Քաղաքականություն և արվեստ. Ֆրիդան և Արմենը

27.03.2015 at 16:01 Оставьте комментарий

Ֆրիդա Կալո. կոմունիստ և արվեստագետ(by Florence Arquin, 1941, http://www.vintag.es/)

Ֆրիդա Կալո. կոմունիստ և արվեստագետ(by Florence Arquin, 1941, http://www.vintag.es/)

Կա արդյո՞ք տարբերություն գրական և քաղաքական տեքստերի մեջ, եթե ձևով գրական տեքստը արտահայտում է քաղաքական-կուսակցական շահեր, գրականությո՞ւն է արդյոք, թե՞ գրական գեղագիտությամբ փաթեթավորված կուսակացական հայտարարություն:

Իսկ ո՞րն է արդյոք արվեստի և գրականության քաղաքական ուղերձը, հեղինակի ու նրա քաղաքական շրջանակի կուսակցական շա՞հը, որտեղ հեղինակը կուսակցական առաջնորդի խոսափողն է, թե՞ մի նոր քաղաքական ուղենիշ, որ բերում է արվեստագետը հակադրելով իր քաղաքականությունը իշխող քաղաքական-հասարակական համակարգին կամ ընդհանրապես աշխարհին: Եվ ինքն էլ առաջնորդը՝ իր քաղաքականության:

Այս մտորումներն առաջացան, երբ հրապարակվեց Ինքնագիր գրական հանդեսում Արմեն Օհանյանի(Արմեն Հայաստանցի) «Մայրենիք դրոշ» վեպի երեք հատվածները(Առաջին մաս, երկրորդ մաս, երրորդ մաս, չորրոդ և վերջին հատվածը կհարապակվի եկող շաբաթ):

Վեպը կառուցված է գեղարվեստական պատումի և հրապարակախոսական- քաղաքական գրության միահյուսմամբ(հիշեցնում է Օրհան Փամուկի «Սև գիրքը», ուր մի գլուխը սյուժեն է մյուսը լրագրող հերոսի էսսեն):

Ֆրիդա «Երկու Ֆրիդա», 1931

Ֆրիդա «Երկու Ֆրիդա», 1931

Սակայն հետաքրքիր թվացող փորձարարությունը հետին պլան է մղվում կոնկրետ կուսակցական շահեր արտահայտող բանավիճային տեքստերով:

Օրինակ, Օհանյանը պնդում է.

«Հայտնի է, որ 20-րդ դարի վերջին տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ համարվող նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը 21-րդ դարի սկզբին կտրուկ շեղվեց իր բռնած ուղուց և շատ արագ վերածվեց գողապետության: Էս ընթացքում սահմանադրական բարեփոխման անվան տակ բռնաբարվեց տասնամյա մայր օրենքը, իսկ որ ամենացավալին է` հիմքից նենգափոխվեց դեմոկրատական Հայաստանի ողջ հղացքը»:

132Որտեղի՞ց է հայտնի: Հայտնի է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի Օպերայի բակի ելույթներից և ՀԱԿ կուսակցության կուսակցականներից, թե մինչև 1998 թիվ, մինչև Տեր-Պետրոսյանի հրաժարականը Հայաստանը ժողովրդավարական, զարգացող երկիր էր, իսկ հետո դարձավ բռնապետություն:

Իրականում այդ «կղզյակը», 1992-1998 թվերը Հայաստանի ամենադաժան տարիներն են եղել, ճնշվել են բոլոր փոքրամասնությունների իրավունքները, քաղաքական, խոսքի, խղճի ազատությունները(փակեցին դաշնակացական մամուլը ու Ազատություն ռադիոկայանը, 1995-ին իշխանության հրահանգով երկրապահները ներխուժելով յոթ կրոնական կազմակերպությունների հավաքատեղիներ ջարդեցին հավատացյլներին, որից հետո նրանք երկար ժամանակ վախի մեջ էին, գուցե այդ վախը մինչև հիմա մնացել է: Իշխանության պատվերով սկսվեցինն քաղաքական սպանությունների շարքը՝ Ղանդիլյան, Սուքիասյան և այլն: Ստեղծվեց միապետական սահմանդրություն, որով ամբողջ երկիրը մի հոգու՝ նախագահի ձեռքում էր):

Տեր-Պետրոսյանին տապալելուց հետո մամուլը սկսեց ազատ շնչել, կրոնական փոքրամսնությունների նկատմամբ բռնությունները նվազեցին, 2005-ի բարեփոխումներով սահմանդրությունը ավելի ժողովրդականացավ(միայն մի օրինակ՝ բացվեց Սահամանդրական դատարանը բազմաթիվ այլ սուբյեկտների առաջ), 2013-ից սկսեց գործել «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը» ու այն հավատացյալները ովքեր հրաժարվում էին բանակում ծառայել հնարավորություն ստացան քաղաքացական այլընտրանքային ծառայության անցնել, նաև 2003թ. ընդունվեց նոր քրեական օրենսգիրը և հանվեց «արվամոլություն» քրեական հոդվածը, որով մինչ այդ միասեռական կապի համար տղամարդկանց անազատության էին դատապարտում:

«Մայրենիքում»ազատությունների ու ժողովրդավարության դատողությունների արանքներում հայտնվող հերոսներից մեկը՝ Նարեկը տրանսվեստիտ միասեռական է, ում իրավունքները ճնշվում են, զինկոմը կոպիտ է վարվում, ինչ որ մեկը ուզում է ծեծել և այլն:

Եթե նա 20-րդ դարի վերջի «Ժողովրդավարության կղզյակ» Հայաստանում ապրեր, երբ նախագահն էր Տեր-Պետրոսյանը, կամ բերդում նստած կլիներ արվամոլության հոդվածով, կամ բանակում կնվաստացնեին կամ էլ ոչ ոք չէր իմանա նրա սեռականության մասին: Իսկ այժմ, հեղինակի խոսքով «գողապետությունում», Նարը ազատ ներկայանում է որպես միասեռական Զինկոմիսարիատ ու բանակից ազատվում:

Ֆրիդա. «Կոտրված սյունը»

Ֆրիդա. «Կոտրված սյունը»

Վեպում միայն քաղաքական հայատարարություններից ենք իմանում, որ հերոսները «գողապետությունում» են ապրում, Լևոնի ելույթները լսած չլինես(ավազակապետություն և այլն), քաղաքական թերթեր կարդացած չլինես, չես իմանա թե ինչ գողապետության մասին է խոսքը: Նույնիսկ հայկական սերիալներում «գողապետությանը» բնորոշ մթնոլորտ է ստեղծվում՝ կոռումպացված պետական գործիչներ, որ կապված են քրեական աշխարհի հետ: Այո, վեպը որոշ ընդհանրություն ունի հայկական այն սերյալների հետ, որտեղ երիտասարդ տղաների ընկերություն-ախպերությունն է փառաբանվում, որի մեջ նրանց մայրերն էլ են ներգրավված՝ իրենց հոգատարությամբ: Տարբերությունն այն է, որ վեպում ընկերներից մեկը տրանսվեստիտ-միասեռական է:

Արմեն Օհանյանը ՀԱԿ կուսակցության վարչության անդամ է, և քաղաքականությամբ տարվածությունը կուլ է տվել նրա ստեղծագործական ինքնուրույնությունը ու որպես գրող վերածվել կուսակցական գովազդային գործակալի:

122Կուսակցականություն և արվեստ, խանգարո՞ւմ են արդյոք դրանք միմյանց, թե՞ օգնում, մեկը մյուսին կլանո՞ւմ է, թե՞ լրացնում: Նայած կուսակցություն, երկիր և արվեստագետ:

Հենց Արմեն Օհանյանի վեպի առաջին գլուխը հրապարակվեց, միևնույն ժամանակ ավարտեցի Ժան-Մարի Լեկլեզիոյի «Դիեգո և Ֆրիդա» վավերագրական վեպը, որ տալիս է հնչեցրածս հարցերի պատախանը:

Վեպը ամբողջովին փաստագրություն է, չկա նույնիսկ երկխոսություն, կամ ուրիշի ուղղակի խոսք: Պատմում է 20-րդ դարի երկու խոշոր մեքսիկացի արվեստագետների Դիեգո Ռիվերայի և Ֆրիդա Կալոյի սիրո ու ստեղծագործության պատմությունը: Երկուսն էլ եղել են Կոմունիստական կուսակցության անդամ, համախոհներ, միմյանց նվիրված, սակայն շատ տարբեր իրենց արվեստում:

Լեկլեզիոն մի գլխում ներկայացնում է Դիեգոյի և Ֆրիդայի քաղաքական ու ստեղծագործական ընդհանրություններն ու առանձնահատկությունները, որտեղից մեջբերեմ Ֆրիդային նվիրված հատվածը.

«Ամբողջ կյանքում նա(Ֆրիդան) հավատարիմ կմնա 1927-1928թթ. գաղափարներին, երբ նա մասնակցում էր «ձեռքերդ հեռու Նիկարագուայից» կոմիտեի աշխատանքներին, կազմակերպում էր ցույցեր ի համերաշխություն Սեսար Աուգուստո Սանդինոյի, այն հայրենասերի ով հանդես էր գալիս ընդդեմ «Յունայթեդ ֆրութ» ընկերության գերիշխանության և ամերիկյան իմպերիլաիզմի ու զոհվեց մարդասպանի գնդակից: Ֆրիդայի սիրո իդեալը միշտ կմնա Թինա Մոդոտտիի և Խուան Անտոնիո Մելիի միությունը, երկու հիասքանչ արարած. Տինան՝ դեմքով ու մարմնով անտիկ արձանի նման, և Մելին՝ իր ռոմանտիկ գեղեցկությամբ՝ կես-հնկդացի կես-սևամորթ, երկաթգծի աշխատավորի հագուստով և ծղոտյա գլխարկով, երկու հոգի իրենց նվիրած հեղափոխությանը: Նրանց միությունը ողբերգականորեն ընդհատվեց 1929թ. հունվարի 10-ին, երբ Մելին, գնդակահարված Մաչադոյի գործակալների կողմից, մահացավ Տինայի ձեռքերին:

Ֆրիդա. «Ֆրիդան և վիրահատարանը», 1932

Ֆրիդա. «Ֆրիդան և վիրահատարանը», 1932

20 տարվա ընթացքում Ֆրիդան չփոխվեց: Նա իր հիշողության մեջ պահում է բոլորին ում ճանաչում էր այն հիանալի օրերին, և այն ամենը, ինչին նրանց բոլորի հետ միասին հավատացել է և հանուն որի պայքարել է:

Նրա կերպարվեստը չի կարելի անվանել «հեղափոխական» ի հակադրություն հզոր մուրալիստների(մեքսիկացի մոնումենտալիստ նկարիչների շարժում) վիթխարի արարչագործությանը, այն չի վկայում հեղինակի քաղաքական ներգրավվածությունը (ռուսերենում՝ ангажированности автора):

Բայց նրա հեղափոխականությունը այլ տեղ է: Ֆրիդայի արվեստը պատմում է անտեսանելի ճակատամարտեր: հոգեկան պայքարի, ամենօրյա տանջանքների բեռան, կյանքում՝ մենակության, շղթայակապ տառապանքի, վիրավորված ինքնասիրության, և այն մասին, թե ինչ դժվար է մեքսիկական հասարակությունում լինել կին:

Ֆրիդա. «Ֆրիդան և Դիեգոն», 1931

Ֆրիդա. «Ֆրիդան և Դիեգոն», 1931

Նրա հեղափոխությունը իր ապստամբ հոգին է, սիրով ու վախով լեցուն հայացքը, որով նա նայում է շրջապատող աշխարհին, համակվածությունը մահվամբ, կարեկցանքը՝ ամեն քնքուշի և թույլի նկատմամբ, համաշխարհային եղբայրության երազանքը: Նրա հեղափոխությունը պայքար է ցավի դեմ՝ մարմինը բզկտող, ավելի ու ավելի շատ ցավազրկող նյութերի դոզա, մարիխուաննա, որը նա ծխում է, որ մոռանա տառապանքը, գոնե մի րոպե իրականությունից սահի երևակայական աշխարհ:

Նրա հեղափոխությունը համառ հույսն է առ այն որ իր տառապանքներին ու փորձանքներին վերջ կլինի: Մի նկար կոչվում է «Հույսի ծառը». Դա նրա ողնաշարն է՝ կոտրված ու մի քանի վիրահատություններին դիմացած: Այդ տարիների նրա կտավները ցույց են տալիս, թե ինչպես է կյանքի նկատմամբ նրա հայացքը փոխվել: Արյունոտ, վախեցնող տեսարանները զիջում են վշտահար հանդարտությանը, ինչպիսին դեռ չէր եղել կերպարվեստի աշխարհում: Նրա դեմքը առաջվա պես անշարժ է, ինչպես դիմակ, սակայն հայացքը անդադրում հայելիներին է հարցադրում, որոնք ամենուր կախված են պատերին:

Ահա թե ինչպիսին ենք տեսնում նրան մի կտավում. Ճակատին ճայ է, որի թևերը ձուլվում են նրա սև հոնքերին՝ հիշողությունը այն ժամանակների, երբ Դիեգոն ասում էր նրան, որ նրա հոնքերը նման են թռչող կեռնեխի սև թևերի, ականջին ականջօղ՝ ճակատագրի ձեռքի տեսքով, պարանոցին՝ վզնոց՝ ճյուղերից ու խոտերից, ուր միհահյուսված են նրա մազերը, իսկ այտերին, ինչպես սովորաբար լինում է, արցունքներ:

Ֆրիդան, լուս.՝ Լուչիաննա Բլոխի,1933

Ֆրիդան, լուս.՝ Լուչիաննա Բլոխի,1933

1947 թվին, հունիսին, երբ դարձավ 40, նա նկարում է մի զարմանալի ինքնադիմանկար(որի վրա, թեև մակագրված է՝ «ես Ֆրիդա Կալոն, հայելու արտացոլանքով նկարեցի իմ այս դիմանկարը: Ես 37 տարեկան եմ» ): Հերարձակ, մազերը թափվում են աջ ուսին, դեմքը խիստ նիհարել և սմքել է, իսկ հարցական հայացքը թափանցում է բոլոր վարագույրները և պաճուճանքները, ինչպես լույսը՝ վաղուց հանգած հեռավոր աստղի:

Ֆրիդա Կալոն ոչ մի կտավ չի նկարել հեղափոխության մասին, բայց 20-րդ դարի կերպարվեստի մեջ, հավանաբար, չկա ավելի անհանգստացնող , ավելի շփոթեցնող, ավելի ցնցող գործ, ինչպես այս ինքնադիմանկարն է,-նմանատիպ ստեղծագործություն փնտրելու համար, պետք է անդրադառնալ ժամանակակից արվեստի ակունքներին, Հաագայի Մաուրիցհյոս թանգարանի Ռեմբրանդտի ինքնադիմանկարին»:

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Ֆիլմային զուգահեռներ. Ալդո Մորոն, Կարմիր բրիգադը և Նաիրի Հունանյանը Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com