Posts tagged ‘Բուզանդի փողոց’

«Պետական կարիքնե՞ր». իսկ ո՞վ է հոգալու Բուզանդի փողոցի ընտանիքների կարիքները

buzand1

Աստղիկ Հովհաննիսյանի տունն այն չէ, ինչ առաջ

Չսպասելով դատարանի որոշմանը` ականատեսների վկայությամբ մոտ 40 իրավապահներ անցյալ ուրբաթ մտան Աստղիկ Հովհաննիսյանի տուն և վտարեցին նրա 6 հոգիանոց ընտանիքը, ինչպես ժամանակին խաղաղ Բուզանդի փողոցի տասնյակ այլ ընտանիքների, որն այժմ վերածվել է Երևանի բնակիչների իրավունքների պաշտպանության մարտադաշտի:

Երբ Աստղիկ Հովհաննիսյանի երկու զավակները վերադարձան դպրոցից, տեսան, որ այլևս տուն չունեն: Ոստիկաններն ու կարմիր բերետավորները կատարել էին հրամանը, որը, ամենայն հավանականությամբ, իջեցվել էր քաղաքական կապեր ունեցող հզոր օլիգարխների պատվերով, որոնք չնչին գներով ձեռք են բերում քաղաքի լավագույն տարածքները:

Այլևս նորություն չէ, որ Հովհաննիսյանների նման ընտանիքներին վտարում են, որովհետև նրանք դարձել են խանգարող հանգամանք: Այս գարնանը քաղաքի կենտրոնի վերակառուցման առաջին ալիքի զոհ են դարձել տասնյակ ընտանիքներ:

(далее…)

07.10.2005 at 00:00 Оставьте комментарий

Ապարդյուն պայքար. տների զայրացած սեփականատերերը բարիկադներ են սարքում` որպես պաշտպանության վերջին միջոց «էլիտար տղերքի էլիտար տներից»

Էդուարդ Մուրադյանի պապը կառուցել է այն տունը, որտեղից նրա թոռանը վտարում են

1920-ականների վերջին Հարություն Մուրադյանը Երևանի Բուզանդի 23 հասցեում տուն է կառուցել: Նա իր ընտանիքով ապրել է այդ տանը մինչև Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը, երբ մեկնել է ռազմաճակատ ու զոհվել:

Այժմ, երբ Հայաստանի մայրաքաղաքը վերափոխում են ընտանիքների պատմությունների հաշվին, Մուրադյանի տունը վերածվել է մարտադաշտի: Գլխավոր պողոտայի ճանապարհին հայտնված այդ և մի շարք այլ տներ դարձել են կռվի պատճառ: Բարիկադների մի կողմում մարդիկ են, որոնց համար առաջընթացը համարժեք է դարձել հետապնդումներին, իսկ մյուս կողմում` նրանք, ում համար շարքային մարդկանց զոհաբերությունը հանուն օլիգարխների հարստացման ընդունելի գործարք է:

Անցյալ հինգշաբթի Մուրադյանի 45-ամյա թոռը` Էդուարդը, անօգնական նայում էր, թե ինչպես են դատական ակտերի հարկադիր կատարման աշխատողները (ԴԱՀԿ), ոստիկանության կարմիր բերետավոր հատուկ ջոկատայինների օգնությամբ վտարում իր ընտանիքի 11 անդամներին: Էդուարդ Մուրադյանի մայրը` Անժետտա Մուրադյանը, բարձրացել էր տան տանիքը և սպառնում էր ցած նետվել, մինչև ոստիկանները նրան քաշքշելով ցած իջեցրին:

(далее…)

09.09.2005 at 00:00 Оставьте комментарий

Մահ ու ավերածություն. վիճահարույց կառուցապատման շինհրապարակում դժբախտ պատահարի հետևանքով մարդ է զոհվել

Բուզանդի ու Ամիրյան փողոցների վիճահարույց կառուցապատումն իրականացնող կազմակերպություններից մեկի տնօրենը զոհվել է անցյալ շաբաթ առավոտյան, երբ քանդվող շենքերից մեկի պատը փլվել է նրա վրա:

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է «Գրիար» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Հարությունյանը, իսկ աշխղեկը ոտքի վնասվածք է ստացել:

Շինարարական այս տեղամասում մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող կառուցապատման փոքրաթիվ ծրագրերից մեկի շրջանակներում քանդվում են հին շենքերը, ինչը վեճերի առիթ է դարձել իրացնողների (որոնց մեջ կան բարձրաստիճան պաշտոնյաներ) և բնակիչների միջև, որոնք պնդում են, թե իրենց ստիպում են լքել տներն առանց բավարար փոխհատուցման:

Օրեր առաջ հենց հանգուցյալ Հարությունյանն էր քանդել տալիս Բուզանդի թիվ 25 շենքի տանիքը, երբ շենքում դեռ երեք ընտանիք էր բնակվում։ Նույնիսկ բնակիչների հրավիրած ոստիկանը չէր կարողացել կանգնեցնել քանդողներին։

Որոշ ընտանիքներ շարունակում են դիմագրավել ճնշումներին: Նրանցից է Սեդրակ Բաղդասարյանի ընտանիքը, որը չի համաձայնում իր տան դիմաց առաջարկվող 23 հազար դոլար փոխհատուցմանը:

Սեդրակ Բաղդասարյանը: Լուս. Կարեն Միրզոյանի

Սեդրակ Բաղդասարյանը

Կառուցապատման ջատագովները, որոնք հին ու անշուք շինություններն «աչքի փուշ» են համարում, մեղադրում են Բաղդասարյանների նման բնակիչներին այն բանում, որ վերջիններս փորձում են չափից ավելի մեծ գումար պոկել իրացնողներից: Սակայն բնակիչներն ասում են, որ իրենց առաջարկվող գումարով այդ տարածքում համարժեք բնակարան հնարավոր չէ գնել:

Դատարանը քննում է վեճը, սակայն դեռ որոշում չկայացրած` խնդրո առարկա շինությունները քանդվում են:

Բնակիչները դիմել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և նույնիսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբան Ռուբեն Մարտիրոսյանն ասում է, որ դատարաններն աչք են փակում բնակիչների իրավունքների ոտնահարման վրա:

Բաղդասարյանը, նրա հարևան Արսեն Ղասաբյանը և նրանց նման մի քանի այլ ընտանիքներ, որոնք փորձում են դիմադրել, հայտնվել են նեղլիկ արահետով փողոցին միացած թերակղզում, որը շրջապատված է իրացնողների փորած փոսերով: Կոյուղու և ջրի գծերն անջատված են:

Արսեն Ղասաբյանը: Լուս. Արթուր Թորոսյանի

Արսեն Ղասաբյանը: Լուս. Արթուր Թորոսյանի

Ապրիլի 11-ին Բաղդասարյանի որդին՝ 14-ամյա Տիգրանը, ընկել է փոսը ու կոտրել ոտքը, երբ փորձել է կոտրված խողովակից ցայտող ջուրը լցնել դույլը։

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը նամակ է հղել Երևանի քաղաքապետին, որում նկարագրել է իրավիճակը և խնդրել 5 օրվա ընթացքում պարզաբանում տալ։ 20 օր անցել է, իսկ քաղաքապետը դեռ չի պատասխանել նամակին։

Նույն վիճակն է հարևան Ամիրյան փողոցին հարող հատվածում, որի տարածքն իրացնում է նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը։

Լիաննա Զազյանը սենյակի մեջ՝ տունը քանդում են։ Իրերը կապկպած, չգիտի՝ ուր գնա։ Լիաննան ապրում է 2 և 6 տարեկան երկու երեխաների հետ, ամուսնուց բաժանված է։ Գասպարյանը տալիս է 10,5 հազար դոլար և պահանջում տունը դատարկել։ Լիաննայի հարազատները եկել են Գավառից ու ընկած տուն են փնտրում, սակայն այդ գնով չեն գտնում. ամենախարխուլ բնակարանը ծայրամասում 13 հազար է։

Լիաննա Ազիզյան: Լուս. Կարեն Միրզոյանի

Լիաննա Ազիզյան: Լուս. Կարեն Միրզոյանի

«Գոնե 2 հազար դոլար էլ լիներ։ Հիմա երեխաներս որ մանկապարտեզից գան, ապրելու տեղ չունեն։ Էրեխեքիս մանկատուն տամ, ես էլ փողոցո՞ւմ մնամ»,- ասում է Լիաննան, որի տունը պաշարել են կոյուղու ջրերն ու առնետները:

Լիաննան ասում է, որ գիշերը քնելիս դուռը չի փակում, որ եթե հանկարծ պատերը փլվեն, հասցնեն փրկվել:

armenianow.com

ՀԳ. Բուզանդի փողոցի բոլոր բնակիչները դատարաններում պարտվեցին: Սակայն նրանք ովքեր դիմել էին Եվրոպական մարդու իրավունքների դատարան հաղթեցին, որոնց մեջ նաև Սեդրակ Բաղդասարյանը:  

06.05.2005 at 10:16 Оставьте комментарий

«Կարի՞ք», թե՞ ընչաքաղցություն. Երևանի կենտրոնի փողոցների բնակիչներին դուրս են հանում` պետական կարիքների պատրվակով

Երևանի կենտրոնի երկու փողոցների բնակիչներին պարտադրում են վաճառել բնակարանները` «պետական կարիքների» պատրվակով:

Սակայն Հանրապետության հրապարակին և Հյուսիսային պողոտային հարող Բուզանդի ու Ամիրյան փողոցների բնակիչներն ասում են, որ իրենց պարտադրում են վաճառել բնակարանները ոչ թե ինչ-որ «կարիքների» համար, այլ որոշ մարդկանց ընչաքաղցության պատճառով:

Հին տներին, ի վերջո, կփոխարինեն շքեղ բազմաբնակարան շենքերը, որոնք, ինչպես ծրագրի հեղինակները հույս ունեն, կգրավեն ունևորներին և կփոխեն Երևանի կենտրոնի դեմքը: Միայն հետիոտների համար նախատեսված բնակելի, գործարար և զվարճալիքների թաղամասի` Հյուսիսային պողոտայի շինարարությունն սկսվել է երեք տարի առաջ և կավարտվի երկու տարուց: Գլխավոր պողոտան կձգվի Բուզանդի և Ամիրյան փողոցների միջև:

Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրով արդեն իրենց տներից հանվել են հարյուրավոր բնակիչներ` սեփականության վիճահարույց առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա: Բնակիչները բողոքում են, որ տան դիմաց իրենց հատկացված գումարները չեն համապատասխանում դրանց շուկայական արժեքին:

Հանրահայտ է, որ այս ծրագիրը ոչ մի կապ չունի «պետական կարիքների» հետ, և տարածքները ձգտում են գնել ազդեցիկ կապեր ունեցող կամ պաշտոն զբաղեցնող մի քանի հզոր գործարարներ: Այդ տները խանգարում են ոմանց փայփայած կառուցապատման ծրագրին, որը տեղահան կանի մի քանի հարյուր աղքատ կամ ոչ ունևոր բնակիչների` հարստացնելով մի բուռ մարդկանց:

Իրավապաշտպանները հայտարարում են, որ ոտնահարվում է բնակիչների սեփականություն ունենալու իրավունքը:

Ծրագիրն իրականացվում է կառավարության որոշման հիման վրա, ըստ որի «պետության կարիքների համար» առանց մրցույթի հողամասեր են տրամադրվել յոթ ընկերությունների: Դրանցից մեկի` «Վիզկոն» ՍՊԸ-ի բաժնետերերից է բնապահպանության նախկին նախարար Գևորգ Վարդանյանը: Մյուսը` «Գրիար» ՍՊԸ-ն, պատկանում է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիշա Հարությունյանին։ Ընկերություններից մի քանիսը հիմնել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործարարներ։

Ըստ սահմանադրության 28-րդ հոդվածի` սեփականության օտարումը հասարակական և պետական կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքի հիման վրա նախնական համարժեք փոխհատուցմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանն ասում է, որ քաղաքի կառուցապատումն իրականացվել ու իրականացվում է քաղաքացիների իրավունքների մի շարք խախտումներով։

Մասնավորապես` 1997 թվականին Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որ անձի սեփականությունը սահմանադրությամբ նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում պետության կողմից նրա սեփականության իրավունքը դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով:

«Ե՛վ սահմանադրական դատարանի որոշումը, և՛ քաղաքացիական օրենսգիրքը պարտադիր են համարում հարցի կարգավորումը միմիայն օրենքով,- ասում է Խաչատրյանը: — Մինչդեռ նման օրենք գոյություն չունի։ Հետևաբար այս վեճերը քննելիս դատարանները պարտավոր են առաջ քաշել կառավարության որոշումների` սահմանադրությանն անհամապատասխանության հարցը, ինչը ոչ մի դատարան չի արել»։

Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի վեճին, ապա Բուզանդի և Ամիրյան փողոցների բնակիչներն ասում են, որ իրենց առաջարկվող գումարները բավական չեն համարժեք բնակարան գնելու համար, մանավանդ որ, անշարժ գույքի գները կենտրոնում կառուցապատման ծրագրերն սկսելու հետ կտրուկ աճել են:

Բնակիչները նաև պնդում են, թե պետական կադաստրը հեշտացնում է կառուցապատողների գործը` փոքրացնելով սեփականության իրական չափսերը:

Ամիրյան 4/18 շենքի բնակիչ Լիդա Մուրադյանի բնակարանը 1997 թվականին տրված սեփականության վկայականով 70 քմ է, իսկ 2005 -ին տրված նոր վկայականով «դարձել» է 60 քմ։ Նույն ձևով «փոքրացել» են նաև նրա երկու հարևանների բնակարանները։

Այս և հարևան Ամիրյան 4/16 շենքի ութ բնակիչներ հրաժարվել են բնակարանի փաստաթղթերը հանձնել տարածքն իրացնողին, որ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանն է։ Դատարանը որոշում է ընդունել պարտադրել բնակիչներին հանձնելու փաստաթղթերը։

Մինչև բնակիչները դիմել են վերաքննիչ դատարան, նրանց դեմ նոր հայցադիմում է ներկայացվել առաջին ատյանի դատարան` պարտադրել նրանց չխոչընդոտել գնահատման աշխատանքները և համապատասխան փոխհատուցմամբ ազատել բնակարանը։

Ամիրյան 4/16 շենքի բնակիչ Ալբերտ Մաքսուդյանն ասում է, որ մինչև վերջ չի ընդունելու առաջարկված պայմանները ու պաշտպանելու է իր սեփականության իրավունքը. «ճանապա՞րհ են կառուցում, թե՞ օդանավակայան, որ ասում են` պետության կարիքների համար է»։

Նույնիսկ առանց շենք կառուցելու եթե իրացնողը տարածքը վաճառի, ապա մոտ 4 միլիոն դոլարի եկամուտ կունենա (Մելիք Գասպարյանն իրացնում է 5384 քմ, իսկ այդ հատվածում 1քմ-ի շուկայական գինը 1000 դոլար է)։

Մեկ այլ տեղ, մինչ բնակիչները դատական քաշքշուկների մեջ են, իրացնող ընկերությունները, չսպասելով վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների որոշումներին, սկսել են շենքերը քանդել։

Բուզանդի 25/1 շենքի ջուրն անջատել են ու սկսել են տանիքը քանդել, իսկ այնտեղ դեռևս երեք ընտանիք է ապրում։ Շենքից 10 ընտանիք ստիպված համաձայնել է ստորագրել պայմանագիրը և դուրս եկել։ Ազատված բնակարաններն արդեն քանդել են։ Բակում մնացել է ևս երեք ընտանիք, որոնց շուրջը քանդած տների փոսերն ու ավերակներն են։ Նրանք չեն համաձայնել իրենց ներկայացված պայմաններին։

«Հյուսիսային պողոտայի փորձից գիտենք, որ լույսն էլ կկտրեն,- ասում է շենքի բնակիչ Արսեն Ղասաբյանը, որ կնոջն ու երեխային ուղարկել է զոքանչի տուն` սպասվող վտանգներից խուսափելու համար: — Անընդհատ տագնապով սպասում ենք, թե ինչ կլինի»։

Արսեն Ղասաբյանի պապն է կառուցել: Լուս. Արթուր Թորոսյանի

Արսեն Ղասաբյանի պապն է կառուցել: Լուս. Արթուր Թորոսյանի

Երկրորդ ու երրորդ հարկերը կոոպերատիվ հիմունքներով կառուցել են շենքի բնակիչները, որոնց մեջ` Ղասաբյանի պապը։ Մինչև վերջերս 57 քմ բնակարանում ապրում էին հինգ հոգով։ «Գրիար» ՍՊԸ-ի հրավիրած անշարժ գույքի գործակալությունը բնակարանը գնահատել է 23640 դոլար, որին որպես խրախուսանք ավելացնում են ևս 14 հազար դոլար, եթե սեփականատերը համաձայնի առաջին հինգ օրվա ընթացքում։ Ղասաբյաններն սկզբում չեն համաձայնել գնին, հետո տեսնելով, որ ելք չունեն, հինգերորդ օրը չլրացած համաձայնել են։ Սակայն քաղաքապետարանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրացման գրասենյակը (ԾԻԳ) համարել է, որ ուշացրել են, ու նրանք զրկվել են 14 հազար դոլար խրախուսանքից: Նույնիսկ խրախուսական գումարն էլ գումարելով՝ 34 հազար դոլարով հնարավոր չէ կենտրոնում համարժեք տարածք գնել։ Դատարանը վճիռ է կայացրել, որով պարտադրում է ստորագրել առաջարկված պայմանագիրը և տարածքը զբաղեցնող անձանց վտարել։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել վճիռը։ Ղասաբյանների վերջին հույսը մնացել է վճռաբեկ ատյանը, որից ակնկալիք չունեն։

Նույն վիճակում են նաև նույն բակում բնակվող Ղարիբյանները. նրանց առաջարկել են 25 հազար դոլար (10 հազարը` խրախուսանք), նրանք չեն համաձայնել, և երկու դատական ատյանները վճիռ են կայացրել 15 հազար դոլարով պայմանագիր կնքել և վտարել բնակարանից։

Նույն շենքում բնակվող Գալստյանները միանգամից համաձայնել են իրենց առաջարկված պայմաններին ու ստացել 39 հազար դոլար (եկամտահարկը ներառյալ)։ Նրանք համոզված էին, որ հակառակ դեպքում կկորցնեին խրախուսական գումարը։

Իրացնող ընկերությունների պահանջները մերժողների դեմ դատարան է դիմում Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանը (հազվադեպ` նաև իրացնողները), որը բոլոր քայլերը հիմնավորում է կառավարության որոշումներով (ըստ որոշ աղբյուրների` դատարաններին հրահանգ է տրված, որ պետության դեմ վճիռներ չընդունեն)։ Թե ինչ շենքեր պիտի կառուցվեն իրացված տարածքներում, Դավթյանը դեռևս որոշակի չգիտե, նախագծերը հաստատված չեն։ Հայտնի է միայն, որ 8-10 հարկանի բնակելի շենքեր են լինելու։

Դատարաններում հայտնված բնակիչների համար (իսկ դատարանները, մեծամասնության կարծիքով, հենց այն զորեղների ազդեցության տակ են, որոնք համարվում են գլխավոր մեղավորները) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին հույսն է: Այստեղ տասնյակ դիմումներ են ներկայացվել։

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն անարդար է համարում դատարանների որոշումները. «Մենք ահազանգել էինք դեռևս այն ժամանակ, երբ իրացնում էին Հյուսիսային պողոտան, որ եթե այսպես շարունակվի, հետագայում նույնը կկրկնվի, և այդպես էլ եղավ։ Անտեսվել է իրավական լիարժեք գործընթացը»։

Նա ասում է, որ բացի այն, որ սահմանադրության պահանջը չի կատարվել, անընդհատ այլ օրենքներ են խախտվում. «Հնարավոր է` սահմանադրության հարցը չծագեր, եթե կողմերը համաձայնության գային: Այն, ինչ տեսել ենք ամբողջ ընթացքումկ, անընդհատ օրենքների խախտում է»։

«30-ից ավելի դիմումներ ենք ուսումնասիրել, և երևում է, որ պարտադրանքը տարբեր դրսևորումներ է ունեցել»,- ասում է Ալավերդյանը։

Որոշ դեպքերում, երբ բնակիչները հրաժարվել են փաստաթուղթ տրամադրել կամ թույլ տալ գնահատել իրենց տունը, դատարանի որոշումների հիման վրա բռնությամբ անել են տվել դատական ակտերի հարկադիր կատարածուները։ Բնակարանի գները որոշում են անշարժ գույքի գործակալությունները, որոնց հետ պայմանագիր է կնքում իրացնող ընկերությունը։ Բնակիչների հրավիրած անշարժ գույքի գործակալները հրաժարվում են գալ` վախենալով կորցնել արտոնագիրը (ինչպես եղել է Հյուսիսային պողոտայի պարագայում)։

Բուզանդի 15/4 բնակարանի վրա փակցված է «Չի վաճառվում» ցուցանակը։ Բնակարանի տերը՝ Նունե Վարդունին, և նրա հինգ հարևանները թույլ չեն տվել գնահատել տունը, սակայն կատարծուները կոտրել են դուռը ու հնարավորություն տվել, որ անշարժ գույք գնահատողը բնակարանը չափագրի:

Նունե Վարդունի: Լուս. Արթուր Թորոսյանի

Նունե Վարդունի: Լուս. Արթուր Թորոսյանի

«Առաջին անգամ եկան` չթողեցի, երկրորդ անգամ տանը չէի, դուռը կոտրել ու լցվել էին տուն»։ Բնակարաններ ներխուժումը նկարահանել է մի հեռուստաընկերություն և ցուցադրել, թե ինչպես են հարկադիր կատարողները հրում կանանց ու կոտրում դռները։ Տարածքն իրացնող «Վիզկոն» ՍՊԸ-ի հայցադիմումի հիման վրա դատարանը որոշել է պարտավորեցնել տան տերերին` թույլ տալ գնահատել իրենց անշարժ գույքը։

Վարդունին դիմել է վերաքննիչ դատարան։ Ասում է, որ ոչ մի առաջարկի չի համաձայնելու:

«Չեմ վաճառում և վերջ։ Նրանց հետ ոչ մի բանակցության մեջ չեմ մտնելու։ Շարժվում եմ սահմանադրությամբ։ Էլիտար շենք են սարքում, որ փող աշխատեն, անունը դնում են` պետության կարիքների համար։ Գիտեմ` վերջում ինձ վտարելու են, բայց մինչև վերջ պայքարելու եմ, դիմելու եմ Եվրադատարան»։

Ղասաբյանների դեպքն Ալավերդյանը համարում է իրավական պրակտիկայի համար սև բիծ. «Սա ֆիզիկական ճնշում է, բռնության մեթոդ։ Ֆիզիկական ճնշումն անպայման չէ, որ գան` մարդու մազերը պոկեն: Սահմանադրությամբ, կոնվենցիաներով մարդ պետք է իր բնակարանում խաղաղ ապրելու իրավունք ունենա»։

Մարդու իրավունքների պաշտպանը նամակներ է ուղարկել կառավարություն, դատարաններ։ Վերջին նամակը ապրիլի 22-ին ուղղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ շեշտում է, որ կառավարությունը նման որոշումներ ընդունելու իրավասություն չունի (կառավարության որոշումները հաստատել է նախագահը)։ Մյուս ճանապարհն այն է, որ պաշտպանը դիմի դատարան, սակայն ինչ հիմունքներով, դեռևս հայտնի չէ։ Առայժմ նրա քայլերը որևէ արդյունք չեն տվել։

armenianow.com

05.05.2005 at 10:44 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com