Վախը, որ երկաթի գույն ունի. Կլոդ Սիմոնի «Ակացիան» հայերեն

13.05.2015 at 09:38 Оставьте комментарий

Կլոդ Սիմոն

Կլոդ Սիմոն

Վարակիչ ռիթմը անցնում է ընթերցողին ու հաճելիորեն ստիպում տրվել վեպին: Էջեր ձգվող նախադասությունները մի այնպիսի ռիթմի մեջ է գցում, որ գրքի վերջին էջը փակելուց հետո շարունակցում ես նույն ռիթմով նայել աշխարհին՝ հիշել ակացիայի ծառուղին Էստոնական փողոցում՝ ակացիայի սպիտակ ծաղիկների ողկույզները, որ մենք՝ երեխաներս քչփորում, եթե միջատ չէր լինում մեջը, ուտում էինք:

Ուզում եմ հիշել, թե ո՞րն էր 2014-ին Հայաստանում ամենանշանակալի իրադարձությունը. Ինձ համար Կլոդ Սիմոնի «Ակացիա» վեպի հրատարակվելը(«Նաիրի» հրատարակչություն): Հիանալի է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը: Հիանալի թարգմանությո՞ւն: Ինչպե՞ս, եթե ֆրանսերեն չգիտես: Չգիտեմ, բայց ունեցել եմ այն անսպասելի ապրումը, մի փոթորկի տրված լինելու զգացողություն, որից ոչ թե ուզում ես խուսափես, այլ նետվես մեջը, որ իր ռիթմի մեջ առնելով քեզ տանի էջերի միջով, նախադասություններ որոնցից յուրաքանչյուրը ձգվում է էջեր, փոթորիկը այնպես ուժեղ է, որ էջը հետ չես կարողանում թերթել՝ տեսնելու համար նախադասության սկիզբը կամ փակագծերից առաջ ասված խոսքը, ինչպես չէիր կարողանա ընդհատել ու սկզբին անդրադառնալ հափշտակող երաժշտությունը լսելիս: Նախադասությունները լիքն են իրենց ներսում փակագծերի մեջ նախադասություններով, որոնք իրենց անակնկալներով ռիթմը հագեցնում են, որ միապաղաղ չլինի հանկարծ:

Մյուս կողմից հանդիպում ես կարճ, դիպուկ բնորոշման, որ բացահյտում է ամբողջ պատերազմում մահվան ու կյանքի հատման սահմանը, կամ կյանքի նշանը մահվան վրա.

«Գնդակը թռցրել էր զինվորական գլխարկը, և արյամբ իրար սոսնձված մազերի մեջ դեռ կարելի էր տեսնել սանրի հետքը, որ այդ առավոտ խնամքով անցնելով մազերի միջով՝ մեջտեղից բացել էր երկու կողմից ալիքներով շրջապատված բախտը»:

Կամ սա, գարշահոտության դիպուկ բնորոշումը.

«Էլի մի բան, որ զինվորները օծանելիքի բուրմունքի տեղ դրեցին, և որ իրականում գարշահոտի բացակայությունն էր»:

Երբ Ֆրանսահայ գրող, գրականագետ Գրիգոր Պըլտյանը լսեց, որ թարգմանվում է Կլոդ Սիմոնի վեպը ապշեց՝ ինչպե՞ս կթարգմանեն, Սիմոնը անթարգմանելի է:

Շուշան, դժվա՞ր չէր թարգմանելը՝ այդ էջեր ձգվող նախադասությունը: Իհարկե դժվար էր:

Բանաստեղծ, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ 2014-ին հրատրակվել է ևս 2 գիրք՝ Ժան Էշնոզի «14»-ը և Ժերար դը Ներվալի «Օրելիա» արձակ գործերի ժողովածուն: Այս տարի հանձնել է հրատարկության Միլան Կունդերայի «Գոյության անտանելի թեթևությունը» վեպը: Երազում է թարգմանել Կլոդ Սիմոնի «Քամի» վեպը:

Կլոդ Սիմոնը ծնվել է 1913-ին առաջին վեպը հրատարակել է 1945-ին «Զեղծարարը», դառնում է ֆրանսիական նոր վեպի գլխավոր դեմքերից և այդ շարժման միակ ներկայացուցիչը ով ստանում է նոբելյան մրցանակ՝ 1985-ին: Մահացել է 2005-ին: Հայերեն առաջին անգամ է թարգմանվում: «Ակացիան» , թեև 26 լեզուներով թարգմանվել է, բայց ռուսերեն չկա:

«Ակացիա» վեպը գրել է արդեն նոբելյանական տիտղոսով, 70-անց, տպվել է 1989-ին:

Վեպի հիմքը իր ընտանքի պատմությունն է՝ ազնվական մոր ու գյուղացիական ծագումով սպա հոր ամուսնությունը՝ պատերազմ մեկնելը, իր ծնունդը, կրթությունը, մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին:

Սակայն, ինչպես թարգմանիչն է նշում վերջաբանում, սխալ է «Ակացիան» ինքնակենսագրական վեպ համարել, մեջբերեմ Թամրազյանից.

«Բավական է հիշել «Ակացիայի» երեք սևազգեստ կանանց կերպարանքները, որ հատում են վեպը իբրև կյանքի ու կորստյան անհայտ մի առասպելի անհասկանալի գաղտնիք՝ բոլոր իրական պատերազմներից, բոլոր արհարվիրքներից ու աշխարհմարտերից անդին»:

Դիպուկ է ասված՝ առասպել, երկու չամուսնացած հորաքույրները որ իրենց կյանքը զոհաբերել են միակ եղբոր որդու համար, կարծես հունական լեգենդի հերոսներ լինեն որ անցնում են դարից դար, պատերազմից պատերազմ.

«Երկու քույր, երկու կանայք, որոնք ինչ որ առումով մայր էին հանդիսացել մի քանի տարով իրենցից փոքր եղբոր համար ու նրան սնել ոչ թե կրծքով, որոնց երբևէ չէր դիպել ոչ մի տղամարդ, այլ՝ իրենց մարմնով(ավելի ճիշտ՝ այդ մարմնի մեջ մեռցրած ցանկությամբ), մինչ վերջինս ցամաքում էր կուսությունից՝ ոչ թե անպտուղ, այլ զոհաբերված, ավելի ճիշտ պահպանված իբրև խստակյաց ու արյունապիղծ կրքին մատուցված զոհաբերություն»:

Հերոսները անուններ չունեն, ընթերցանությունն է նույնացնում խախտված խրոնոլոգիայով ժամանակի ներսում գործող անձանց՝ առաջին աշխարհամարտի նախօրեին ծնված մանուկը այն կուբիստական նկարչության ուսանողն է, որ ճամփորդում է փշալարից այն կողմ Սովետական երկրում, ու հետո, ո՞վ է նա դառնում երկրորդ աշխարհամարտի զինվորներից, հավանաբար կապրա՞լը: Հեղինակը որոշ դեպքերում հերոսի ճակատագրի կապը բաց է թողնում, ու ընթերցողը պիտի կարողանա ինքնուրույն կապել ուսանողին կապրալի ապա գերի ընկած ֆրանսիացի զինվորի հետ, ու նունացնելով նրանց ստանա նույն անձը:

Խախտված ժամանկագրության միահյուսումն էլ ստեղծում է «Ակացիայի» ժամանակը՝ պատերազմի ժամանակը, որ սկիզբ է առնում 150 թե 200 տարի առաջվա պատերազմից, երբ մեծ պապը՝ գեներալը ճակատում պարտություն կրելով ինքնասպան է եղել, ապա հայրը ով զոհվում է երկրորդ աշխարհամարտում և նրա զավակը, ով գերմանական գերությունից փախչում է և ժամանակը ավարտում ակացիայի տակ գրիչը ձեռքը վերցնելով: Այսպես ստեղծվում է այլ ժամանակը գրական ժամանակը:

Շուշանիկ Թամրազյան լուս՝ Անահիտ Հայրապետյանի/inknagir.org

Շուշանիկ Թամրազյան լուս՝ Անահիտ Հայրապետյանի/inknagir.org

«Ակացիայի» համը փոխանցելու համար, ինչպես խորտիկից մի կտոր են փորձում ամբողջը գնելու համար, գինուց կում անում շիշը պատվիրելու համար, ներկայացնում եմ մի ընդարձակ կտոր, թե ինչպես բացիկների միջոցով երկու քույրերի հայացքի ներքո նրանց կապիտան եղբայրը հասունանում է.

akats«Այդ ընթացքում եղբոր միակ ներկայությունը հեռուներից եկող հատ ու կենտ լուսանկարներն էին, որոնցով կարելի էր հետևել, թե ինչպես այն փխրուն տղան, որ մի օր հիվանդանոցային իր անկողնում դիմադրել էր քույրերին, հիմա անցնում էր կերպարանափոխությունների, ավելի ճիշտ՝ կտրուկ փոխակերպումների շարանով, ասես հաստատված ինչ-որ տեղ՝ աճպարարների թատրոնների ետնաբեմում, ավելի ճիշտ՝ աղոտ մի այլուրում՝ այն աշխարհում, անծանոթ այն ծագերում, որ նրանց թվում էին նույնքան անիրական, որքան աշխարհագրական քարտեզներին հանգչող թղթի անդաստանները՝ ներկված վարդագույնով կամ դեղինով, որոնց վրա նա մարմին էր առնում մի պահ՝ որոշ ժամանակ դեռ պահպանելով ջանասեր աշակերտին վայել իր հնազանդ տեսքը՝ ավելի շուտ հասարակ զինվորի, քան սպայի արտաքինով՝ չնայած թևքը զարդարող կրտսեր լեյտենանտի տրեզին, անվարժ նստած աթոռին՝ պարտեզում, կլոր սեղանիկի շուրջ շարված մյուս աթոռների կողքին, այն խմբերից մեկում, որպիսիք հաճույքով էին կազմում այդ տարիներին, ձգված, քարացած բռնազբոսիկ բնականության կեցվածքով, մետաքսազգեստ մի տիկնոջ, համազգեստով երկու այլ հրավիրյալների և զովացուցիչ ըմպելիքներ մատուցող երկու աղջիկների հետ, ինքն էլ նման մի երրորդ դեռատի աղջկա՝ հախճապակյա թափանցիկ իր հայացքով, հարթ դեմքով, նոր բուսած մորուքով և անբիծ տաբատով, մի աղջիկ, որն ուղղակի խաղի համար ծպտվել է տղամարդու հանդերձներով՝ դեմքին խցանի ծայրով աննշմար մորուք ու բեղեր նկարելով, կաշկանդված սեփական ոտքերի, ձեռքերի առկայությունից, լիկյորի փոքր ըմպանակը ձեռքերից մեկում, և լուսանկարի ետևում հետևյալ գրությունը. «Լորիան, 1897», հետո առանց սահուն անցումների, միանգամից՝ ինքնավստահ, համարձակ մի տղամարդ, ոտքի վրա, ձգված իրանակալի պես կիպ, մուգ համազգեստի մեջ, ճտքակոշիկներով (գուցե և քույրերի խորհուրդ տված նորաձև արհեստավորի ձեռքի գործը), կրունկներին խթաններ հագցրած, ձեռքին անփույթ պահած ոլորած մտրակը, որ շեղակի մի գիծ է քաշում ձիավարի նրա տաբատի երկայնքով, ածխով արված երկչոտ դիմաներկի փոխարեն՝ կայսերական կարճ մորուքով և ծայրերը վերև ոլորած բեղերով, և ետնաբեմում՝ հնդկեղեգների, արմավենիների, բանանի ծառերի դալուկ մի դեկոր՝ լայն, ատամնավոր տերևներով («Մարտինիկ, 1899»), հետո՝ փարթամ ձարխոտի հորձանքի տակ՝ վիթխարի տերևներով՝ փայլուն, հյութեղ, ակոսավոր, ներքև շատրվանող ողկույզներով, ցրիվ, նախշակար, շերտ-շերտ, գծավոր, պատռտված, օդեղեն, միահյուսվելով, իրար բախվելով, իրենց հոծ շրջանակի մեջ առնելով ապառաժների պատը, ջրվեժը, ավազանը, որի միջից դուրս է լողում տղամարդու մերկ, կաթնագույն իրանը՝ քառակուսի մորուքով, ձեռքերը կոնքերին («Մադագասկար»), հետո՝ փշատերևներ, թփուտներ՝ չորացած, խանձված խոտով, հողաթումբ, ուր բացված հովանոցի տակ կանգնած է նույն տղամարդը՝ քառակուսի մորուքով, արևակեզ դեմքով, հագին հասարակ բաճկոնակ, կոճերի մոտ նեղացող քաթանե տաբատ, գլխին՝ սեխի ապակյա ծածկ հիշեցնող սաղավարտ, երկու ցածրիկ եռոտանիների կողքին, որոնց վրա տեղագրական նպատակների ծառայող սարքեր են, և որոնց շուրջ իրար է անցել նեգր ծառան՝ աշխատանքային զգեստի ցնցոտիների միջից դուրս ցցվող մորեխի իր ոտքերով, և նորից նույն տղամարդը՝ քառակուսի մորուքով, այս անգամ ձի հեծած, ոտքից գլուխ ճերմակ հագած, նորից նույն՝ սեխի ապակյա ծածկ հիշեցնող սաղավարտով, ցածրահասակ ձիերը՝ թեթևակի կաղալիս, ամուր, վայրի, փրփրուն բաշերով, ասես նկարեն քարանձավներից կամ ասիական վայրագ թավուտներից դուրս եկած, ձիավորներ՝ հարթավայրում, ուր այսուայնտեղ, ժանիքների, ոսկորի կամ նեֆրիտի բեկորների նման կոնաձև ցցված են կրաքարե երկնուղեշ ապառաժները՝ սուր-սուր, տեգի նման, և դրանց տակ նշմարվող հատուկենտ խրճիթներ կամ Հեռավոր Արևելքի փոքր մի պագոդ*՝ եղջյուրաձև իր կտուրներով («Լանգ Սոն, 1906»), և երկու կանայք (այլևս երկու ծերացած օրիորդներ)՝ տակավին զբաղված հատակի, առաստաղի կամ երդիկի գինը հաշվարկելով, մեկը՝ կռացած գործիքներով ու կարտոֆիլով բեռնված թափքով իր հեծանվի վրա, մյուսը՝ գրատախտակի առջև, խուզած գլուխներով երեխաների հանապազօրյա շարքերի դիմաց, ու երեկոյան նրանցից մեկը բանալին ձեռքին՝ վերադարձին փոստարկղը ստուգելով, որտեղ, առաքումներից կամ դանդաղաշարժ շոգենավերի հերթագայությունից կախված, գտնում էր հարազատ ձեռագրով ծրարը, մի պահ նայում տարաշխարհիկ դրոշմանիշին, որից հետո, ծրարը սոխի կապերի արանքը կամ էլ մթերքի կոսորակում շարված կաղամբների մեջ սահեցնելով և միայն վերարկուն հանելուց, կոսորակը խոհանոցում դնելուց հետո սեղանի առաջ ակնոցն աչքերին հագցնելով՝ ծրարը բացում էր, փռում սեղանի դեղնավուն մոմլաթի վրա, ընթերցում նամակը, որի էջերից մի դիմագիծ էր դուրս սահում ժամանակ առ ժամանակ՝ քիչ թե շատ թուխ, նշաձև աչքերով, դյուրաբեկ, նույնքան հղկված, ողորկ, որքան գլաքարը, գլուխը ծածկած մադրասով կամ սև հյուսքերով, ժանյակներով, կրծքավանդակի բոլորածալերով, ծալքերով, ինչպես պաճուճազարդ այն զգեստները, որ հագցնում են տիրամայրերին, դուրս թողնելով միայն երկու՝ տիկնիկի ձեռքեր, որոնցից մեկը հենված էր ուռենու փայտից բազկաթոռին կամ լուսանկարչատան բարձակին. մանկական դեմքով, ոսկե կամ բրոնզե մի արձան, ասես ինքն էլ՝ լարված, քարացած, փայտացած, թակարդն ընկած թռչունի, վիթի, գազանիկի կամ էլ կնոջ հանդերձի մեջ ծպտված աղջկա տարտամ սարսափով, և ընթերցող քույրը նամակն ավարտելով, ակնոցը հանելով, ցուցամատով վարդերիզ կոպերը տրորելով, նորից ակնոցը դնելով լուսանկարները զննելու համար, քննախույզ դիտելով ծաղկաթերթիկ դիմագիծը այն նույն՝ համր և գոռոզ գոհունակությամբ, որ լուսավորում էր նրա դեմքը՝ երկարաճիտ կոշիկները, քառակուսի մորուքը, հախճապակե, պայծառ հայացքը ճանաչելիս, երկու քույրերը՝ մուգ, խստաշունչ զգեստներով, ամեն անգամ փոքր-ինչ ավելի մաշված, անխռով դեմքերով, ընտանեկան ալբոմին հանձնելով, ինչպես կվստահեին որևէ հերբարիումի, դյուրաբեկ ծաղիկները՝ ժանյակների հորձանքի մեջ խորտակված մարմիններով, վտիտ աղջնակների, կետոսկրից կոշտ իրանակալներով զարմուհիների կամ մորաքույրների, չափից դուրս թմբլիկ երեխաների և կիրակնօրյա հանդերձ հագած խաղողագործների լուսանկարների կողքին, դասավորելով դրանք, ինչպես հյուրասենյակի կենտրոնում, որ որոշել էին վերանորոգել ու կահավորել (իրենք անձամբ շարունակելով քնել կրծած գերաններով ննջասենյակներում), նրանք կարմրափայտից սեղանի շուրջ էին դասավորում, կուտակում եբենոսյա բազկակալներով բազկաթոռները, դաշնամուրը, որ քույրերից ոչ մեկը նվագել չգիտեր, ու մարմարյա հիմքով մի ցուցափեղկ, որն աստիճանաբար պիտի ամփոփեր հերթով բացվող արկղերի միջից դուրս լողացող մարջաններն ու հսկայական խեցիները, վագրի մորթիները, տեղական պատահական շուկաներում կամ ժամանակավոր նավահանգիստներում հանդիպած տեգերը՝ այժմ հանգրվանած այդտեղ՝ խավոտ վարագույրների կիսաստվերում, որտեղ ուռուցիկ, ոսկեջուր նախշերով բրոնզե, ածխահար ծաղկամանների լանջերին փայլփլում էին ձկնկուլների երկար փետուրները՝ շարունակելով իրենց ընթացքը գետերի գալարապտույտ հոսանքներով ու վիշապամարմին բլուրների միջով, եկած ասես տարբեր ծագերից, տեղ-տեղ պոկած այն աշխարհամասերի մակերևույթից, ուր քույրերն այցելում էին նրա միջոցով, ասես իրենց փոխարեն այդ իրավունքը նրան լիազորած (քարտեզի վրա հետևելով շոգենավերի ընթացքին, որոնց ծխի փնջերը ձգվում ու լուծվում էին թղթե, բաց կապույտ օվկիանոսների վրա, հրվանդանների մոտ արագությունը կրկնապատկելով, հատելով նեղուցները, որ ընկած էին կղզիների, զափրանե կամ նշագույն հողերի միջև), հասնում երկու կանանց՝ նետերի, նիզակների, ճենապակու, էմալի, ասեղնագործ դրախտային թռչուններով առաջակալների, մետաքսաթերթ քրիզանթեմների, կանացի՝ իրար հաջորդող դեմքերի դյութիչ մեղմության տեսքով, տարասեռ այդ ավարը՝ քաղված բարբարոս աշխարհներից, մինչ միաժամանակ լուսանկար առ լուսանկար նրանք կարող էին հետևել նախկին երեխայի կերպարանափոխությանը՝ այժմ արդեն հասած իր ավարտին, երբ ասես ինքն էլ դարձել էր բարբարոս՝ արևակեզ դեմքի վրա ավելի ու ավելի բաց գույն ստացող իր աչքերով, վայրենու մորուքով, ավազակի կամ ծովահենի բեղերով, ինչպես այն նվաճողները, որ աստիճանաբար նույնանում են նվաճվածների հետ, ավելի ու ավելի արևախանձ մաշկով, ավելի ու ավելի ցցվող մորուքով, մինչև այն օրը, երբ ոչ թե չնաշխարհիկ անուններով, հոծ բուսականությամբ կամ ածխացած ավազներով հեռավոր ծագերից, այլ Հարավի կայազորից, ուր հայտնվել էր երկու ուղևորությունների արանքում, նրանք ստացան այն նամակը, որով նա քույրերին հայտնում էր մոտակա ամուսնության մասին»:

Եթե կարդացիք այս կտորը, նշեմ որ սա նախադասության կեսն էր:

Entry filed under: խոհ. Tags: , .

Պոզների հարցազրույցը. Սերժ Սարգսյանը ստալինիզմի ողբերգությունը չի ընկալում Խզմալյանը ծառայություն մատուցեց ադրբեջանական քարոզչությանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: