Հայտնաբերված տետրը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը

15.05.2012 at 16:53 1 комментарий

Ձախ կողմում Հարությունը, աջում` Ավետիսը: Կենտրոնի անձը անհայտ է, թե ով է

-Սյուրպրիզ ունես,-հեռախոսով ասեց մամաս:

-ի՞նչ սյուրպրիզ:

-Գտա Հարությունի տետրը, հորդ հորեղբոր:

Հարությունը հորական պապիս եղբայրն է: Կիրակոսյան եղբայրները ծնվել են Տրապիզոնում, հայրս`Ռաֆայել Իշխանյանը, ասում էր, որ նրանք համշենցի են: «Ովքեր են նրանք. Մուսուլման, հայախոս համշենցիներ» ակնարկիս մի գլուխը նվիրված է պապիս ընտանքին: Իմ համշենական ծագումն էլ մեջս հետաքրքրություն էր առաջացրել համշենցիների նկատմամբ: Հորական ազգականներիցս ամենատարեցը հորս հորեղբոր աղջիկն է`Ալլան, ակնարկիս համար նրանից մի քանի տեղեկություն ստացա պապիս մասին: Բայց շատ հարցերի չէր կարողանում պատասխանել, շատ բաներ չգիտեր. «Պապաս Ռաֆիկի խնդրանքով մի տետր գրել էր ջարդերի մասին, թե ոնց են իրանց տարել, ոնց է փրկվել: Տետրը հորդ էր տվել,-ասեց ինձ Ալլան: Ամբողջ տունը քրքրեցի ու տետրը չգտա: Կորել է: Ու արդեն մեկ ամիս է ինչ հրատարակել եմ Մմւսուլման համշենցիների մասին պատմող ակնարկս, մեկ էլ մի քանի օր առաջ մամաս զանգում է ու ասում որ գտել է:

Հարությունը սովորել է ջութակ Երևանի կոնսերվատորիայում Սպենդիարովի դասարանում, սակայն ձիուց վայր ընկնելու հետևանքով մատը վնասել է և ուսումը չի շարունակել: Եղբոր` Ավետիսի հետ տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել է շինարարական ինստիտուտ, աշխատել է ինժեներ-շինարար: Մահացել է 1976-ին:

1915-ին նա անցել է կոտորածի ողջ ճանապարհով, պատահականորեն ողջ է մնացել:

12 էջանոց տետրի բոլոր 12 էջերին գրի է առել իր հուշերը և ոմն տրապիզոնցի Սուրեն Օհանյանի պատմածը: Հուշերի վերջում թվականն է 5/04. 65թ: Կազմի հետևը տետրի արտադրության թիվը`1964թ., իմ ծննդյան տարին: Նաև տետրի մեջ դրված է հորս ուղարկված մի կիսատ նամակ, ամսաթիվը չկա,  Հարությունը գրել է Թիֆլիսից հավանաբար 1953-1955թթ.(նամակում ասում է, որ աղջկա` Ալլայի համար դաշնամուր են առել, իսկ Ալլան հիշում է որ դաշնամուրը առան այդ թվերին):  Հրապարակում եմ նամակն ու տետրը չնչին խմբագրումներով.

Նամակի 1-ին էջը

Նամակի 1-ին էջը

ՆԱՄԱԿ

Հունվարի  30-ին ուղարկածդ նամակիդ պատասխանը քիչ ուշացումով եմ ուղարկում:

Հետաքրքրվում ես պապիդ, տատիդ և առհասարակ մեր ընտանիքի մասին: Չնայած այդ հարցի մասին շատ երկար կարելի է գրել, բայց ես համառոտ կերպով որոշ տեղեկություններ կտամ քեզ:

Հայրս եղել է սևագործ բանվոր, եթե չեմ սխալվում 1910թվին գալիս է Սուխում իր հորեղբոր տղաների մոտ , որոնք բնակվում էին Սուխումի գյուղերից մեկում և սկսում է զբաղվել ծխախոտագործությամբ: 1913 թվին գալիս է Տրապիզոն, որ մեզ ամբողջ ընտանիքով տեղափոխի Սուխում, մայրս չի համաձայնվում և հայրս էլ մնում է Տրապիզոնում: Մենք երեք քույր և երեք եղբայր էինք. Ավիսից(պապս) մեծ քույրս (քույրերիցս փոքրն էր) 1909 թվին մահացավ, իսկ մեծ քույրս Ալմաստը 1912 թվին ամուսնացավ և ամուսնու հետ միասին եկավ Եկատիրինոդար(Կրասնոդար), իսկ Ավիսն էլ 1912 թվին Արսեն Եսայանի հետ միասին եկավ Ռուսաստան և սկսեց սովորել սկզբում Թիֆլիսում, ապա Ռոստովում ավարտեց դպրոցը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվին, երբ սկսվեցին հայկական կոտորածները Տաճկաստանում, ես 11 տարեկան էի հայրս ինձ և փոքր եղբորս` Վաղարշակին համբուրեց և տանից դուրս եկավ, առանց ոչինչ ասելու, եթե ինքնասպանություն չի գործել, ապա թուրքերը սպանած կլինեն: Փոքր եղբորս, միջակ քրոջս, մորս և բոլոր մեր ազգականներին թուրքերը սպանեցին, իսկ ես մերոնց և տեղացի հայերի հետ 62 օր ճանապարհ եմ գնացել աքսոր: Էլազիզից (Խարբերդ) 30-40 կիլոմետր հեռու մի փոքր լիճ կա այստեղ բոլոր կենդանի մնացած ժողովրդին կոտորեցին, որտեղից ես ազատվեցի, մի թուրք ինձ որդեգրեց, որի ընտանիքի հետ 1916 թվին եկա Գոնիա: Պատերազմը վերջանալուց հետո 1918 թվին այդ թուրքի մոտից փախա և եկա Կոնստանդինոպոլիս, որտեղ մեկ տարուց ավել մնալուց հետո եկա Տրապիզոն: 1919թվին Ավիսը Եկատիրինոդարում(Կրասնոդարում) լսելով իմ կենդանի լինելը եկավ Տրապիզոն և ինձ բերեց Ռուսաստան ու սկսվեց իմ կյանքի երկրորդ շրջանը(մեր ընտանիքի անդամներին թուրքերը կոտորեցին աքսորավայրում, իսկ պատմությունը չափազանց համառոտ եմ գրում, իմ տեսածները մանրամասն նկարագրելու համար հարկավոր կլինի նամակս առնվազն 100 անգամ մեծացնել):

Ավիսը պարտիայի մեջ է ընդունվել 1919 թվին, 1921 թվին(եթե չեմ սխալվում) պարտիան Ավիսին, Հայկուշին, Արտավազդ Եղիազարյանին և մի քանի ուրիշներին ուղարկում է Կոնստանդնուպոլիս գաղտնի աշխատանք կատարելու, որտեղ և ծնվել ես դու:

Սուխումում մենք բարեկամներ ունենք, որոնց ես չեմ տեսել, երեք ամիս առաջ մի ծանոթի միջոցով նամակ գրեցի, ստացա պատասխանը. Գրում են թե այս տարի անպատճառ կգաս, նաև հետաքրքրվեցին քո մասին, թե որտեղ ես: Այս տարվա արձակուրդիս, եթե հնարավոր եղավ մի քանի օրով պիտի գամ: …. Ալչկային, երեք տարվա հավաքած գումարով հաջողվեց մեկ ամիս առաջ դաշնամուր գնել, մեկ-մեկ միասին նվագում ենք: Եթե հաջողվի իմ Երևան տեղափոխվելը Վարդուշիկի(քրոջս) մեջ պետք է զարգացնել երաժշտական սերը:

Լուսանկար արված Տրապիզոնում, կենտրոնում`պապս` Ավետիս Կիրակոսյանը

Լուսանկար արված Տրապիզոնում, կենտրոնում`պապս` Ավետիս Կիրակոսյանը

ՏԵՏՐ

1915 թվին Տրապիզոնի բոլոր հայկական թաղամասերում տեղի տաճիկ կառավարության կողմից պատերին թղթեր փակցվեց հետևյալ բովանդակությամբ – սույն հայտարարությունից երեք օր հետո … Տրապիզոնի հայութունը պետք է տեղահանվի, քաղաքի հայության տեղահանությունը պետք է կատարվի երեք խմբով: Հայտարարության օրերին ոստիկանությունը շրջում էր հայկական թաղերը, համոզում ժողովրդին, թե հոգ միք անի, ձեզ տեղահանելու ենք Գումիշ-խանե, Երզնկա, այնտեղ պետությունը ձեզ ամեն հնարավոր միջոցները կստեղծի մինչև պատերազմը վերջանալը, որից հետո նորից կվերադառնաք ձեր տները, փակեցեք ձեր դռները և բանալիները հանձնեք կառավարության, ապահով եղեք իրերի մասին:

Լրացավ հայտարարության երեք օրը, չորրոդ օրը առավոտյան հավաքելով մեր թաղի հայերին  խումբ-խումբ տարան քաղաքից դուրս, հայոց գերեզմանատնից ոչ հեռու մի հարթավայր և շրջապատելով ասգյարներով շարժվեցինք (աքսորյալների առաջին խումբը մեր թաղն էր):

Հասանք Տրապիզոնից ոչ շատ հեռու քիրեչխանե(կրի գործարան): Շրաջապատված «պահապան» ասգյարներով, առաջին օրը գիշերեցինք այդտեղ բացօթյա:

Խիստ հսկողության տակ մի քանի օրից հասանք փոքրիկ գյուղաքաղաք Գյումիշ-խանե: Դեռ մուտք չի գործած քաղաք, մեզ մոտեցան մի խումբ չեթեներ(հրոսակներ-Վ.Ի.) զինված ատրճանակներով, ղամաներով(երկբերանային դաշույն), կրծքները ծածկված փամփուշտակալներով:

Հարությունի արխիվում պահպանված լուսանկար: Հավանաբար աջ կոմղում կանգնածը պապս է, մյուսների  ինքնությունը անհայտ է:

Չեթեները խումբը կանգնեցրին քաղաքի կենտրոնում ճանապարհի վրա: Նրանց մեծը խիստ հայացքով մոտենալով խմբին, կարգադրեց տղամարդկանց առանձնացնել խմբից ասելով, թե այդ գիշեր տղամարդիկ առանձին կանայք առանձին պիտի գիշերեն:

Առանձնացան տղամարդիկ, որոնց հետ բաժանվեցին նաև իմ հասակի 10-15 տարեկան տղաներ, ես մնացի կանանց խմբում:

Մութը վրա էր հասել, չեթեների մեծը հրամայեց տանել տղամարդկանց, իսկ կանանց, որոնց շարքում նաև ես էի մնացել, լցրին մի ախոռ և դռան մոտ կանգնեցրին երկու զինվոր ասգյար:

Առաջին սարսափը տիրեց ամբողջ խմբին: Խմբից մի քանի կանայք գիկումները(պղնձե ջրի ամաններ) երկարացնում էին դրսում կանգնած թուրք կանանց ու տղաներին, որ ջուր բերեն: տանում էին գիկումները, բայց անգամ դատարկ չէին վերադառնում:

Խորը մթության մեջ, ախոռի զանազան անկյուններից լսվում էին ծանր հեկեկանքներ, ոչ ոքի քունը չէր տանում: Յուրաքանչյուրը խմբի անդամներից զգում էր, թե ինչ որ վատ բան է կատարվելու, շատերը լաց էին լինում և շշնջում, թե տարան տղամարդկանց սպանելու: Լուսացավ: Առավոտյան ասգյարները ախոռի դուռը բանալով դիմեցին մեզ թե չըքըն դիշարի(դըշարը-Վ.Ի) գյավուրլար (դուրս եկեք անհավատներ): Խումբը լրիվ դուրս եկավ ախոռից, անմիջապես ասգյարները շրջապատեցին մեզ և հրամայեցին քայլել:

Կանանցից շատերը խնդրում աղաչում էին ասգյարներին, թե ասեն ո՞ւր տարան իրենց ամուսիններին, տղաներին: Նրանք հանգստացնում էին կանանց, թե կգան ձեր ամուսինները, միք մտածի:

Գնում ենք շրջապատված ասգյարներով: Մի քանի օրից, դեռ Երզնկա չհասած, գիշերելու համար մեզ լցրին մի մեծ ախոռ: Մութը վրա էր հասել, ներս եկան մեզ մոտ մի քանի չեթեներ, սկսեցին պտտվել խմբի մեջ. Մեկ էլ խմբի զանազան մասերից սկսվեց լաց ու կոծը: Պարզվեց որ չեթեները մի քանի մայրերից խլելով իրենց աղջիկներին, թևերից բռնած քարշ տալով տանում էին: Դուստրերին փրկելու մայրերի բոլոր դիմադրությունները ու ջանքերը իզուր էին: Խեղճ ծնողների ամեն դիմադրություն պատասխանվում էր չեթեների քացիներով: Ախոռում գիշերվա խավարում իրենց զավակներից զրկված մայրերի լացն ու կոծը սուգի էր մատնել ամբողջ խումբը: Այդ օրից 50 տարի անցել է, սգավոր մայրերի վիշտն ու կսկիծը հիշողությունիցս չի հեռանում:

Հարությունի հուշերից մի էջ

Հարությունի հուշերից մի էջ

Առավոտյան չեթեները եկան, շրջագայեցին խմբի մեջ և մի փոքր խորհրդակցելուց հետո չորս հոգի մոտեցան ախոռի դռանը, կարգադրեցին աքսորյալներիս մեկ-մեկ դուրս գալ: Հերթով մոտենում էինք դռանը չեթեները խուզարկում էին  մեզ, վերցնում թաքցրած զարդերն ու դրամները և թողնում դուրս: Ավարը հավաքեցին, նստեցին ձիերն ու հեռացան, իսկ ասգյարները շրջապատեցին մեզ, կարգադրեցին շարժվել:

Մի քանի օրից հետո հասանք Երզնկա, մեզ նստեցրին հայոց գերեզմանատան մոտ, ճանապարհի եզրին(գերեզմանատանը Էրզրումի գաղթականներ էին): Երեք օր մնացինք Երզնկայում, սովորականի նման գիշերում էինք հողի վրա, գլխներիս տակ դնելով մի քար:

Մոտենում էին մեզ թուրք, քուրդ տղաներ, հայհոյում, քարեր գցում, ծաղրում: Լուռ տանում էինք ամեն մի ցավ, հայհոյանք, վիրավորանք, կորցրել էինք մարդկային ամեն մի հատկություն: Ասգյարների հսկողությունը մեզ վրա այնքան էլ խիստ չէր, բայց հեռանալ կամ փախուստի դիմել չէինք կարող, քանի որ յուրաքանչյուր թուրք կամ քուրդ, որտեղ էլ որ պատահեր հայի, իրավունք ուներ տեղն ու տեղը սպանել:

Չորրորդ օրը առավոտյան ճանապարհվեցինք, մի քանի օրից հասանք Քեմախ, գիշերելու համար մեզ իջեցրինք Եփրատի ափը: Յուրաքանչյուրը խմբից ցրվեցին ոչ շատ հեռու, հավաքելու ցախ և զանազան խոտեր: Մեր սնունդը ճանապարհին արտերից հավաքած հատիկներն ու խաշած զանազան կանաչներն էին:

Սովորական երևույթ էր ճանապարհին քաղցից, հոգնածությունից, կամ հիվանդությունից խմբից հետ մնացողներին սպանելը, լսված յուրաքանչյուր հրացանի ձայնից զգում էինք,   որ նորից ասգյարները սպանեցին մեկին: Չէինք հետաքրքվում, թե ում սպանեցին, որովհետև դա արդեն սովորական երևույթ էր դարձել մեզ համար և համոզված էինք, որ նույն վախճանն էլ կարող է մեզ վիճակվել:

Հարությունի հուշերից մեկ այլ էջ

Հարությունի հուշերից մեկ այլ էջ

Օրը մթնում էր, յուրաքանչյուրը մեզանից ոտքերի փաթաթած չուլերը կարգի էր բերում, քայլելուց շատերի ոտքերը ուռել էին ու վերքեր արաջացել: Խմբից շատերը պառկել էին, շատերն էլ պատրաստվում էին քնելու: Մեկ էլ խմբի մեջ շշուկ տարածվեց, թե երկու կին իրենց գցել են գետը: Ոմանք ցավում էին, շատերն էլ երանի էին տալիս խեղդվածներին, թե ազատվեցին տանջանքներից:

Առավոտ է, լուսացավ, յուրաքանչյուրը սկսեց զբաղվել իր առօրյա գործերով: Նորից շշուկ, թե այնինչը իրեն գցեց գետը:

Ցերեկ է, մոտեցան մեզ մի քանի չեթեներ, շրջեցին ամբողջ խումբը: Բայց ոչ ոքի ոչ մի վնաս չտվին և հեռացան: Մթնեց, ևս մի գիշեր Եփրատի զով ափին գիշերեցինք: Երրոդ օրը առավոտյան լույսը նոր էր սփռել իր թևերը, ասգյարները հրամայեցին պատրաստվել ճանապարհվելու: Սկսեցինք պատրաստվել, ոմանք ոտքերը փաթաթեցին չուլերով, շատերն էլ նախորդ օրվա պատրաստած «ճաշը» կերան: Ասգյարները իրենց սովորական կոպիտ հայհոյանքներով, հրացանների կոթերի հարվածներով շտապեցնում էին մեզ:

Գնում էինք, շարունակում ճանապարհը, ինչ-որ վախ ընկավ բոլորիս սիրտը, զգալով որ այստեղ ինչ-որ վատ բան է կատարվելու:

Անցել էինք ոչ շատ տարածություն, հասանք այն կամուրջը, որը Եփրատի ձախ ափը միացնում էր աջ ափին: Հետ նայեցինք, ի՞նչ, մի խումբ ձիավոր չեթեներ մեզ են հետևում, համոզվեցինք այդ օրվա մեր գլխին գալիք զուլումը: Լսեցինք խմբի վերջից հրացանի չորս կրակոց, նորից սպանեցին խմբից հետ մնացած չորսին: Անցնում ենք կամուրջը, մեկ էլ ի՞նչ, կանանցից երեքին միայն տեսա իրենց գետը գցելը, նորից երանի էինք տալիս խեղդվածներին:

Չնայած համոզված էինք մեր մահվան օրերը հաշված լինելը, հասկացել էինք, որ կոտորվելու ենք, մահը անխուսափելի է, այնուամենայնիվ չէինք տխրում, կենդանի մեռելներ էինք, փառք էինք տալիս, որ շուտով ազատվելու ենք, վերջ է դրվելու մեր տանջանքներին:

Հասանք Քեմախից ոչ հեռու մի ձոր, որտեղից հոսում էր բարակ մի առու: Տեղավորվեցինք ձորի աջ լանջում, ոչ մեծ մի տափարակի վրա: Մեզանից յուրաքանչյուրը տեղավորվեց գիշերելու փոքր հողատարածության վրա: Մեկ էլ ի՞նչ, աքսորյալներիս հետևող չեթեների խումբը մեզանից ոչ հեռու մի բարձունքի վրա իջավ ձիերից: Չեթեների մեծը կարգադրեց խումբը բաժանել երեք մասի, կանանց, տղաներին, աղջիկներին ու երիտասարդ կանանց:

Սարսափը տիրեց մեզ, զգում էինք, որ այսօր մեր վերջին օրն է, չէինք խոսում, գույներս գցել էինք, սարսուռ էր տիրել մեզ: Մեկ էլ ի՞նչ, խորհրդակցեցին չեթեները, չենք իմանում, նրանց մեծը ձեռով ցույց տալով մեզ` առանձնացած տղաներիս, հրամայեց միանալ կանանց, ուրախացանք, ժպիտ անցավ մեր այտերով, բարձր ձայնով գոռացինք` եաշասում(յաշասըմ փադիշահըմըզ-Վ.Ի.) փատիշահումուզ(կեցցե մեր թագավորը) ու վազ տալով միացանք խմբին: Մեր մայրերը, որոնց տիրել էր հուզումը տեսնելով մեզ իրենց մոտ ուրախությունից թրջվեցին նրանց աչքերը արտասուքով:

Օրը մթնում էր,բացի մեր խմբից մնացածին չեթեները շրջապատած տարան, ո՞ւր…

Մենք, մնացածներս սկսեցինք մեր սովորական զբաղմունքը, օջախներ վառել «կերակուր» եփել:

Մթնեց, պառկեցինք քնելու, խմբի կանանցից շատերը չէին քնում, հեկեկում էին, ցամաքել էին նրանց արտասուքը: Առավոտ է, արևի ճառագայթները մոտակա սարերից իջնում էին ցած, լուսացավ, պատրաստվեցինք շարունակելու ճանապարհը:

Գնում էինք, ճանապարհը ձգված էր Եփրատին զուգահեռ: Նրա ափերը սևացել էին մեզանից առաջ նույն մեր բախտին արժանացած այլ գյուղերից ու քաղաքներից աքսորյալ հայ կանանց, տղամարդկանց և անչափահասների դիակներով, իսկ ճանապարհին հաճախ ընկած էին նույնպես հայերի նեխված, քայկայքված, այլանդակ դիակները: Քայլում էինք այդ ողբալի տեսարաններին ականատես լինելով: Քարացել էր մեր սիրտը, արտասուքներս չորացել, տեսնում էինք այն ինչ մեզ էր սպասում:

Գնում ենք, քայլում ուռած, հին շորերով փաթաթված, վերքոտ ոտքերով: Մի քանի օրից հասանք Էգին(Ակն): Նորից իջանք գիշերելու Եփրատի ափին: Էգինը փոքրիկ գյուղաքաղաք էր, իր բնական գեղեցկությունը գերազանցում էր մինչ այդ մեր տեսած քաղաքները: Եփրատի երկու ափերի բարձունքները ծածկված էին բազմատեսակ այգիներով և պտղատու ծառերով: Խումբը հանգստանում էր Եփրատի աջ ափում, մենք տղաներս ցրվեցինք մոտակա թթի այգիները հավաքելու ծառերի տակի թափված չոր թթեր և ուրիշ մրգեր: Ակնում չէր մնացել ոչ մեկ հայ, տեղահան էին արված:

Խմբում ծխում էին նորից օջախները, կանայք զբաղված էին իրենց օրվա «կերակուրը» պատրաստելով: Գիշերեցինք այդ օրը ևս, նորից Եփրատի հոսանքի զովը փակեց մեր աչքերը: Քնեցին շատերը,իսկ ոմանց աչքերը չէին փակվում, չէին քնում, նրանց առօրյա ցավերը չէին հեռանում, չէին մոռանում իրենց զավակներին և հարազատներին:

Հարություն Կիրակոսյանը աջից

Առավոտ է, զարթնեց խումբը, վեր կացանք նորից յուրաքանչյուրը մեզանից զբաղված էր իր առօրյա հոգսերով: Մեկ էլ ի՞նչ, քրոջս ամուսնու մայրը, որի միակ տղային տարել էին Գյումիշ-խանեում տղամարդկանց հետ, ամբողջ ճանապարհին մտածում էր նրա մասին, հույս էինք տալիս, հանգստցնում խեղճ պառավին, թե մի մտածիր, Երվանդը ողջ է, կգա: Նա կտրել էր հույսը և շատ հանգիստ մոտեցավ Եփրատի ափին ու իրեն գցեց ջուրը, խառնվեցավ ջրի ալիքներին, անհայտացավ վերջ տալով ցավերին: Նրան հետևեց նաև մի ուրիշը, որը ուժասպառ էր եղել, այլևս հնարավորություն չուներ շարունակելու տանջալի ճանապարհը:

Երկու օր գիշերեցինք Ակնում, երրորդ օրը առավոտյան շարունակեցինք ճանապարհը, չեմ հիշում ինչ գյուղից ոչ հեռու, մեզ նստացրին գիշերելու, օրը նոր էր մթնել: Ասգյարները սկսեցին հրացանաձգությունը, չանացավ շատ ժամանակ մեզ մոտեցան մի խումբ զինված քրդեր: Ասգյարները հեռացան մեզանից: Զինված քրդերը հրացանի սպառնալիքների տակ տարան մեզ մոտակա գյուղը և լցրին առանց ծածկի, շրջապատված ոչ բարձր պատերով մի ախոռ:

Հայրս ու պապս

Հայրս ու պապս

Գիշերեցինք այդ օրը, առավոտյան եկան մի քանի զինված քրդեր, ախոռի մուտքի երկու կողմերը շարքով, ծալապատիկ նստեցին: Զինված մեր  նոր «պահապան» քրդերը մեկ-մեկ մեզ` խմբի անդամներիս դուրս բերելով պառկացնում, այլանդակ ձևով խուզարկում, և վերջում, եթե դրամ էին գտնում և հանում  հագուստները, որոնք իրենց դուր էին գալիս: Վերջացավ խուզարկությունը, զինված քրդերը սպառնալիքների տակ, սկսեցինք քայլել շարունակելով ճանապարհը:

Գյուղի մեջ թե գյուղից դուրս քուրդ կանայք թե տղաները, հետևելով մեզ քարեր էին շպրտում, ծեծում էին խմբից շատերին: Տանում էինք ամեն մի ցավ ու վիրավորանք: Մայրս նկատեց որ գլխավորապես հարվածում էին տղաներին, հանեց իր վերին շորը, հագցրեց ինձ, որ չնկատեն իմ տղա լինելս, այդպես քայլեցի այդ օրը:

Մի քանի օրից դեռ չհասած Արաբկիր, ճանապարհին զգացինք ծանր, նեխված լեշերի հոտ: Կարճ ժամանակից հետո, ճանապարհից ոչ շատ հեռու մի հարթավայրում, կլիներ մի քանի հարյուր արևի կիզիչ ճառագայթներից ուռած, սպանված հայերի դիակներ:

Անցանք այդ ողբալի տեսարանը: Հասանք ոչ հեռու Արաբկիրից մի դաշտավայր գիշերելու: Այդ հին պատմական, հայկական փոքրիկ քաղաքում չէր մնացել ոչ մի հայ, զոհ էին դառել երիտասարդ թուրքերի դաժանություններին: Սովորականի նման, մեզ մոտենում էին թուրք, քուրդ աղջիկ և տղաները, ծիծաղում, քարեր շպրտում, բռունցքները իրար խփելով գոռում էին քյաֆերլեր գեբերին, սիզե էյլի լյազիմ տուր(լազըմ դըր-Վ.Ի.)(քյաֆերներ, սատկեք, ձեզ այդպես է հարկավոր): Մեկ օր գիշերեցինք Արաբկիրի մոտակա այդ դաշտավայրում: Մի քանի օրից հասանք Եփրատի այն ափը, որտեղից լաստով տեղափոխվեցինք Եփրատի ձախ ափը ու շարունակեցինք քայել: Անցան Գյումիշ-մադեն կոչված վայրը, վաթսուներկուերորդ օրն էր, հասանք Խարբերդից ցածր, տափարակ վայրում Մամուրեթ-Իւլ Ազիզ քաղաքը: Տարան մեզ հայոց գերեզմանատունը, չորս օր մնացինք գերեզմանատանը, մեզանից առաջ ուրիշ հայ աքսորյալներ էին իջևանել այդտեղ: Խմբից ոչ ոքի չէին թողնում դուրս գալ գերեզմանատնից: Այդտեղ մեզ տալիս էին հաց ու բերում տակառներով ջուր:

Ամառվա կիզիչ շոգը ծանրացրել էր գերեզմանատան աղտեղության ծանր հոտը: Խմբից ոմանք մահացան, ոմանք էլ կիսամեռ վիճակում էին: Մի փոլիսը և մի ասգյար հավաքեց տղաներիս, ստիպեց փորել ոչ շատ խորը մի մեծ փոս ու կարգադրեցին մեռելներին և ցույց տալով մի քանիսների, որոնք դեռ չէին մահացած, կիսակենդանի մարմինները քաշ տալ, լցնել փոսը և ծածկել հողով: Կատարեցինք ոստիկանի հրամանը: Դեռ չմահացածների աղերսը, նրանց բերինից հազիվ լսելի բառերը չէին հուզում մեր քարացած սրտերը, անուշադիր էինք թողնում նրանց ողբը, չէինք կարող չկատարել փոլիսի հրամանը, հակառակ դեպքում մեզ էլ նույն վիճակի կմատնեինք: Հինգերորդ օրն էր, առավոտյան դուրս բերին մեզ գերեզմանատնից, շրջապատված ասգյարներով և բաշիբոզուկներով տարան: Հասանք Իւլ-Ազիզից ոչ հեռու Գյոլջուկ կոչված փոքրիկ լիճը: Երեկո էր, մութը վրա էր հասել, սկսվեց կոտորածը, հրացաններով և սառը զենքերով:

Հանգստացավ ամեն ինչ, երկու տղա կենդանի էինք մնացել դիակների մեջ: Գիշերը մութն էր, զգույշ վեր կացանք սկսեցինք ճանապարհ ընկել Իւլ-Ազիզ: Հասանք քաղաք, իմացանք որ կառավարությունը որբանոց է բաց արել և հավաքում է կենդանի մնացած հայ որբերին: Իմանալով որբանոցի տեղը երկու դժբախտներս գնացինք, դիմեցինք որբանոցի  մյուդուր Թահսին բեին: Նա ընդունեց մեզ: Չանցավ շատ ժամանակ, նույն օրնևետ Թահսին բեյը ինձ կանչեց իր մոտ, նրա մոտ էր նաև իր մեծ տղան, Մյուքերեմը, որը հազիվ կլիներ իմ հասակին, հայրը պատվիրեց տղային տանել ինձ իր տունը, Մյուքերեմի հետ գնացի տուն, լողացրին ինձ, փոխեցին շորերս անունս դրեցին Իսմաիլ և մնացի Թահսին բեյի տանը: Նա ուներ երկու տղա և մեկ աղջիկ: Բացի ինձանից նրա տանը կային ևս երկու երզնկացի երիտասարդ հայ աղջիկներ: Փոքրը, որը հազիվ կլիներ իմ հասակին, անունը դրել էին Իգպալ, իսկ մեծինը, որը կլիներ քսան տարեկան` Ֆաթմա:

Անցել էր տասը օր ինչ Թահսին բեյի տանն եմ, նրա բնակարանը բաղկացած էր հինգ սենյակից, սենյակներից մեկում քնում էինք ես, Իգպալը և Ֆաթման: Մենք միմյանց հետ գաղտնի հայերեն էինք խոսում, այնպես, որ Թահսին բեյի ընտանքիքի անդամներից ոչ ոք չլսի մեր խոսակցությունը: Իսկ ընդհանրապես մեր խոսակցության լեզուն տաճկերեն էր: Պատմում էին Իգպալն ու Ֆաթման իրենց կրած տանջանքների մասին, որը չէր տարբերվում մեր կրած զարհուրանքներից:

Հետաքրքրվելու համար, թե ինչ է անում իմ ընկերը, որին թողել էի որբանոցում, գնացի այն շենքը որտեղ որբերն էին: Դժբախտաբար այնտեղ ոչ մի որբ չէր մնացել: Հետաքրքրվեցի Թահսիմ բեյի տղից` Մյուքերեմից, թե ինչ արին որբերին: Նա պարզ ասեց, որ նրանց տարան կոտորեցին: Քառասունինը տարի անցնելուց հետո նոր պարզվեց, որ Թալյաթ փաշան հրաման էր տվել թե բոլոր այս հայ որբերը, որոնք գտնվում էին տեղերում տաճիկ կառավարության կողմից բացված որբանոցներում, անխնա բոլորի կյանքին վերջ տալ:

Մեկ ու կես տարի Իւլ-Ազիզում մնալուց հետո Թահսիմ բեյի ընտանիքի հետ ֆուրգոններով ճանապարհվեցինք Գոնյա: Ճանապարհին եղա Մալաթիայում, Սեբաստիայում, Կեսարիայում, և հասանք Գոնյա: Վերոհիշյալ քաղաքների հայերին աքսորել էին: Իւլ-Ազիզում մի քանի թրքացած հայերի պատահեցի, նույնպես և Կեսարիայում մի քանի թրքախոս հայերի: Գոնիայում ևս կային կոտորածներից  քիչ  քանակությամբ հայ որբեր և ընտանիքներ:

1918 թիվն է, վերջացավ առաջին համաշխարհային պատերազմը, հարմար մի առիթ գտնելով, ծպտյալ հեռացա Թահսին բեյի տնից, նստեցի գնացք, և մի քանի օրից հասա Սգյուդար, որտեղ Պոլսո բարեկգործական ընկերության ներկայացուցիչները գնացքից իջնող որբերին և հայ ընտանիքներին հավաքում, տանում էին Պոլիս Քում Գաբու մայր եկեղեցին, որտեղ զանազան վայրերից հավաքված էին շատ որբեր, կին ու տղամարդիկ:

1913թվին մեծ եղբայրս Տրապիզոնից մեկնել էր Ռոստով ուսումը շարունակելու: Ես իմանալով այդ, մեկ տարի Պոլսո մայր եկեղեցում մնալուց հետո որոշեցի մեկնել Տրապիզոն ապա Ռուսաստան եղբորս գտնելու:

Դիմեցի Պոլսո բարեգործական ընկերության նախագահին, նա տվեց ինձ ճանապարհածախս ու մեկնեցի Տրապիզոն: Երեք օրվա ճանապարհորդությունից հետո նավը հասավ Տրապիզոն: Իջա նավից, ապա նավակով դուրս եկանք նավամատույց ու քաղաք: Գտա մի քանի հայրենակից հայերի, որոնք բախտի բերմամբ ողջ էին մնացել: Տեղավորվեցի նրանց մոտ, գիշերեցի: հաջորդ օրը նրանց խորհրդով դիմեցի Տաճկաստանում մեծահարուստ Իբրանոսյանի մագազինը դիրեկտոր Միհրան Էֆենտիին աշխատանքի ընդունվելու համար: Միհրան Էֆենտին չմերժեց իմ խնդրանքը, ընդունվեցի իբրև գործակատար և կարգադրեց իր օգնական Թագվոր Էֆենտիին անվճար ինձ տալ պատրաստի շորեր և կոշիկ:

Սկսեցի աշխատել: Ճանապարհը դեպի Ռուսաստան ազատ էր: Վեց ամիս հետո եղբայրս տեղեկացավ, որ կենդանի եմ, եկավ Տրապիզոն, վերցրեց ինձ, ու մեկնեցինք Եկատերինոդար(Կրասնոդար): Սկսվեց իմ կյանքի երկրորդ շրջանը:

Տրապիզոնի հայերի աքսորը սկսվելուց երկու-երեք օր առաջ շատ մայրեր 4-ից 10-12 տարեկան զավակներին տարան  պատվելիների դպրոցը, երեխաների կյանքը փրկելու համար:

Այստեղ էր նաև մեր դպրոցի ուսուցիչներից Թորոս Էֆենտիի տղան` Սուրեն Օհանյանը, որը ներկայումս գտնվում է Երևանում, նա պատմեց հետևյալը.

Պատվելիների դպրոցի ընդարձակ բակում հավաքվել էին երեք հարյուրից ավել երեխաներ, երեք օր դպրոցի բակում գիշերեցինք, չորրորդ օրը եկան մի քանի փոլիսներ և ասգյարներ, առանձնացրին մեզ 7-ից 12 տարեկան երկու հարյուրի չափ տղաներին, կազմեցին մի խումբ և շրջապատված ասգյարներով տարան Տրապիզոնից ոչ հեռու Ջևեզլուգ կոչված վայրը և բոլորին սպանեցին: Մեզ, մի քանի տղաների թուրքերը վերցրին իբրև հոգեզավակ և փրկվեցինք մահից, իսկ պատվելիների դպրոցում մնացած փոքրերին հավաքեցին ու  տարան լցրին ծովը, խեղդեցին:

Մինչև Տրապիզոնում հայության տեղահանումը, մեկ ամիս առաջ երեսունի չափ քաղաքի աչքի ընկնող մարդկանց, որոնց թվում էր Արսեն Եսայանի հայրը` Սեդրակ Էֆենդին, լցրին նավակները, Սամսոն թե Կիրասոն, լավ չեմ հիշում, տեղափոխելու պատրվակի տակ հեռացրին ծովափից, հրացաններից կրակ բաց արին զոհերի վրա, սպանեցին ու ծովը լցրին: Մեկը որ թերևս վիրավորված էր, լողալով դուրս եկավ ծովափ ու պատմեց եղելությանը մասին քաղաքի հայերին:

Ահա համառոտ այն պատմությունը տաճիկ երիտասարդ իդեհատականների ծրագրված եղեռնում զոհված մեկուկես-երկու միլիոն հայերի չնչին մի տոկոսի զարհուրանքները, որին ես ականատես եմ եղել:

5/4-65թ.

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները Այլ Դաշնակցություն. «Որպես Ավստրալիայում ՀՅ Դաշնակցության անդամ և միասեռական, ես խորապես վրդովված եմ…»

1 комментарий Add your own

  • […] Նրա մասին շատ բան չգիտեմ,  ինչ որ ժամանակ հրավրիրվում է Վրաստան և նշանակվում Ադիգենի շրջանի կուսկոմի քարտուղար: Նրան գնդակահարում են ստալինյան ցուցակով(սա մի ցուցակ էր՝ կուսակցական աշխատողների, որի վրա անձամբ Ստալինն էր վրան նշումներ արել, այդ մասին տես hetq.am-ում՝ «Պատմություն, որը չդարձավ պատմություն». Դավիթ Ջիշկարիանիի հետազոտությունը` ստալինյան բռնադատությունների մասին»): Ավիսի մասին պատմում է նրա եղբայրը՝ Հարությունը, որ հրապարակել եմ այստեղ: […]

    Нравится

    Ответить

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com