի                 70 ,,—,,
  3. Եղբայրը՝ Լևոն                   39, լուսանկարիչ
  4. Քույր՝      Շաքե          35, ամուսնացած
  5. Եղբայր Ներսես          37, աշխատավոր

Կինը՝ Վարդանուշ     31

Դուստրը՝ Բյուրակն  5/ամս

և այլն:

Մյուս փաստաթուղթը հարցաքննության արձանագրությունն է: Մի հատված(հարցաքննությունները ռուսրերն են, թարգմանել եմ, պապս ռուսրեն չի իմացել, ուրեմն, թարգմանչի միջոցով են արել հարցաքննությունը).

հարցաքննություն

հարցաքննություն

Ծնվել եմ Կոնստանտնոպոլիսում: 1996թ. հայ-թաթարական ջարդի ժամանակ փախել եմ Կոնստանտնոպոլսից Լոնդոն՝ հորեղբայր Մինասի մոտ՝ ով մասնագիտությամբ հրապարակախոս է: Նրա մոտ ապրեցի 4 տարի, սովորում էի: Կրկին վերադարձա Կոնստանտնոպոլիս և այնտեղ մինչև 1906թ. սովորում էի:

Ուսումս ավարտելուց հետո ծառայության անցա նավահանգստում, մինչև 1912: Հետո մեկնեցի Փարիզ հորեղբորս՝ Մինաս Չերազի մոտ: Փարիզում մինչև 1914թ. ծառայել եմ հնավաճառի մոտ: 1914-ին, երբ սկսվեց  պատերազմը գնացի Թիֆլիս և մտա որպես կամավոր Անդրանիկի ջոկատը և ուղարկվեցի Պարսկաստան՝ Խոյ: Այդ ջոկատում եղել եմ մինչև 1916թ., որից հետո, երբ կազմալուծվեցին կամավորական ջոկատները, ես անցա ծառայության Քաղաքների միություն՝ Սարիղամիշում-Էրզրումում և ծառայեցի մինչև 1917թ.: Այդ ժամանակ ռուսական զորամիավորումները նահանջեցին ճակատից և ես մտա Անդրանիկի վերակազմավորված ջոկատը ճակատը պահելու համար մինչև իրավիճակի կարգավորվելը և փախստականների ժամանումը:  

Երբ բոլոր ջոկատները նահանջեցին, ես Լենինականում հայտնվեցի, որտեղ Անդրանիկը իմ ջոկատը կրկին վերակազմավորեց և կանգնեցրեց ճակատում թուրքերի հարձակման դեմ: Մի քանի շաբաթ անց թուրքերը Անդրանիկին առաջրեկցին հանձնել զենքը, սակայն Անդրանիկը չհամաձայնվեց և ջոկատը ուղևորվեց Պարսկաստան միավորվելու այնտեղ գտնվող մյուս հայկական ջոկատներին: Ժամանեցինք Խոյ: Այստեղ Անդրանիկի ջոկատի և թուրքերի մեջ ճակատամարտ սկսվեց, որի արդյունքում Անդրանիկի ջոկատը նահանջեց Զանգեզուր, որտեղ մնաց մինչև 1919թ՝ պաշտպանելով Զանգեզուրը տարբեր հարձակումներից: Երբ պատերազմը ավարտվեց, Անդրանիկի հետ բանակցությունների համար այստեղ ժամանեց անգլիական առաքելությունը և ես նշանակվեցի թարգմանիչ, քանի որ անգլերեն գիտեի:

Վահան Չերազի գնդակահարության որոշումը

Վահան Չերազի գնդակահարության որոշումը

19թ. սկզբին ես Անդրանիկի ջոկատի հետ եկա Էջմիածին, որտեղ հիվանդացա և եկա Երևան, պառկեցի 1,5 ամիս: Բուժման համար մեկնեցի Կոնստանտնոպոլիս ծնողներիս մոտ, ուր ապրեցի 1 տարի: Այդ ժամանակ սկաուտների ղեկավար կազմում էի: Կրկին վերադարձա Հայաստան դաշնակցական կառավարության հրավերով, որ սկաուտական կազմակերպություն հիմնեմ:

Երևան գալուցս 2-3 շաբաթ անց կրկին սկսվեց թուրքերի հետ պատերազմ և ես մեկնեցի ճակատ Սեպուհի ջոկատում: Նահանջելով ընկանք Դիլիջան, որտեղ կարմիր բանակի ժամանած զորամիավորումը մեզ զինաթափեց: Եկանք Երևան, որտեղ արդեն Սովետական իշխանությունն էր: Երկու ամիս անց բռնկվեց դաշնակցական ապստամբությունը և ես մասնակիցների մեջ էի: Ապստամբությունը դեռ ավարտված չէր, և ես 27 ընկերներով եկա Լենինական որ, այնտեղից գնանք Կոնստանտնոպոլիս: Չհաջողվեց, Թուրքիայով գնալը վտանգավոր էր, և ես անցա աշխատանքի Ամերկոմում(Ամերիկյան օգնության կոմիտե, որ որբախնամ գործ էր անում) որպես կայանի ղեկավար: Ծառայեցի մինչև 1922թ. վերջը, որից հետո ուղարկվեցի Սարդարապատ կազմակերպելու փախստական երեխաներին, այնտեղ մնացի մինչև 1923թ. օգոստոս: Որից հետո կանչվեցի Լենինական և նշանակվեցի կայանների ղեկավարի օգնական, որտեղ մնացի մինչև ձերբակալվելս 24.11.24 :  

Վահան Չերազ, Պետրոս Մարզպանյան, Նարդուհի Զեննեյան(Չերազի կնոջ՝ Վարդանուշի առաջին ամուսնու եղբոր կինը)

Վահան Չերազ, Պետրոս Մարզպանյան, Նարդուհի Զեննեյան(Չերազի կնոջ՝ Վարդանուշի առաջին ամուսնու եղբոր կինը)

Ձերբակալելով՝ ինձ տարան Թիֆլիս և մեղադրեցին լրտեսության մեջ, և ինչպես հասկացա քննությունից, Անգլիայի և ԱՄՆ-ի օգտին: Դատապարտեցին երեք տարվա աքսորի Սիբիր: 4-5 ամիս նստելուց հետո համաներմամբ ազատվեցի:  

Ազատվելուց հետո եկա Երևան աշխատանք փնտրելու, չգտա, և գնացի Լենինական և այնտեղ վեց ամիս առանց աշխատանք մնացի: Եվ քանի որ կարիքի մեջ էի կրկին անցա աշխատանքի Ամերկոմ: Աշխատեցի երկու ամիս, որից հետո Իստմանի կողմից զգուշացվեցի, որ ЗАК СНК-ի ներկայացուցիչ ընկեր Սարգսյանը Իստմանի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ես պետք է չաշխատեմ Ամերկոմում և ես դուրս եկա ծառայությունից ու ապրում էի տանը մինչ ձերբակալվելը:

Հարց. Առաջ կամ այժմ եղել եք որևէ կուսակցության, կազմակերպության, միության, խմբի անդամ:

 Պատասխան. Եղել եմ միայն Կոնստանտնոպոլսի հայերի սկաուտական կազմակերպության անդամ 1911թվից որպես վարպետ-կազմակեպրիչ: Մինչև 1922թ. Լենիննականի Ամերկոմի սկաուտության մասնաճյուղն եմ  ղեկավարել  : Ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չեմ եղել և չեմ:

Հարց. Ինչով էր պայմանավորված ձեր մասնակցությունը 1921թ. Սովետական իշխանության դեմ դաշնակցական ապստամբությանը:

Պատասխան. Ես մասնակցել եմ Սովետական իշխանության դեմ ապստամբությանը, քանի որ Հայաստանի ամբողջ ժողովուրդը ապստամբել էր, և քանի որ ես զգում էի ձերբակալման և Սովետական իշխանության կողմից հալածանքների սպառնալիք: Ես անձամբ ցանկանում էի ավելի մեղմ իշխանություն: Ես ռազմաճակատում էի ապստամբների մեջ որպես շարքային զինվոր: Ապստամբությունը ճնշելուց հետո ես փախա Լենինական, իսկ հետո Սովիշխանության կողմից բոլոր ապստամբների նկատմամբ հայտարարվեց  համաներում

Հարց. Ինչպիսի արտասահմանյան կազմակերպություններում, միսիաներում եք ծառայել

Պատասխան. 1906թ. ծառայել եմ ինսպեկտոր թուրքական ծովային կարանտինում՝ Կոնստանտնոպոլսում, 1911-1912թթ. Շարքային թուրքական բանակում: 1918-1919թթ. Անդրանիկի ջոկատի կողմից գործուղվել եմ Զանգեզուր որպես թարգմանիչ անգլիական առաքելության մայոր Գիպսոնի և կապիտան Բոշի համար: 1921-1924թ և 1927թ. ծառայել եմ Ամերկոմում:

Չերազը սկաուտական համազգեստով

Չերազը սկաուտական համազգեստով

Ապա Չերազի ստորարգրությունը վերանում է: Մյուս փաստաթուղթը Մեղադրական եզրակացությունն է(ռուսերենից թարգմանված հատված).

Հարցաքննված մեղադրյալ Չերազ Վահանը մերժում է իր մասնակցությունը լրտեսության մեջ և պատկանելիությունը դաշնակցությանը, բայց խոստովանում է, որ 1) եղել է թարգմանիչ անգլիական առաքելության համար Զանգեզուրում 1919թ., 2) որ 1921-1924թթ ծառայության բերումով մոտ է եղել Լեինականի Ամերկոմում ամերիկացի Բրոունի հետ, իսկ վերջինս մեզ հայտնի է որպես ամերիկյան լրտես, 3) որ 1927թ. ծանոթ է եղել Աճեմյանի միջոցով  Մելիք-Աբրահամյան Ավագի հետ, իսկ նա մեզ փաստաթղթով հայտնի է որպես անգլիական լրտես 4) որ 1921թ. գիտակցաբար զենքը ձեռքին մասնակցել է դաշնակցական ավանտյուրային ընդդեմ սովետական իշխանության:

Հետևաբար կեզրակացնեմ

Վահան Չերազ Գասպարովիչին ճանաչել սոցիալապես վտանգավոր և լրտեսության մեջ ծայրաստիճան կասկածելի էլեմենտ»:

«Վահան Չերազը և իր երգն Հայաստանի» գրքում» Չերազի կնոջ՝ Վարդանուշի նամակն է, 1927թ. հոկտեմբերի 10-ին եղբորը՝ Վազգեն Անդրեասյանին Փարիզ գրում է.

«Մի քանի օր է Թիֆլիսից վերադարձել եմ: Տեսայ Վահանին: Լաւ տրամադրութիւն ցոյց տուաւ: Մինչև մի ամիս յոյս ունինք թիւրիմացութիւնը կը պարզուի»:

Մյուս փաստաթուղը գնդակահարության որոշումն է` թվագրված 1928, հունվարի 9. հրապարակել եմ «Իմ գնդակհարաված ցեղը» նյութում:

Չերազը կրկին հայտնվում է արդեն Բոստոնի «Հայրենիք» ամսագրի 1963, թիվ 10-ում «Սովետական դպրոցների, բանտերի և աքսորավայրերի մեջ»  հուշագրությամ մեջ, որը ստորագրված  է X. X.

«Առավոտ մեզ մոտ եկան բանտում գտնված մյուս հայ բանտարկյալները: Դրանք Լենինականի ամերիկյան որբանոցների պաշտոնյաներն էին, որոնց մեջ առանձնապես աչքի էր ընկնում Վահան Չերազը, մի աննման հոգատար, սրտացավ, պատվական ընկեր: Չնայած եղած արգելքներին, նա ամեն օր մի քանի անգամ գալիս էր մեզ մոտ և ժամերով խոսում: Չգիտենք, որտեղի՞ց նա միշտ մի բան ճարում էր և բերում մեր կարիքավոր ընկերներին: Չերազի կինը եկել էր Թիֆլիս և շաբաթը երկու անգամ կերակուր էր բերում: Եվ այդ աննման մարդը մի փոքր մասը միայն վերցնում էր իրեն, մնացածը տալիս էր մեր չքավոր ընկերներին:

Սիբիրյան աքսորում. Պետրոս Մարզպանյանը  պառկած

Սիբիրյան աքսորում. Պետրոս Մարզպանյանը պառկած

Հունվարի երկրորդ կեսին էր, երբ ժամը 4-5-ին կանչեցին Վահան Չերազին և բակում երևաց սև դահիճը: Բոլորս մնացինք սառած: Իսկույն դուրս եկանք պատշգամբ: Վահանը, այդ ազնիվ ու ընկերասեր երիտասարդը, իսկույն հասկացավ, թե բանը ինչումն էր ու բոլոր իր ունեցածը նվիրեց իր ընկերներին և ձևականության համար վերցրեց մի դատարկ պայուսակ: Ապա դառնալով բանտարկյալներիս ասաց.

«Մնաք բարի ընկերներ: Գիտեմ ինչու կտանին զիս: Ոչինչ, թող իմ գլուխս ալ ուտեն: Բայց վստահ եղեք, որ հաղթանակը մերն է: Չհուսահատիք, միշտ արի և քաջ մնացեք: Կեցցե ազատ Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը: Չմոռնաք զիս»:

Հետո դառնալով Սարգիս Հարությունյանին, որ մյուսների հետ բակում կանգնած էր իբր թե տխուր ասաց.

«Էյ, Հուդա, քեզի ալ չի մնար: Գիտցիր, որ երբ ալ լինի, դուն քու արժանի պատիժը պիտի ստանաս: Ամոթ քեզի Վասակ…»:

Դահիճը, որ իր կողքին կանգնած էր, սկզբում գլխի չէր ընկնում, թե ինչ էր կատարվում: Բայց երբ մեկը ականջին փսփսաց, նա իսկույն բռնեց Վահանի թևից և ուզեց քաշ տալ դեպի գրասենյակ: Սակայն Վահանը երկու ձեռքով այնպես հրեց նրան, որ նա հետ-հետ գնաց և վայր պիտի ընկներ, եթե զինվորներից մեկը չբռներ: Անմիջապես չորս զինվորներ հրացաններով առաջ եկան և Վահանին շրջապատելով տարան գրասենյակը: Մինչև գրասենյակ մտնելը նա աջ ու ձախ օդային համբույրներ էր տալիս մեզ, ժպիտը դեմքին:

Այնքան ծանր ազդեց Վահանի գնալը բոլորիս վրա, որ կես գիշերից արդեն անց էր, բայց ոչ ոք չէր քնում: Խոսակցությունը միշտ Վահանի շուրջն էր դառնում…

Հետո իմացանք, որ Վահանի կինը հաց էր բերել բանտը, բայց չէին ընդունել՝ ասելով՝ որ այստեղ չի: Գնացել էր Չեկա, նույնպես չէին ընդունել: Մի քանի օր այդպես եկել գնացել էր և, վերջապես, ուրիշների ասելով,  գլխի էր ընկել, որ իր ամուսնու գլուխը կերել էին: Ջղայնացած տարել էր կերակուրը և ամանով տվել Չեկայի կամինտանտի գլխին: Լաց էր եղել՝ մազերը փետելով: Բայց երբ լուրջ կերպով նրան սպառնացել էին բանտարկել, մտածել էր իր որբ մնացող խեղճ երեխաների մասին և գլուխը կախ, ձեռները ծոցը տուն էր վերադարձել ողբալու իր անշիրիմ ամուսնու մահը»:

1928թ. մայիսի 10-ին Վարդանուշը Փարիզ մորը՝ Իսկուհուն գրում է. «Իմ անուշ կարօտեալ մայրիկս: Ի՞նչ լուրի կսպասէք: Միթե՞ չհասկցաք լռութեանս պատճառը և չկարողացաք եզրակացնել որ նոյն դժբախտն եմ, ին որ էի: Այն տարբերությամբ որ հիմա սիրասուն բալիկ մը ունիմ.որ ամէն ինչ է ինձ համար, իրմով կապրիմ, թեև ես եմ իրեն կյանք տուեր»:

Ապա նամակներում պատմում է թե ինչպես է Մետեխի բանտում փնտրել Չերազին նրա ընկեր Պետրոս Մարզպանյանը՝ Փիթը(Վազգեն Անդրեասյան «Պետրոս մարզպանյան» 1982, Բեյրութ).

Մամաս՝ Բյուրակն Չերազ-Անդրեսյանը հոր՝ Վահան Չերազի կիսանդրիի մոտ: Գյումրիի մանկավարժական ինստիտուտում Վահան Չերազի սրահի բացմանը 2014թ. հունիսի 7

Մամաս՝ Բյուրակն Չերազ-Անդրեսյանը հոր՝ Վահան Չերազի կիսանդրիի մոտ: Գյումրիի մանկավարժական ինստիտուտում Վահան Չերազի սրահի բացմանը 2014թ. հունիսի 7 լուս. Շաղիկ Արծրունու

«1928 փետրվար 17-ին մեր խումբը 50 հոգի փոխադրեցին Թիֆլիս : Տարին Մետեխ, ներս մտա, սկսա չորս կողմս նայիլ,  և կըսեի՝ Չերրին ուր որ է՝ հիմա Փիթ կպոռա…բայց ձայնը դուրս չելավ: Խորհեցա ուրիշ բաժանմունք է, կամ Չեկան է: Խուզարկեցին, տարան երրորդ հարկ, հոն կային ծանոթներ, որոնք թեև գիտեին, որ Վահանը ընկերս է, բայց չէին գիտեր որ մտերիմներ ենք: Հայտնեցին, որ Վահանը ամիս մը առաջ գնդակահարած են: Ուղղակի շանթահարվեցա, պոռալ, հայհոյել, լալ, տղաները հավաքվեցան , չգիտեին ինչպես մխիթարել, հանգստացնել»:

Պետրոս Մարզպանյանը Խարբերդցի է, դարասկզբին մեկնել էր ԱՄՆ, 1914-ին պատերազմը որ սկսվում է, գալիս է դառնում կամավորական ու մտերմանում Չերազի հետ: «Փիթին հետ կռիվ երթալ՝ հարսնիք երթալ է»,-գրել է Չերազը:

1931-ին Փիթը Թուրքմենստանի աքսորից փախչում է Պարսկաստան: Սակայն չի դիմանում ու կրկին վերադառնում է Սովետ, մի նամակում գրում է. «Այժմ ավելի քան երբեք կհասկնամ որ հոգեկան անդորրությունս կորսնցնելուս հիմնական պատճառը Վահանի կորուստն է : Ռուսաստան վերադառնալու ցանկությունս իր հոգեկան պատճառը ունի եղեր՝ Չերին հոն թողած եմ»:

Փիթը մի նամակում էլ մեջբերում է Վարդանուշի նամակից. «Վահանի գնդակահարութենեն հետո,-Սիպիր եղած ատենս,-Վարդանույշը կգրե.«Այն բոլորը որ երեկ, այնքան մոտիկ ցույց կուտային իրենց, ու ամեն առիթե կօգտվեին մեզմե, այսօր մեկը ներս չի մտներ ու հարցներ, թե ինչ կնեմ ու ինչպե՞ս եմ: Կարծես քովս եկողը ժանտախտե պիտի բռնվի ու մեռնի: Այժմ մեզմե այնպես կխրտչին ինչպես թուրքը խոզի մսեն»:

Մամաս հիշում է, որ տանը խոսում էին թե Փիթը վերադարձել է որ իրեն ու մորը փախցնի արտասահման:

Փիթը գաղտնի սահմանը անցնում է, Խարկովում այլ անվան տակ որոշ ժամանակ մնում, ապա մի հայի մատնությամբ բռնվում ու գնդակահրավրում:

Պապիս գնդակհարելուց տասը տարի անց՝ 1937-ին Չերազի կնոջն էլ, տատիս՝ Վարդանուշին էլ գնդակհարեցին և միակ դուստրը՝ մամաս՝ Բյուրակնը մնաց որբ, այդ մասին գրել եմ «Գյումրիի տոնը» և «Իմ գնդակահարված ցեղը»:

http://www.tert.am/blog/?p=10981

Entry filed under: ակնարկ. Tags: , .

«Ադելի կյանքը». առանց դերի կնոջ ու «դերակատարի» դրաման Անարդար ֆիլմ «Անհարազատներ»

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com