ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻ 25-ԱՄՅԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

10.09.2015 at 20:54 Оставьте комментарий

Հանքեր թե՞ սահմանդրություն. ազատականների 25-ամյա վերարտադրությունը ոչնչացնում է երկիրը

Ի՞նչն է երկրին ավելի մեծ վտանգ սպառնում՝ սահմանադրական բարեփոխումնե՞րը, թե՞ էն որ Մեղրիում պատրաստվում են բացել 19 նոր հանքավայր:

Ընդդիմադիր քաղաքական և մտավորական շրջանակները կոչ են անում պայքարել սահմանադրական բարեփոխումների դեմ, բոյկոտել հանրաքվեն ու նման բաներ, քանի որ նոր սահմանդրությունը երկրին մեծ վտանգ է սպառնում:

Հարցրու՝ իսկ ի՞նչ վտանգ: Կասեն՝ այդ սահմանադրությամբ իշխանությունները վերարտադրվում են: Այ քեզ պատմությո՜ւն, իսկ եթե սահմանադրությունը չփոխեին, չէին վերարտադրվելո՞ւ: 25 տարի շարունակ իշխանությունները վերարտադրվում են՝ սահմանադրությունը փոխում են, վերարտադրվում են, չեն փոխում էլի վերարտադրվում են:
Իսկ Մեղրիի հանքավայրերի շահագործումը սպառնում է ավերել բնությունը՝ ոչնչացնելու է ազգային պարկերը, բայց ոչ միայն բնությունն է ոչնչանալու: Հակոբ Սանասարյանը «Հայկական ժամանակին»ասում է.

«Հանքավայրի ծանր մետաղների մնացորդները մարդկանց կյանքը վերածելու են դժոխքի, եւ անգամ բնության մասին խոսելը երկրորդական է: «Մենք անընդհատ ասում ենք՝ ազգային պարկ եւ այլն: Իսկ մարդը որեւէ անասունի արժեք ունի՞, թե ոչ: Մարդն այնտեղ վերանալու է: Մեղրու տարածաշրջանը ցրված ուրանի տարածք է: Եթե դուք հանք եք հանում, եւ՛ հանքաքարը, եւ՛ հանքաքարին պարփակող ապարները պարունակում են անսահման նոսր, ցածր կոնցենտրացիայի ուրան, որը հնարավոր չէ կորզել: Երբ այդ ուրանը դուրս է գալիս մակերես եւ շփվում օդի կամ խոնավության հետ, տարրալուծվում է: Էստեղ կրկնակի դժբախտություն է՝ ծանր մետաղները եւ ուրանը»:

Սա հանքերի էկոլոգիական վտանգը:

Բայց նաև հանքերի շահագործումը առանց շոշափելի օգուտ բերելու  անխնա սպառում է երկրի հարստությունը, իսկ եկամտուտները ոչ թե երկրին՝ երկրի քաղաքացիների բարեկեցությանն է գնում, ոչ թե բյուջե է մտնում, այլ մի քանի հոգու գրպանը:

Ու նաև, արտահանվում է հիմնականում հարստացված հանքաքարը, այսինքն հանքերից ստացված ամենաէժան արտադրանքը(եթե ձուլածո մետաղ արտադրվեր, հանքերի բերած եկամուտը մի քանի անգամ ավելին կլիներ):

Լոռվա մարզից՝ Թեղուտից, Ալավերդիից, մինչև Սյունիք՝ Ղափան, Քաջարան, Մեղրի, Ագարակ , հիմա էլ Ջերմուկ  բնությունը ավերվում է, բնակիչները կորցնում են առողջությունը,  հերիք չի, երկիրը շարունակում է աղքատանալ, ավելի աղքատանալ, դրանից օգուտ չի ստանում, (միայն եկամտահարկն է գանձվում, որը  համեմատած սեփականատերերի եկամուտների հետ, չնչին բան է), ու արդյունքում մի երկու հոգի են շահում:

Բայց ոչ մի քաղաքական կուսակցություն ձայն չի հանում հանքարդյունաբերության քաղաքականության դեմ, չկա բողոք, կոչեր բոյկոտելու, կանխելու, փրկելու: Չկա ռադիկալ լուծման պայքար՝ որ վերջ տրվի հանքերի շահագործման նկատմամբ ազատական քաղաքականությանը և հանքարդյունաբերությունը ազգայնացվի: Միայն դաշնակցությունը երբեմն կցկտուր ասում է որ անհրաժեշտ է հանքարդյունաբերությունը ազգայնացնել, բայց ոչ ավելին, երբեք դա չի դարձնում իր պայքարի գաղափարը(տես չորս տարի առաջ «Էկոլուրում»՝ «Դաշնակցությունն առաջարկում է ազգայնացնել»):

Իսկ մյուսնե՞րը, ի՞նչ ձայն հանեն, եթե գաղափարական ոչ մի տարաձայնություն չունեն Հանրապետական կուսակցության հետ, ինչի՞ դեմ բողոքեն,  բոլորն էլ ազատական են:

Ընտրությունից ընտրություն հավուր պատշաճի կուսակցությունները ձևի համար մի աննշան բան էլ  հանքարդյունաբերությունից կասեն: Ու վերջ:

Ահա ընդդիմությունը՝ 2013-ին Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան նախագահի թեկնածու էր, Նրա ելույթների մեջ ոչ ոք չի հիշի հանքարդյունաբերության անդրադարձ, թեև ծրագրում կա, թե  պետք է հանքերի շահագործման լիցենզիաները վերանայել, ու նաև Սյունիքում հանդիպման ժամանակ մի  քննադատական խոսք էր ասել: Բայց ոչ մի խոսք ազգայնացման մասին:

Մյուս ընդդիմությունն էլ՝  ՀԱԿ-ը, որի առաջնորդի եղբայրն էր ժամանակին հանքեր շահագործում, նրանց լիդերների բազմաթիվ ելույթներում հանքարդյունաբերություն բառը դժվարությամբ կգտնես, իսկ ազգայնացման մասին ոչ մի խոսք: Ի՞նչ ազգայնացում, իրենք իրենց գաղափարախոսությանը հո դեմ չեն գնալո՞ւ:

Այսպիսի ընդդիմություններ, վստահ են, նրանց գաղափարախոսությունն է, որ ամեն ինչ, նաև հանքարդյունաբերությունը պիտի մասնավոր լինի: Իսկ եթե մասնավոր է, ապա միակ տարաձայնությունը ընդդիմադիրների ու իշխանության մեջ էն կլինի թե ով շահագործի կամ ով շահագործման լիցենզիա տա: Հա, մյուս տարաձայնությունն էլ սահմանադրական փոփոխություններն են:

Ու ամբողջ ընդդիմության աչքին Մեղրիի սպառնող ասղետը չի երևում, մի ազատական նախագահ սահմանդրություն է ուզում փոխել, մի ուրիշ ազատական ընդդիմություններ դրա դեմ պայքարի են դուրս եկել:

Սուպերմարքեթ-հրե՞շ, թե՞ սահմանդրություն. Ազատականների 25-ամյա վերարտադրությունը ոչնչացնում է երկիրը

Մի՞թե միայն հանքարդյունաբերության հիմնահարցն է Սահմանդրությունից կարևոր:

Իսկ հանրախանութները(սուպերմարքեթ) ի՞նչ կորուստներ բերեցին: Սահմանադրությունը փոխես-չփոխես, մեկ է, հանրախանութները ծածկել են Երևանն ու սպառնում են մյուս քաղաքների առևտուրն էլ մոնոպոլիզացնել, դարձել են  արտագաղթի պատճառներից մեկը:

Որտեղ առևտուրը թեժ է, խանութները շատ են, գործարար Սամվել Ալեքսանյանը բերել- տնկացրել է  ֆուտբելի դաշտի չափ հրեշ-հանրախանութ «Երևան սիթի», որ տասնյակ խանութներ կուլ է տալիս: Երևանի ամենաաշխույժ շուկաներում, ամենաբանուկ տեղերում  բացվեցին «Երևան սիթիներ»՝  Նորքի զանգվածում, Երրորդ մասում, Զեյթունում, Դավիթաշենում, Կոմիտասի շուկայի մոտ, Մաշտոցի պողոտայում, Աջափնյակում(Կայզեր սուպերմարքեթը) և այլն: Հազարավոր ընտանիքների խանութները փակվեցին, ու ի՞նչ արեցին նրանք, պարզ չի՞ որ շատերը արտագաղթեցին: Բայց ընդդիմությունները որ այդքա՜ն սիրում են խոսել արտագաղթի դեմ, մի անգամ չասեցին՝ հերիք, էս մի հանրախանութն էլ մի սարքեք, որ մի քսան երեսուն ընտանիք մնան:

Ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի վրայի Ծածկած շուկայի շենքի վերակառուցման դեմ. Իսկ ինչո՞ւ. ոչ թե նրա համար որ մի հրեշ էր բացվելու ու կուլ տալու մանր առևտրականներին, այլ որ շուկայի շենքը հուշարձան է, այսինքն, հուշարձանը պահպանեք, մեջը ինչ ուզում եք դրեք(ցույցերի ժամանակ մի կին հարցրել էր, թե ինչի՞ եք դեմ սուպերմարքեթին, ակտիվիստը պատասխանել էր՝ մայրիկ, որովհետև սա հուշարձան է, կինը զարմացել էր՝ տղա ջան, ո՞ւր է հուշարձան, էստեղ ոչ մի արձան չկա): Իսկ էն որ մի հանրախանութի պատճառով էս պստիկ ու նոսրացող երկրում բազմաթիվ ընտանիքներ եկամուտներից կզրկվեն,  ակտիվիստների հեչ պետքները չէր(ակտիվիստների մասին տես «Հայկական ակտիվիզմ. Երջանիկ լինես» ):

Լսել եմ, թե տարիներ առաջ Արթուր Բաղդասարյանը Անվտանգության խորհրդի նիստում հանրախանութների վտանգի հարցն է բարձրացրել, որ պետք է սահմանափակել դրանք, թե մի հանրախանութի պատճառով հարյուրավոր մարդիկ անգործ են մնում,  բազմաթիվ մանր խանութներ փակվում են: Իսկ Սերժ Սարգսյանը պատասխանել էր՝ ի՞նչ կա որ, թող այդ անգործ մնացածները աշխատանքի ընդունվեն հանրախանութներում:

Մեկ ուրիշ անգամ, երբ հանրախանութների վտանգի մասին խոսում էի մի խումբ ընդդիմադիր երիտասարդների հետ, նրանցից մեկը, ով Ամերիկայում կրթություն էր ստացել, ասեց՝ բայց դա նորմալ է, շուկայական մրցակցություն, ով չի դիմանում վերանում է, թող էն խանութպանն էլ նորմալ խանութ սարքի, մրցակցի: Ո՞նց սարքի, ի՞նչ փողով, հազիվ մի քանի կոպեկ կպցրել, վարկի ու տոկոսի տակ մտել, երեք մետր խանութ է բացել որ տուն պահի, մեկ էլ կողքը դնում են մի քանի միլիոնանոց  հրեշ, որ քաշում է իր կողմ սպառողներին:

Այո, հանրախանութը հարմարավետ է, իսկ երիտասարդները, նաև ակտիվիսնտերը չեն ուզում իրենց հարմարավետությունից մի քիչ զոհել կողքինի բարեկեցության խաթեր:

Ծանոթս, որ լույսը բացվելու ու արևը մայր մտնելու հետ Սերժ Սարգսյանին հայհոյում է, երբ հանրախանութների վերաբերյալ անվտանգության խորհրդի պատմությունը լսեց, բառացի ասեց՝ Սերժը նորմալ է պատասխանել:

Ուրեմն, նորմալ է, որ՝ ով ավելի մեծ կապիտալ ունի, պիտի հաղթի, իսկ ով՝ քիչ, պարտվի, նրա մեջ ոչնչացվի ստեղծագործական, ձեռներեցության, սեփական գործ ունենալու ջիղը,  ու նա վերածվի իրեն ոչնչացնող կապիտալի կողմից շահագործվող բանվորի:
Հայաստանի հետաքրքիրն ու իշխող դասակարգի հաջողությունը էն են, որ իշխանության գաղափարական աջակիցները հենց ընդդիմության մեջ են, որ հենց ընդդիմադիրներն են կողմ էն տնտեսական քաղաքականությանը, որ իշխանությունն է վարում՝ սեփականաշնորհում, ազատ շուկա: Փաստը էն է, որ Սերժ Սարգսյանի տիրապետության օրոք ընդդիմադիրները (Ժառանգություն, ՀԱԿ և այլն) չբարձրացրին, չդարձրին իրենց պայքարի թիրախ Երևանի մանր առևտուրը խժռող հանրախանութները: Թիրախը մեկն է՝ էն աթոռի վրայի մարդը, որը հանքերի ու հանրախանութների լիցենզիաներն է  բաժանում, նրան գցեն որ իրենք լիցենզիա բաժանեն: Մի հոգի վատից-լավից, ոչ հետևողականորեն, բայց ամեն դեպքում հանրախանութների վտանգի մասին էր խոսում, էն էլ ընդդիմությունը անունը դրեց՝ ախք:

Ամեն մեկը իր նորմալն ու ճիշտը ունի, նայած ինչ գաղափարախոսություն ես դավանում, Սերժը նորմալ է պատասխանել և՛ ընդդիմության, և՛ իշխանության նույն ազատական(լիբերալ) գաղափարախոսության տեսանկյունից` հանրային շահը զոհ է գնալու անհատական շահին, որ շուկայական մրցակցություն է, ով չի դիմանում, վերանում է, ով ուժեղ է, հաղթում է, իսկ  թույլերը պիտի ճնշեն իրենց մեջ պարտության դառնությունը ու որ սոված չմնան, անցնեն ուժեղների մոտ աշխատանքի:

Իսկ ո՞վ է ուժեղը, նա ով զուրկ է էթիկական արգելակներից  և իշխանությունը օգտագործում է հազարավոր կյանքեր կործանելու հաշվին հարստություն դիզելու համար,  որ  դա փխրուն, պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար կործանարար գաղափար է:
Ու երբ հանքարդյունաբերության կամ հանրախանութների վտանգների հիմնահարցերն են բարձրացվում, հասկանում ես, որ իշխանությանը ատողների, ընդդիմադիրների ու իշխանություն ունեցողների մեջ ոչ մի գաղափարական տարաձայնություն չկա: Ուղղակի երբ նրանք, այդ ընդդիմադիրները տեսնում են, որ երկրի վիճակը վատանում է, ճգնաժամը խորանում է, արտագաղթը աճում է, իշխանության հետ գաղափարական հակասություն չգտնելով, մարդկանց մեջ են մեղավորներ փնտրում ու սկսում են հայհոյել անհատներին, նրանց ովքեր իշխանության են, ու քաղաքական ամենակենսունակ կարգախոսը տարիներ շարունակ մնում է «Այսինչ հեռացիր»-ը:

Տարիները անցնում են, կարգախոսի մեջ  միայն մի բառ է փոխվում, միայն առաջին բառը,  սկզբում «Լևոն հեռացիր», հետո բառը փոխվեց, դարձավ «Ռոբերտ հեռացիր», իսկ հիմա, արդեն յոթ տարի «Սերժիկ հեռացիր»: Վաղը Սերժը կհեռանա, բայց կարգախոսը չի փոխվի, միայն առաջին բառ:

Իսկ եթե գաղափարական տարաձայնություն չկա, ինչի՞ չվերարտադրվի իշխանությունը: Չվերարտադրվի, որ հանքերի ու հանրախանութների տերերը փոխվե՞ն: Եթե իշխանության ու ընդդիմության տեղերը փոխվեն միթե՞ դա էլ  վերարտադրություն չէ, գաղափարի, լիբերալ գաղափարի վերարտադրություն:

Իսկ թե ինչպես ազատականությունը ցեմենտ-բետոնի պես արմատավորվեց Հայաստանում անցք չթողնելով ձախ գաղափարների համար, հաջորդ նյութում:

Շարունակությունը՝ Ազատականության հաղթարշավը

tert.am

Entry filed under: խոհ. Tags: .

Լուսանկարը և հարցազրույց վարողը ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: