Խնդալու չի. հակառուսականության մտավորական ճակատը

05.09.2016 at 08:52 Оставьте комментарий

Իռլանդիայի ամենատարածված հուշանվերներից մեկը իռլանդացի ութ գրողների նկարներով իրերն են՝ օրացույց, բաժակ և այլն:

Եթե լեզվով է որոշվում, թե գրականությունը որ մշակույթն է ներկայացնում, ապա իռլանդական հուշանվերների վրա պատկերված ութ գրողներն էլ իռլանդերեն չեն գրել, գրել են անգլերեն երբեմն` ֆրանսերեն: Հետևաբար, ըստ այդ սահմանման, նրանք իռլանդացի գրող չեն: Սակայն սահմանումը դոգմա չի, կարող ես ստեղծել այլ սահմանումներ էլ և միայն լեզվով չորոշել, թե գրական գործը որ մշակույթին է պատկանում, օրինակ, Ջեյմս Ջոյսը կարող է և՛ անգլիական, և՛ իռլանդական գրականություն դիտվել, քանի որ գրել է անգլերեն, բայց շատ յուրահատուկ իռլանդական միջավայրն է թեման, և Իռլանդիայի պարծանքը այնպես, ինչպես Թումանյանը` Հայաստանինը:

Սակայն մի քիչ ավելի բարդ է իռլանդացի գրող համարել հուշանվերների վրա պատկերված Օսկար Ուայլդին, Սեմուել Բեքետին և Բերնար Շոուին, որոնցից երկուսը գրել են երկլեզու՝ անգլերեն, ֆրանսերեն: Բայց այս հանգամանքները չեն խանգարել, որ փոքր ժողովուրդը իր մայրաքաղաք Դուբլինում ծնված ազգությամբ իռլանդացի գրողներին համարի իռլանդական, և դա կարծես այնքան էլ ծիծաղելի չի: Ինչո՞ւ սահմանումներ սարքելով ճնշել փոքր ժողովրդի` իր մեծ զավակներով հպարտանալու զգացումը:

«Սպարտակի» մասին կլսեք որպես հայկական երաժշտություն, սա խնդալու է»,- ասում է մշակութաբան Հրաչ Բայադյանը իր «Հետխորհրդայինը որպես հետգաղութային (Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները, մաս 2)» դասախոսության մեջ:

Բայադյանը կենտրոնանում է երկու արվեստագետների` Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի վրա, ու պնդում, որ նրանք հայ մշակույթի հետ կապ չունեն. « Ասել, որ Փարաջանովը հայ կինոռեժիսոր է, կներեք, դրա համար հիմքեր չկան»:

Իսկ ինչու է խնդալո՞ւ. Բայադյանը բացատրում է. «Դա ճիշտ տեսանկյուն չի, որ կոմպոզիտորը հայ է եղել: Արամ Խաչատրյանը հայ էր ծագումով, արյունով, բայց նրա գրած բալետը, նրա գրած երաժտությունը ընդհանրապես խորհրդային երաժշտություն էր: «Սպարտակ» բալետը հնարավոր չի պատկերացնել Հայաստանում, էդ մասշտաբը, էդ մոնումենտալությունը: Արամ Խաչատրյանը ռուսական երաժշտական դպրոցի ներկայացուցիչ է, կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում, աշխարհի շատ երաժշտության խանութներում, երբ հանդիպեք Արամ Խաչատրյանին, գրված է ռաշն քոմփոզեր կամ սովետ քոմփոզեր և երբեք` հայ կոմպոզիտոր»:

Ուրեմն նա երեք հատկանիշով է որոշում, որ Խաչատրյանը հայ կոմպոզիտոր չի՝ 1. Կրթությունը՝ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 2. Արվեստի ուղղությունը` «Սպարտակը» մոնումենտալիստական գործ է, 3. Եվրոպական խանութների որոշումը` եվրոպական երաժշտական խանութներում նրա անվան դիմաց գրվում է սովետական կամ ռուս կոմպոզիտոր:

Եվրոպական երաժշտական խանութներ գնալու հնարավորություն քանի որ չկար, ինտերնետում փնտրեցի եվրոպական, ոչ հայկական կայքեր, և գտա, որ Խաչատրյանի անվան դիմաց գրված է սովետահայ կոմպոզիտոր, ինչպես, օրինակ, անգլերեն վիքիպեդիայում՝ was a Soviet Armenian composer and conductor.

Դասական երաժշտության ինտերնետային վաճառքի կայքում Խաչատրյանի կենսագրության մեջ չի նշվում նրա մշակութային պատկանելությունը, սակայն ասված է.

«Նրա յուրահատուկ երաժշտական ոճը անջնջելիորեն կրում է իր հայկական ժառանգության հետքը»:

Արամ Խաչատրյանի մասին պատմող ամերիկյան «Խաչատուրյան» ֆիլմի անոտացիայում գրված է՝ վավերագրական ֆիլմ սովետահայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին.

Իսկ մեկ այլ տեղ` Video Artists International կայքում ասված է.

«Փիթը Ռոզենի վերջին աշխատանքը հայ մեծ կոմպոզիտորի հարյուրամյակին է նվիրված, համարձակ, թեև հուզիչ մի պատմություն նրա բարդ կյանքի մասին ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանում: Ֆիլմը ողբերգական ժամանակաշրջանի խավարի մեջ ստեղծագործող կոմպոզիտորի կյանքի մասին է: Ինչպես շատ սովետական քաղաքացիներ, Խաչատուրյանը թաքցրել է իր բարդ անձնական կյանքը կոմունիստական հավատարմության դիմակի տակ»:

Մյուս հարցը, թե արդյոք հայ կոմպոզիտորը ի վիճակի չի գրել մոնումենտալ ստեղծագործություն: Կարծում եմ, որ կարող է, որևէ մշակույթ չի կարող սահմանափակել որևէ ուղղություն, ժանր կամ ծավալ, խնդիրը արվեստագետի անձն է, թե նա ինչ կարող է անել: Այդպես, նաև Հրանտ Մաթևոսյանն է ասել, թե հայերենով վեպ հնարավոր չի ստեղծել, որին Արամ Պաչյանին տված հարացազրույցում պատասխանում է սփյուռքահայ գրող Գրիգոր Պըլտեանը. «Վիպային լեզուն դո՛ւն պիտի ստեղծես, պիտի յօրինես եւ ոչ զայն գտնես որպէս լեզուին մէջ արդէն պատրաստի գործիք: Կարող ես զայն սորվիլ… Սերվանդէս կամ Ֆոլքներ կարդալով։ Իսկ սորվելէ ետք՝ պարտաւոր ես քու լեզուդ գտնել։ Միայն երկրորդական վիպասանները, բանաստեղծները, քննադատները հետամուտ կ՚ըլլան պատրաստիին»։ Այդպես էլ մոնումենտալությունը հեղինակն է ստեղծում և ոչ թե, չգտնելով իր ազգային մշակույթի մեջ, հրաժարվում դրանից: Այսուհանդերձ, կուզեի այս հարցին անդրադառնային նաև երաժշտագետներն ու արվեստաբանները, թե արդյոք հայ արվեստում, մասնավորապես երաժշտական արվեստում, հնարավո՞ր են մոնումենտալ գործեր, և եթե չկան, ապա դա նշանակո՞ւմ է, որ հայ հասարակությունը անընդունակ է մոնումենտալ գործ ստեղծել:

Իսկ «Գայանե» բալե՞տը, և՛ երաժշտական, և՛ սյուժետային թեմաները, և՛ անունը հայկական են, սա է՞լ է ռուսական մշակույթ, թե՞ Խաչատրյանը «Սպարտակի» դեպքում հայ չի, իսկ «Գայանեի» դեպքում հայ է, բայց չէ՞ որ «Սպարտակում» էլ լիքն են հայկական մոտիվները:

«Ես եվրոպական երաժշտությամբ եմ կրթվել, և իմ մեջ հայկական երաժշտության նկատմամբ սերը առաջացավ Արամ Խաչատրյանով»,- ասում է բարեկամուհիս` դաշնակահար, կոնսերվատորիայի դասախոս Ալդա Զաքարյանը:

Երրորդ հատկությունը՝ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան. կրկին հարց՝ Մոսկվայի կոնսերվատորիան ավարտողը չի՞ կարող լինել հայ կոմպոզիտոր: Ինչպես, օրինակ, Մարտիրոս Սարյանը` Մոսկվայում իսկ Մինաս Ավետիսյանը Լենինգրադում են իրենց մասնագիտական կրթությունն ստացել, արդյոք նրանք հայ նկարիչներ չե՞ն: Արվեստագետը անպայման պիտի Հայաստանի հաստատություններո՞ւմ կրթվի, որ համարվի հայ արվեստագետ: Բայադյանը կարծես այդպես է ասում` հեգնելով. «ազգային երաժշտություն, ազգային գրականություն, ազգային թատրոն, ազգային գեղանկարչություն՝ նույնպես ռուսականի հետ առնչություններ կան»: Այսքան նեղանո՞ւմ է ազգայինի սահմանումը, դառնում ավելի արմատակա՞ն ազգայնականություն: Հայ իրականության մեջ այդպիսի արմատական ազգայնական մոտեցում դրսևորվում է ավելի ակնհայտորեն ռաբիսի նկատմամբ, երբ քննադատում են այն իր արևելյան մոտիվների համար, ինչպես Ազատություն ռադիոյին է ասում դերասան Գարիկ Պապոյանը.

«Չի կարա մի ազգում հնչի ազգագրական երաժշտություն, որը ոգեւորում ա քեզ թշնամու դեմ ու նույն ազգում հնչի թշնամու երգը հայերեն բառերով, դա ամոթ ա: Ռաբիսը ադրբեջանական, թուրքական երաժշտություն ա, իսկ այսօր այդ երաժշտությունը մեզ մոտ արտադրում են: Թող ռաբիսը լինի աշխարհի ամենալավ երաժշտությունը, բայց որ ինքը մեր թշնամու երաժշտությունն ա, մենք իրավունք չունենք Հայաստանում հնչեցնելու»:

Եվ ընդհանրապես, եթե գրականությունը կարելի է որոշել լեզվով, եթե հայերեն է գրել, ուրեմն հայ գրող է, ապա ի՞նչ չափանիշներով է որոշվում նկարչի կամ կոմպոզիտորի մշակութային պատկանելությունը, օրինակ, ինչո՞ւ է Դվորժակը չեխ կոմպոզիտոր, որ չեխական ֆոլկլո՞ր է օգտագործել դասական ավանդույթներով երաժշտության մեջ, այդ դեպքում Խաչատրյանն էլ հայկական ֆոլկլոր է օգտագործել և՛ «Սպարտակ», և՛ «Գայանե» բալետներում: Կամ Ֆերենց Լիստը, ով կրթություն է ստացել Վիեննայում, թե՞ այն ժամանակ Վիեննան ավստրոհունգարական կայսրության մայրաքաղաքն էր, և այնտեղ կրթությունը կարելի է համարել հունգարական: Իսկ Մոսկվա՞ն, մի՞թե միայն Ռուսաստանի մայրաքաղաքն էր, չէ՞ որ նաև Սովետական սոցիալիստական հանրապետությունների միության մայրաքաղաքն էր, և արդյոք Մոկսվայում չէ՞ր կարող կրթվել հայ կոմպոզիտոր:

Իսկ հնարավո՞ր է լինել և՛ հայ, և՛ սովետական, և՛ ռուսական կոմպոզիտոր, թե՞ պարտադիր պետք է «անխառն հայ կոմպոզիտոր» լինել, որ համարվի հայկական:

Իսկ Փարաջանո՞վը, Փարաջանովը եթե հայ ռեժիսոր չի, ի՞նչ է, սովետակա՞ն, միայն կուզեի` ցույց տային, թե ինչն է Փարաջանովի սովետականը, մանավանդ, եթե ընթերցենք ֆիլմերի սեռականության ենթատեքստերը: Գուցե վրացակա՞ն, ուկրաինակա՞ն, ադրբեջանակա՞ն, իսկ գուցե և՛ հայկական, և՛ վրացական, և՛ ուկրաինական, և՛ ադրբեջանական: Կարծես չկան կայուն սահմանումներ, ուրեմն, կարելի է վերջին խոսքը թողնել արվեստագետին: Իսկ գուցե թույլ տան արտի՞ստը որոշի, թե ինքը ինչ մշակույթ է ներկայացնում. այդ դեպքում նրանք երկուսն էլ հայ մշակույթ են ներկայացնում, և՛ Խաչատրյանի և՛ Փարաջանովի ցանկությամբ` նրանց աճյունները  Երևանում են:

Բայադյանը միայն երկու անուն է առանձնացնում որպես հայ մշակույթ՝ Հրանտ Մաթևոսյանը և Արտավազդ Փելեշյանը (ով, ի դեպ, նույնպես Մոսկվայում է կրթություն ստացել):

Ինչո՞ւ: Փելեշյանի մասին շատ բան չասեց, միայն այն, որ դիստանցիոն մոնտաժն է հայտնագործել: Իսկ Հրանտ Մաթևոսյանը գրել է «Խումհար» պատմվածքը, որը նա դիտում է որպես դիմադրություն կայսրությանը.

«Խումհարը» մի դիմադրության փորձ է` հետ նայելու և նկարագրելու կենտրոնը, սա միանգամայն արգելված ժեստ էր»:

Չգիտեմ, թե ինչպես է համակենտրոնացման ճամբարների երկրում մի ժեստ, որը որպես գիրք տպվել, թարգմանվել է ռուսերեն, արգելված դիտվում: Եթե գրաքննությամբ անցած «Խումհարը» արգելված ժեստ է, ապա որո՞նք են արգելված լինելու չափանիշները: Բայադյանի հետգաղութային տեսության մեթոդով «Խումհարը» դիտարկելը որպես գաղութացնողի նկարագրություն գաղութացվածի կողմից հետաքրքիր է, բայց ինչպես «Խումհարը», այնպես էլ Մաթևոսյանի մյուս գործերը, տեղավորվում էին 70-80 թվականներին գյուղը պահպանելու, գյուղի ու քաղաքի հակադրության մեջ գյուղը նախընտրելու կոմկուսի որդեգրած քաղաքականության մեջ, այդ նույն կոնտեքստում էր Դանիելիայի «Միմինո» ֆիլմը: Մաթևոսյանի «Խումհարում» գյուղին հակադրվում է Մոսկվան, իսկ նրա «Բաց երկնքի տակ հին լեռներ» պատմվածքում գյուղին հակադրվում է Երևանը:

1970-ականներին Սովետական Միությունում առաջացել էր գյուղական արձակի մի ամբողջ շարժում՝ Աստաֆև, Բելով, Ռասպուտին, Շուկշին և այլն, որոնց մեջ նաև Մաթևոսյանն էր, ովքեր հաճախ հակադրում էին գյուղը քաղաքին, ինչպես ասում է նրանց մասին գրականագետ Մարտազանովը՝ .«1960-1970-ական թվերին  քննադտության մեջ տարածված էր այն թեզը, որ «գյուղագիրների» տեքստերում իշխող դեր է խաղում «գյուղ-քաղաք» ընդդիմությունը, համարվում էր որ այս հեղինակները առաջին հերթին ձգտում են հակադրել գյուղացիության բարոյականությունը, համայնքայնությունը քաղաքային բնակչության մեկուսացվածությանն ու հոգևոր սնանկությանը… Բոլիպաևը նկատում է, որ Գյուղական արձակը ոչ միայն նորհողագործական դիրքերից քննադատում էր սովետական իրականության շատ երևույթներ, այլև դատապարտում էր ժամանակակից քաղաքակրթության բացասական միտումներն ընդհանրապես» : Ուրեմն, խիստ չափազանցված է Մաթևոսյանի գործը արգելված կամ դիսիդենտական որակելը:

Ինչպես գյուղական արձակի ռուս ներկայացուցիչներն էին ստանում Սովետական պարգևներ, այնպես էլ  Հրանտ Մաթևոսյանն է ստացել Մոսվայում հրատարակվող «Дружба народов» ամսագրի և  ՀԽՍՀ պետական մրցանակներ, որոնք չէին տրվում արգելված ժեստ անողներին: Ընդհանրապես հետսովետական միջավայրում տարածված միտում կա՝ որևէ ստեղծագործության կամ անհատի արժեքը բարձրացնելու համար նրանց ներկայացնել որպես արգելված կամ հալածված:

Մանավանդ, որ կար իրոք արգելված գրականություն, մասնավորապես այդ ճամբարների գրականությունը, որոնք իրոք արգելված էին, ինչպես Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վեպը, որ տպվեց հեղինակի մահից հետո, միայն վերակառուցման ժամանակ, նաև` նույն Մահարու «Այրվող այգեստանները», որը, ճիշտ է, պետական գրաքննությունը չարգելեց, բայց «արգելեց» հասարակական գրաքննությունը և ստիպեց հեղինակին վերանայել այն: Իսկ եթե հայ գրականության մեջ կայսրությանը դիմադրության թեմա է անհրաժեշտ, ապա դա Բակունցի մի շարք պատմվածքներում է՝ «Սպիտակ ձին», «Նամակ ռուսաց թագավորին», «Միրհավ», «Մթնաձոր» և այլն, որոնցում տարբեր ձևերով ռուսական ներխուժումն ու նրա բերած ավերումն է: Ինչքանո՞վ կարելի է Բակունցի պատմվածքներում ռուսական կայսրականությունը նույնացնել սովետականի հետ, հարց է, միայն փաստ է, որ  նրա ստեղծագործությունը հանգեցրեց հեղինակի գնդակահարությանը:

Շարունակելով դիմադրության թեման` Բայադյանը Մաթևոսյանին ներկայացնում է դիսիդենտ գրող, մեկը, ով խոսել է միակ դիմադրության ձայնով.

«Ընդհանրապես ասել, որ Սովետական Սոցիալիստական, իրական սոցիալիզմի երկրում կան լռեցված, համրեցված, ձայն չունեցող խավեր, կոռեկտ չի, չէ՞ որ Սովետական միությունը ստորակարգ խավերի երկիրն էր: Ինչպե՞ս կարող էր գրողը հանձնառություն ունենալ խոսել նրանց անունից, ում ձայնը կտրված էր, ով չունի հնարավորություն խոսելու: Ինչպե՞ս գրողը կարող է գաղութային հարաբերությունների մեջ ընտրել դիրքորոշումներ և այդ դիրքորոշումներից ելնելով` գրել տեքստեր, որոնք շատ արդյունավետ են թեման քննարկելու առումով»:

Բայադյանը պնդո՞ւմ է արդյոք, թե կոռեկտ չի ասել` համրացված խավեր կային, թե՞ հեգնում է Սովետական իշխանությանը: Այսուհանդերձ, կոռեկտ չի ասել, թե Սովետում լռեցված խավեր չկային, կային, ինչպես, օրինակ, միասեռականները, մասնավորապես` գեյերը, ովքեր Սովետական Միությունում քրեական հանցագործներ էին համարվում, դատվում էին «արվամոլության» հոդվածով, մի՞թե նրանք լռեցված չէին: Իհարկե լռեցված էին, և այնպես, որ նույնիսկ հակասովետական դիսիդենտները միասեռականների իրավունքների հարցը չէին բարձրացնում: Եվ այդ լռեցված խավի ձայնն էր արտահայտում հենց Փարաջանովը իր ֆիլմերում, ավելի բացահայտ «Աշուղ Քերիբ»-ում ու «Նռան գույնը»-ում:

«Նռան գույնը»-ում սեռական ցանկությունների ենթատեքստը բացելու փորձ է արել Ռոբերթ Սաֆարյանը «Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հոգեվերլուծական մեկնաբանություն «Դուն կրակ, հագածդ կրակ» տեքստում:

Սաֆարյանից մի մեջբերում, որն ուղղակի ցույց է տալիս Փարաջանովի դիմադրությունը սովետական ամբողջատիրությանը.

«Երիտասարդ բանաստեղծի և նրա սիրուհու դերը կատարում է նույն դերասանուհին։ Արդյոք սա պիտի պատահակա՞ն համարել, թե՞ կարելի է խորհել, որ այսպիսով ասես բանաստեղծը ինքը դառնում է իր սիրո առարկան։ Կարծես իր մշտական վշտի ու տանջանքի պատճառն այն է, որ ինքն իրեն չի գտնում, ինքն իրենից բաժանված է։ Այս երևույթը հիշեցնում է նաև այն հոգեվերլուծական գաղափարը, որ մարդու սեռային ինքնությունը բացարձակ չէ. ամեն տղամարդու մեջ ներկա են կանացի հակումներ, և, փոխադարձաբար, ամեն կնոջ մեջ՝ տղամարդկային ձգտումներ»։

Եվ «Նռան գույնը» նկարելուց 6 տարի անց` 1974-ին, Փարաջանովին դատեցին «արվամոլության» հոդվածով: Ուրեմն, եթե Բայադյանը Փարաջանովին հայ ռեժիսոր չի համարում, ապա առավել ևս չի կարող համարել սովետական ռեժիսոր: Ե՞վ, և ինչպե՞ս որոշենք, որո՞նք են սահմանումները, թե արվեստագետը ինչ մշակույթի է պատկանում: Կրկին պատասխանը Պանթեոնում է:

Խաչատրյանի և Փարաջանովի փոխարեն որոշելը թե նրանք որ մշակույթն են ներկայացնում, և այդպիսով  օտարելը հայ մշակույթից մերժողական ազգայնականության  մի դրսևորում է. երբ ոչ թե մարդուն են թույլ տալիս որոշել իր ազգությունը կամ ինքնությունը այլ ազգայնականն է նրա փոխարեն որոշում նրա պատկանելիությունը(նման ձևակերպումներ չե՞ն՝ ով առաքելական չի հայ չի, գեյը հայ չի կարող լինել, ով հայերեն չգիտի հայ չի և այլն):

Ուրեմն, ինչո՞ւ է Բայադյանը օտարում նրանց հայ մշակույթից՝ մաքրե՞լ ազգային մշակույթը խառնուրդների՞ց, դարձնել ավելի «անխա՞ռն», «բյուրեղյա՞»:

Գուցե, բայց նրա նացիոնալիստական մաքրասիրությունը ուղղված է միայն ռուսական կամ սովետական ազդեցությանը, Հայաստանի նկատմամբ գաղութացումը նրա համար միայն հյուսիսից է գալիս:

Այսպես, նրա «Լեզվի լեգիտիմության աղբյուրները»  հոդվածում քննարկում է միայն ռուսական օտարաբանությունները` այլ լեզուներից օտարաբանությունների թափանցման ֆոնին ծեծված ու հնացած թեմա: Հեգնելով ու քննադատելով ռուսաբանությունները որպես սպառողական մշակույթի արտահայտություն («ռուսերեն բառերի մի մեծ խումբ կա, եթե բավարարվենք միայն բառերով (պրիվետ, պակա, վաբշե, մարշրուտկա, աստանովկա, մոստ, մարոժնի և այլն), որ լայնորեն օգտագործվում է խոսակցական հայերենում»), ինքն իր տեքստում օգտագործում է մի շարք օտարաբանութուններ, որոնք ռուսեներնից չեն անցել և հենց սպառողական մշակույթի լեզուն են ներկայացնում (սուպերմարկետային, բրենդներ, ֆոտոմոդել): Ուրեմն, եթե սպառողական մշակույթի ազդեցությունը լեզվի մեջ պետք է քննել, ապա հաստատ այդ ազդեցությունը ռուսերենով չի գալիս, ռուսերենի մեջ էլ ներթափանցել են ավելի շատ անգլաբանություններ, ավելի քիչ` ֆրանսաբանություններ ու իտալաբանություններ: Օտար մեկը, եթե Երևանի փողոցներով քայլի, կկարծի, թե այս երկիրը անգլիական գաղութ է եղել, ցուցանակների մեծ մասը կամ լատինատառ անգլերեն են, կամ` հայատառ անգլերեն, երբեմն էլ ֆրանսերեն կամ իտալերեն, ինչպես օրինակ՝ Քուին քեյք, Սակվոյաժ, retro café, Say Cheese, Square 1, Wine Republic, Green Been, Art bridge, Yellow Street, Tashir street shoping gallery, Kids land, The Beetles Beer academy, Cofeeshop Company, Yellow street, 12 Tables, Waffle House, Central, Natural Gold, Lady Bravo և այլն:

Մյուսը՝ նրա աչքից չի վրիպել վերջերս համացանցում հայտնված ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական գրքից Հայաստանի մասին 2 էջանոց հատվածը, ուր պատմում է, թե ինչպես մի անգամ գիշերը հայտնվել է Հայաստանի լեռնային մի տարածքում: Բայադյանը, օգտագործելով հետգաղութային տեսության գործիքները, այն քննադատում է որպես գաղութատիրական հայացք ուղղված գաղութին՝ «ռուսական-սովետական գաղութային դիսկուրս»: Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ օտարազգիներ հաղորդումներ, գրքեր, հոդվածներ են գրում ու գրել, որոնց մեջ կարելի է գտնել այնպիսի տրամադրություններ, ինչպիսին են Պոզների գրքի փոքրիկ հատվածում (փնտրեք ինտերնետում «Օտարները հայերի մասին», և կգան բազմաթիվ ասույթներ՝ Հայաստանը էկզոտիկացնող ու հայերի հին մշակույթի մասին` սկսած անգլիացի Բայրոնից («ազնվական մնացած ազգի հոգևոր դեմքեր»), մինչև ամերիկացի Ռոքուել Քենտ («Հայաստանը հրաշքների երկիր է»… Եթե ինձ հարցնեն` մեր մոլորակի վրա որտե՞ղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես առաջին հերթին կնշեի Հայաստանը»): Ի դեպ, նաև Չե Գևարան է Հայաստանի մասին խոսել՝ «Արամ Խաչատրյանի երաժշտությունը անմահ է, նրա մեջ հայ ժողովդրի ոգին է, պայքարի և հաղթանակի ոգին»), սակայն Բայադյանի թիրախը միայն Ռուսաստանն է, միայն ռուս մտավորականները, նրանց հայացքը:

Դասախոսության սկզբում նա բողոքում է. «Խորհրդային անցյալը յուրացվում է, լեգիտիմացվում է որպես ազգային, ճարտարապետությունը՝ հայկական ճարտարապետություն է, կինոն հայկական կինո է, ամենապրոպագանդիստական, ամենաակնհայտ իդեոլգիական բեռնվածություն ունեցող երգերը, օրինակ, Առնո Բաբաջանյանի երգերը , որոնք ակնհայտորեն սովետական երգեր են, հեշտությամբ համարվում են որպես հայկական էստրադա, խորհդային էստրադան համարվում է հայկական ջազ»:

Այս բոլորը նա համարում է ռուսական կամ խորհրդային, ինչպես «Սասնա ծռեր» էպոսը, քանի որ այն որպես էպոս արժևորվել է սովետական տարիներին, Բայադյանն ասում է՝ «ահա քեզ՝ որը արևելահայ չի իր ծագմամբ, արևմտահայ է, սովետական է, խորհդային է, ռուսական է, բայց դառնում է ազգային էպոս»:

Իսկ ինչպե՞ս են վերաբերում սովետական ժամանակների իրենց մշակույթներին սովետական մյուս ազգերը, օրինակ` հարևան ադրբեջանցիներն ու վրացիները. այն ամենը, ինչ ստեղծվել է սովետական ժամանակ՝ կինո,  թատրոն, ճարտարապետություն, ազգային՝ ադրբեջանական կամ վրացական համարո՞ւմ են, թե՞ ոչ, կամ միջինասիական ժողովուրդները, որ պետական կառույցներ առաջին անգամ ստացել են միայն Սովետական Միությունում, Սովետում են ձևավորվել որպես ազգեր, ստացել պետական սահմաններ, ի՞նչ է՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում արտադրված արվեստը էլի ոչ ազգայի՞ն, սովետական կամ ռուսակա՞ն է, այդ դեպքում նրանք մինչև Սովետի փլուզումը չե՞ն ունեցել ազգային մշակույթ:

Հայաստանում սովետական անցյալի նկատմամբ վերաբերմունքի այս առանձնացված քննությունը, այլ հետսովետական հանրապետությունների համեմատության մեջ չքննելը հիշեցնում է ազգայնական այն հետազոտությունները, որոնք սեփական մշակույթը չեն կարողանում դիտարկել ընդհանուր համատեքստում, որի հետևանքով վստահ են լինում, թե հայտնաբերել են երևույթներ, որոնք միայն իրենց ազգին են բնորոշ: Թե՞ այլ հանրապետություններում սովետական անցյալի նկատմամբ  համեմատական քննությունը կխանգարի նպատակին՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու քաղաքականությանը:   Ահա և ամենագլխավորը՝ Բայադյանի համար պրոբլեմը միայն ռուսական կամ սովետական առնչություններն են, նա միայն դրանք է մերժում որպես հայկական մշակույթ, քանի որ նրա թվարկած արվեստի ճյուղերով ստեղծված գործերի մեջ բազմաթիվ եվրոպական առնչություններ կարելի է հայտնաբերել, հենց ազգային էպոսի գաղափարը որպես ազգային ինքնություն արևտյան ծագում ունի, կամ վեպը որպես գրական ժանր արևմուտքից է ներմուծվել, կամ այն ժանրերը, որով ստեղծագործել են Արամ Խաչատրյանն ու Փարաջանովը, կրկին արևմտյան են, կարծեմ Խաչատրյանը ոչ թե բալալայկայի համար է գրել կոնցերտ, այլ ջութակի:

Ուրեմն, ո՞րն է նրա նպատակը՝ մաքրել հայ մշակույթից այն ամենը, ինչ կապված է սովետականության և ռուսականության հետ, ստեղծել անխառն հայ մշակույթ: Բայադյանի մաքրամոլությունը ուղղված է միայն սովետականից մաքրելուն, նրա մաքրող նյութերը մաքրում են միայն սովետական և ռուսական «լաքաները»:  Այս մոտեցման քաղաքական արտահայտությունն է Հայաստանի հակառուսական ուժերի հռետորությունը:

Հրաչ Բայադյանի հոդվածները այն նույն նացիոնալիզմի արտահայտությունն են, որ հնչեցնում են օպերայի հարթակից կամ մամուլի օրգաններից տարբեր նացիոնալիստական խմբեր ու անհատներ. Տիգրան Խզմալյանը, Ժառանգություն, Հայազն, ԱԻՄ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունները անդադար հայտարարում են՝ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, պետք է ազատագրել:

Արևմուտքը Ռուսաստանի հետ առճակատման մեջ օգտագործում ու սրում է ամենառադիկալ նացիոնալիզմը, ինչպես դա արեց Ուկրաինայում և Վրաստանում, այնպես էլ անում է Հայաստանում: Անկախ երկրում միան ռադիկալ նացիոնալիզմը կարող է մերժել որևէ կապ  Ռուսաստանի հետ:

Քաղաքական հարթակում ռադիկալ նացիոնալիզմը պահանջում է անկախ պետությունից ավելի անկախություն, մինչև վերջ անկախություն, այնքան անկախություն, որ Ռուսաստանը որևէ կերպ կապ չունենա Հայաստանի հետ, իսկ հումանիտար ուսումնասիրությունների ոլորտում նա մերժում, չի ընդունում այն ամենը, ինչ կապված է կամ խառնված է սովետական կամ ռուսական մշակույթին:

Ռադիկալ նացիոնալիզմը, նեղացնելով սահմանները, մեկ այլ անջրպետ է բերում. Բայադյանը արևելահայ ու արևմտահայ ժողովրդին տարանջատելով ու նրանց տարբեր ազգեր ներկայացնելով՝ հողային կամ տեղային ազգայնականությունն է առաջ տանում՝ անընդունելի է համարում, որ արևմտահայ ծագմամբ պատումը դառնա արևելահայերի էպոս (փաստորեն, նա գտնում է, որ արևմտահայերն ու արևելահայերը այնքան տարբեր են՝ տարբեր ազգեր, որ արևմտահայ տեքստը չի կարող արևելահայերի կողմից էպոս ընդունվել, և այդ անընդունելի բանը արել է միայն Սովետը, թեև չի բացատրում, թե ինչպես նախասովետական շրջանում արևելահայ Թումանյանը մշակեց արևմտահայ էպոսը: Բայադյանի հողային նացիոնալիզմի մասին տես «Մարտահրավեր արդարությանը. անդրադարձ Բայադյան-Մարտիրոսյան զրույցին»):

tert.am

Entry filed under: խոհ. Tags: .

Տուպամարոսից մինչև Սասնա ծռեր. Ընդհանրություններ և տարբերություններ Երկու խոստովանություն և հարյուրավոր խոշտանգվածներ. Երբեք չմոռնաս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: