Բանաստեղծ քահանա՞.Մարտահրավեր հայկական ավանդույթներին

22.09.2005 at 19:05 2 комментария

nencyԿարո՞ղ է, արդյոք, հայ կինը հոգեւորական օծվել։ Եթե նա Երեւանի գիշերային ակումբներից մեկում փերֆորմանս ներկայացնող բիսեքսուալ ֆեմինիստ է, ապա՝ այո:

«Ակումբ» սրճարանում ամերիկահայ բանաստեղծուհի Նենսի Ագաբյանն անցած չորեքշաբթի գիշերը ներկայացրեց իր ստեղծագործությունը, որի թեմաները մարտահրավեր էին նետում հայկական ավանդույթներին եւ ընդլայնում պահպանողական հասարակության հանդուրժողականության սահմանները:

Փերֆորմանսը եղավ շվեյցարական «Ուտոպիանա» կազմակերպության կազմակերպած հնգօրյա «Մեկ քայլ» ֆեմինիստական միջոցառումների շրջանակում:

Նենսին իր «Ջուր եւ գինի» փերֆորմանսում իրեն օծում է քահանա, սակայն՝ մի այլ դավանանքի։ Իսկ քահանա Նենսին ինքն իրեն կնքում է կնքամայր նոր բարոյականության։ Մի դավանանք, ուր միաձուլված են հայի ինքնությունը եւ հայ համայնքի համար անընդունելի սեռական կողմնորոշումը, ընտանիքի, որ իրեն հայ է մկրտել, ճակատագիրն ու կենցաղը ու կնոջ ազատագրումը Եվայի մեղքից։

Փերֆորմանսի ընթացքում, որին ներկա էր մոտ 30 հոգի, Նենսիի տեքստի հայերեն թարգմանությունն ընթերցում էր բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը։

nency1Յոգի կապույտ խսիրն է ու դիմացը ջրով թասը, Նենսին կնոջ տնային խալաթով, գորգին յոգի վարժություն է անում՝ երգելով հայ եկեղեցու պատարագից հատված։ Զուգահեռ ընթերցանությունն է. «Մոտ ընկերներիցս մեկը խնդրել է, որ իր երեխային կնքամայր դառնամ։ Ճիշտն ասած՝ մի փոքր զարմացած եմ. երբեք չէի կարծի, որ կարող է կնքամայր էլ դառնամ։ Հանկարծ ու՝ ես պիտի երաշխավորեմ մի երեխայի բարոյական ու հոգեւոր դաստիարակությունը։ Գաղափար չունեմ, թե ինչպես եմ դա անելու։ Բոլորն էլ գիտեն, որ ես եկեղեցի չեմ գնում»։

Ապա լոտոսի դիրքով նստում է եւ բաժակով ջուր լցնում վրան. «Ես մերկ նստած եմ մեծ մորս վաննայում, սեւ ռեզինի փորվածքներով ճերմակ էմալե աթոռակին։ Մեծ մայրս բացել է ջրի ծորակը, եւ երբ ջրից արդեն գոլորշի է բարձրանում, նա Կոլումբո մածնի շիշը լցնում է ջրով։ Ես փորձում եմ գուշակել, թե ինչ է անելու դրանով, երբ հանկարծ գլխիս վրա զգում եմ տաք ջուրը»։

Նենսին ամերիկյան թերթերից պատրաստում է մաշիկներ, հետո՝ քահանայի վեղար, իսկ տեքստը պատմում է նրա ընտանիքի կանանց պատմությունը՝ տատի, որին Եղեռնի ժամանակ փրկել են արաբները, բուժել ու լողացրել, ընտանեկան վեճերը, ուր մայրը միշտ հոր դիկտատի տակ էր։

nancy3Սա մի պատմություն է, որտեղ եկեղեցին խորհրդանիշն է հայ համայնքում կնոջ ստրկության, համայնքն իր պահպանողական բարքերի պատճառով կանանց վանում է իրենից, ստիպում, որ նրանք այլ դավանանք ընտրեն. «Երբ դեռ երեխա էի, հեչ չէի ուզում գնալ եկեղեցի, չէի ուզում ձանձրույթից տանջվել հին հայերենի անհասկանալի հնչյուններից, տխուր երաժշտությունից ու խունկի խեղդող ծխից։ Ամենասարսափելին ինձ համար մորուքով տեր հոր առաջ կանգնելն էր, որն իր փայլուն ասեղնագործ թիկնոցով սավառնում էր վրաս ու վերեւից խիստ հայացքով նայում ինձ։ Երբ արդեն մեծ էի, ու կնքամայրս էլ կենդանի չէր, եկեղեցի այլեւս չէի հաճախում։ Ամեն անգամ, երբ ընտանիքիս հետ եկեղեցի էի գնում, հոգիս ալեկոծվում էր՝ տեսնելով, թե ինչպես կանայք իրավունք չունեն ծիսակարգին մաս կազմելու՝ բացի երգչախմբային ծառայությունից, թե ինչպես նրանք պարտավոր են ծածկել իրենց մազերը, քանի որ ի ծնե, Եվայի պես, մեղավոր են»։

Նա ճշմարտություն է փնտրում այլ կրոններում։ Պատմում է մեկ այլ հայ կնոջ մասին, որը ցանկացել էր քահանա ձեռնադրվել, բայց մերժում էր ստացել ու դարձել բողոքական։ Սակայն Նենսիին հայ եկեղեցին ինչ-որ անհասկանալի պատճառով միշտ ձգում է։ Ու մի օր, 2002 թվին, հայկական ծագումով իր լեսբուհի ընկերուհուն բերում է հայկական եկեղեցի, որտեղ «անզուսպ ցանկությամբ ուզում էի համբուրել նրան, հպվել իմ շուրթերով ու լեզվով նրա շուրթերին»։ Եկեղեցում համբուրվելու ցանկությունը սեռական մղումից չի առաջացել, այլ անհնար մի ամուսնության ծեսի երազանք է կամ եկեղեցու օրենքները շրջելու եւ նոր օրենք հաստատելու ձգտում։ Առաջին անգամ Հայաստանում կինը հրապարակայնորեն խոսում է իր լեսբուհի լինելու մասին։

performՔահանայի թղթե վեղարը գլխին՝ Նենսին ջուր է լցնում իր վրա, ինքն իրեն քահանա օծում։ Նա ստեղծում է նոր համայնք, նոր Հայաստան, ուր քանդված են ավանդական կաղապարները, այլեւս կինը միայն երեխա արտադրող մեքենա չի եւ ոչ էլ՝ տնային տնտեսուհի, այստեղ կինը կարող է հայ լինել եւ, միեւնույն ժամանակ, բիսեքսուալ, կարող է հոգեւոր հովիվ լինել, որն ընդլայնում է հայ հասարակության սահմանները, որտեղ լիարժեք անդամ են տարբեր սեռական կողմնորոշում ունեցողներն ու դավանանքի հետեւորդները, եւ նրանց կրոնը վերաիմաստավորված հայկական պատկանելությունն է։ Փերֆորմանսը վերջ է դնում համայնքի եւ անհատի հակամարտությանը։ Արդեն նա պատրաստ է լինել կնքամայր. նա կանգնում է, կատարում արեւին ողջունելու յոգական ծեսը ու հայերեն ասում. «Ես կնքամայր եմ»։ Մի նոր կնքամայր, որը կարող է երաշխավորել հայ նոր հանրություն մուտք գործող նոր բարոյականությունը։

37-ամյա Նենսի Ագաբյանը հրատարակել է «Արքայադուստր աննորմալը» բանաստեղծությունների ժողովածուն (Princess Freak)։ «Գինի եւ ջուր» տեքստը նրա դեռեւս չհրատարակված նոր գրքից է` «Նորից ես՝ որպես նա» (Me as her again)։ Անցյալ տարի «Բնագիր» ինտերնետային գրական հանդեսի իններորդ համարում տպագրվեց Նենսիի բանաստեղծությունների թարգմանությունը, որի շնորհիվ նրան այս փառատոնին մասնակցելու է հրավիրում «Ուտոպիանան»։

nancy4Նենսին ժամանակին հեռացել է հայ համայնքից, որը չէր ընդունում նրա բիսեքսուալ կողմնորոշումը։ Սակայն 30 տարեկանից հետո Նյու Յորքում կրկին սկսել է շփվել հայերի հետ՝ ծանոթանալով հայ միասեռականների մի կազմակերպության հետ, եւ հասկացել, որ հայ համայնքը կարիք ունի արդիականանալու։ «Ինձ համար կին լինելն ու հայ լինելը միաձուլված են, որովհետեւ իմ հայ ինքնությունը ստացել եմ հայ կանանցից։ Այժմ ես գիտեմ, որ հայ համայնքին ինքս տալու շատ բան ունեմ եւ նրանից շատ բան՝ վերցնելու»։ Նյու Յորքում Նենսին իր համախոհների հետ կազմակերպել է «Կարդալ»«Gartal» ակումբը, ուր հավաքվում են ամենատարբեր հայացքների գրողներ, որոնց կապում է հայ լինելը։

«Նենսիին գիտեի իր բանաստեղծությամբ եւ այսպիսին չէի պատկերացնում։ Անակնկալ էր տեսնել նրան այսպես փոքրիկ, փխրուն, վտիտ ու կարծես անպաշտպան,- ասում է Վիոլետ Գրիգորյանը, որ «Բնագրի» համախմբագիրն է,- մեջդ նրան պաշտպանելու ցանկություն էր առաջանում, բայց իր փերֆորմանսից հետո հանկարծ զգացի, որ այդ քնքուշ արարածը ինքն էր մեզ՝ հայաստանցիներիս, պաշտպանում։ Իր էդ թղթե շորերը հագնելով՝ կարծես մեզ՝ հայերիս, ազատում էր միեւնույն ազգային «տարազը» հագնելու, միատեսակ լինելու պարտադրանքից»։

Փառատոնի կազմակերպիչ Ստեֆան Քրիստենսենն ասում է, որ իրենց նպատակներից մեկը հասարակության մեջ իշխող վախերը հաղթահարելն է, ինչպես, օրինակ, կանանց վախը չամուսնանալուց, ֆեմինիստ լինելու վախը, համայնքներ ստեղծելու միասեռականների վախը եւ բազմաթիվ այլ վախեր, որ բնորոշ են եւ կանանց, եւ տղամարդկանց։

armenianow.com

«Ջուր և գինի» ներկայացման տեքստը այստեղ

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Poet Priest?: Swiss-sponsored festival challenges Armenian traditions «Պետական կարիքնե՞ր». իսկ ո՞վ է հոգալու Բուզանդի փողոցի ընտանիքների կարիքները

2 комментария Add your own

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com