Ոչ ոք չի հաղթում. Այց հետպատերազմյան Վրաստան

10.09.2008 at 00:00 Оставьте комментарий

Լուիզա Ներսիսյանն իր ընտանիքով դարձել է փախստականների ճամբարի «բնակիչ»

Խմբագրի կողմից` սեպտեմբերի վերջին IWPR-ն (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ) կազմակերպեց հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողների այցը հակամարտության գոտի` ծանոթանալու պատերազմի թողած հետևանքներին։


Գորի և փախստականներ

Գորիի այն ծխացող երեք շենքերը, որոնք ամբողջ աշխարհով ցուցադրվում էին որպես ռուսական ներխուժման ապացույց, վերակառուցվում են, ու ջնջվել են այնտեղից պատերազմի հետքերը։ Սակայն քաղաքի մյուս կողմում փախստականների վրանային ճամբարը խոսում է դեռ չավարտված հակամարտության մասին։

Պատերազմի բարձրակետին, Վրաստանի պաշտոնական տվյալներով, 130 հազար փախստական է եղել, այժմ նրանց թիվը եռակի նվազել է։ Գորիի փախստականների վրանային ճամբարներից մեկում ապաստան է գտել 2500 փախստական, որոնց մեծ մասը բուֆերային գոտուց է և ռուսական զորքերի հավանական դուրսբերումից հետո կվերադառնա իրենց տները։

Գորիի շրջանի Քիսնիսի բնակիչ Մարիամ Ցիցագին տանը մենակ էր, երբ սկսվեց պատերազմը։ Նրա ընտանիքը՝ փեսան, աղջիկը, թոռը, դեռ հուլիսի վերջին մյուս համագյուղացիների հետ, պատերազմի վտանգը զգալով, հեռացել էր գյուղից։ Իսկ գյուղացիների մյուս մասը հեռացել էր օգոստոսի 5-6-ին, ու գյուղում մոտ 100 ընտանիքից մնացել էր 10-ը։ Պատերազմի սպառնալիքը մինչև օգոստոսի 7-ն արդեն կախված էր այստեղ և երկու հակամարտող կողմերի բնակիչներին ստիպել էր մինչև պատերազմը հեռանալ հակամարտության գոտուց։ Մարիամը ապրել է իրենց գյուղի ռմբակոծության սարսափը, ու իր ձեռքն էլ բեկորից վնասվել է: Նա վրացական զորքերի հետ նահանջել է օգոստոսի 8-ին։ Վրացի փախստականներն ասում են, որ ռուս զինվորները իրենց նեղություն չեն տվել, իրենք վախենում են օս գրոհայիններից, որոնք իրենց տները թալանում են ու իրենց կյանքին սպառնալիք դառնում։

Քիսնիսում կա մոտ 20 հայ ընտանիք։ Լուիզա Ներսիսյանը պատմում է. «Վրացին մտավ գյուղ ու ասեց` «Փախե´ք, ռուսները գալիս են»։ Ռումբերն ընկել են իրենց տան մոտ, ապակիները կոտրվել են, գյուղում օսերը մի քանի տուն են վառել։ Բայց գրոհայինները հայերին նեղություն չեն տվել։ Այդուհանդերձ վախեցել են մնալ, քանի որ ամեն գրոհային չի հարցնում` իրենք հայ են, թե վրացի, ու տղայի, հարսների ու թոռների հետ մեկնել են Թբիլիսի, 20 օր անց տեղափոխվել փախստականների ճամբար։ Տղան վրացական բանակում է ծառայում, ընկել է ռուսական շրջապատման մեջ, բայց հաջողացրել են դուրս պրծնել։ Նրա ամուսինը՝ Ժորան, գյուղում է, ինքն էլ ամեն օր ավտոբուսով գնում է գյուղ գալիս։

Տիձնիսի միակ հայկական ընտանիքից 46-ամյա Գյուլնարա Մարաբյանինը օգոստոսի 11-ին է դուրս եկել գյուղից. «Ավտոյով փախանք, մինչ էդ տղես երեխու հետ գնացին։ Ռուսի սամալյոտը բոմբեցին, տները վառեցին։ Բայց մեր տունը չի վնասվել, դպրոցն է քանդվել»։

Բուֆերային գոտու 34 գյուղերի փախստական դարձած բնակիչները կվերադառնան, երբ ռուսական զորքերը, համաձայն Սարկոզիի համաձայնագրի, հոկտեմբերի 10-ին դուրս գան, ու նրանց տեղը իշխանություն հաստատի վրացական ոստիկանությունը։ Այդ վերադարձը դեռևս չի վերականգնի բնականոն կյանքը, Վրաստանի պաշտոնական տվյալներով` մոտ 1500 տուն է վնասվել, որից 250-ը` հիմնահատակ։

Սակայն Օսիայից եկած փախստականները այլևս չեն տեսնի իրենց հայրենի օջախները։ Նրանցից է Ցխինվալիի շրջանի Վանատի գյուղից Մակվալա Գոչիաշվիլին, ով այլևս հույս չունի գյուղ վերադառնալու. «Սկզբում կրակոցներ էին լինում, ու մենք չէինք պատկերացնում, որ պատերազմ կլինի։ Հետո սկսվեցին ավելի ուժգին պայթյուններ, կրակում էին տարբեր զենքերով։ Հետո գյուղ մտան զինվորները։ Օսերը բեռնատարով մեր բոլոր լավ իրերը տարան, թալանեցին, տները վառեցին։ Էլ ոչ ոք չմնաց գյուղում։ Եթե ռուսական զորքերն էլ հեռանան, մեկ է` տները չկան, ո՞ւր վերադառնանք»։

Գորիի ճանապարհին երևացող օսիայից փախստականների համար կառուցվող գյուղերի մեծամասշտաբ շինարարությունը վկայում է, որ վրացական իշխանությունները դրանք կառուցում են մշտական բնակության համար և հույս չունեն, թե նրանք կվերադառնան իրենց տները։ Այդպիսի մոտ 9 հազար տներ են կառուցվում Գորիի շրջանում։

Վրաստան

Վրաստանի անկախությունից հետո 3 նախագահներից յուրաքանչյուրը, ժողովուրդների կամքը անտեսելով, փորձել է նրանց ենթարկեցնել կամ բնաջնջել, սակայն ամեն անգամ տարածքներ է կորցրել ու ստացել փախստականներ։ 1991-1992 թվերին «Վրաստանը` վրացիներին» և «Հարավային Օսիան օսերից մաքրելու» Գամսախուրդիայի քաղաքականությունը ի վերջո հանգեցրեց նրան, որ Օսիան «մաքրվեց» վրացիներից։

Վերջին պատերազմի ժամանակ Վրաստանը ոչ միայն հավանաբար անվերադարձ կորցրեց Օսիան և Աբխազիան, այլև վրացաբնակ Ախալգորիի շրջանը, ուր հակամարտությունը մուտք չէր գործել։ Այն խորհրդային ժամանակ մտնում էր Հարավային Օսիայի մեջ, սակայն 18 տարի շարունակ այնտեղ տարածվում էին վրացական օրենսդրությունն ու իշխանությունը։ Օգոստոսի 19-ին ռուսական զորքերը, գրավելով Ախալգորին, բնակչությանը տարհանեցին` նրանց անվտանգությունը ապահովելու անվան տակ, ու շրջանը վերամիավորվեց Օսիային ու վերանվանվեց Լենինգորի։ Իսկ Աբխազիայի կողմից էլ Վրաստանը կորցրեց Վրաստանի իշխանության տակ գտնվող Կոդորի կիրճը։

Ռուսական ներխուժման դեմ միավորված ժողովրդի ազգային ոգին դեռևս փորձում են բարձր պահել իշխանությունները։ Պատգամավոր, խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին պատերազմն ավարտված չի համարում և վստահ է, որ Վրաստանը չի պարտվել. «Պատերազմը ոչ միայն ճակատի գիծն է, այլև դիվանագիտության և տեղեկատվության դաշտը։ Կոնկրետ ճակատամարտը գուցե պարտվել ենք, բայց ամբողջ պատերազմը` ոչ։ Պատերազմը կշարունակվի այնքան, քանի դեռ ռուս զինվոր է գտնվում վրացական տարածքում, և կավարտվի միջազգային հանրության օգնությամբ` ստիպելով Ռուսաստանին նահանջել այդ տարածքներից»։

Սակայն «պարտված ճակատամարտից» ժամանակն ինչքան անցնում է, այնքան հայրենասիրական հռետորությունը անարդյունավետ է դառնում։

Բանաստեղծ Շոթա Իաթաշվիլին ասում է, որ կառավարությունն այնպես է պահում իրեն, կարծես հաղթել է, բայց իրականում երկիրը դեպրեսիայի մեջ է, և 90-ականների բեսպրեդելից հետո այսպես ահավոր չի եղել։ Նախկին գրական հավաքները այլևս չեն լինում, ընկերներն իրար զանգ չեն տալիս, շփվելու տրամադրություն չկա. «Ընկերոջս հետ էի խոսում, ասում է, մի շաբաթից կավարտի նոր վեպը, բայց չի հասկանում, թե ինչու է գրում։ Գիտի, որ մեկը կտպի լավ որակով, բայց ո՞ւմ է պետք։ Նա 32 տարեկան է, երբ դարձավ պատանի, դուրս եկավ փողոց աշխարհին նայի ու տեսավ պատերազմ, ավերածություն ու բեսպրեդել։ Ամեն տարի նրան ասել են՝ մի քիչ սպասի, ավելի լավ կլինի։ 2-3 տարի առաջ պատրանք կար, որ արդեն դուրս կգանք այս վիճակից, հիմա այդ պատրանքը վերացավ։ Չենք դուրս գա էլ 10 տարի, 20 տարի։ Ոչ ոք էլ չի ուզում էս երկրում ապրի»։

4 երեխաների հայր Շոթան, որ աշխատում է «Կովկասյան տուն» հրատարակչությունում, ասում է, որ պատերազմից հետո անհնար է դարձել փող վաստակել, պարբերականները հոնորար չեն տալիս, քանի որ ձեռնարկություններն ի վիճակի չեն գովազդ տալ, աշխատավարձը ուշացվում է։ Նա ասում է, որ այս հուսահատության մեջ զավեշտալի է Սահակաշվիլու ստեղծած մտավորականության պահվածքը, որ շոուներ են վարում, կատակներ անում, անընդհատ հայրենասիրություն քարոզում, թե` մենք ուժեղ ազգ ենք, ամեն ինչ կարող ենք, և ոչ ոք չի կարող մեզ հաղթել։

Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Զուրաբիշվիլին համարում է, որ երկիրը աղետի եզրին է, մի կողմից տնտեսությունը անկում է ապրում, երկիրը ստացել է անկայուն երկրի համբավ, ներդրումները դադարել են, բանկերը վարկեր չեն տրամադրում, մյուս կողմից` Աբխազիայի ու Օսիայի ճանաչումով բարդացել է երկրի միավորումը։

«Պատերազմը ո՞վ սկսեց» հարցը մնում է օդից կախված։ Իշխանությունները պնդում են, որ սկսել են ռուսները, ու իր տեղեկատվական պատերազմի հիմնական դրույթն է կրկնում, թե ռուսական զրահատեխնիկան արդեն օգոստոսի 7-ին Ռոյսկի թունելում էր. «Եվ ինչ արեցինք մենք. միայն համարժեք պատասխան տվեցինք ագրեսիային։ Մեր երկիր մտնեն ռուսներ, թե մեկ ուրիշը` մենք համապատասխան հակահարված կտանք, անկախ նրանից, թե ինչ գին դա կունենա»,- ասում է Կուբլաշվիլին։ Այդ գինը, պաշտոնական տվյալներով, 180 զոհված զինվորներն են և մոտ 150 խաղաղ բնակիչները, իսկ ոչ պաշտոնականով` զոհված 1000-ից ավելի զինվորները, հիմնահատակ ավերված պաշտպանական համակարգը։

Մի կողմից` հակառուսական ու հայրենասիրական ոգին, մյուս կողմից` միակողմանի տեղեկատվությունը Վրաստանում դժվարացրել են հստակ պատկերացում կազմել, թե ո՞վ սկսեց պատերազմը, կամ ինչպե՞ս սկսվեց։ Պատերազմի ժամանակ խլացվում էին արբանյակային ռուսական հեռուստաալիքները, փակված էին բոլոր ռուսական կայքերը, նույնիսկ պոպուլյար odnoklassniki.ru-ն։ Դեռևս փակ են մնում բոլոր ռուսական լրատվական կայքերը։

«Մեդիա Նյուզ» գործակալության աշխատակից Լիզա Տոնականյանն ասում է, որ ազգային փոքրմասնությունները վստահ են, որ Վրաստանն է նախահարձակ եղել, որ գրավի Օսիան, բայց իրենց կարծիքը բարձրաձայն չեն ասում։

Հանրապետական կուսակցությունը գնահատում է, որ Վրաստանը, տրվելով Ռուսաստանի սադրանքին, մտավ մեծամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, որը կոպիտ սխալ էր` հավասարազոր հանցագործության. «Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ վրացական բանակը, ինչքան էլ հերոսաբար կռվի, կարող է հաղթել ռուսականին, դա ուղղակի անհնար է,- ասում է Զուրաբիշվիլին: — Պաշտպանության փոխնախարար Կուտելին ասում է. «Մենք չէինք սպասում նման ռեակցիա Ռուսաստանի կողմից»։ Եվ ես հարց եմ տալիս. «Իսկ ինչո՞ւ չէիք սպասում»։

Նա մեղադրում է Սահակաշվիլուն անսկզբունքային քաղաքականության մեջ, որ մի կողմից առանց մրցույթների վրացական խոշոր ձեռնարկությունները վաճառում է Ռուսաստանին (Թբիլիսի «Տելասի» էլեկտրական բաշխիչ ցանցը, Մառնեուլի ոսկու գործարանը, մետալուրգիական գործարան և այլն) ու ապահովում ռուսական տնտեսական ներխուժումը, մյուս կողմից` մարտնչող ու անձնական վիրավորանքներ հասցնելով Ռուսաստանի ղեկավարներին (մի անգամ Պուտինին անվանել է լիլիպուտին), ի չիք դարձնում համագործակցության ու շփման բոլոր եզրերը։ Նա ասում է, որ անհրաժեշտ են նոր ընտրություններ, քանի որ Սահակաշվիլին այլևս չի կարող Ռուսաստանի, Օսիայի, Աբխազիայի հետ հարաբերություններ հաստատել, որոնք անհրաժեշտ են երկրի կայունության համար։

Վրացական իշխանությունների քարոզչական այն պնդումը, թե հակամարտությունը ոչ թե Օսիայի ու Աբխազիայի հետ է, այլ Ռուսաստանի, քաղաքագետ Պատա Զաքարաշվիլին ընդունում է ու մեղադրում իշխանություններին հենց այդպես դարձնելու մեջ։ Նա ասում է, որ Վրաստանի իշխանությունների` աբխազների ու օսերի նկատմամբ անզիջում քաղաքականության հետևանքով այդ ժողովուրդներն ապավինեցին ռուսական ուժին. «Հնարավոր էր հասնել նրան, որ Ռուսաստանի ազդեցությունը աբխազների ու օսերի վրա լիներ շատ ավելի քիչ, քան եղավ։ Մենք չենք ունեցել ոչ մի կուլուարային հարաբերություններ երկրի ժողովուրդների հետ»։

«Մենք ելնում էինք նրանից, թե ինչ ենք ուզում մենք, բայց չէինք ուզում իմանալ, թե ինչ են ուզում օսերն ու աբխազները»,- Զաքարաշվիլին, նախևառաջ, փորձում է հասկանալ, թե ինչու ծագեց հակամարտությունը

Անընդհատ հնչող «Ո՞վ սկսեց պատերազմը» հարցը Զաքարաշվիլին փոխարինում է իր համար ավելի կարևոր՝ «Ինչո՞ւ եղավ» հարցով և կարծում է, որ պատերազմին հանգեցրեց Սահակաշվիլու որդեգրած` Օսիան և Աբխազիան ռազմական ճանապարհով գրավելու քաղաքականությունը. «Այս ամենը սկսվեց 2005-ից, երբ Սահակաշվիլին հայտարարեց, թե Օսիայի կրիմինալ իշխանությունների հետ բանակցությունների չի գնա։ 2006 թվականին Աբխազիայի արտգործնախարար Շամբան եկավ Թբիլիսի ու բացահայտ ակնարկեց, որ կուզեր հանդիպել Սահակաշվիլու հետ։ իսկ Սահակաշվիլին չհանդիպեց, և միևնույն ժամանակ այցելեց Սանակիի ռազմական բազա ու զինվորական համազգեստը հագին հայտարարեց, որ Աբխազիան այստեղից մեզ շատ մոտ է (ակնարկելով ռազմական ճանապարհով այն գրավելու ցանկությունը)։ Մենք չունեցանք ընդունակություն գնահատելու նախկին իրադարձությունները, Գամսախուրդիայի ժամանակվա քաղաքականությունը չստացավ գնահատական վրացական հասարակության կողմից, չհայտարարվեց, որ մենք մերժում ենք այն։ Դա օսերի կողմից ընկալվել է, որ նոր իշխանությունը նույն պլատֆորմին է, ինչ Գամսախուրդիան, ու օսերը ապավինեցին ռուսներին։ Որպեսզի կոնֆլիկտները լուծվեն, պետք է հասկանալ երկրորդ կողմի հոգեբանությունն ու շահերը։ Մենք ելնում էինք նրանից, թե ինչ ենք ուզում մենք, բայց չէինք ուզում իմանալ, թե ինչ են ուզում օսերն ու աբխազները»։

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Nobody wins: A visit to post-war Georgia Double Deprived: “High ranked”corruption affects orphans’ housing

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com