Աջարիա. Հայերը ծովի ափի իրենց տան

20.04.2004 at 00:00 Оставьте комментарий

Հայկուշի սուրճը լավագույնն է Բաթումում

Բաթումի ծովափնյա սրճարանը բաթումցիների սիրելի տեղերից է, ոչ միայն այն պատճառով, որ սուրճ խմելիս ծովը հաճելիորեն ողողում է սրճարանի պատերը, իսկ ծովի համայնապատկերը ու նավահանգստի տեսարանը անհանգիստ

մտքերը ցրում։ Առաջին հերթին սրճարանը սիրելի է, քանի որ այստեղ մատուցում են քաղաքի լավագույն սուրճը, որը ավազի վրա պատրաստում է Հայկուշ Օխիկյանը։

— Ես վատ էլ էփեմ, մեկ ա կասեն` լավ է։ Սորված են իմ վրա,- ասում է յոթանասունամյա Հայկուշը, ջազվեները խրելով ավազի մեջ։ 1956 թվից նա նույն տեղում սուրճ է պատրաստում։ Նրա հաճախորդներն են եղել Բաթումի վերնախավն ու արհեստավորները, հյուրերն ու բնիկները, Ա ջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեն ու նրա հայրը՝ Իբրահիմը։

Որեւէ հաճախորդի մեկ անգամ տեսնելուց հետո մեկընդմիշտ հիշում է.

— Եթե երկու տարի առաջ մեկը սուրճ պատվիրած լինի, երկրորդ անգամ առանց ասելու արդեն հիշում եմ, թե ինչ տիպի սուրճ է խմում՝ քաղցր, միջին, թե դառը։ Էլ կարա չասի։

Հայկուշը Բաթումի հայկական համայնքի ամենահայտնի ներկայացուցիչն է, որին ամբողջ Բաթումը ճանաչում է։ Սուրճի ջազվեները մինչեւ վերջերս գնում էր հայրենակից վարպետներից, որ մի փողոց այն կողմ արհեստանոց ունեն։ Այստեղ թիթեղագործական եւ այլ արհեստանոցների շարքերն են, որտեղ աշխատող վարպետների մեծ մասը հայեր են։

Վրաստանի արեւմուտքում գտնվող Աջարիայի ինքնավար հանրապետությունում ըստ Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու քահանա Տեր Հակոբի բակվում է մոտ 5 հազար հայ։

«Վերածնունդ» հայկական համայնքի ղեկավարների կարծիքով հայերի թիվը 9 հազար է։

Բաթումի փողոց ուր իտալական բակերն են

Սեւ ծովի ափին Թուրքիայի հետ սահմանակից 3 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Աջարիայի բնակչությունը 382 հազար է, որի մեծ մասը վրացիներ են (325 հազար)։ Թվով հաջորդը ռուսներն են, ապա` հայերը։

137 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Բաթումում, որտեղ հայերը բնակչության մեկ տոկոսն էլ չեն կազմում հայերի հաճախ կարելի է հանդիպել.

— Երբեմն ինձ թվում է, որ հայերը իրականում ավելի շատ են, քան ներկայացվում է, ուր մտնում ես հայի ես հանդիպում,- ասում է բաթումցի Իրաքլին։

Երեւի պատճառն այն է, որ ինչպես հայերն են ասում, իրենք աշխատասեր են ու տարածված տարբեր հաստատություններում, արհեստանոցներում, լուսանկարչատներում, սրճարաններում։

Ինչպես Աբխազիայում, այստեղ էլ հայերը ծաղրում են տեղացիներին որպես ծույլերի:

— Վրացին ի՞նչ աշխատող, մաշնի բալնիքները ձեռը տաս ֆռցնի,- ասում է արհեստանոցներից մեկի վարպետը, որ աջար ըներոջ հետ դոմինո է խաղում (նա չցանկացավ անունը հրապարակել)։

Աջարիայի հիմնական բնակիչները` աջարները, մուսուլման վրացիներն են։ Սակայն նրանց կրոնականությունը շատ թույլ է արտահայտված, հակառակ մուսուլմանական սովորություններին, սիրում են խմել ու քեֆ անել.

— Մենք նույն վրացին ենք` միայն մուսուլման,- ասում է իր հայ ընկերոջ արհեստանոցում դոմինո խաղացող, հարբածությունից աչքերը կարմրած Իզետ Բրունջաձեն։

տուն ծովի ափին

Մի՞թե իսլամը չի արգելում խմիչքը:

— Ո՛չ, չի արգելում, մուսուլմանին կարելի է խմել, միայն այնպես, որ գլուխդ չկորցնես,-պատասխանում է նա, ռեֆորմի ենթարկելով կրոնը։

Բաթումում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1873 թվին։ 1877-78-ական թվերի ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ Աջարիան ռուսները գրավեցին և Բաթումը դարձավ խոշոր նավահանգստային կենտրոն, տարբեր ազգեր, նաև հայերը սկսեցին գալաշխատանք որոնելու։ Հայերի մի մասն էլ  1915 թ. Եղեռնից է փախել այստեղ։

Ըստ Թեյմուրազ Կամիխաձեի «Բարեկամության ուղիներով» գրքի` 1902 թվին 1062 ձեռնարկությունից 325-ը հայերին էր պատկանում։ Քաղաքի երեք ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշովն էր, որի կառուցած շենքերը դեռ մնում են Բաթումում։ Մինչև անցյալ դարի կեսերը Բաթումում գործել է հայկական թատրոն, մշակույթի աշխատողների տուն, հրատարկվել է հայերեն թերթ։

Խորհրդային տարիներին քաղաքում ապրել է մոտ 18 հազար հայ։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ սրվեց սոցիալական վիճակը, շատ հայեր հեռացան, մեծ մասը Ռուսաստան։

Բաթումում բնակվել են մոտ 80 ազգային եւ կրոնական համայնքներ, որոնք խորհրդային տարիներին եւ դրանից առաջ համերաշխ են ապրել։

Խորհրդային Միության փլուզումից հետո Աջարիայում հաստատվեց Ասլան Աբաշիձեի բռնապետական ռեժիմը, որը Թիֆլիսի ազգայնական քաղաքականությանը հակադրեց իր ցուցադրական ինտերնացիոնալիզմը եւ երկիրը զերծ պահեց ազգայնական հողի վրա առաջացած ցնցումներից եւ հանցագործ խմբավորումների թալանից, որոնց ենթարկվեցին Վրաստանի մյուս տարածքները։ Նա 1995-ին վերանորոգելուց հետո

Սուրբ Փրկիչ եկեղեցին

սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին` կառուցված 1895-ին հայկական համայնքին վերադարձրեց (վերջին տարիներին քաղաքում կառուցվել է կաթոլիկ եկեղեցի, բացվել են մի քանի ուղղափառ եկեղեցիներ, սինագոգ եւ մզկիթ)։

Հայկական եկեղեցու բակի հսկա մագնոլիայի ծառը տնկել է Հովհաննես Այվազովսկին։ 1910-ական թվերին այստեղ երգչախումբ է ստեղծել Կոմիտասը։ Եկեղեցին դադարել էր գործել 1930թ. ու դարձել պլանետարիա։

Աբաշ իձեի կարգադրությամբ 2003թ. Աջարիա յի հեռուստատեսությամբ բացվել է հայկական եւ ադրբեջանական լուրերի 10 րոպեանոց հաղորդում, որը արբանյակային եթերով սփռվում է ամբողջ աշխարհում։ Լուրերը պատրաստում եւ վարում է 32-ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով ավարտել է Երեւանի պետհամալսարանի ռուսաց բանասիրության ֆակուլտետը։

— Հայերեն լավ չէի հասկանում, ամոթ էր, երբ բառերը լսում էի ու չգիտեի ինչ է նշանակում։ Օրը 3-4 ժամ պարապում էի հայերեն եւ հիմա գրում ու կարդում եմ,- ասում է Արթուրը ով նախկինում աշխատում էր ռուսական լուրերի բաժնում։

Արթուրի կողքը նստում է ադրբեջանական ծառայության խմբագիր Էմիլ Մախմուդովը:

Աջարիան հեռարձակում է հայերեն

— Աջարիան օրինակ է ամբողջ Կովկասի համար, թե ինչպես տարբեր ազգեր կարող են համերաշխ ապրել,- ասում է նա ու գովում Ասլան Աբաշիձեի «բոլոր ազգերին իր մեջ առնող մեծ սիրտը»։

1992թ. ստեղծվել է հայկական համայնքի «Վերածնունդ» կազմակերպությունը, որը հրատարակում է ռուսալեզու «Աղբյուր» թերթը։

Հայերը սիրում են պատմել, որ Աբաշիձեի հայրը՝ Իբրահիմը, մեծացել է հայկական համայնքի ավագներից մեկի` 70-ամյա Ժորա Տաբակյանի տատի կաթով։ Թերթերից մեկի հրապարակման մեջ այս կաթնեղբայրության պատմությունը ներկայացվել է որպես խորհրդանիշ հայի ու վրացու եղբայրության:

— Ասլան Իբրահիմովիչը ուզեց ինձնից տատիս՝ Մարիամի նկարը։ Ես մեծացրի ու տարա նվիրեցի,- հպարտությամբ ասում է Տաբակյանը։

Այսուհանդերձ իշխանության բարձր ոլորտներ այլազգիներ մուտք չունեն, նույնիսկ ոչ աջար վրացիներին է դժվար պաշտոնների հասնել։ Երկրի հիմնական եկամտի աղբյուրները` նավահանգիստը, որտեղ տարածաշրջանի ծովային ամենամեծ բեռնափոխադրումներն են լինում, մաքսատունը եւ անտառները Աբաշիձեի եւ նրա շրջապատի ձեռքում են։ Արդյունաբերական նախկին ճյուղերը գրեթե չեն աշխատում եւ երկրում շատ են գործազուրկները։

Հայ թիթեղագործ: Բաթումցի Իրաքլին. «Երբեմն ինձ թվում է, որ հայերը իրականում ավելի շատ են, քան ներկայացվում է, ուր մտնում ես հայի ես հանդիպում»:

Նախկինում քաղաքում եղել են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ, այժմ ամենաբարձր պաշտոնյան Աբաշիձեի լուսանկարիչն է, Աջարիայի լուսանկարչական գործակալության ղեկավար Սեյրան Բարոյանը։

Ներկայացվող ու քարոզվող ինտերնացիոնալիզմի քողի ետեւում նկատվում է ավելի շատ կենցաղում փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն:

— Եթե մի վրացի քեզ հայհոյի, ի՞նչ պիտի անես, գլուխդ պիտի կախես գնաս, ձեն հանեցիր 40 հոգի վրադ կբերեն, իսկ դու ու՞մ կարաս բերես,- ասում է մի Բաթումցի հայ, որ չուզեց իր անունը հրապարակել։

Այլազգիների նկատմամբ խտրական վերաբերմունք ավելի շատ արտահայտում են գյուղերից նոր եկածները։ Հայերը ասում են, որ քաղաքի հնաբնակները երբեք իրենց նկատմամբ որպես հայ անհանդուրժող չեն եղել.

— Վերջին տարիներին գյուղերից լցվածները շատ են համը հանում,- ասում է մեկ ուրիշ բաթումցի հայ,- մեկը ինձ ասաց՝ «Ի՞նչ ես ստեղ անում, գնա քո Հայաստանդ»։ Ես պատասխանեցի՝ «Դու ո՞ւր էիր, որ ես Բաթումում էի ապրում»։

Ըստ հայերի, աջարները ավելի հանդուրժող են այլազգիների նկատմամբ քան մյուս վրացիները։ Երբ վրացական մյուս շրջաններում ու մասնավորապես Թիֆլիսում շատ հայեր հայական ազգանունը ստիպված փոխում էին վրացականի որ առաջ գնան, Բաթումում միայն մի այդպիսի դեպք են հիշում։

Բայց առանձին մարդկանց ճակատագրերում բացահայտվում է հայ լինելու պատճառով հասցված վնասները:

Մուշեղ Հապեթյանի հին ապարատը դեռ նկարում է

35 տարի Մուշեղ Հապետյանը լուսանկարիչ է աշխատել ռուսական ցարական գաղութատիրական ճարտարապետությանը բնորոշ նախշապատ ճակատով երկհարկանի շենքի տակի իր լուսանկարչական սալոնում։ Երբ եկել է սեփականաշնորհման ժամանակը ինքը դիմել է, սակայն ուրիշին են սեփականաշնորհել։ Այժմ սալոնը նա վարձակալությամբ է վերցրել նոր տիրոջից:

— Սա մեր աշխարհը չի, մենք հայ ենք,- ասում է 58-ամյա լուսանկարիչը։

Արդվինից գաղթական Հապետյանների գերդաստանում գրեթե բոլորը լուսանկարիչներ են՝ Մուշեղի հայրն ու հորեղբայրը, այժմ ինքը ու իր երկու եղայրները։ Սալոնում կիրառվում են լուսանկարչության պատմության ընթացքում եղած բոլոր տեխնոլոգիաները. 100 տարեկան շտատիվի վրա ամրացված լայնֆորմատի ապարատով լուսանկարում է սեւուսպիտակ լուսանկարներ Ռուսաստանի անձնագրերի համար, որոնք տպվում են  լաբորատորիայում դեռ 15-20 առաջ վերացած մեթոդներով։ Մյուս սենյակում ավելի ժամանակակից լուսանկարչական ավտոմատ տպող ու լվացող սարքն է, կողքը ժամանակակից թվային ապարատն է, որով հիմնականում լուսանկար են հանում ԱՄՆ-ի վիզայի համար։

Լուսանկարչատան հարեւանությամբ տիպիկ բաթումյան բակն է`իտալական կոչվող, որի մուտքը փողոցի կողմից դալանն է։ Ներսում՝բակում, իրար քիթքթի մտած բնակարաններն են, ուր մեկի ճաշի հոտը լցվում է մյուսի բնակարանը, մեկի լվացքը ծածկում է հարեւանի լուսամուտը։ Այսպիսի բակերում իրար կողք կողքի տասնամյակներ ապրել են տարբեր ազգեր՝ վրացի, ռուս, հայ եւ այլն:

Զիան ու Քնարիկը միայն քաղաքական տարաձայնություններ ունեն

— Էստեղ միշտ լավ հարեւանու թյուն ենք արել, իրար տուն մտնել-դուրս գալ,- ասում է լուսանկարիչ, Հապետյանի աշխատակից Անդրանիկ Դուրգարյանը։

Այս բակի 25հայ ընտանիքից այժմ վեցն է մնացել։ Բակում բնակվում է նախկին ծովային Զիյա Դոլիձեն, որ երկու տարի առաջ ամուսնացել է հայուհու՝ Քնարիկի հետ։

Ամուսինների տարաձայնությունները միայն քաղաքական են։ Զիան ինչպես շատ վրացիներ դժգոհ է իշխանություններից, որ երկիրը մի կլանի ձեռքում է ու մարդիկ աշխատանք չունեն եւ աղքատ են, Իսկ Քնարիկը Աբաշիձեի կողմնակից է, քանի որ նա հայերին լավ է վերաբերվում։

— Բժիշկը երբ մարդու տեսնում է պիտի հարցնի` ինչպե՞ս ես եւ ոչ թե հացի մասին մտածի,- ջղային ասում է Զիան։

Քնարիկը ամուսնու համար պատրաստում է հայկական ու վրացական ճաշեր ու երկուսով հետեւում են Վրաստանի ու Հայաստանի իրադարձություններին, նայում են Հ1, որ ամբողջ Բաթումում կաբելայինով հեռարձակվում է։

— Ես հայերից միայն մի բան կուզեի, ծնվում ու ապրում են Բաթումում ու վրացերեն չեն սովորում։ Որ մեկի հետ շփվում ես պիտի էդ լեզուն իմանաս,- ասում է Զիան, որ հա յերեն խոսում է։

Քնարիկը վրացերեն գիտի ու համաձայն է ամուսնու հետ:

— Շատերը ծնվել, մեծացել են էստեղ ու վրացերեն չգիտեն, ինչի՞ նման է։ Ես ընկերուհի ունեմ, որ վրացերեն բառ չգիտի,- ասում է նա։

Հայկական դպրոցի առաջին դասարանը

Բաթումի հայերի մի մասը ռուսախոս է եւ ո՛չ վրացերեն գիտի, ո՛չ հայերեն։ Թեեւ քաղաքի 6-րդ դպրոցն ունի հայկական մասնաճյուղ, որտեղ բոլոր առարկաները հայերեն են դասավանդվում, սակայն հայերն իրենց երեխաներին նախընտրում են տալ ռուսական դպրոց։ Մասնաճյուղում սովորում է 60 աշակերտ եւ դասավանդում 11 ուսուցիչ, իսկ նորաստեղծ ռուսական լիցեյում սովորում է 200 հայ աշակերտ։

— Ես ավարտել եմ հայկական դպրոցը, բայց իմ երկու երեխաներին տվել եմ լիցեյ, քանի որ այն ժամանակակից մեթոդներով է աշխատում,- ասում է «Վերածննդի» խորհրդի անդամ, լուսանկարիչ Սեյրան Բարոյանը,- մենք պիտի մտածենք, որ լիցեյում հայերենի ժամեր լինեն։ Կար, փակվեց։

Նախկինում քաղաքում եղել է 2 հայկական դպրոց, 1972-ին դրանք միացրել են, իսկ 1989-ին աշակերտների պակասելու հետեւանքով միակ դպրոցը միացվել է վրացականին։ 1898-ին այս դպրոցի շենքում է հիմնադրվել Բաթումի առաջին հայկական դպրո ցը։ Այստեղ է դասավանդել Եսենինի հայտնի բանաստեղծության հերոսուհին՝ Շահանեն։

— Աբաշիձեն ասել է, եթե նույնիսկ մեկ աշակերտ մնա ես պիտի պահեմ հայկական դպրոցը,- ասում է մասնաճյուղի տնօրեն Դոնարա Վարոսյանը, որ մեծ դժվարությամբ այս ուսումնական տարում հայկական առաջին դասարանում 8 աշակերտ է հավաքել, որոնցից շատերը նոր են սկսում հայերեն սովորել.

— Ես հայերեն մենակ ջուր ու հաց էի ասում, հիմա արդեն խոսում եմ,- ասում է վեցամյա Սիրան Ավետիսյանը,- մամաս ասեց` թող հայկական դպրոց գնա, որ հայերեն գրել-կարդալ իմանա։

Լուսանկարները`

ՌՈՒԲԵՆ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ

գրվել է 2004թ. ապրիլին, հրապարակվել AGBU ժուրնալի 2004-ի համարում և ապա նաև «Ձայն համշենական» թերթի 2005թ. օգոստոսի համարում

հգ. ակնարկը գրելուց մեկ ամիս անց, մայիսին տապալվեց Աբաշիձեի վարչակազմը:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , .

Տանը ծննդաբերելու ավանդույթը վերականգնվում է գյուղում ABKHAZIA ARMENIANS: HOLDING A HOME IN AN UNSTABLE TERRITORY

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com