Ճանաչել Աստված և հրաշագործ Սաի Բաբային

17.01.2015 at 07:14 Оставьте комментарий

Դեպի Սաի Բաբայի աշրամ

Դեպի Սաի Բաբայի աշրամ

Սաի Բաբան պարիկրամա անելուց(սրբավայրի շուրջը ոտաբոբիկ ուխտ) է լինում Հանումանի տաճարի շուրջը, մեկ էլ, Հանումանը հայտնվում է դիմացը ու ասում.

Սաի Բաբա, ախր ես պիտի քո շուրջը պարիկրամա անեի, ո՞ւր ես դու իմ շուրջ պտտվում:

-Ոչինչ, բան չկա, դու քո տեղը կանգնի, ես իմ պարիկրաման անեմ պրծնեմ:

Պուտտապարտի՝ Սաի Բաբայի պատկերապատում

Պուտտապարտի՝ Սաի Բաբայի պատկերապատում

Պատմում է Գանեշը: Չէ,  Շիվա աստծո զավակ Գանեշը չի, որ գլուխը հայրը՝ Շիվան կտրեց, բայց երբ կինը՝ Պարվատին ասաց, որ էս ի՞նչ արիր, որդուդ գլուխը կտրեցիր, Շիվան պատվիրեց իր զինվորներին վազել և առաջին հանդիպած կենդանու գլուխը կտրել-բերել: Զինվորների հանդիպած առաջին կենդանին փիղն է լինում, գլուխը կտրում- բերում են, ու Շիվան այն տեղադրում է որդու մարմնի վրա:

Այո, օրգանների փոխպատվաստումը խորթ չի եղել հնդիկ ժողովրդին մարդկության արշալույսին, և կարողացել են անել այն ինչ չի հաջողվում ժամանակակից բժշկությանը՝ գլխի տրանսպլատացիան: Այսպես ստեղծվել է փղի գլխով մարդու մարմնով գիտելիքի և հարստության աստված Գանեշը:

Ուրեմն, մեզ պատմողը Աստված Գանեշը չի, մենք հանդիպել ենք աստված Գանեշի միայն մուրտիներին ու պտտվել նրա շուրջը:

Գանեշը

Գանեշը

Մեր ընկերը ուրիշ Գանեշ է, ում հայրը Արումուջամը և պապը հագուստի խանութ են աշխատացրել Բենգալորում, իսկ ինքը անցել է հոգևոր կյանքի և այժմ ապրում է  Պուտտապարտիում և հյուրընկալել է մեզ:

Պուտտապարտի՝ թարգմանվում է մրջյունների բլուր, Հնդկաստանի Անդրհա Պրադեշ նահանգում է, Բենգալորից 180 կմ:

Հանումանը՝ կապիկի տեսքով, Հինդուիզմում տղամարդկանց Աստվածն է, Ռամա աստծո նվիրյալը, որ երկխոսության մեջ է մտնում Սաի Բաբայի հետ:

Իսկ Սաի Բաբան Հնդկաստանի ամենահամբավավոր հոգևոր ուսուցիչներից է, դեռ ավելին՝ միլիոնների համար Աստծո մարմնավորումը, ծնվել է Պուտտապարտիում 1926-ին, մարմինը թողել է 2011-ի ապրիլի 24-ին:

-Սաի, Սաի կամ Սաի Ռամա,-այսպես են ողջունում Պուտտապարտիում,  ի տարբերություն Վրինդավանի, ուր ողջունում էին Ռաթա Ռաթա(Կրիշնայի սիրուհու անունը):

Սաիի աշրամում

Սաիի աշրամում

Վատ չէր լինի, եթե  ողջունելու այս սովորությունը ներմուծվեր Հայաստան, Սյունիքում կդիմավորեին Նժդեհ, Նժդեհ, Թալին-Աշտարակում՝ Անդրանիկ փաշա, Անդրանիկ փաշա: Գյումրիո՞ւմ՝ Շիրա՞զ, թե՞ Ավո: Բայց չէ, ամեն գյուղ որ իր ձևով բարևի, ազգը կպառակտվի, համազգային բան է պետք մտածել, ասնեք՝ սպարապետ, սպարապե՞տ:

Պետք է ճկուն լինել, ու ժամանակի հետ ողջույնի բառը փոխել, հիմա՝ Գագիկ Գագիկ ասելու ժամանակն է: Վաղը կարելի է փոխել ու միմյանց ասել՝ դոդ, դոդ:

Սաի վարսավիրանոց, Սաի հյուրանոց, Սաի քսերոքս, ամեն ձեռնարկության անվանում սկսվում է Սաիով:

-Ինչո՞ւ Սաի Բաբայի գլխին սպիտակ մազ չկա, 84 տարի ապրել է, բայց ոչ մի սպիտակ մազ:

-Երբ արդեն քառասունի մոտ էր և ճակատի մոտ մի քանի մազ սպիտակել էր, մի նվիրյալ նրան ասում է՝ Սաի Բաբա, մազերդ սպիտակում են, չէի ուզի տեսնել քեզ ծերանալուց,-պատմում է Գանեշը:-Եթե չես ուզում սպիտակ մազ ունենամ, չի լինի,-ասում է Սաի Բաբան ու ափը տանում է սպիտակ մազերի վրայով, որոնք տեղում սևանում են:

-Գանեշ, Դու շփվե՞լ ես Սաի Բաբայի հետ:

-Այո, մի անգամ նրա ոտքերին ձեռքս քսել եմ:

Ինձ հետ էլ այդպիսի բան պատահեց, բայց հակառակը. Վրինդավանում Ռաթառաման տաճարում համերգին տեղ չկար, նստել էի բեմին, Երգչուհուց մի մետր այն կողմ, ոտքերս լոտոս ծալած` այնպես էի հմայվել, որ չզգացի, թե ինչպես ժամից ավել լոտոսի դիրքում մնացի: Մեկ էլ մի տարեց մարդ մոտեցավ և երկու ոտքս շոյեց: Այ քեզ պատմություն, այդ պահին չհասկացա թե ինչ կատարվեց, հետո իմացա, որ սրբի տեղ  է դրել:

-Սաի Բաբան քարոզել է Տելուգու լեզվով(Անդրհա Պրադեշ նահանգի պետական լեզուն, 6-րդ դարից սեփական այբուբենով գրավոր լեզու է), նրան թարգմանում էր անգլերեն իր հետևորդը (ինչպես Ահարոնը Մովսեսին-վ.ի.),-պատմում է Գանեշը,- Բայց խոսում էր բոլոր լեզուներով: Հաճախ Աշրամի այգում նստած մարդկանցից մեկն ու մեկին  մոտենում էր թարգմանիչը ու ասում՝ Սաի Բաբան նկատել է, որ անհանգստություն ունես, քեզ կանչում է: Նվիրյալը գնում էր ու Սաի Բաբան խոսում էր նրա մայրենի լեզվով, եթե Ճապոնացի է, Ճապոներեն, ռուս է, ռուսերեն, գերմանացի է, գերմաներեն, հայ է, հայերեն, ֆրանսիացի է, ֆրանսերեն:

Բուդդան, նա ում կողքը արժեր նկարվել

Բուդդան, նա ում կողքը արժեր նկարվել

Կրեցինք, Գանեշը ոչ վրացերենը ասեց, ոչ ադրբեջաներենը: Բաց թողե՞ց, թե՞ Կովկասում Աստծուն հաճելի չեն լոպպազ վրացերենը և արյունոտ ադրբեջաներենը:

-Դուք ի՞նչ ազգ եք,-հարցնում է Աշրամում բնակվող Տանյան, եկել է դստեր հետ Բլագովեշչանսկից, Չինաստանի սահմանի մոտից, որ ձմեռը անցկացնի ջերմության ու աստվածային սիրո մթնոլորտում:

-Հայ ենք:

-Հա՞յ,-ու մռայլ դեմքը լուսավորվում է: Այդ նորությունը կարծես նրան ավելի մեծ հրճվանք պարգևեց, քան անհասկանալի մանտրաները, որ կարող ես լսել ժամը երեքից սկսած՝ ամբողջ Աշրամով մեկ ,-մեր քաղաքում հայեր կան, բայց մտքովս չէր անցնի, որ այստեղ հայ կտեսնեմ:

Աշրամը(հոգևոր տարածք ուր բնակվում ու աստծուն են ծառայում նրա նվիրյալները) տաճարն է, շուրջը նվիրյալների բնակարաններով թաղամաս՝ այգիներ, խանութներ, մոտ հազար հոգի է բնակվում:  Սկսել է կառուցվել 1951 թվից:

Հորոսկոպի մասնագետ Օլեգը(տես «Մաքրման տարի ծովի ու լուսնի հետ» ) և Վեդ Սամվելը, ում սիրելի է Սաի Բաբայի ուսմունքը

Հորոսկոպի մասնագետ Օլեգը(տես «Մաքրման տարի ծովի ու լուսնի հետ» ) և Վեդ Սամվելը, ում սիրելի է Սաի Բաբայի ուսմունքը

Եկել ես Աշրամ, ուրեմն նվիրյալ ես, յուրաքանչյուրը կարող է օրը 200 ռուպիով սենյակ վարձել՝ զուգարան, ցնցուղ՝ սառը ջրով: Ճաշարաններում էժան սնվել, եվրոպակա՞ն կերակուր ես նախընտրում, խնդրեմ, եվրոպական ճաշարան գնա,  հնդկակակա՞ն է սիրտդ ուզում, խնդրեմ, մի փոքր էժան 40-50 ռուպիով կարող ես էնպես  սնվել, որ սոված չմնաս: Իսկ եթե դա էլ է թանկ քեզ համար, կարող ես սնվել 10 ռուպիով մեկ այլ ճաշարանում ուր կտան երեք բան՝ բրինձ, սաբջի(բանջարեղենի ռագու), դալ(հատիկեղենի սուպ), այն երեք կարևոր սնունդը, որոնք անհրաժեշտ են մարմինը ապրեցնելու ու Աստծուն նվիրվելու և սիրո մեջ ընկղմվելու համար:

Միայն այն զույգերը ովքեր սիրում են միասին ճաշել, պետք է հրաժարվեն այդ վայելքից. Աշրամում, ճաշարանում կանայք այլ տեղ են ճաշում, տղամարդիկ այլ:

Տաճարում նույնպես, որ ձգվում է ֆուտբոլի դաշտի չափ, տղամարդիկ կարծես համազգեստով՝ սպիտակ շապիկ ու շալվարով, բազմաթիվ եվրոպացիներ, որ հոգնել են 2000 տարի Աստծուն սպասելուց, եկել են Հնդկաստան Պուտապարտի Աստծոն հանդիպելու, կամ գոնե այն Աստծո խոսքը լսելու, ով մարդկության հետ էր ընդամենը երեք տարի առաջ. լոտոս նստած մանտրաների երգեցողության տակ աչքերը փակ մեդիտացիա են անում ժամերով:

-Իմ հաշվարկներով, այստեղ 30 տոկոսը ռուս է, 30 տոկոսը եվրոպայի տարբեր երկրներից են, 40 տոկոսն էլ հնդիկ է,-ասում է Տանիան:

Գուցե Մենք Սամվելից հետո երկրորդ հայե՞րն ենք, որ այցելել ենք Սաի Բաբայի տաճարը: Դժվար: Բայց հուսով եմ, որ մեզնից հետո Աստծո սիրո կարիք ունեցող մեր աղքատ հայրենակիցները կձգտեն գալ Սաի Բաբա մայրիկի Աշրամը, իհարկե, եթե կարողանան մոտ 1300 դոլար ճանապարհածախս ճարել:

Աշրամի եվրոպական ճաշարանի անդրադարձը

Աշրամի եվրոպական ճաշարանի անդրադարձը

-Այստեղ պատահական ոչ ոք չի գալիս: Նույնիսկ Ինդիրա Գանդին չկարողացավ գալ, շատ էր ուզում, բայց չկարողացավ, քանի որ Սաի Բաբան նրան չէր հավանում: Իսկ ով գալիս է, ուրեմն, Սաի Բաբայի օրհնությունն է ստացել,-ասում է Գանեշը:

Սաի Բաբայի նկարները հանդիպել էի Գոայում էլ` մեքենաների ապակիներին, Բանգալորում ավելի շատ: Բայց Պուտտապարտին Սաի Բաբայի պատկերապատումն է, յուրաքանչյուր ռիկշայի(մոտոտաքսի) հետևը, շենքերի մուտքերին, բնակարաններում, հիմնարկներում, խանութում Սաի Բաբան է: Չէ, Ադրբեջանի նման չէ, ուր Ալիևը իր ու հոր նկարները փաթաթել է չարքաշ ու ստրուկ ժողովրդի վզին: Սաի Բաբան արդեն չորս տարի հեռացել է այս անցողիկ աշխարհից, բայց Պուտտապարտիի նրա հիմնած տաճարում նրա սամաթիին(սրբի մարմինը) հպվելը մեծագույն երջանկություն է:

-Սաի Բաբան ասում է որ բոլոր կրոնները Աստծո մոտ են տանում, ճանապարհները տարբեր են,  ինքը հինդուիստ է միայն նրա համար, որ հնդիկների մեջ է ծնվել: Իսկապես, բոլոր կրոնների 90 տոկոսը իրար բռնում են, մի տասը տոկոսն է տարբեր,- ասում է Վեդ Սամվելը, մեր հայրենակիցը, ով Գոայի Չապորա քաղաքում արդեն 13 տարի ապրում ու քարոզում է:

Վիշնուի մատը

Վիշնուի մատը

Սաի Բաբան ասում է. «Նա ով հավաքում է սիրո բերքը սրտի դաշտերում՝ ճշմարիտ քրիստոնյա է, ճշմարիտ Սինքխ է, ճշմարիտ հնդիկ է, ճշմարիտ մուսուլման է: Իրականում նա իսկական մարդ է և ճշմարիտ գուրու»:

Սամվելը Սաի Բաբայի հետևո՞րդ է: Կարելի է ասել՝ այո, չակրաների մասին դասախոսությունը կարդալուց առաջ նա Հիսուսի և Կրիշնայի նկարները կողք կողքի է դնում ու պուջա անում(աղոթքի պես բան հինդուիզմում):

Գանեշի բնակարանում էլ, խորանում Կրիշնայի, Սաի Բաբայի, Բուդդայի և Հիսուսի նկարներն են կողք կողքի, ու նաև նրանց հետ իր հայրն է ու գեղեցկուհի մայրը՝ Կամելաման, որ հեռացել են այս աշխարհից:

Սաի Բաբայի աշրամի ճաշարաններից մեկում իրար կողքի են Հիսուսի, Բուդդայի արձանները և Սաի Բաբայի լուսանկարը և գահը: Նրանք հավասար փրկիչներ են: Ոչ մի խտրականություն, բնական է, որ նախորդ երկուսի լուսանկարները չկան, այն ժամանակ լուսանկարչական ապարատ չկար:

Արևի տոնին. բոլոր տոներին հնդիկները մուտքի դիմաց այսպես նկարազարդում են, հաճախ կերակուրով են նկարներ անում, որ միջատներն ու մյուս կենդանիները սնվեն, ու էլ տուն չմտնեն

Արևի տոնին. բոլոր տոներին հնդիկները մուտքի դիմաց այսպես նկարազարդում են, հաճախ կերակուրով են նկարներ անում, որ միջատներն ու մյուս կենդանիները սնվեն, ու էլ տուն չմտնեն

Հիսուսի ու Սաի Բաբայի պաշտանմունքի մեջ ընդհանրությունը այն է, որ ինչպես քրիստոնյաաներն են պաշտում Հիսուսի մորը՝ Մարիամին, այնպես էլ հնդիկները պաշտում են Սաի Բաբայի մորը՝ Իշորամային և հորը, որոնց լուսանկարները ամենուր են, իսկ նրանց շիրիմը սրբավայր է:

Աշրամի այգում էլ են տարբեր կրոնների հիմնադիրների արձանները՝  Հիսուսը՝ գառնուկը գրկած, մի փոքր ավելի խոնարհ տեսք ունի, ավելի հնդիկ սադուի է նման: Վատ չէր լինի, որպես կրոնների միջև երկխոսության փոխադարձ ժեստ Էջմիածնի հայաթում էլ Շիվայի արձանը դնեին:

«Աստված սեր է» հաճախ հանդիպում ես Աշրամում: Հիսուսից մի քիչ այն կողմ նրա արձանն է, ով կրոնը ու մարդուն ազատագրում էր Աստծո սիրուց՝ սպիտակ Բուդդան: Այսուհանդերձ, Սաի Բաբան շատ է մեջբերում Բուդդային:

Աստվածների այգի՝ երեք հատ Գանեշ՝ կողքը իր մկնիկը, հինգ գլխանի Գայատրին, Դուրգան: Բայց մի փոքր խտրականություն կա սրբությունների մեջ, Հիսուսին ու Բուդդային ինչքան կուզես լուսանկարի, բայց Գանեշին, Գայատրիին և Դուրգային արգելվում է լուսանկարելը: Ինչո՞ւ: Չգիտեմ, միայն գիտեմ որ Գանեշը փող ու խելք է բերում, եթե լուսանկարես ու գցես ինտերնետ, գուցե դոնեյշենները կիսվե՞ն ու որոշ գումար Պուտտապուրտի չհասնի՞, ուր Սաի Բաբայի օրհնությամբ կառուցել են շքեղ դպրոցներ, անվճար հիվանդանոց, Թատրոն, բազմաթիվ այլ կրոնական, կրթական, և մշակութային օջախներ:

Հարևան գյուղերի գյուղացիներին տարին չորս անգամ սարի(կնոջ հնդկական հագուստ) և դհոտի(տղամարդու հագուստ) են բաժանում ու տարբեր գյուղատնտեսական պարագաներ:

Հիսուսը հինդուիստական աշրամում. հնդիկները քիրստոսին սիրում են, բայց քիրստոնյաները այնքան էլ հնդկական աստվածներին չեն սիրում

Հիսուսը հինդուիստական աշրամում. հնդիկները քիրստոսին սիրում են, բայց քիրստոնյաները այնքան էլ հնդկական աստվածներին չեն սիրում

Ես էլ երկու տարբեր Գանեշների շուրջը չորս անգամ պտտվեցի՝ մինի պարիկրամա արեցի, կնճիթին ու ոտքին ձեռք տվեցի՝ մտքումս ցանկություն պահելով: Գանեշը չկենդանացավ ինչպես Հանումանն էր կենդանացել ժամանակին: Գիտեմ, Աստված չեմ, լինեի, պարիկրամայի տեղը ինքս ցանկությունը կկատարեի, ուրեմն, գուցե Գանե՞շը մի բան անի: Չեմ ասի թե ինչ պահեցի մտքում, միայն կասեմ, որ խելք չէր ուզածս: Ուրեմն, մնում է մյուսը:

Եթե հաշվիս վրա մի ամսվա մեջ երկու հազար դոլար նստի, ուրեմն, կարելի է հինդուիստ դառնալ և այդ առատաձեռն կրոնը քարոզել հայրենիքում: Կամ վերաքարոզել, քանի որ մինչև Գրիգոր Լուսավորիչի առեքելությունը մեր երկրում էլ հինդուիզմից ոչ պակաս եկամտաբեր կրոն է եղել:

-Իսկ ինչո՞ւ Մուհամմեդի արձանը չկա:

-Դե, որ մուսուլմանները արձան, պատկեր չեն ընդունում, Մզկիթներում պատկեր չկա, դրա համար էլ չկա,-ասում է Գանեշը:

Տենց էլ գլխի էի ընկել: Ուրեմն, ի՞նչ է դուրս գալիս, միայն մուսուլմանությունն է հրաժարվել կուռքերի պաշտանմունքից: Տարբեր կարգի Ալիևների, Աթաթուրքերի, խոմեյնիների արձանների տեղը ավելի մարդասիրական կլիներ աստվածների արձանները դնել ու շուրջը պտտվել:

Սաի Բաբան շատ նման է մեր Պարույր Սևակին: Բայց հաստատ նույն հոգին չեն, չէին կարող մեկը մյուսի վերամարմնավորումը լինել ոչ միայն այն պատճառով որ նույն ժամանակ են ապրել, ու գրեթե նույն ժամանակ ծնվել, այլև մեկը Աստծո քարտուղարն է, մյուսը՝ Աստված: Այսինքն, Սևակը Սաի Բաբայի քարտուղարն է՝ նրան կյանքում տեսած ու լսած չլինելով: Իսկական քարտուղարը նա է, ով առանց տեսնելու է քարտուղարում:

Սաի Բաբայի աշրամում. Շիվա աստծո մուրտին ու քրիստոսի խաչը կողք կողքին

Սաի Բաբայի աշրամում. Շիվա աստծո մուրտին ու քրիստոսի խաչը կողք կողքին

Թե իրականում ո՞ւմ վերամարմնավորումն է Սևակը, մեր կրոնը լռում է, իսկ այ Սաի Բաբան հայտնի է, որ մեկ այլ Սաի Բաբայի վերամարմնավորումն է, այն Սաի Բաբայի ով փորձել է 20-րդ դարի սկզբին իսլամն ու հիդնուիզմը միաձուլել ու հաշտեցնել դարավոր հակամարտությունը:

-Մեկ այլ ուսուցիչ Սաի Բաբա է եղել, ով հեռացել է 1918 թվին: Հեռանալուց առաջ ասել է, որ վեց-յոթ տարի հետո կրկին կծնվեմ: Այդպես, 1926-ին ծնվել է այս մյուս Սաի Բաբան,-ասում է Սամվելը:

-1925-1926թվերին ծնված ուրիշ մեկը կա՞, որ ասի՝ ես էլ եմ  Սաի Բաբան:

Հարցը տվի, ու հասկացա՝ կոռեկտ չի, տափակ լրագրողական հարց:

Սաի(պարսկերեն)-սուրբ, Բաբա-հայր, Սաի Բաբա կթարգմանվի՝ սուրբ հայր: Այսպես է ընթերցվում առաջին Սաի Բաբայի անունը: Սակայն նրա վերամարմնավորումը, երկրոդ սաի Բաբան իր անվանը այլ բացատրություն է տալիս՝ «Սա» նշանակում է ամբողջ, «Աի» նշանակում է մայր: Սաի՝ բոլորի բարձրագույն մայրը»: Սաի Բաբան իր ելույթներում դիմում է մարդկանց.

«ես ձեր մայրիկն եմ, եկեք ինձ մոտ»:

«Ուր էլ որ լինեք, զգացեք մոր նկատմամբ սերը: Մի անգամ Նարասիմա Մուրտին ինձ մոտեցավ և ասաց՝ «մայրս հեռացավ»: Ես հարցրեցի. «Ո՞վ հեռացավ, մա՞յրդ, թե՞ նրա մարմինը»,-ապա ես ասացի նրան. «Քո մայրը այստեղ է: Ես եմ քո մայրը: Մեռնում է մարմինը: Նա ջրի վրայի պղպջակի պես է: Մարմինները գալիս և գնում են: Հետևաբար դու չպետք է անհանգստանաս մորդ մարմնի մահվան համար: Ես այստեղ եմ, քեզ հետ: Ինձնից խնդրի այն ամենը, ինչ կուզես ստանալ մորիցդ, և ես կտամ»:

Մեծ ուսուցիչ, մեր դարաշրջանի Ավատար, Ռամայի ավատարը, այսպես են բնութագրում Սաի Բաբային: Նրա կատարած հրաշքների մոտ Հիսուսինը աշակերտական  բան է: Գուցե Հիսո՞ւսն էլ 80 տարի ապրեր ավելի ուժեղ հրաշքներ գործեր:

-Նա միևնույն ժամանակ և Ռաման է, և Կրիշնան և Վիշնուն,-ասում է Գանեշը:

«Սաի Բաբան Աստված է» վերնագրով գիրքը կարելի է գնել Աշրամի գրախանութում, ուր Բաբայի գրքերն են հատորներով, նաև մանուկների համար, նրա մասին գրքեր,  դասախոսությունների տեսագրությունները, հազարավոր լուսանկարներ:

Հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գրեմաներեն, խորվաթերեն, ռուսերեն, է՞լ: Լեհերեն, իսպաներեն: Հազար լեզվով Սաի Բաբայի գրքերը: Ափսոս միայն հայերեն չկա, և , ափսոս, Աստծո խոսքը հասանելի չի դարձել առաջին քրիստոնեություն ընդունած երկրի ժողովրդին: Պետք է այս ուղղությամբ մտածել, ասենք, ո՞վ  կարող է խանգարել Աստծո խոսքի տարածմանը, մեկը Խաչիկ Ստամբուլցյանը: Նա սեր ունի խանութներից գողանել այն գրքերը որոնք չեն համապատասխանում իր ուսմունքին, բայց ճշմարիտ խոսքը կարող է նրան այնպես գերել, որ ինքը դառնա նրա մունետիկը:

Ես էլ ռուսերեն երկու գիրք առա Սաի Բաբայից՝ «Учение шри сатья Саи Бабы» և «Сатья Саи Вахини»: Եթե Աստված է գրել, ուրեմն Աստվածաշնչին հավասար գրքեր են:

Հնդկաստանի լավը այն է, որ բոլոր ժամանակներում, նաև հիմա Աստված հայտնվում է  և նոր խոսք ասում: Իսկ քրիստոնյաները կառչել են 2000 տարի առաջ գրված տեքստերին ու 20-21-րդ դարերի համար Աստծուց թարմ խոսք չեն լսում: Եթե նույնիսկ  Քրիստոսը երկրորդ անգամ հայտնվի, մեկ է, չեն հավատա ու էլի կշարունակեն սպասել: Ամեն ինչ թարմացվում է, դպրոցական դասագրքերը, ուսումնական ձեռնարկները, միայն ավետարաններն են մնում քարացած, ոչ ոք չի գալիս մի նոր խոսք աավելացնի աստծո խոսքին: Ահա թե ինչու, են աթեիստները շատանում, քանի որ քրիստոնեությունը  աբդեյթ չի արվում:

Բացում եմ Սաի Բաբայի գրքից պատահական էջ՝

«Ձեզ մեկ անգամ չի որ ասել են «ցանկությունների առաստաղ» ծրագրի մասին, որ չորս կարևոր կետերից է բաղկացած. «Մի վատնեք կերակուրը», Ինչո՞ւ: Որովհետև կերակուրը՝ Աստված է: Կերակուրը անհրաժեշտ է մարդուն, քանի որ մարմինը չի կարող ապրել առանց կերակուրի: Երկրորդ՝«Իզուր տեղը փող մի ծախսեք: Փողի սխալ օգտագործումը՝ չարիք է»:

Համաձայն եմ, ճիշտ է ասում: Իսկապես Սաի Բաբան Աստված է, ինչքան էլ համաձայն չլինեն Հայ առաքելական եկեղեցու և մյուս քրիստոնական աշխարհի հավատացյալները:

Դե, որ քրիստոնյաները չեն ընդունում, որ նա Աստված է, հասկանալի է, չնայած ոչ մի քրիստոնյայի չեմ հացրել: Բայց Կրիշնայականները ինչո՞ւ չեն ընդունում, մանավանդ որ Սաի Բաբան հաճախ է Կրիշնայից օրիակներ բերում, Բաբայի նվիրյալները ասում են հարի նամը(մանտրա, որ կրկնում են Վայշնավ-կրիշնայականները):

-Կրիշնայականները Սաի Բաբային համարում են ֆոկուսնիկ,-ասում է Վեդ Սամվելը:

-Ինչո՞ւ:

-Օրինակ, ձեռքի ափը բացում է, մեկ էլ այնտեղ խաչ է հայտնվում:

-Դե աճպարարները կարող են նման բան անել:

-Բայց հազար կամերայով նկարում են, ու ոչ մեկին չի հաջողվել պարզել, թե որտեղից է խաչը հայտնվում,-վստահեցնում է Սամվելը:

Ուրեմն, Աստված է էլի:

Սաի Բաբայից ևս մի մեջբերում.

«Ձեզ անհրաժեշտ չի զբաղվել հոգևոր պրակտիկայով: Հանուն ինչի՞ եք մեդիտացիա անում: Նա ում համար մեդիտացիա եք անում, ձեր ներսում է: Էլ Ինչո՞ւ մեդիտացիա անել: Սիրո մեդիտացիա արեք: Միտքը ուղղեք սիրո ուղղությամբ: Դուք կհարցնեք, ինչպե՞ս վարվեմ ընտանեկան պարտականությունների հետ: Կատարեք դրանք, նվիրվելով ամբողջովին: Դա սերն է: Ձեզ պետք չի հրաժարվել ընտանեկան պարտականությունից: Ձեզ պետք չի  աշխատանքից ազատման դիմում գրել: Ձեզ պետք չէ փակել բիզնեսը: Արեք ամենը, բայց զգացումով, որ ձեր բոլոր գործողությունները ուրախություն են տալիս Աստծուն: Աստված ամենուր է»:

-Մի նվիրյալ կին Աստուն նվիրվելու համար հրաժարվում է իր ամուսնական պարտականությունները կատարել(անկողնայինը), Սաի Բաբան ասում է՝ հաջորդ կյանքում ամբողջ ժամանակ ամուսնական պարտականություններ ես կատարելու, քանի որ այս կյանքում դրանք չկատարեցիր,-պատմում է Գանեշը:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Հանուն սիրո՞, թե՞ սիմետրիայի. ինչպես է Epress-ը «հավասարեցնում» հայերին ու ադրբեջանցիներին Անսիրտ քաղաքականություն. Սերժ Սարգսյանը լռում է, Լրագիր թերթը խոսում է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: