Ֆիլմային զուգահեռներ. Ալդո Մորոն, Կարմիր բրիգադը և Նաիրի Հունանյանը

24.03.2015 at 14:58 Оставьте комментарий

Ալդո Մորոյի լուսանկարը գերության ժամանակ

Ալդո Մորոյի լուսանկարը գերության ժամանակ

«Իրականում ձեր կրոնը այնպիսին է ինչպիսին իմը, միայն ավելի դաժան, օրինակ դուք ատում եք մարմինը, նույնիսկ ավելի շատ, քան մենք՝ կաթոլիկներս: Քրիստոնեությունը ինչ որ ժամանակ այդպիսին է եղել, բայց այժմ արդեն՝ ոչ, վերջին խաչակրաց արշավանքը եղել է 1270թ., իսկ վերջին կախարդին խարույկի վրա վառել են 18-րդ դարի վերջին Շվեյցարիայում»,- ասում է Ալդո Մորոն իրեն գերեվարած «Կարմիր բրիգադների» տեռորիստներին Մարկո Բելոքիոյի «Բարև գիշեր» ֆիլմում:

Այդ միջնադարյան մոլեռանդ քրիստոնյայի տենդագին նպատակը՝ որպես Աստծո զինվորներ երկնային մարտում  ոչնչացնելու սատանայի հետևորդներին, նույնությամբ կրկնում են 20-րդ դարի կոմունիստները, նույն մոլեռանդ դաժանությունը, միայն թե երկնային մարտը տեղափոխվել է երկիր դասակարգերի մեջ՝ պրոլետարիատը փոխարինում է աստծո զորքին, իսկ մնացած բոլորը՝ ստանայի:

Կադր Բարև գիշեր ֆիլմից

Կադր Բարև գիշեր ֆիլմից

Ֆիլմի ռեժիսորն ինքը՝ Բելոքիոն կոմունիստ է ու այս ֆիլմով կարծես իր հարգանքն է մատուցում քաղաքական հակառակորդի նկատմամբ, համաձայնվելով Մորոյի հետ, որ այո, ինչպես իր դարն է ապրել քրիստոնեական մոլեռանդ նախճիրը, այնպես էլ պետք է հրաժարվել մոլեռանդ կոմունիստական գաղափարներից, որը միլիոնավոր մարդկանց կյանք խլեց, և կոմունիստական գաղափարները պետք է ծառայեն միայն ժողովրդավարության տարածմանը:

Իտալական Կոմունիստական կուսակցությունը այն հազվագյուտներից էր, որ Սովետական միության հսկողության տակ չէր, ինքնուրույն քաղաքականություն էր վարում ու կարողանում փոխզիջման գնալ հակառակորդների հետ: Այսուհանդերձ, այդ դասերը դեռ լրիվ չէին սերտվել Իտալիայում, ուր ծայրահեղ ձախերը, զինված պայքարի քարոզիչները, որոնցից ամենաակտիվը «Կարմիր բրիգադներն» էր՝ մոլեռանդների մի խումբ, ընօրինակելով իրենց հոգևոր դահիճներին՝ Մաոյին և Լենինին, պրոլետարիատի անունից մահապատժի են ենթարկում ազնվագույն ու օրինակելի քաղաքական գործչին:

Մի քանի տարի առաջ Բելոքիոն եկել էր Երևան Ոսկե ծիրանին իր «Հարսանքի ռեժիսորը» ֆիլմով. գավառական հարսանիք նկարողը, որի մեջ թաղվել են մեծ ռեժիսոր դառնալու երազանքները, ստիպված արվեստ է անում հարսանիք նկարելով: Բազմաթիվ էֆեկտներով խաղարկվում է իրականն ու ֆանտազմները՝ թաղված երազները և տհաճ գործն ու կինոյում կարերա անելու մասին անհաջողակի դատողությունները (Ինքնագիր գրական հանդեսում այսօր հրապարակվեց Սամվել Սաղաթելյանի պատմվածքը «Անհոգի մեռած մարմինս», որ ներկայացնում է մեկ այլ անհաջողակ ռեժիսորի սեռական ապրումները):

Կադր Բարև գիշեր ֆիլմից

Կադր Բարև գիշեր ֆիլմից

Իտալիայում թե Հայատանում, ի՞նչ տարբերություն մի օր պարզվում է, որ պատանեկության երազանքից մնացել է միայն հարսանիք նկարելը կամ էլ հեռուստատսության մոնտաժի պուլտի մոտ աչքեր քոռացնելը: Հիանալի ֆիլմ:

«Ես այստեղ իմացա, որ Հայաստանը առաջինն է քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն, բայց չգիտեմ դա լա՞վ է, թե՞ վատ»,-ասել էր Բելոքիոն Երևանում:

Տեռորիստները ապշած են, որ իրենց սխրանքով հասարակությունը չի ոգևորվել, նույնիսկ ձախերը խստորեն դատապարտում են տեռորը: Ինչո՞ւ աշխատավոր ժողովուրդը դուրս չի գալիս փողոց իրականցնելու հեղափոխությունը: Կարմիր բրիգադականները հուսախափ են:

Միանգամից զուգահեռ ես անցկացնում 1999-ի հոկտեմբերի 27-ի հետ, երբ Նաիրի Հունանյանը սպասում էր, թե հիմա ժողովուրդը լցվելու է փողոց ու ողջունի իրենց սխրանքը:

Իհարկե, երկու տեռորի դրդապատճառները, գաղափարական հիմնավորումները, թիրախները տարբեր են, բայց տեռորիստների հոգեբանությունը նույնն է՝ նրանք վստահ են որ հասարակական բարիք են արել, իրենք փրկարար առաքելություն են իրականացնում:

Եվս մի տարբերություն. Բելոքիոյի ֆիլմի հերոսը կին է՝ Կյառան՝ կարմիր բրիգադականը, կոմունիստների ընտանիքում է մեծացել, մանկությունից ներծծվել հեղափոխական երգերով, հրճվում է երբ հեռուստատեսությունից տեղեկանում է որ ընկերները հաջողությամբ իրականացրել են տեռորը, Ալդե Մորոյին պատանդ վերցրել, բայց մի քանի օր անց նա տատանվում է, արդյո՞ք ճիշտ են անում, որ այս անմեղ ու բարի ծերունուն մահվան են դատապարտում:

Նրա աշխատանքային գործընկերը, որ չգիտի թե Կյառան ով է, ուղղակի սիրահարվել է նրան, պիես է գրել «Բարև գիշեր» վերնագրով, ուր տեռորիստ կինը պիտի փրկի Մորոյին: Բայց այն ինչ գրականության մեջ է, կյանքում չի լինում, աղջիկը չի համարձակվում փրկել Մորոյին:

Նաիրիի խմբի կինը հայտնվում է ահաբեկչությունից հետո և այդպես էլ հնարավորություն չի ունենում ծանոթանալ իր կուռքին: Նա էլ Նաիրիի հետ իր ծանոթությունն է իրականցնում գրականության մեջ. Լիլիթը ով միայն իր երևակայության մեջ, պատմվածքում է մասնակցում Նաիրիի ահաբեկչությանը, պատմվածքում է խնամում նրան, այնտեղ է ունենում նրանից երեխաներ.

«Լիլիթին ասեցի, որ հավանական է Նաիրիին մահապատժի ենթարկեն, քանի որ Եվրոպան համաձայնվել է, որ Հայաստանը հետաձգի մահապատիժը վերացնելը մինչև 2003-ի հուլիս: Լիլիթի աչքերը լցվեցին ու նա առանց ցտեսություն ասելու հեռացավ»:

Այս տողերը իմ տարիներ առաջ գրած «Հոկտեմբերի 27-ին այլ հայացք.«առանց թիկունքի, միայն հենվելով սեփական խիզախության վրա» գրությունից է, որտեղ պատմում եմ Լիլիթի հետ իմ ծանոթությունը ու մեջբերում նրա պատմվածքից մի կտոր:

Զուգադիպությո՞ւն է, որ 2003-ին զուգահեռ ևս մեկ ֆիլմ է նկարահանվում Ալդո Մորոյի սպանության մասին, Ռենցո Մարտինելլիի «Հինգ լուսինների հրապարակը»: Սա կարծես երկրորդ սերիան լինի «Բարև Գիշեր» ֆիլմի, որ տեռորիսնտերի ու զոհի մարդկային պատմությանը ավելացնում է տեռորի քաղաքական իրական դրդապատճառը, որին հաստատ տեղյակ չէին մոլեռանդ նվիրյալները:

«Հինգ լուսինների հրապարակը» դեդեկտիվ է, թոշակի անցնող գավառական դատավորը(դերակատար՝ Դոնալդ Սեզերլենդ) ստանում է Ալդո Մորոյի առևանգման տեսագրությունը հին ժապավենի վրա, հանցագործության կծիկը սկում է բացել իր կոլեգաների հետ ու պարզվում է, որ այն կազմակերպել է ԱՄՆ-ի ԿՀԸ-ն իտալական գաղտնի ծառայության հետ միասին:

Ալդո Մորոյի դիակը հայտնաբերվեց մեքենայի մեջ

Ալդո Մորոյի դիակը հայտնաբերվեց մեքենայի մեջ

Ֆիլմում խոսվում է այն մասին, որ Փարզում ստեղծված Հիպերիոն լեզվական դպրոցի անվան տակ քողարկված ԱՄՆ-ի ԿԸՀ-ն վերահսկողության տակ էր պահում Եվրոպայի ռադիկալ տեռորիստական ձախ շարժումները, նրանց զինում, որ նա կազմակերպել է Կարմիր բրիգադների միջոցով Մորոյի սպանությունը, որ 1945-ի ձմռանը Յալթայում Չերչիլը, Ռուզվելտը և Ստալինը բաժանում են ազդեցության ոլորտները, որով Իտալիան մնալու էր Արևմուտքի ազդեցության տակ, իսկ Մորոյի պատմական փոխզիջումը կոմունիստների հետ քանդում էր այդ պայմանավորվածությունը: Կոմունիստները իշխանության կարող էին գալ, իսկ ԱՄՆ գաղտնի ծառայությունը մշակել էր ուղեցույց կանխելու համար դա, որի մեջ մտնում էր սադրանքներն ու քաղաքական սպանությունները:

Այս ամենը ֆիլմում, որը նվիրված է Ալդո Մորոյի ու նրա թոռան հիշատակին:

Իսկ իրականում Հիպերիոն լեզվական դպրոցի հիմնադիրներից մեկը Կարմիր Բրիգադների լիդեր Մարիո Մորետին է, ում իտալական ձախերը և հետազոտողները կասկածում են ԿԸՀ-ի գործակալ լինելու մեջ:

Իրականում Ալդո Մորոն իր արտաքին քաղաքակնությամբ շատ նման էր Դը Գոլին, նրա պես ցանկանում էր Իտալիան դուրս բերել ամերիկյան ազդեցությունից, վարել անկախ քաղաքականություն: 1947 թվին Ալդո Մորոն դառնում է Իտալիայի արտաքին գործերի նախարար և երբ 1949-ին խորհրդարանում քվեարկվում էր Իտալիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, Ալդո Մորոն ցուցադրաբար չի գալիս նիստին և հեռացվում է պաշտոնից:

Նա դառնում է Իտալիայի հասարակության համերաշխության խորհրդանիշ՝ 1962-ին վարչապետ դառնալով կառավարության մեջ է ընդգրկում սոցիալիստներին: Մշտապես արտահայտվել է կոմունիստների հետ հագործակցելու օգտին և 1978-ին նրա հեղինակության շնորհիվ Կոմկուսը աջակցում է Քրիստոնյա դեմոկրատներին ու նրա հետ կոալիցիոն կառավարություն կազմելու հեռանկար ունենում:

Այդ ժամանակ նաև քննարկվելու էր Իտալիայում միջուկային հրթիռներ տեղադրելու հարցը և շատ հավանական էր որ խորհրդաարանը մերժեր այդ ծրագիրը:

Կադր Հինգ լուսինների հրապարակը ֆիլմից

Կադր Հինգ լուսինների հրապարակը ֆիլմից

Բելոքիոյի ֆիլմում Մորոն ասում է՝ «բայց ես չունեմ գործադիր իշխանություն, ինչու եք ինձ առևանգել», կարմիր բրիգադիրը պատասխանում է.

«Դու քրիստոնյա-դեմոկրատ ես, մենք քեզ չենք դատում որպես մարդ, հայր, մենք քեզ դատում ենք որպես խորհրդանիշ»:

«Ինչպե՞ս, մեր կուսակցությունում աշխատավորներ ու ծառայողներ կան, մեր կուսակցույունը սիրո կուսակցություն է»:

«Դու խոսում ես մարդկանց մասին, իսկ ես՝ դասակարգերի, դասակարգային պայքարի, դասակարգերի միջև ատելության»,-պատասխանում է տեռորիստը:

ԱՄՆ-ն սպանելով Մորոյին երկու խնդիր էր լուծում՝ վերացնում էր կոմունիստների նկատմամբ համերաշխություն ցուցաբերող առաջնորդին, կանխում կոմունիստների մուտքը կառավարություն և դա անելով արմատական կոմունիստների ձեռքով վարկաբեկում Կոմունիստական կուսակցությունը:

Ալդո Մորոն 55 օր գերության մեջ էր և նրա կուսակցությունը՝ Քրիստոնյա դեմոկրատները ոչինչ չեն անում նրան ազատելու համար, կարծես ուզեին ազատվել նրանից: Մորոյի մահը ձեռնտու էր իր կուսակցության աջ թևին, քանի որ դրանով վարկաբեկվում էր ու հարված ստանում աջերի թշնամին՝ կոմունիստական կուսակցությանը:

Կադր Հարսանիքի ռեժիսորը ֆիլմից

Կադր Հարսանիքի ռեժիսորը ֆիլմից

Հետաքրքիր կլիներ Ալդո Մորոյի սպանության «երրորդ սերիան» դիտել, այն  կոմունիզմի գաղափարին նվիրված 30 ահաբեկիչները, ովքեր ցմահ են ստացել Մորոյի սպանության համար, տարիներ անց իմանում են, որ իրենք գործիք են դարձել իրենց ամենագլխավոր թշնամու՝ ամերիկյան կապիտալիզմի ձեռքին, որ իրենք պրոլետարիատի անունց հանդես գալով իրականում կապիտալիզմի ծառաներ են դարձել. Ինչպիսի՜ ապրումներ կունեային:

Եթե լիներ վերջին դատաստան, նույն ապրումները կունենայի՞ն միջնադարում խարույկի վրա մարդկանց վառող հոգևորականները:

Երկու ֆիլմն մի օրո էլ մի օրում նայեցի, ու նաև մի բան կարդացի՝ Ինքնագիր գրական հանդեսում Արմեն Հայաստանցու «Մայրենիք. Դրոշ» վեպի երրորդ հատվածը. Իտալիայում Մորոյի սպանության ամերիկյան սադրանքի տպավորության ֆոնին, Հայաստանցին վեպում կարդում եմ՝ ԱՄՆ-ի փառաբանությունը, թե ԱՄՆ-ում սահմանդրությամբ «սկիզբ դրվեց բոլոր անհավասարների ազատագրմանը. ու որ ամենակարևորն է` հնարավոր դարձավ երթն առ Վաշինգտոն, որտեղ հնչեց «Ես երազանք ունեմ»:

Այսպիսի Հայաստանցի, այսպիսի երրորդ աշխարհ, ուր գրականությունը դառնում է ԱՄՆ-ում երկշաբաթյա սեմինարից վերադարձած Սաքունցի հկ-ի ակտիվիստի խոսք:

Հնարավո՞ր է հայկական ֆիլմ Նաիրի Հունանյանի ահաբեկչության մասին, ինչպիսի՞ն կլինի նրա կերպարը, այնպիսին ինչպիսին ես նրան ճանաչե՞լ եմ՝ պիժոն, դերի մեջ մտած արտիստականությամբ, ինչպես բազմաթիվ հայ տղաներ, որոնց շարժուձևը կարծես մշտական խաղ լինի սեփական արժանապատվությունը բեմադրելու համար:

Նա ինձնից մի չորս կուրս ցածր էր սովորում: 85-ի՞ն էր, թե՞ 86-ին, Ես, Նաիրին, մեր կուրսի Անահիտը ու էլի մի քանի հոգով միասին գնացինք Փարաջանովի մոտ՝ Անի հյուրանոց: Փարաջանովը Նաիրիին հարցրեց՝ Նռան գույնս տեսե՞լ ես: Ասեց՝ հա: Հասկացե՞լ ես: Ասեց՝ հա: Քանի՞ անգամ ես տեսել: Երեք: Այ քեզ բան, ես յոթ անգամ տեսել, բան չեմ հասկացել, դու ո՞նց ես երեք անգամից հասկացել»:

Նոր էր նկարել «Փիրոսմանի» ֆիլմը, տվեց, որ տանենք նայենք, ՝ «Վելիկիյ ֆիլմ»,-ասեց:

Հսկա բաբինաներով մետաղե տուփը, ծանր ֆիլմը բերեցինք բանասիրականի չորրորդ հարկի լսարան, ուր կար ֆիլմ ցուցադրելու գործիք, դիտեցինք՝ Փիրոսմանիի կտավներն էին վրացական երաժշտության տակ: Հետագայում էլ էդ ֆիլմը չեմ նայել: Հաջորդ օրը հետ տարանք: Փարաջանովը թարս ոտքի վրա էր վեր կացել, չեմ հիշում ինչի մեզ սկսեց քննադատել, զայրացած էր՝ ձեր խելքը մինչև Ջաջուռ է հասնում,-ասեց: Բայց արանքում նայեց Անահիտին՝ մազերդ հետ տար, Անահիտը հետ տարավ ճակատի չոլկան, ճակատը բացվեց, այ այդպես՝ ճակատդ միշտ բաց պահի, այդպես գեղեցիկ է: Հետո որ չոլկայով աղջիկ էի տեսնում ասում էի՝ չոլկադ հետ տար, այ սենց՝ ճակատդ բաց գեղեցիկ է:

Պատին հենած էին «Էջմիածնի գանձեր» ֆիլմի համար նրա կոլաժները՝ խաչերն եմ հիշում, որ Փարաջանովը մեզ ցույց էր տալիս՝ տեսեք խաչերը հավերժության են տանում, ու իր հայացքով մեր հայացքները քարշ տալիս հորիզոնում անհետացող խաչերի մեջ:

Մեկ էլ ներս մտավ նրա «Աշուղ Քերիբ» ֆիլմի գլխավոր դերակատարը, գեղեցիկ տղա էր, երբ սենյակից դուրս էր գալիս, Փարաջանովը հետևից նայելով ուրախ ասաց՝ «Ուհ, կակայա ժոպա»: Տղան շրջվեց ու խորհրդավոր ժպտաց:

Դուրս եկանք շատ ընկճված, բայց հիմա տարիների հեռվից նայում եմ ու մտածում՝ Փարաջանովը ճիշտ էր ասում:

Կամ մեկ այլ ֆիլմ՝ Լիլիթի մասին, նրա ապրումներն ու սերը Նաիրիի նկատմամբ, որ այդպես էլ չէր հանդիպելու իր հերսին:

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Լիբերալների անհանգստությունը և Հայաստանի անկախության վտանգը Քաղաքականություն և արվեստ. Ֆրիդան և Արմենը

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com