Posts tagged ‘Ռաֆայել Իշխանյան’

Հորս հավաքածուն նվեր անկախությանը

Էստոնական ՍՍՀ-ի պիտակներ. միայն էստոներեն

Էստոնական ՍՍՀ-ի պիտակներ. միայն էստոներեն

Հայրս մոլուցքներ կամ կոլեկցիոների ազարտ չուներ: Միակ ազարտը կամ մոլուցքը, եթե դա կարելի է մոլուցք անվանել, պիտակներ ու տոմսեր հավաքելն էր: Այն էլ ոչ ամեն երկրի պիտակ, հավաքում էր միայն Սովետական հանրապետություններում արտադրվածները, այն էլ ոչ թե նրա համար, որ նեվիեզդնոյ էր, այսինքն Սովետը թույլ չէր տալիս արտասահման մեկնել, ու չէր կարող այլ պիտակներ էլ հավաքել: Չէ, հաճախ արտասահմանից բարեկամ-մարեկամ էր գալիս, ծամոն-մամոն էր բերում, բայց հայրս դրանց պիտակները չէր էլ նկատում:

էստոնական տրանսպորտի կտրոններ

էստոնական տրանսպորտի կտրոններ

Նրան Սովետական երկրի եղբայրական հանարապետությունների պիտակներն էին հետաքրքում, որոնց վրայի գրությամբ որոշում էր, թե որ հանրապետությունը ինչքանով է հարգում իր ազգային լեզուն:

Մյուս հանրապետությունների պիտակները համեմատում էր Հայաստանի պիտակների ու տոմսերի հետ ու ցույց տալիս, թե ինչպես են մյուս հանրապետություններում հարգում ու սիրում իրենց ազգային լեզուն, պիտակների վրա միայն իրենց լեզվով գրում, իսկ մենք՝ հայերս չենք հարգում՝ մարդ էլ էդքան ատի իր լեզուն:

մերձբալթյան հաշիվներ

մերձբալթյան հաշիվներ

Հիմնականում էստոնական, լատվիական, լիտվական պիտակներ, տոմսեր ու բլանկներ են, կան հատուկենտ նաև վրացական և ուկրաինական կտրոններ ու տոմսեր:

էստոնական պաղպաղակ.համը հիշեցի

էստոնական պաղպաղակ.համը հիշեցի

Հավաքածուի մեծ մասի վրա միայն իրենց լեզվով է գրված, մի մասը իրենց լեզվի կողքին մի տողով ռուսերեն անվանումն է, մի քանիսն էլ երկլեզու են(հիմնականում երկլեզու են հեռագրատան բլանկները): Հայկականները՝ ճիշտ հակառակը՝ բոլոր տոմսերը ռուսերեն են, իսկ ապրանքների պիտակներին երբեմն մի տող հայերեն է լինում, մնացածը ռուսերեն:

Էստոնիայում համերգային տոմսեր

Էստոնիայում համերգային տոմսեր

Հավաքածուից երևում է նաև, թե ինչ էր սիրում հայրս, պիտակները հիմնականում քաղցարվենիքի են՝ պաղպաղակ, խմորեղեն, մեղր, քաղցրահամ ըմպելիքներ՝ լիմոնադ և այլն:

ուկրաինական կտրոն

ուկրաինական կտրոն

«Չերրի, մի հատ պաղպաղակ չուտե՞նք»,- բացում եմ պաղպաղակի փաթեթը՝ վրայից թափվում են չորացած պաղպաղակի մնացորդները(հայրս ինձ Չերրի էր ասում՝ որպես պապուս Չերազ ազգանվան տարբերակ):

 

Վրաստանի կինոյի տոմսեր

Վրաստանի կինոյի տոմսեր

Տալլին՝ 1977թ., ամառային հանգիստ Էստոնիայում՝ ես՝ 14 տարեկան, մամաս ու հայրս: Հորս ու իմ ամենասիրած ուտելիքներն էին Տալլինի խմորեղեններն ու պաղպաղակները, ամեն օր մի քանի անգամ ուտում ու համեմատում էինք՝ հայերը սարքել չսովորեցին: Ինչի՞ց էր, որ հայկական խմորեղենները էդքան գարշելի էին, առնում էիր՝ թաց, մեջը ջուր ներարկած: Եթե փաթեթավորման վրա միայն հայերեն գրեին, ավելի համե՞ղ կսարքեին: Երևանում մեկ-մեկ հերս չէր դիմանում, խանութից տորթ էր առնում, բերում մի կտոր ուտում էր, մի կտոր էլ՝ ես, ու փոշմանում էր՝ գարշելի զանգվածը ուղիղ աղբարկղը:

Լատվիայի տոմսեր

Լատվիայի տոմսեր

Կաթնաշոռի փաթեթն եմ բացում, իրար կպած էջերը պոկվում են, ու արանքից թափվում են կաթնաշոռի հազար տարվա փշուրները:

Հայրս չէր ծխում, բայց մի էստոնական ծխախոտի տուփ կա հավաքածուում, երևի փողոցից է վերցրել:

Հայաստան՝ վոդկա

Հայաստան՝ վոդկա

Միս էլ չէր ուտում, ուրեմն որտեղի՞ց ձկան մոմլաթե երկու փաթեթը՝ մեջը չորացած ձկան յուղով, երևի ես ու մամաս ենք կերել:

էստոնական լիմոնադ

էստոնական լիմոնադ

37 տարի առաջ արտադրված պաղպաղակի, կաթնաշոռի փշուրները, ձկան չորացած յուղը արթնացնում են հորս ու մորս հետ մեր ամառային շրջագայությունների հիշողությունը:

ուկրաինական բլանկ

ուկրաինական բլանկ

Մյուս տարի Լիտվա մեկնեցինք, խմորեղենները Տալլինինից լավը չէին, բայց էլի մերինից հազար անգամ լավը. ու էլի ամեն ինչ իրենց լեզվով՝ լիտվերեն: Արանքում էլ մի օրով Ռիգայում եղանք, էստեղ ռուսերենը մի քիչ շատ էր, բայց Հայաստանի հետ չես համեմատի:

Հայրս հիացած էր Մերձբալթիկայով:

Հայաստանի կինոյի տոմսեր

Հայաստանի կինոյի տոմսեր

Պիտակների մասին մի քանի հոդվածներ էլ ունի գրած, որ լավ ման գամ, կգտնեմ: Բայց մենակ հո հոդվածով չէ՞ր:

Հայաստանի տրանսպորտի կտրոններ

Հայաստանի տրանսպորտի կտրոններ

60-ականներին է եղել, հրավիրվել էր կնոջ հետ մոտ ընկերոջ՝ Ղարիբ Հայրապետյանի տուն: Գնացել էին, դռանն էին հասել, առանց դուռը ծեծելու հետ էին եկել: Հետո, Ղարիբը հաջորդ օրը եկել էր մեր տուն(զանգ տալ չէր կարող, հեռախոս չունեինք), հարցրել՝ ո՞ւր էիք, ձեզ էինք սպասում, չեկար»: «Էկանք, տունը չգտանք»,-ասել էր հերս: «Ո՞նց չգտար, պարզ քեզ նկարագրեցի», «Հա, էդ դուռը գտա, բայց դռանը օտար լեզվով էր գրված, չկարողացա կարդալ»: Ղարիբը դռանը ռուսերեն էր գրել անուն ազգանունը:

Հայաստանում համերգային տոմսեր

Հայաստանում համերգային տոմսեր

Մանկությունս անընդհատ ռուսական-հայկական թեմաներով կռվիների ու վեճերի հիշողությունների շղթա է: Իր մտերիմ ընկերոջ՝ Էդուարդ Ջրբաշյանի հետ գժտվեց, ինչ է թե նրա ղեկավարած Գրականության ինստիտուտի ռոճկացուցակները ռուսերեն էին, հոնորար ստանալուց տեսել էր՝ ռուսերեն են, վեճ էր սարքել ու հոդված գրել: Մամաս ծանր էր տանում նրանց թշնամությունը. «ռոճկացուցակի հերն էլ անիծած, բա արժե՞ր դրա համար մոտիկ ընկերոջը կորցնել»:

Հորս պատճաով մայրս հարաբերությունները խզել էր իր մանկության մտերիմ ընկերուհու հետ, ինչ է թե աղջկան ռուսական դպրոց էր տվել: Ընկերուհին մահացավ, ու մայրս իրեն չէր ներում, որ մի դպրոցի պատճառովը հետը գժտվել է:

էստոնական ծխախոտ

էստոնական ծխախոտ

Մարդուն գնահատելու հորս չափանիշներից մեկն էր, թե ինչական դպրոց է տվել երեխային: «Ռուսակա՞ն, պարզ ա»,-ասում էր ու ձեռը ջղային թափ տալիս:

էստոնական ՍՍՀ ձուկ

էստոնական ՍՍՀ ձուկ

Մի տասը տարի առաջ կլիներ, Կարենի ընկերը հրավիրեց մեզ իրենց տուն, նստած ուտում-խմում ենք, ընկերը անընդհատ խոսում էր ու ցույց էր տալիս իր էկզոտիկ հավաքածուն՝ կոկորդիլոսի մարմին, փետուրներ ու նման բաներ: Հետո, չգիտեմ ինչի, խոսեց, թե ինչ սխալ բան էր, որ ռուսական դպրոցները փակեցին, ու մեկ էլ ասեց՝ «սաղ էն Իշխանյանն էր, լավ էր սատկեց»: Ցնցվեցի: Որ իմացավ Իշխանյանը հայրս է, շատ վատ զգաց, սկսեց ներողություններ խնդրել, բայց հո չէի մնալու, ես ու Վիոլետը դուրս էկանք տնից: Մյուսները մնացին, քեֆը շարունակվում էր, հո Իշխանյանը նրանց հայրն էլ չէ՞ր, որ դուրս գային:

հայկական թթվասեր

հայկական թթվասեր

Կարենի ընկերը գիտե՞ր, որ հայրս ստեղծեց լեզվի մասին օրենքը, որով Հայաստանում ամբողջ գրագրությունը պարտադիր պետք է հայերեն լինի, և Հայաստանի քաղաքացիները(բացառությամբ ազգային փոքրամասնությունների) պարտադիր պիտի գնան հայկական դպրոց(ի՞նչ ազատություն, հայերին պիտի օրենքով արգելես երեխային օտարալեզու դպրոց տալը, թե չէ իրանց թողնես, հայերենը կվերացնեն):

Կարող ա չիմանար, օրենքներից շատ գլուխ չհաներ, բայց մի բան գիտեր, որ հայերը այլևս ռուսական դպրոց չեն կարողանում իրենց երեխաներին տալ հորս պատճառով, ու հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը դարձել էր ռուսախոս հայերի աչքի գրողը:

լիտվական պեչենի

լիտվական պեչենի

Օրենքը չի պահվում, ուր գնաս՝ լիքը օտարալեզու ցուցանակներ՝ ավելի շատ Երևանի կենտրոնում: Հիմա ռուսերենի տեղը անգլերենն է գրավել:

էստոնական բոնբոներկա

էստոնական բոնբոներկա

Վերջերս Երևանի փաբերից մեկում մի երիտասարդի ծեծել էին, ինչ է թե պահանջել էր հաշիվը հայերեն ներկայացնել: Մատուցողը անգլերեն էր բերել:

հայկական

հայկական

Հերս լիներ, վստահ եմ, խմբեր կստեղծեր, ինչպես ժամանակին՝ հիվանդ-հիվանդ ստեղծեց Մաշտոց միավորումը, ինքը առաջներից ընկած՝ կգնար տարբեր հաստատություններ ու կստիպեր կիրառել լեզվի մասին օրենքը կամ թափ կտար լեզվի տեսչությանը, որ պարապ չնստեն, իրենց գործը անեն:

Լատվիա

Լատվիա

Երեք տարի առաջ օրենքը մի քիչ փոխեցին ու «լիբերալիզացրին» օտարալեզու դպրոցները, արդեն կարող են ինչ-որ տարիքից օտարալեզու դպրոց գնալ նաև հայերը:

նույնիսկ վաֆլիով պաղպաղակը ծածկող կլոր թղթի կտորներն էր հավաքում

նույնիսկ վաֆլիով պաղպաղակը ծածկող կլոր թղթի կտորներն էր հավաքում

Հայրս լիներ, չէր թողնի, ինչպե՞ս, էդքան պայքարեցին, բայց մինչև վերջ կանխել չհաջողվեց: Չգիտեմ՝ ինչպես էր կանխելու, ուղղակի հավատում եմ, որ հայրս չէր թողնի:

Հորս՝ Ռաֆայել Իշխանյանի  լուսանկարել եմ սլայդով՝ 1970-ականների վերջին, վերջերս լուսանկարը թվայնացրի:

Հորս՝ Ռաֆայել Իշխանյանի լուսանկարել եմ սլայդով՝ 1970-ականների վերջին, վերջերս լուսանկարը թվայնացրի:

Երեք հոգով փոխեցին օրենքը՝ նախագահը, վարչապետը, կրթության նախարարը, նրանցից երկուսը ռուսական կրթություն ունեն: Կապ չունի, իհարկե, հայկական էլ ավարտած լինեին, մեկ ա, փոխելու էին:

Բայց, ամեն դեպքում, ասեմ, հերս մի խոսք էլ ուներ՝ ռուսախոս հայից խեր չկա: Ծայրահե՞ղ տեսակետ էր: Երևի ծայրահեղ էր, բայց էն ժամանակ՝ Սովետն էլ էր ծայրահեղ երկիր…

Իսկ հավաքածուն, չգիտեմ, որ բարեբախտաբար փոշիների մեջ կորած մնացել է տան անկյունում, ինչ-որ մեկի համար գուցե ծայրահեղ է, ինձ համար ուրիշ բան է, իմ մանկությունն է մեջը:

23.09.2014 at 12:30 Оставьте комментарий

Իմ գնդակահարված ցեղը

Հորս հոր՝ Ավետիս Կիրակոսյանի գնդակահարության որոշումը

Հորս հոր՝ Ավետիս Կիրակոսյանի գնդակահարության որոշումը

Երեք գնդակահարության որոշումներ, երեք փաստաթուղթ, որոնք հորս ու մորս որբ դարձրին, երկու պապերիս ու մի տատիս գնդակահարության վճիռները:

Երեքն էլ արդեն ձեռքիս են: Իհարկե պատճենները:

Մամայիս հորը՝ Վահան Չերազին գնդակահարել են 1928թ. հունվարի 9-ին(առաջ կարծում էինք 1927-ին):

Մամայիս մորը՝ Վարդանուշ Չերազին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 26-ին:

Հորս հորը՝ Ռատիխան-Ավետիս Կիրակոսյանին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 10-ին:

Պապերիցս ու տատերիցս միայն հորս մորը՝ Հայկանուշին չեն գնդակահարել, կամ էլ չեն հասցրել գնդակահարել, կամ էլ եթե չգնդակահարեին, հաստատ կաքսորեին, ինչպես նրա երկրորդ ամուսնուն աքսորեցին, բոլշևիկ՝ Գուրգեն Քալաշյաինին: Հայկանուշը մահացել է 1930թ.:

Ոչ մեկի գերեզմանը չկա: Հայկանուշին են միայն թաղել, էն էլ գերեզմանոցի տեղը կառուցել են  Ցեկայի շենքը, այժմ՝ այսօրվա Ազգային ժողովի:

Մամաս՝ Բյուրակն Անդրեասյանը ծնվել է 1927-ի հունվարի 25-ին, ուրեմն, հորը կորցրել է մեկ տարեկան չդարձած, հորը ձերբակալել են երբ նա եղել է վեց ամսական: Տասը տարի անց 10 տարեկանում մորն են տանում, և եկկողմանի որբ է դառնում: Մեծացել է քեռու տանը: (далее…)

04.05.2014 at 15:09 Оставьте комментарий

Հայտնաբերված տետրը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը

Ձախ կողմում Հարությունը, աջում` Ավետիսը: Կենտրոնի անձը անհայտ է, թե ով է

-Սյուրպրիզ ունես,-հեռախոսով ասեց մամաս:

-ի՞նչ սյուրպրիզ:

-Գտա Հարությունի տետրը, հորդ հորեղբոր:

Հարությունը հորական պապիս եղբայրն է: Կիրակոսյան եղբայրները ծնվել են Տրապիզոնում, հայրս`Ռաֆայել Իշխանյանը, ասում էր, որ նրանք համշենցի են: «Ովքեր են նրանք. Մուսուլման, հայախոս համշենցիներ» ակնարկիս մի գլուխը նվիրված է պապիս ընտանքին: Իմ համշենական ծագումն էլ մեջս հետաքրքրություն էր առաջացրել համշենցիների նկատմամբ: Հորական ազգականներիցս ամենատարեցը հորս հորեղբոր աղջիկն է`Ալլան, ակնարկիս համար նրանից մի քանի տեղեկություն ստացա պապիս մասին: Բայց շատ հարցերի չէր կարողանում պատասխանել, շատ բաներ չգիտեր. «Պապաս Ռաֆիկի խնդրանքով մի տետր գրել էր ջարդերի մասին, թե ոնց են իրանց տարել, ոնց է փրկվել: Տետրը հորդ էր տվել,-ասեց ինձ Ալլան: Ամբողջ տունը քրքրեցի ու տետրը չգտա: Կորել է: Ու արդեն մեկ ամիս է ինչ հրատարակել եմ Մմւսուլման համշենցիների մասին պատմող ակնարկս, մեկ էլ մի քանի օր առաջ մամաս զանգում է ու ասում որ գտել է:

Հարությունը սովորել է ջութակ Երևանի կոնսերվատորիայում Սպենդիարովի դասարանում, սակայն ձիուց վայր ընկնելու հետևանքով մատը վնասել է և ուսումը չի շարունակել: Եղբոր` Ավետիսի հետ տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել է շինարարական ինստիտուտ, աշխատել է ինժեներ-շինարար: Մահացել է 1976-ին:

1915-ին նա անցել է կոտորածի ողջ ճանապարհով, պատահականորեն ողջ է մնացել:

12 էջանոց տետրի բոլոր 12 էջերին գրի է առել իր հուշերը և ոմն տրապիզոնցի Սուրեն Օհանյանի պատմածը: Հուշերի վերջում թվականն է 5/04. 65թ: Կազմի հետևը տետրի արտադրության թիվը`1964թ., իմ ծննդյան տարին: Նաև տետրի մեջ դրված է հորս ուղարկված մի կիսատ նամակ, ամսաթիվը չկա,  Հարությունը գրել է Թիֆլիսից հավանաբար 1953-1955թթ.(նամակում ասում է, որ աղջկա` Ալլայի համար դաշնամուր են առել, իսկ Ալլան հիշում է որ դաշնամուրը առան այդ թվերին):  Հրապարակում եմ նամակն ու տետրը չնչին խմբագրումներով.

(далее…)

15.05.2012 at 16:53 1 комментарий

Ինչի՞ համար էր անկախությունը. մի ճնշված համայնքի պատմություն

Ես վստահ էի, թե Հայաստանը հենց անկախանա կհայտնվենք մի երկրում, ուր մարդուն հավատի կամ այլ ձևով մտածելու համար չեն բռնի, մարդիկ կսկսեն ազատ ապրել, որ անկախությունը  հայերի ազատության համար ա, էլ ոչ ոք չի կարա ասի՝ դու կրիշնայական պիտի չլինես, իսկ դու էլ հիսունական կամ Եհովայի վկա, առաջ սաղդ կոմունիստ էիք, հիմա՝ պիտի լինեք առաքելական:

Իմ համոզմունքը հորիցս էր գալիս՝ Ռաֆայել Իշխանյանից:

Հերս միշտ մեր գլուխը մտցնում էր՝ մենք ինչի՞ համար պիտի գոյատևենք, իհարկե, որ  մի օր անկախություն ունենանք, աշխարհի վրա ոչինչ հավերժ չի, մի օր Սովետն էլ կքանդվի և մենք պիտի պատրաստ լինենք անկախության:

Հերս շատ խորը քրիստոնյա հավատցյալ էր, կյանքի վերջին 10-15 տարիների ընկերները հիմնականում հիսունականներ էին՝ Գյուլբենկը, Ասքանազը, Սարգիսը: Նաև բապիտիստ ընկեր ուներ՝ Ավետիսը, իր ուսանողն էր եղել, նրան համալսարանի դիպլոմ չէին տալիս, որ զինվորական երդում հրաժարավել էր տալ: Մեր տանը հավաքվում էին  հիսունական եղբայրներով ու քույրերով ու միասին աղոթում:

Միևնույն ժամանակ հայրս զարամանալիորեն ոչ միայն չուներ շատ քրիստոնյաներին հատուկ անհանդուրժողականությունը ուրիշ կրոնների նկատմամբ, այլ  համակրում էր տարբեր կրոններ ու դրանցով  շատ հետաքրքրվում: Նրա ամենասիրելի հերոսներն էին Սոկրատը, Հիսուսը, Տոլստոյը ու Գանդին: Էս չորսից մենակ Սոկրատի նկարը չկար պատին: Միշտ մեջբերում էր Գանդիի հինդուիստական ուսմունքի հետ առնչվող մտքերը, մի ամբողջ գիրք էր կազմել Գանդիի մասին՝ լուսանկարներով, մակագրություններով, ասույթներով, գործունեությունը, կյանքը, ամեն ինչ Գանդիի մասին(տեսնես մի օր «Գանդին» գրքով կտպե՞մ):

hayra

«Լավ,-հարցնում էի,-Գանդին որ տենց հինդուիստ էր, ո՞նց էր վերաբերվում անձեռնմխելիների կաստային»:

«Գանդին ասում էր՝ եթե ես մյուս անգամ ծնվեմ, կուզեմ անձեռնմխելի լինեմ: Նա դեմ էր անձեռնմխելիների նկատամբ էդ վերաբերմունքին»,-պատասխանում էր:

Վերամարմնավորվելու՝ ռեանկառնացիայի մասին էլ խոսք ընկներ, ժպտում էր՝ հետաքրքիր է, թող էդպես հավատան, ինչ կա որ:

Մի տետր էլ ամբողջությամբ գրի էր առել բուդդայկան ասույթներ:

Եթե մի խոսքով ասեմ՝ հերս բազմակրոն էր և ընտրել էր քրիստոնեությունը:

Նա ինձ համար  անքննելի հեղինակություն էր, ու ես նրա օրինակով 13-14 տարեկանում  հավատացյալ էի արդեն, գնում էի Զորավոր երեկեղեցում մոմ վառում ու աչքերս վեր տանում: Զորավարը հորս սիրած եկեղեցին էր: Ավելի ուշ գնում էի շաբաթապահների ու բապիտիստների եկեղեցիները,  քարոզ լսում: ինձ ավելի գրավում էր շաբաթապահներինը: Իսկ էլ ավելի ուշ, անկախության առաջին տարիներին, գնում էի նոր բացված կրիշնայականնների տաճարը՝ Սոսեի փողոցի վրա:  Բայց բոլոր եկեղեցիներին զուգահեռ  որոշ կիրակիներ էլի Զորավոր գնում էի: Եկեղեցիներում մոմ վառելը, խաչակնքելս մնում էին, մինչև էն պահը, երբ սկսեցի կասկածել աստծո գոյությանը:

Ինչպես հորիցս փոխանցվել էր հավատը, էնպես էլ տարբեր կրոնների նկատմամբ հետաքրքրությունը:

Հերս ինձ մի քանի անգամ խնդրեց՝ ի՞նչ կլինի, ինձ տար կրիշնայակնների մոտ: Գլխով էի անում, ականջի հետև գցում: Հենց հիշում եմ, թե ինչպես էր հիվանդ նստած, նայում ինձ ու խնդրում,  խիղճս տանջում է, որ տենց էլ չտարա:

Իմ «Հայաստանի անկախությունը» հորս ներարկած անկախությունն էր ու երբ անկախության առաջին տարիներին սկսեցին փողոցներում կրիշնայականներին ծեծել, շատ զարմացա՝ սրա համա՞ր էր անկախությունը, բա էլ խի էինք Սովետից ուզում պրծնել, որ պիտի Հայաստանում անեն էն ինչ Սովետի կագեբեն էր անում: Հետո զարմանքներս պիտի շատանային՝ երբ տեսնեի, թե ինչպես են 88-ի հարթակի հերոսները հարստանում, տներ սարքում, աղքատացող երկրում շքեղ մեքենաներով ֆռֆռում, հետո ոնց են հավի ճտի պես սպանել տվել մարդկանց՝ Ղանդիլյանին, Սուքիասյանին և այլն: Բայց ինչ որ պահից սկսում ես չզարմանալ, անարդարությունն ու անհավասարությունը դառնում են սովորական, ու երբ մարդասպանին երկիր բերելու համար ստորագրություն են հավաքում, կարդում-անցնում եմ, ինչպես հերթական լուր:

Ու անկախության  առաջին անակնկալներից մեկը ինձ մղեց, որ գրեի  առաջին խղճի ազատության թեմայով հոդվածը  «Կրիշնայականններին Հայաստանում հալածում են», տպվեց  1994թ, օգոստոսի 10-ին, «Լրագիր» թերթում:  Մի քանի օր առաջ փոշոտ թղթապանակներիս մեջ գտա, նորից կարդացի. սա էն հազվագյուտ նյութերից է, ուր պահպանվել են սովետական տարիներին կրիշնայականների հալածանքների վկայություններ, տառապանքների միջով անցած մի խումբ տղաների կյանքը, որ պատմությունը ամեն կերպ ուզում է մոռանալ: Արդեն ուզում էի հրապարակել, բայց՝ սպասի, ասի ավելի լավ ա դնեմ էսօր՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների միջազգային օրը, որ երևա, թե ինչպես Հայաստանի իշխանությունները մի ամբողջ համայնք վերացման եզրին հասցրեց ու դարձրին ընդհատակ:

Տպվելուց հետո էլ երկրորդ անգամ զարմացա, երբ ԱԺՄ-ի անդամ Ֆիլարետ Բերիքյանը կատաղած նայելով ինձ ասեց՝ արա, դու կրիշնայակա՞ն ես: Հետո, մի քանի տեղից լսեցի, որ իմ մասին ասում են՝ լսե՞լ ես Վահանը կրիշնայական ա դառել: Հասկացար, ուրեմն քեզ կհամարեն նրանցից ում իրավունքները պաշտպանում ես: Հետո արդեն հասկանալի էր, որ երբ   Բերիքյանը Սոցապ փոխնախարար էր, նախարարության պաշտոնյաները այդպես հեշտությամբ կերան որբերի բնակարանների փողերը՝ ո՞րբ եմ, չէ, որբերն էլ ոչ հորս կողմից են բարեկամ ոչ մոր, ինչո՞ւ պիտի կարեկցեմ, հեն ա փողը կուտեմ (այդ մասին այստեղ):

Հոդվածիս հրապարակումից ինը ամիս անց կրոնանական հալածանքների գագաթնակետը հասավ, երբ 1995թ ապրիլ-մայիսին Երկրապահ կամավորական միության անդամները պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ներխուժեցին յոթ կրոնական համայնքներ, ծեծեցին հավատացյալներին, թալանեցին և 15 հոգու կալանվորեցին: Ամենադաժանը վարվեցին կրիշնայականների հետ(տես «Խղճի ազատությո՞ւն. որքա՞ն հեռու է գնացել Հայաստանը կրոնական հանդուրժողականության հարցում»):

Արխիվումս գտա նաև մի ուրիշ հոդված, մեքենագիր, անտիպ՝ Հայաստանի կրոնական համայնքները, գրել էի Նուվել դե Արմենիայի համար, բայց չտպեցին: Գտա բազմաթիվ հարցազրույցներ տուժածների հետ, որոնք մնացել էին գլխիս մեջ, բայց չէի կարողանում գտնել մամուլում: Ո՞նց գտնեի, որ չէին տպվել: Մի օր սա էլ կհրապարակեմ, բայց հիմա ուզում եմ այդտեղից մեջբերել կրիշնայականների հետ կատարվածը. «Երևանի Արաբկիրի շրջանի երկրապահ ջոկատը մոտ 25 հոգի ներխուժում են տաճար և երկաթյա ձողերով դաժանորեն ծեծում կրիշնայականններին, որից հետո թալանում տաճարը, պոկում նաև կանանց վրայից ոսկեզարդերը և տանելով իրենց հետ մոտ 10 հազար դոլարի ապրանք: Արա Հակոբյանը, որի գլխին վեց կար էին տվել, նյարդային ցնում ստացավ: Այս դեպքից հետո նա իր ընտանքիով և ևս 40 կրիշնայական մեկնեցին Հայաստանից և տաճարի շենքը վաճառեցին: Երկրապահները սպառնացել էին, որ եթե կրկին հավաքվեք տաճարում նորից կջարդենք(մեկ ուրիշն էլ ասաց, որ սպառնացել են՝ կսպանենք ):

«Մեզ եթե թույլ չեն տալիս փիլիսոփայել, չենք փիլիսոփայի, կերգենք, եթե երգել թույլ չտան, չենք երգի մարդկանց կկերակրենք, եթե դա էլ թույլ չտան, ոչինչ չենք անի,- ասում է Հայաստանի կրիշնայական համայնքնի ավագ Յուրա Միսլաև»:

1995-ին ես «Շրջան» թերթի խմբագիրն էի, հալածանքների մասին գրում էր «Շրջանը», մասամբ էլ «Գոլոս Արմենիին»: Արա Հակոբյանը արյունլվա մտավ մեր խմբագրություն: Ոչ մի տեղ չուներ պաշտպանություն, բոլոր դռները փակ էին, բողոքներին ո՛չ ոստիկանությունն էր արձագանքում, ո՛չ դատախազությունը: Այս պատկերը ինձ համար խորհդրանշում է Հայաստանի անկախությունը՝ ծեծված, արյունլվա մարդը, ում առաջ փակ են հանրապետության բոլոր դռները… ու պատկերը տանում եմ նյութից-նյութ: Արան իր մաշկի վրա զգացել էր, սովետական ճնշումները, մի տարի հավատի համար բերդ էր նստել,հիմա էլ քեզ Հայաստանը: Արայի լուսանկարը կա «Շրջանի» էջին, ափսոս էն ժամանակ թերթերը շատ անորակ էին տպում:

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում

Արա Հակոբյանը հիմա բնակվում է Սիեթլում

Հերս արդեն չկար, կրոնական համայքնների վրա հարձակումից երկու ամիս առաջ մահացել էր, ու նա չտեսավ, որ իր երազած անկախ Հայաստանում այլախոհներ են դառնում ոչ առաքելականները  ու քացիների տակ ընկնում:

 

Հայաստանում կրիշնայականներին հալածում են

(կրճատումներով)

Վերջին տարիներին Հայաստանում կրոնական կազմակերպություններից Կրիշնա գիտակցության համայնքի անդամների ճնշումն աճում է, որն իրականացնում են պետական մարմինները, Հայ առաքելական եկեղեցին և առանձին  անհատներ:

Ի՞նչ է կրիշնայականությունը

«Կրիշնա գիտակցության» ուսմունքը Հինդուիզմի ճյուղերից մեկի ժամանակակից մեկնաբանությունն է, որը 1965թ. Հնդկաստանից ԱՄՆ գալով աշխարհով մեկ տարածել է Բհակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադան: Ուսմունքը հիմնականում հիմնված է Վեդայական գրքերից Բհագավադ Գիտայի վրա: Ըստ կրիշնայականության գոյություն ունեն պատրանքային(նյութական) և ճշմարիտ(հոգևոր) աշխարհներ: Մարդը հոգևոր էակ է և նյութական աշխարհում ստանում է նյութական մարմին: Նա պետք է կարողանա զսպել մարմնի պահանջները և հոգևոր կատարելության միջոցով հոգին կապել Գերագույն Աստծո հետ: Կրիշնայականի առաջնային պայմաններն են ա) չուտել միս, ձուկ, ձու բ) չօգտագործել թմրամիջոցներ, հաշիշ, ալկոհոլ, ծխախոտ, սուրճ, թեյ գ) չզբաղվել մոլախաղերով, դ) չունենալ ապօրինի սեռական կյանք, իսկ օրինական կնոջ հետ միայն սերունդ տալու նպատակով:

Խորհրդային շրջան

70-80 ականներին Խորհրդային միությունում Կրիշնա գիտակցության համայնքները ճնշվում էին առավել շատ քան մյուս կրոնական կազմակերպությունները: Կրիշնայական առաջին գրականությունը Հայաստան մուտք գործեց 1981թ.: 1982թ. Ռուսաստանում եղան կրիշնայականների առաջին դատավարությունները: Երևանը դարձավ Կրիշնա գիտակցության ԽՍՀՄ գլխավոր կենտրոններից մեկը:

1984թ. Երևանում 10 հազար տպաքանակով ինքնահրատ լույս է տեսնում Բհագավատ Գիտան և ցրվում Միությունով մեկ: Հայաստանում կրիշնայականների հետապնդումները և ձերբակալությունները ծավալվեցին 1985թ.: Առաջինը դատվեց Երևանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Արայիկ Հակոբյանը(մեկուկես տարի ազատազրկում): Հայաստանում ընդհանուր ձերբակալվեց 10 կրիշնայական, որոնք ուղարկվեցին հոգեբուժարաններ կամ դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման: ՊԱԿ-ը նրանց առաջարկում էր հրաժարվել իրենց կրոնական հայացքներից՝ խոստանալով ազատ արձակել, սակայն կրիշնայականները հավատարիմ մնացին իրենց ուսմունքին:

«Սովետաշենի հոգեբուժարանի դատական հոգեբուժական փորձաքննության բաժնի վարիչ Արմեն Հարությունյանը մեզ բռնությամբ սրսկել էր տալիս,-պատմում է Հայաստանի առաջին կրիշնայական Արմեն Սարգսյանը, որին ճակատագիրը հոգեբուժարան էր բաժին հանել,-ես գոռում էի, բողոքում, իսկ նա տիզիտրոնի կրկնակի դոզա էր սրսկել տալիս: Երբ փորձեցինք պահանջել, որ առանց ախտորոշման չսրսկեն, նա գալապիրիդոն սրսկել տվեց: Այդ ահավոր դեղը մեկուսացնում է մարմնի նյարդային համակարգը և մարդ չի կարողանում ոչ նստել, ոչ կանգնել, ոչ պառկել: Լեզուն կծկվում է, խոսելն անհնար է դառնում, ողջ օրգանիզմը ցավում է: Այդ վիճակում անընդհատ ուզում ես զուգարան գնալ, սակայն արգելում էին: Մեզ պահում էին կյանքի ու մահվան միջև, որը կոչվում է շոկաթերապիա: Երբ տեսնում էին մեր ճնշումը ընկել է այնքան, որ մի րոպեից կմեռնենք, հատուկ սրսկումով մեզ ուշքի էին բերում: Արմեն Հարությունյանը պայման էր դնում՝ կամ պիտի միս ուտեք, կամ ինսուլին ենք սրսկում: Եվ այդպես մի անգամ ստիպված միս կերա: Սանիտարները հավաքվում խմում էին և մեզ էլ ուժով փորձում էին օղի խմեցնել: Իմ աչքի առաջ երեք հոգի մահացան և երբ ես կանչում էի սանիտարներին՝ թե մարդ է մեռնում, նրանք նարդի էին չխկացնում և ասում՝ քո գործը չի»:

Հոգեբուժարանում սրսկումներից սպանվեց կրիշնայական Մարտին Ժամկոչյանը, որը խորհրդային մամուլը ներկայացրեց կրիշնայականների կյանքից ինքնակամ հեռացում և ապացույց, թե նրանք մահ են քարոզում: Հոգեբուժարանում գտնվողները երազում էին բանտ ընկնել, մինչդեռ բանտերում էլ էին նրանց հալածում: Կրիշնայական Սարգի Օհանջանյանին ուղարկում են Օրենբուրգի երկրամասի ամենադաժան ճամբարներից մեկը: Բանտի վերկացուները, հակառակ նրա կամքի, մշտապես մսով կերակուր են տալիս: Այդ իսկ պատճառով Սարգիս Օհանջանյանը սովամահ է լինում բանտի հիվանդանոցում:

Հակակրիշնայական քարոզչություն են ծավալում նաև մամուլն ու հեռուստատեսությունը: 1985թ. ապրիլին «Երևանի Համալսարան» թերթում Արայիկ Հակոբյանի դեմ տպագրվում է «Ես ազգություն չունեմ» հոդվածը, իսկ հեռուստատեսությամբ հակակրիշնայական հաղորդումներ է վարում Վլադիմիր Մուրադյանը: Կրիշնայականներին մեղադրում էին օտարերկրյա, հատկապես ԱՄՆ-ի գաղտնի ծառայություններին ծառայելու մեջ:

Ետխորհրդային շրջան

Խորհրդային միության փլուզումից հետո բոլոր հանրապետություններում բացառությամբ Հայաստանի, ազատազրկված կրիշնայականները արդարացվեցին: Եվ այսօր նրանք ոչ մի տեղ, բացառությամբ Հայաստանի, չեն ճնշվում:

1992թ. հունիսին հեռուստատեսային «Յոթերորդ օր» հաղորդաշարը ներկայացնում է կրիշնայական համայնքը: Երկու օր անց, հունիսի 10-ի գիշերը անհայտ անձինք բենզինով հրդեհում են Կրիշնա գիտակցության (ԿԳ) կենտրոնի շենքը և ՎԱԶ-2108 «Ժիգուլի» մակնիշի երկու մեքենան: Համայնքը դիմում է Գերագույն խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողով և ոչ մի պատասխան չի ստանում:

1993թ. սեպտեմբերի 25-ին Օշական գյուղում, երբ Կրիշնա գիտակցության համայնքի անդամ Միքայել Ունջուղուլյանը համագյուղացիներին բացատրելիս է լինում իրենց ուսմունքը, մոտենում է գյուղի քահանա Տեր Մկրտիչը և հայհոյում նրան: Միքայելն ասում է, որ հոգևոր մարդուն վայել չեն այդպիսի խոսքերը և քահանան խփում է նրան: Հաջորդ օրը Միքայելը գնում է քահանայի մոտ հասկանալու, թե ինչու է նա թշնամաբար տրամադրված կրիշնայականությանը: Տեր Մկրտիչը, սարկավագ Գևորգը և ուրիշ գյուղացիներ ծեծում են նրան: Դեպքի առնչությամբ բողոք է ներկայացվում Աշտարակի ՆԳ բաժին, սակայն գործին ընթացք չի տրվում:

1994թ. աապրիլի 18-ին Երևանի Սպայի տան մոտ կրիշնայական գրականություն տարածող Արթուր Խաչատրյանին մի երիտասարդ հայհոյում է: Արթուրը հեռանում է մոտակա այգին խուսափելով ընդհարումից: Այգում մի քանի տղաներ խլում են նրա ձեռքից պայուսակը և մտնում Սպայի տուն, որտեղ բակում մոտ 15 հոգով ծեծում են նրան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով, մասնավորապես կոտրվել են Արթուրի կողերը: Ծեծից հետո նկարահանված նրա դեմքին ամբողջությամբ այլանդակված էր և այտուցված: Գործը հանձնված է Երևանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժին, այն վարում է նախաքննիչ Ռուբեն Ասատրյանը: Բայց այս գործը ևս ընթացք չի ստանում: Ես հանդիպեցի կապիտան Աստրյանին, նա ասաց որ ծեծողը երկրապահ ջոկատի անդամ Էդիկն է, որը հանրապետությունում չէ: Հիշեցրի որ Արթուր Խաչատրյանին ծեծել են 15 հոգով:

«Ինչ մեկը մի ապտակ տված լինի, ինչ մի ուրիշը մարմնական վնասվածքներ հասցրած լինի, նո՞ւյնն է,-ասաց պարոն Ասատրյանը,- և հետո, տղաներն էլ են ճիշտ. Ասում են՝ մենք խաչը կախած գնում կռվում ենք, իսկ դրանք եսիմ ինչեր են տարածում»:

Նա փորձում է կրիշնայական համայնքին համոզել հրաժարվել այս գործից:

Երբ Կրիշնա գիտակցության համայնքի անդամներ Անահիտ Արզումանյանը և Մարիաննա Դոլունցը Գորիսում տարածելիս են լինում կրիշնայական գրականություն, մուտենում է տեղի քահանան և և պահանջում դադարեցնել գործունեությունը՝ այդ գրականությունն անվանելով սատանայական: Նրանք Գորիսից գալիս են Սիսիանի զինվորական ոստիկանության պահակակետ: Այդ ժամանակ գալիս են Սիսիանի քահանա Տեր Նարեկը և Հյուսիսային ամերիկայի արևելյան թեմից Զենոբ քահանան, բռնագրավում գրականությունը, բենզին լցնում վրան և այրում՝ խարյույկի մոտ աղոթքներ արտասանելով:

«Աղանդավորների և հատկապես կրիշնայականների դեմ պայքարը ոչ միայն եկեղեցու այլև առողջ մտածող ամեն հայի գործն է: Այդ կինը փորձեց ներխուժել մեր շրջան, բայց նրան չհաջողվեց և ոչ մի անգամ չի հաջողվի,-ասում է Տեր Նարեկ քահանան, որին հանդիպեցի Սիսիանի եկեղեցում,- այդ օրը այստեղ էր Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի «Հավատ առաքել արշավ» հանձնախումբը: Մենք այցելում էինք շրջանի գյուղերը, երբ Երևան-Գորիս խճուղու Սիսիանի պահակակետում հանդիպեցինք կանանց, որոնք կրիշնայական գրքեր էին վաճառում: Ես և Զենոբ քահանան մոտեցանք նրանց, պահանջեցինք փաստաթղթերը, ծանոթացա դրանց և վերադարձրի: Հետո կնոջը հասկացրի, որ իր քարոզչությունը անօրինական է: Նա պնդեց թե խղճի ազատություն կա: Այդ կետը ես ընդհանրապես չեմ ընդունում: Խղճի ազատությունը ոտնահարում է մեր եկեղեցին: Դու եկել ես այս տարածքը որի տերը ես եմ, հովիվը ես եմ, ես պետք է հոգամ իմ հոտի հոգևոր սնունդը: Եթե ուզում ես օգնել՝ խնդրեմ: Բայց առաքելական դավանանք պիտի քարոզես: Ասացի՝ տարածքի օրինական հովվի իրավունքով առգրավում եմ գրքերը: Նա հրաժարվեց գրքերը տալ: Այնտեղ 50-60 մարդ կար, որոնք սպասում էին իրենց զինվոր որդիներին: Այլ կրոններ զորք են թափանցում և քարոզում՝ զենք վերցնողին Աստված կպատժի: Ո՞վ է ասում, որ եթե հանուն քո հավատի զենք վերցնես մեղք կգործես: Չէ՞ որ ավետարանն ասում է՝ սուր վերցնողը սրից կընկնի, ուրեմն դու վերցնում ես սուրը, որպեսզի սուր վերցնողին գցես: Այսպես բացատրում էի պահակակետի զինվորներին որոնց մեջ անհավատներ կան: Ես նրանց ասացի՝ կամ ոչ մի բանի մի հավատացեք կամ միայն մեր եկեղեցուն հավատացեք: Ժողովուրդը խիստ բորբոքվել էր, պահանջում էր այրել գրականությունը: Իսկ կինը շարունակում էր քարոզը: Կինը ասաց՝ սա ձեր ազգի գլխին անեծք է բերում, և բազմությունն ավելի զայրացավ: Այլ հնար չկար, և ես որոշեցի իմ ձեռքով այրել գրականությունը: Այդպես էլ արեցի: Ճիշտ է, այդ կինն ուզում էր նետվել կրակի մեջ, բայց զինվորները նրան ետ պահեցին: Ցավալին այն է որ զինվորներին են մեղադրում: Բայց նրանք միայն օգնեցին գրքերը տեղափոխել և ժողովրդին էին զսպում: Տիրան Սարկավագը ֆիլմի է քաշել ամբողջը: Ժողովրդին զսպելու համար մենք խարույկի մոտ «Ամեն հայի» շարականը երգեցինք: Հավատը պաշտպանելու համար խաչը պետք է սուր դարձնենք»:

Սիսիանի պահակակետի զինվորները մեզ ոչինչ չասացին: Շրջանի գործկոմի նախագահ Քոչար Դավթյանը տեղյակ էր միջադեպին և ասաց, որ կամայական հաշվեհարդար է եղել, որն անընդունելի է:

Անահիտ Արզումանյանը ասում է, որ իրենց հետ ամենակոպիտը զինվորներն են վարվել.

«Զինվորները մեր վրայից պոկեցին սուրբ ուլունքները, նշանները և նետեցին կրակի մեջ,-պատմում է Անահիտը,- Ես նրանց ասում էի՝ չեք հավատու՞մ որ մարդու հոգին կարող է կենդանու մեջ անցնել: Ահա, դուք ձեզ կենդանիների պես եք պահում: Մենք շատ վախեցած էինք: Ես հոգևորականներին ասեցի՝ չէ՞ որ դուք կրոնի ներկայացուցիչ եք, և կրոնը թույլ չի տալիս բռնություն գործադրել: Ամերիկացին ավելի ագրեսիվ էր, ասում էր՝ սա հաշիշ է, մոլուցք է պետք է վերացնել: Իսկ ես ժպտում էի»:

Սիսիանի դեպքի առիթով համայնքը դիմել է ՀՀ դատախազություն և ԳԽ մարդու իրավունքների հանձնաժողով, բայց առայժմ ոչ մի պատասխան չկա:

«Լրագիր»

10 օգոստոսի 1994թ.

հգ.

Այս տեքստը հրապարակվել է 2012-ի դեկտեմբերի 10-ին tert.am-ի իմ բլոգում, այս տարբերակը մի փոքր խմբագրված է: Երկու տարի անց գրեցի հետևյալ ակնարկը «Կրիշնայականները. նրանք, ովքեր դիմացան փորձություններին»)

10.12.2010 at 08:36 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 750 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցիցի մեկը գրկում է... fb.me/9gG0YXjtX 1 week ago
  • 5 of 5 stars to Beloved by Toni Morrison goodreads.com/review/show/20… 1 week ago
  • fb.me/9fq6X3E8B 1 week ago
  • Aida Papikyan Աիդա Պապիկյան. Հարաբերությունները բանակում. «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես... fb.me/3JuPqgsRY 1 week ago
  • Անտիպ Որբունի. հայր Նորվան վարդապետը ինծի ըսած էր, որ ալ հիմա կրնամ հանգիստ ըլլալ, ձէր կինը ձեզմէ հեռացուցի, որ... fb.me/xukRuFDv 2 weeks ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: