Նոր օր թիվ 18 դպրոցում. ինտերնետային հոդվածը փոխում է հատուկ դպրոցի կյանքը

10.12.2004 at 00:00 1 комментарий

 

Նոր տնօերեն Մինասյանը վերացրել է դաժան կարգապահությանը:

 

Երևանի թիվ 18 դպրոցում այլևս չկա նախկին լռությունը, հենց մուտքի մոտ երեխաներ են խմբված ու հանգիստ զրուցում են։ Առաջ նրանք ամեն զանգից հետո շարք էին կանգնում և դասասենյակից դուրս գալիս։ Այժմ միջանցքներում, ինչպես բակում, դասամիջոցին երեխաները վազվզում են։

«ԱրմենիաՆաուի» հոդվածը փոփոխություններ բերեց դպրոցի ղեկավարության կազմում և զգալի տեղաշարժեր աշակերտների հանդեպ վերաբերմունքում:

Թիվ 18 դպրոցը «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած» (ձևակերպումը գիտության և կրթության նախարարությանն է) երեխաների համար Հայաստանի երկու հատուկ գիշերօթիկ դպրոցներից մեկն է: Այստեղ սովորում են 7-14 տարեկան երեխաներ աղքատ ընտանիքներից։

Ինչպես նշել էինք տարեսկզբի մեր հոդվածում` նախկին տնօրեն Ժորա Մուրադյանը զորանոցային կարգեր էր հաստատել դպրոցում, որտեղ աշակերտներին նվաստացնում ու մարմնական պատժի էին ենթարկում: Տնօրենի պատժից վախենալով` աշակերտներն առանձին զրույցներում պատմում էին, թե ինչպես են դպրոցում պատժում իրենց, այդ թվում` ծեծում և միզում իրենց վրա (տես` հարակից հոդվածը):

Կարգապահություն հաստատելու Մուրադյանի նախընտրած ամենամեղմ մեթոդներից էր շարքով դասարանից դասարան գնալը:

Նոր տնօրեն Մերուժան Մինասյանը, որ նշանակվել է սեպտեմբերին, այլ կարծիք ունի երեխաների վարքագծի մասին:

«Եթե երեխան չի շարժվում, ուրեմն պետք է կասկածել, որ հիվանդ է,- ասում Մինասյանը: — Վեց ժամ դաս են անում, ինչպե՞ս կարելի է արգելել, որ ազատ վազեն»։

Մուրադյանի ռեժիմի օրոք երեխաները հազվադեպ էին տեսնում հարազատներին: Կային այնպիսիները, որ մի տարի չէին տեսել իրենց ծնողներին։ Ոմանք փախչում էին: Ում բռնում էին` ծեծում էին:

Այժմ երեխաները շաբաթը մեկ այցելում են հարազատներին: «Լինում էր՝ ամիսներով տուն չէր թողնում, եղել է՝ երեք ամիս չեմ գնացել,- ասում է Գևորգ Կարապետյանը, որ երեք եղբայրների հետ այստեղ է և բնակվում է Դիմիտրով գյուղում: — Հիմա 2 օր առաջ տանն եմ եղել, շաբաթը մեկ թողնում են»։

Նախկին տնօրենը թույլ չէր տալիս միջազգային կազմակերպություններին դպրոց մտնել (սակայն օգնությունն ընդունում էր)։ Ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» (MSF) կազմակերպությունը, որը ծրագիր էր իրականացնում նմանատիպ մեկ այլ` Վարդաշենի դպրոցում, այստեղ մուտք չուներ: Այժմ դպրոցում ծրագիր է իրականացնում «Ուորլդ վիժըն» կազմակերպությունը (օգտագործելով MSF-ի փորձը), որն ապահովում է ամեն շաբաթ տուն գնալու ճանապարհածախսը, երեխաներին տանում է ձիարշավարան, կազմակերպում տարբեր միջոցառումներ, հոգում բարձրդասարանցիների մասնագիտական կրթության ծախսերը և այլն։

Այսօր պարզվում է, որ դպրոցում եղել է հատուկ հաստիք՝ ռեժիմի պետ, որը զբաղեցրել է Մուրադյանի որդին՝ Մուրադ Մուրադյանը։ Այդ հաստիքը վերացվել է, փոխարենն աշխատանքի են ընդունվել հոգեբան ու սոցաշխատող (ևս մեկական հոգեբան ու սոցաշխատող աշխատում են «Ուորլդ վիժընի» ֆինանսավորմամբ)։

Ժորա Մուրադյանը ժխտում էր, որ դպրոցում երեխաներին ծեծում և «կարցեր» էին գցում: Այսօր աշակերտները ցույց են տալիս պատժախուցը, որ երկաթե փականներով մի նեղ խուց է, մոտ երկու քառակուսի մետր՝ առանց լույսի ու լուսամուտի։

«Մի երեխա անկարգություն էր արել, ասի՝ կպատժեմ. նկատի ունեի, որ ինչ-որ միջոցառումից կզրկեմ,- պատմում է Մինասյանը: — Նա հանկարծ սարսափած ասաց ՝ ինչ ուզում եք՝ արեք, մենակ կարցեր չգցեք։ Էդպես իմացա, որ կարցեր է եղել։ Տեսա ու զարմացա, թե ինչպես կարելի է երեխային էդտեղ գցել»։

Նախկինում, երբ դպրոցում հարցնում էին Մուրադյանի մասին, աշակերտներն ասում էին. «Շատ գոհ ենք, շատ սիրում ենք տնօրենին»։ Հիմա են պատմում, թե ինչպես էր նա վարվում իրենց հետ. «Գիշերը ես ու ընկերս ուզում էինք զուգարան գնալ, Մուրադյանը չթողեց,- պատմում է 14-ամյա Գ□որգ Կարապետյանը,- ստիպված շշի մեջ արեցինք ու շիշը դուրս գցեցինք: Մուրադյանն իմացել էր, աչք մտնելու համար երեխաներից մեկը մատնել էր, որ մենք ենք արել։ Շլանգով 19  անգամ գլխիս խփեց. հարվածները հաշվում էի: Շլանգը ջարդվեց, սաղ գլուխս «շիշկա» էր»։

 

Գևորգը ասում է, որ նախորդ տնօրենի օրոք կյանքը շատ դաժան էր

 

Նման պատժամիջոցների մասին պատմող «ԱրմենիաՆաուի» հոդվածը կարդացել էին մարդասիրական օգնություն ցույց տվող միջազգային կազմակերպություններից մեկում և պահանջել համապատասխան նախարարություններից միջոցներ ձեռնարկել: Հոդվածը նաև արտատպվեց «Հայկական ժամանակ» օրաթերթում` չնայած դրան խանգարելու Մուրադյանի փորձերին:

Գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են «ԱրմենիաՆաուի» հետ հոդվածի առնչությամբ և հայտնել, որ Մուրադյանին թույլ կտան ավարտել ուսումնական տարին, սակայն հետո նա ստիպված կլինի հրաժարական տալ հոդվածի առաջ բերած բողոքների պատճառով:

Նոր տնօրենն ասում է, որ դպրոցի հետ ժառանգել է նաև վախի մթնոլորտը. երբ ձեռքը շարժում է, երեխաները վախեցած կծկվում են՝ կարծելով, թե տնօրենը խփելու է իրենց։ Բոլորը չէ, որ ուրախ են նոր տնօրենի Գալստյանը:

Նախկին կոլեկտիվը չի ընդունում նոր կարգերը, որոնք երեխաներին ազատություն են տվել։ Թեև դպրոցից ազատվել են Մուրադյանի որդին և փոխտնօրեն Ջավախյանը, սակայն պահպանվել է Մուրադյանի ոգին։ Գիշերային հերթապահները, որ բռնության սյուներն էին, շարունակում են աշխատել։ Դեռևս հերթապահների մեջ է դպրոցի շրջանավարտ 21-ամյա Հրաչյա Մանուկյանը, ով մանկավարժական կրթություն չունի և կիրառում է Մուրադյանից սովորած բռնության մեթոդները։

Մինասյանն ասում է, որ թեև իր առաջին կարգադրությունն է եղել երեխաներին չխփել, սակայն ծեծը դեռ չի վերացել։ Մարզադահլիճում, երբ մի երեխա խաղալիս երկու անգամ գնդակով խփել է դռանը, վրա է հասել փայտամշակման ուսուցիչը, որ նաև գիշերային հերթապահ է, ու այնպես է քաշել երեխայի ականջը, որ նա սկսել է լաց լինել։ «Ուորլդ վիժընի» աշխատակից  Քրիստին Բաղդասարյանն ասում է, որ դպրոցի ուսուցիչներից մեկն իրեն համոզում էր, թե ականջ ձգելն օգտակար է երեխայի արյան շրջանառության համար։

Ուսուցիչները տարբեր ձևերով փորձում են հետ բերել Մուրադյանին: «Առավոտ» թերթին նամակ են «կազմակերպել» նոր տնօրենի դեմ։ Նոր ուսուցիչներից մեկն ասում է, որ երեխաներին հատուկ սադրանքի են դրդում, որ նրանք անվերահսկելի դառնան, և անհրաժեշտություն դառնա Մուրադյանի ռեժիմի վերադարձը։ Իսկ երեխաներին հեշտ է մղել անկարգության:

«Պայթել է այն փուչիկը, թե իբր երեխային չի կարելի ազատ թողնել,- ասում է այդ ուսուցչուհին, որ չցանկացավ իր անունը հրապարակել: — Երեխաների մտքով չէր անցնում, որ իրենց կարող են դուրս թողնել։ Նրանք չգիտեն դրսում ինչպես քայլել, շփվել, քանի որ ամեն ինչ ցուցումով են արել»։

armenianow.com

10 սեպտեմբերի, 2004թ.

Entry filed under: հոդված. Tags: , , .

Exposure: Video installation challenges Armenian mores Վաճառքի հանված քաղաք. 2004թ. սեփականաշնորհման դրվագներ Էջմիածնում

1 комментарий Add your own

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com