Գոկառնա. Շիվա լինգամը չի հասնում օտարներին

27.02.2015 at 10:25 Оставьте комментарий

Գոկառնայում Շիվայի փառատոնին

Գոկառնայում Շիվայի փառատոնին

Գոկառնայի Մահադև տաճարի ուղիղ ափին՝ այնտեղ, ուր եվրոպացիները չեն լողանում, ջուրը կեղտոտ է, Գոկառնայի կոյուղիներն են թափվում, բայց հնդիկներն են լողանում, քանի որ սուրբ տեղ է.

Մահադև՝ (աստվածների աստված) տաճարի Շիվա լինգամի ու Ռամա տաճարի տակ է, ուր հոսում է Ռամայի սուրբ աղբյուրի ջուրը, վրաններ ու հենակների վրա քաշած պաստառներով օթևաններն են բացվել՝ ուխտավորների քարավանները ավազներին գիշերել են:

Լուսաբացին քաքի հոտը լողափին, քաք ու Շիվա լինգամների շարքերը, զգույշ քայլիր, որ աղտեղությունն ու սրբությունը չտրորես, պատանի, կին, տղամարդ, մանուկ Շիվա լինգամներ են պատրաստում ավազից, ծովափով մեկ՝ ափերով հղկում-պնդացնում, Շիվա լինգամները սարքում ու պուջա են անում՝ կրակ վառում, մանտրա արտասանում, ծաղիկներ դնում լինգամի գլխին, որ հետո կով մայրիկը գա ուտի. մեռնեմ կլրիդ Շիվա, Շիվա, Միակ տղամարդ, ու մտնում են ջուրը, շորերով թրջվում, շորերը թողնում ծովում, մաքրվեն, որ մաքուր- մաքուր հանդիպեն ատմա Լինգամին, ամենազորավոր Շիվա լինգամին:

Մայրամուտը Գոկառնայում

Մայրամուտը Գոկառնայում

Հնդկաստանի հարավում իշխում է Շիվան: Տիրուվաննամալայում, ուր Շիվայի հսկա տաճարն է, Շիվայի հայտնության Աորնաչարա սարը, կինոյում էլ, ասինք կինո մտնենք, կինոյի անունը չիմացա, տամիլերեն էր, չէի հասկանում, բայց մի բան հասկացա, նույնիսկ ֆիլմի հերոսի անունը Շիվա էր: Մի բան էլ հասկացա, որ ամբողջ կինոն Շիվայի երազն էր, Աստծո չէ, կինոյի հերոսի, ով ժամանակակից ոնց որ քրիստոնյա տղա էր:

Իսկ Գոկառնայի Շիվա լինգամը ամենահզորն է, քանի որ այն անձամբ Շիվան է նվիրել.

-Ռավանա թագավորը 12 տարի ամեն օր 24 ժամ խոկման մեջ Շիվայի անունն է տալիս, որ ստանա նրանից Լինգամը, իր մոր խաթեր: Մայրը ավազից լինգամ էր պատրաստել, ալիքը եկել տարել էր:

(այնպիսին ինչպես պատրաստում են հիմա, խրճիթիս դիմաց լողափի ավազներով հնդիկ կանայք և տղամարդիկ Շիվա ռատրի(Շիվայի հայտնության) տոներին՝ փետրվարի 12-19-ին հազարավոր հնդիկներ):

Ռավանան ասել էր՝ դարդ մի անի մամ ջան, ես քեզ իսկական լինգամ կբերեմ, Շիվայի ձեռից կստանամ, կբերեմ, ու նրա երկրամյա մեդիտացիան գրավում է աստվածներին, նրանք հերթով այցի են գալիս՝ քանի որ դու այսպիսի ամուր նվիրյալ ես, ի՞նչ է ուզածդ Ռավանա, ասա ու կստանաս: Ռավանան ուշադրություն չի դարձնում, միայն Շիվան պիտի իրեն նկատի ու շարունակում է՝ օմ նամահ Շիվայա, օմ նամահ Շիվայա օմ՝ կրկնում է մանտրան, մինչև Շիվայի ուշադրությունը գրավում է:

յոգ Մանգալ Դասը պատմում է աստվածների պատմությունը

յոգ Մանգալ Դասը պատմում է աստվածների պատմությունը

Շիվան շատ ուրախ է, այսպիս նվիրալ չի ունեցել, որ 12 տարի շարունակ իր անունը տա: Ասա՝ ի՞նչ ես ուզում, և ես կտամ քեզ: Ի՞նչ պիտի ուզեմ, հայրս էլ մայրս էլ դու ես՝ Շիվա, միայն կուզեմ քո մոտ մնամ: Ու Շիվան սրտից հանում է լինգամը, տալիս է նրան, Ատմա-լինգամ՝ Հոգի-լինգամը, Շիվայի հոգու մասնիկը մեջը, բայց տես, ասում է, եթե հանկարծ տան ճամփին գետնին դրիր, զրկվում ես նրանից, որտեղ դնես, այնտեղ կմնա:

Տուն տանելիս Գանեշը՝ Շվայի որդին, նրան հանդիպում-ասում է՝ տուր պահեմ, դու գնա, լողացի, հանգստացի արի, տար: Որ դու ես ասում, Գանեշ, վերցրու, ու Ռավանան տալիս է նրան Լինգամը: Գանեշը ասում է՝ տե՛ս Ռավանա, եթե ուշանաս, երեք անգամ կկանչեմ, որ չգաս, կդնեմ գետնին:

Սեքսուալ և հոգևոր

Սեքսուալ և հոգևոր

Նարադա մունին մի քանի աստվածների կոչ է անում ծանրացնեն լինգամը, որ Գանեշը չկարողանա պահել: Գանեշի ձեռները սկում են թուլանալ, շատ է ծանրանում Լինգամը, էլ չի կարողանում պահել ու երեք անգամ կանչում է Ռավանային, բայց նա չի լսում, ու լինգամը, ստիպված դնում է գետնին: Ռավանան վերադառնում է, տեսնում է լինգամը գետնին՝ զայրացած Գանեշի գլխին բռունցքով խփում է, Գանեշը մտնում է գետնի տակ: Հենց այդտեղ է՝ Մահադև տաճարի կողքն է գետնի տակ մտած Գանեշի տաճարը:

Ես լսում եմ արաբական ծովի ափի մեր վարձած խրճիթի բակում յոգ Մանգալ դասի պատմությունը. աթոռի վրա լոտոս նստած պատմում ու պատմում է, հինդուով է պատմում, Աստծո պես խիստ ձայնը բարձրացնում է, երբ Շիվան է խոսում, ապա իջեցնում ու խոնարհ երանգ տալիս, երբ Ռավանան իր հավատարմությունն է հայտնում: Թարգմանում է Գայատրի դևի դասին, Կրիշնայի նվիրյալը, ինչքա՞նն է հասցնում թարգմանել երկու տարի առաջ սովորած հինդուով:

Հենց այդ Լինգամն է Մահադև տաճարում:

Կպատրաստեմ ես Շիվա լինգամ. Գոկառնա

Կպատրաստեմ ես Շիվա լինգամ. Գոկառնա

Ուխտավորների քարավանները չեն էլ կասկածում, որ լինգամը անձամբ Շիվայի նվիրածն է: Իսկ ես ի՞նչ անեմ՝ հավատա՞մ, թե՞ չհավատմ: Թե չես հավատալու, ի՞նչ գործ ունես Հնդկաստանում, Հնդկաստանը հեչ աթեիստի երկիր չի: Մայրամուտին տես՝ ո՜նց են շարվել շիկահեր, բայց հնդիկի նարնջագույն կամ սպիտակ կամ «օմերով» ձևավորված շապիկներով ու դհոտիով կամ մերկ մարմիններ՝ թաթուների պատկերասրահ, ռուդրաքշի ու հնդկական քարերի շարանները պարանոցներին եվրոպացիները, հոգևոր ու սեքսուալ միաժամանակ, լոտոսի դիրքում, ձեռքերի ափերը ծնկներին՝ բութ ու ցուցամատ միացրած, խոկում են՝ փակ կոպերը սուզվող արևին հառած: Ի՜նչ սիրուն եք:

...ու պուջա կանեմ

…ու պուջա կանեմ

Հավատում եմ, չես կարա չհավատաս, դեռ Հնդկաստանում ես: Հնդկաստանում աթիստ կա՞, միակը ե՞ս եմ: Հնդիկ աթեիստ կա՞, մի միլիարդի մեջ չի՞ լինի: Կլինի, ուղղակի աթեիստ հնդիկն էլ իր աթե աստվածը ունի, առավոտները ճակատին աթեի տիլակը կքսի՝ մուրճ ու մանգա՞ղ, ու կերկրպագի նրան՝ աթե-օմմմմմ:

Որ հնդիկին հարցնես՝ Գանեշին հավատո՞ւմ ես, կասի՝ էլ ի՞նչ տարբերակ կա:

Գոկառնայի Մահադև տաճարի Շիվա լինգամին հպվելը բուժում է պրոստատ, գուցե պրաստատիս խաթե՞ր եմ հավատում, որ գոյություն ունի բուժում, բայց ինձ անհասանելի է, միս կերած հայ եմ, հնդիկ չեմ, որ թողնեն լինգամին հպվեմ: Հնդկաստանը նրա համար է որ հավատաս անբուժելի հիվանդույթյան բուժմանը, բայց այդպես էլ բուժումը չստանաս:

Ուղղափառ և հինդուիստ. Փրկչի ծննդյան տոնը Գոայում

Ուղղափառ և հինդուիստ. Փրկչի ծննդյան տոնը Գոայում

Լիտվացի միստիկ, թե հորինող Ռուստամուսը գոռում էր ջղայնացած հունվարի յոթին՝ ուղղափառների սուրբ ծննդի ընթրիքին Գոայում՝ Սիոլիմի ծովափի կոկոսենիների տակ, գոռում է զայրացած՝ Գոկառնայի լինգամը կորցնում է զորությունը:

Մութը ընկել է, լապտերի լույսի տակ Վեդ Սամվելը խորովածն է սարքում՝ բադրջան. լոլիկ, բիբար, միայն միսն է պակասում, որ հայկական խորովածը ամբողջական դառնա: Ոչ մի միս, կենդանիներն էլ ատմա ունեն, իսկ տավարը, կովը մեր սուրբ մայրիկն է: Ռուս ու ուկրաինացի հինդուները սուբ ծնունդ են նշում միասին, հեչ տեղը չեն բերում, որ իրենց հայրենակիցները իրար մորթում են, բոլորը ռուս են դառել, թե՞ ռուս են եղել: Հնդկաստանում կիմանաս, որ ուկրաինացու ու ռուսի մեջ տարբերությունը հորինել են եվրոպացիները: Շիկահեր յոգեր, շիկահեր տղան՝ բամբուկե երաժշտական գործիքներով, չխոլից զգույշ հանում է հսկա, երեք մետրանոց բամբուկը ու բուուու, փչում, դու պիտի զգաս նրան, խառնվես նրա հետ, նրա էներգիան առնես մեջդ, բուուու, միակ կենացը ասում է վեդ Սամվելը.

Նավադվիպ. կոմուն Աստծո պատկերը

Նավադվիպ. կոմուն Աստծո պատկերը

-Ինձ համար կարևոր օրեր չեն նոր տարին ու նման տոները,-ասում է Սամվելը՝ սպիտակ սադուի մորուքով, Հնդկաստանի տասը տարվա կյանքը ու նարնջագույն շապիկը մուրուքին զորություն են հաղորդել,- կարևորը այսպիսի օրերն են՝ Հիսուսի, Կրիշնայի մյուսների ծննդյան տոները:

Ու վերջ, էլ ոչ ոք ձայն չի հանում, ամբողջ գիշեր խոսում է Ռուստամուսը, Ռուստամուսը գոռում է՝ Գոկառնայի Շիվա լինգամը այլևս պրոստատ չի բուժում, քանի որ կանանց են սկսել թույլ տալ նրան մոտենալ, վաղը արտասահմանցիներին էլ կթողնեն ու նա լրիվ զորությունը կկորցնի:

Դա նրա միակ միստիկ բացահայտումը չէր. Փրկչի սուրբ ծնունդը նվիրվեց Ռուստամուսի պատմություններին.

Գոկառնա. Շիվա, Շիվա. Շիվան իսպանացու բազկին

Գոկառնա. Շիվա, Շիվա. Շիվան իսպանացու բազկին

-Ես գնացել էի Լիբանան սուֆիների մոտ, լեռներում երկու կիլոմետր խորությամբ կիրճի վրա նեղ, փռթված թելերով կամուրջ էր, չգիտեի անցնե՞մ, թե՞ մնամ, մեկ էլ երկու երեխա հայտնվեցին, ձեռս բռնեցին, ու անցկացրին: Մի ժայռի տակ հսկա շառավղով այրել էին շրջապատը, որ օձերն ու կարիճները վերանան: Սուֆիների համայնքն էր, տղամարդիկ ինձ էլ իրենց շրջանի մեջ առան և սկսեցին երգել՝ յահըմ, սրերը հանեցին ու սկսեցին իրենց որովայնը մտցնել ու մյուս կողմից հանել, ոչ մի կաթիլ արյուն: Ես որովայնս չմտցրի, բայց դանակը այտովս մտցրի մյուս այտից հանեցի:

-բա սպի չմնա՞ց,-հարցրի ես:

-Սպի՞,-զայրացած գոռաց Ռուստամուսը ու այտը մտցրեց աչքս,-նայիր, տես սպի կգտնե՞ս, այտիցս մտցրի, խրեցի լեզվիս մեջ, մյուս այտից հանեցի, ոչ մի ցավ, ոչ մի հետք, տես մի հետք մնացե՞լ է:

Չկար, հարթ, եվրոպական այտ:

Իսկ երբ պատմեց թե ինչպես է Մարոկկո գնացել իր անձնական Շեյթանին հանդիպելու, ու անապատում ոնց են իրեն հագցրել մահապարտի յասամանագույն շորեր ու քարշ տվել արաբական գյուղերում, հասկացա, որ Գրականությունը Աստծուն է նվիրաբերել մի տաղանդավոր մարդու:

Տիրուոանալամայի Ռամանա Մահարաշի տաճարում պուջարիները խնամում են Շիվա լինգամին

Տիրուոանալամայի Ռամանա Մահարաշի տաճարում պուջարիները խնամում են Շիվա լինգամին

Եթե պայման դրած լինեն, թե անպայման երկուսից մեկին պիտի հավատաս՝ կամ հնդիկ յոգին կամ լիտվացուն, նախընտրում եմ հավատալ օրիգինալին՝ յոգ Մանգալ դասին: Յոգը լինգամի զորությունը կասկածի տակ չդրեց:

Ուրեմն, գուցե Գոկառնայի Շիվա լինգամը դեռ չի՞ կորցրել իր զորությունը և դա միայն Ռուստամուսի երևակայության արդյո՞ւնքն է.

-Գոկառնայի գետը կարմիր է, ինչպես արյունը, կարմիր, կարմիր, արդեն մեկ տարի այդպես կարմիր հեղուկ է հոսում:

-Ինչո՞ւ է կարմիր:

Իսկ ես գիտե՞մ, կարծում եք ես բոլոր հարցերի պատասխանը գիտե՞մ,-ջղային ասում է Ռուստամուսը ակնարկելով աշխարհի դեգրադացիան:

Կմաքրվեմ ու կգնամ ատմա լինգամի մոտ

Կմաքրվեմ ու կգնամ ատմա լինգամի մոտ

Բայց, փառք Շիվայի, դեռ աշխարհը այնքան չի դեգրադացվել, Գոկառնայի գետի գույնը, ճիշտ է, կապույտ վճիտ չի, բայց կարմիր էլ չես ասի: Գետ էլ չի կարծես, գլխավոր փողոցի ճամփին է, նեխաջուր է, եթե շատ զգայուն ես, քիթդ փակ անցի, կամուրջով անցնում ես, Պրեմա ճաշարանն է, հետո Մահադև տաճարը, ուր արտասահմանցիներին իրոք չեն թողնում Շիվա Լինգամի սրահ: Ոստիկանները կանգնած, դեմներս առան, ոչ: Ինչո՞ւ:

Ռամանա Մահարաշի

Ռամանա Մահարաշի

-Առաջ թողնում էին, նոր պուջարի է եկել, արգելք է դրել, թե արտասահմանցիները ինչ ասես ուտում, ինչ ասես խմում, չլողացած գալիս են լինգամի մոտ, թե չի կարելի թույլ տալ,-դժգոհելով ասում է Մանգալ դաս յոգը, որ յոգայի դասեր է տալիս մեր ծովափնյա խրճիթի բակում, 200 ռուպիով, շաբաթը երեք անգամ, ամիսը կանի մոտ 28 դոլար, երևանի գներից կրկնակի էժան:

Գոպի Մանոհարը՝ ռուս վայշնավ՝ երանելու հայացքով, կարծես Դոստոևսկու Ալյոշան լինի, հումակեր է, մնկուց յոգ է, երբեք միս չի կերել, խնդրում է պահակին թույլ տալ մտնել Ատմա-լինգամի մոտ, ոչ մի դեպքում՝ հնդկական ռասիզմը թույլ չի տալիս Աստծո նվիրյալին հպվել-հաղորդակցվել Աստծո հետ:

Նրանք կտեսնեն լինգամը փետրվարի 19-ին՝ Շիվայի հայտնության օրը, երբ հանեն նրան ու հսկա սայլի վրա պտտեցնեն Գոկառնայով մեկ: Ես զրկվեցի ատմա-լինգամի հետ հաղորդակցվելուց, 18-ին մեկնեցինք Գոկառնայից:

Տիրուվաննամալայի տաճարը

Տիրուվաննամալայի տաճարը

Բայց մի այլ Լինգամի հպվեցի՝ Գոկառնայի բարձրունքում քարանձավում, որը ասում են, կովի փորն է, որ այդտեղից ծնվել է Շիվան: Հնդկաստան ֆռաս, կիմանաս որ Աստվծները շատ տեղեր են ծնվել, նույն աստվածը մի քանի տեղ:

Ես արդեն Շիվայի երկու ծննդավայրում եղել եմ, Գոկառնան, ու մյուսը՝ Տիրուվաննամալայի Արունաչարա սարը, որտեղ Շիվան նյութական մարմին է ստացել կամ նման մի բան:

-Ինչն է քեզ ձգում,-հարցնում եմ սրճարանում ռուս Ռուստամին, ռո՞ւս, թե՞ բաշկիր: Ռուստամը Ուֆայից է, նա երկրորդ տարին Տիրուվաննամալայում է:

Շիվայի զավակը

Շիվայի զավակը

Երկու օրից՝ փետրվարի 3-ին Լուսնի առաջին օրը պարիիկռամա է անելու սարի շուրջը, 15 ժամ ոտաբոբիկ քայլելու է հազարավոր ուխտավորների հետ: Արդեն հյուանոցները լիքն են, գները բարձրացել են:

-Այս սարի մեջ ինչ որ բան կա,-ասում է Ռուստամը:

Ուխտավորներին արահետը տանում է սարի քարանձավը, ուր մեդիտացիա է արել հնդիկ իմաստուն Ռամանա Մահարաշին: Քարանձավը վերածվել է խրճիթի՝ նեղ, մութ սենյակներ, ուր խոկում են իրար քիփ լոտոս նստած շեկ մարդիկ: Սեղմվում եմ պատի անկյունում, դզվում, աչքերս փակում՝ տասը՞ րոպե, քսան՞ րոպե, կես՞ ժամ, ճիշտ է, Շիվան չհայտնվեց, բայց խոկումը բուլդուզերի պես քանդում է նեղսրտությունդ, մնում է մի հեղեղ էլ բերել տաս, որ բեկորները մաքրի, տանի:

Գոկառնա. Կովի որովայնը

Գոկառնա. Կովի որովայնը

Քարանձվից դուրս ես գալիս ու արահետը տանում է խրճիթների մոտով, ուր մեդիտացիայի են նստած արդեն օրիգինալները՝ թուխ ու մկանուտ դեմքերով հնդիկ յոգեր: Մեդիտացիա են անո՞ւմ, թե ուղղակի նստած են: Եթե փող ուզեց, ուրեմն ուղղակի նստած է:

և ջուրը կտանի լինգամները…

և ջուրը կտանի լինգամները…

Ու հասնում ես Շիվայի հսկա տաճարին՝ փռված քաղաքով մեկ, չորս գոպուրաներով՝ աշտարակներով, ասում են հայրուորդիների յոթ սերունդ է կառուցել, միջանցքներում Շիվա լինգամների շարքերը:

-Ես Շիվայի զավակն եմ, դու Շիվայի դուստրն ես,-ասում է հնդիկ բաբան Արունաչաշվար տաճարի գոպուրայի մուտքի մոտ Գայատրիին ու ջլուտ, սպիտակահեր բաբան, իմաստունը հայացքը վեր հանում երկնքի՞ն, թե՞ գոպուրայի ծայրին, թե՞ երկինքն ու գոպուրան նույնանում են, մի գոպուրայի մուտքի մոտ նալիկները թողել ենք մտել տաճար, քայլել ոտաբաբիկ ու քայլել ներսի տաճարների միջով, ապա նրանց բակերով ու դուրս եկել մյուս ծայրի գոպուրայի դիմաց, հետո դրսում հայտնվել, ուր կրակի լեզուները կանգնեցնում են՝ երեկոյան՝ մայրամուտին կրակներով պուջա են անում: Հետ ենք պտտվում, մտնում ներս՝ Արունաչաշվար, ոտաբոբ ինչքա՞ն քայլեցինք, պիտի տաճարի բավիղներով անցնենք, մոլորվենք, մինչև գնտնենք այն մուտքը, որ նալիկները հագնենք:

-Իրոք, էլ ի՞նչ ունենք ահնագստանալու,-պատասխանում է Գայատրին բաբային:

Ես անհանգստանալու բան ունեմ, ափսոս Շիվայի զավակը չեմ:

Գոկառնայի քարանձավի խորանում՝ խավար, Շիվա լինգամն է:

-Ձեռք տուր,-ասում է Գայատրին: Ձեռք եմ տալիս՝ յուղոտվում եմ: Ուխտավորները յուղ ու կաթ են լցրել որպես զոհաբերություն Շիվային:

— See more at: http://www.tert.am/blog/?p=14481#sthash.6oq3s7rn.dpuf

Entry filed under: ակնարկ. Tags: .

Գոկառնայի պարգևը. սեր յոթ կյանքի համար Աստծո հետ հանդիպում Շրիռանգամում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: