Իմ գնդակահարված ցեղը

04.05.2014 at 15:09 Оставьте комментарий

Հորս հոր՝ Ավետիս Կիրակոսյանի գնդակահարության որոշումը

Հորս հոր՝ Ավետիս Կիրակոսյանի գնդակահարության որոշումը

Երեք գնդակահարության որոշումներ, երեք փաստաթուղթ, որոնք հորս ու մորս որբ դարձրին, երկու պապերիս ու մի տատիս գնդակահարության վճիռները:

Երեքն էլ արդեն ձեռքիս են: Իհարկե պատճենները:

Մամայիս հորը՝ Վահան Չերազին գնդակահարել են 1928թ. հունվարի 9-ին(առաջ կարծում էինք 1927-ին):

Մամայիս մորը՝ Վարդանուշ Չերազին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 26-ին:

Հորս հորը՝ Ռատիխան-Ավետիս Կիրակոսյանին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 10-ին:

Պապերիցս ու տատերիցս միայն հորս մորը՝ Հայկանուշին չեն գնդակահարել, կամ էլ չեն հասցրել գնդակահարել, կամ էլ եթե չգնդակահարեին, հաստատ կաքսորեին, ինչպես նրա երկրորդ ամուսնուն աքսորեցին, բոլշևիկ՝ Գուրգեն Քալաշյաինին: Հայկանուշը մահացել է 1930թ.:

Ոչ մեկի գերեզմանը չկա: Հայկանուշին են միայն թաղել, էն էլ գերեզմանոցի տեղը կառուցել են  Ցեկայի շենքը, այժմ՝ այսօրվա Ազգային ժողովի:

Մամաս՝ Բյուրակն Անդրեասյանը ծնվել է 1927-ի հունվարի 25-ին, ուրեմն, հորը կորցրել է մեկ տարեկան չդարձած, հորը ձերբակալել են երբ նա եղել է վեց ամսական: Տասը տարի անց 10 տարեկանում մորն են տանում, և եկկողմանի որբ է դառնում: Մեծացել է քեռու տանը:

Հայրս հոր Ավիս Կիրակոսյանի հետ

Հայրս հոր Ավիս Կիրակոսյանի հետ

Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը ծնվել է 1922թ. մարտի 9-ին, մորը կորցրել է 8 տարեկանում: Հայրը բաժանված էր: Հայրս  մեծանում է քեռու ու տատի մոտ: Երկկողմանի որբ է դառնում 15 տարեկանում,  երբ հորն են տանում: 

Առաջինը ձեռք բերեցի մամայիս մոր՝ Վարդանուշ Չերազի գնդակահարման որոշումը: 2006-ին էր, մի քանի անգամ դիմել էի ԱԱԾ տատիս արխիվը ստանալու համար, մի անգամ մերժել էին, ի վերջո մի միջնորդությամբ կարողացա ստանալ: Արխիվը ինձ ցույց չտվին, միայն քսերոքսով արված պատճենները տվեցին: Փաստաթղթերի մեծ մասը չկար, ոչնչացել էր, 1946թվին Գետառը լցվել էր ԿԳԲ ու վնասել արխիվները: 

«Ավելորդ փաստաթղթերը կոչնչացնենք, մնացածը կտանք պետական արխիվ»,- բռնադատվածների փաստաթղթերի վերաբերյալ ասաց ԱԱԾ-ի պաշտոնյան: «Ոնց թե կոչնչացնեք, ինչի՞ համար»,-զարմացած հարցրի ես, ո՞վ ա տեսել արխիվ ոչնչացնեն, «դե էն տեղերը ուր մատնիչների անունները կան, կոչնչացնենք»,- պարզաբանեց պաշտոնյան:

ԱԱԾ-ից հենց դուրս եկա, փաթեթը բացեցի ու սկսեցի քայլելով կարդալ, Անի հյուրանոցի դիմաց կարդացի եռյակի որոշումը՝ գնդակահարել: Տեղում մեխված մնացի: Նորությո՞ւն էր: Չէ: ինչ նորություն: Բայց մի բան է իմանաս, որ տատիդ 37թ. մի գիշեր տարել են, ու այլևս չի վերադարձել, հավանաբար գնդակահարել են, ի՞նչ հավանաբար, հաստատ գնդակահարել են, մեկ այլ բան, որ  70 տարի անց գնաս տատիդ ձերբակալող հիմնարկ, վերցնես փաստաթղթերը ու կարդաս՝ РАССТРЕЛЯАТЬ, ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ : Կարծես եռյակը այդ պահին ևս մեկ անգամ տատիս գնդակահարելու որոշում ընդունեց:

Վարդանուշ Չերազի գնդակահաարության որոշումը

Վարդանուշ Չերազի գնդակահաարության որոշումը

Մի առիթով գրել էի՝ «մամաս ասում է, որ մինչև 80-ականներ երազում էր, հեռավոր հույս ուներ, որ մորը կտեսնի, հնարվոր է չեն գնդակահարել, գուցե սիբիրյան աքսորում է, գուցե ամուսնացել է, երեխաներ ունի և սպասել է, որ մի օր քույրերն ու եղբայրները իրեն կգտնեն: Եվ միայն անցյալ տարի մորս երազները փլվեցին, երբ ես ԱԱԾ-ից ստացա փաստաթուղթ, որ տատիս` Վարդուշ Անդրեասյանին գնդակահարել են Եռյակի որոշմամբ»:

Վարդանուշը ծնվել է 1895-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդի մոտի Հազարի գյուղում(Հազարիի մասին տես վիքիպեդիայում): 1915-ին ամբողջ գյուղը փրկում են զազաները, բայց նրա առաջին ամուսնուն թուրքերը սպանում են կողքի գյուղում:

Մի անգամ գրել էի մամայիս խոսքը.«Քսաներորդ դարի հայերին հասած բոլոր արհավիրքները անցել են Վարդանուշի գլխով. հիվանդությունից մահացել է որդին, 15 թվի ցեղասպանության ժամանակ նրա առաջին ամուսնուն, որ դպրոցի տնօրեն էր, թուրքերը այրել են աշակերտների հետ դպրոցում։  Հորս՝ Վահան Չերազին, հանդիպում է գաղթի  ճանապարհներին։ Ութ տարի անց՝ 1924 թվին ամուսնանում են Էջմիածնում։ Մի քանի օր հետո Չերազին աքսորում են Սիբիր։  Վերադառնում է, 2 տարի անց կրկին ձերբակալում են ու գնդակահարում։ Նա փրկվեց եղեռնից, բայց նահատակվեց իր հայրենիքում»։

Երկու պապերիս գնդակահարել են Թիֆլիսում, ու միշտ մտածում էի հնարավորություն գտնեմ, գնամ Թիֆլիս, արխիվներում գտնեմ պապերիս թղթապանակները:

Մամաս մոր՝ Վարդանուշ Չերազի հետ

Մամաս մոր՝ Վարդանուշ Չերազի հետ

Ես չարեցի, տղաս՝ Հովիկը, որ սովորում է Թիֆլիսում, էս տարի արխիվից հանեց երկու պապերիս փաստաթղթերը: Ի տարբերություն Հայաստանի ԱԱԾ-ի, Թիֆիլսում և՛ ավելի հեշտ են հատկացրել փաստաթղթերը, և՛ ավելի նոր տեխնոլոգիայով՝ սքաներով արված ֆայլերով:

Ավետիս Կիրակոսյանից պահպանվել է միայն մի թերթ՝ եռյակի որոշումը՝ РАССТРЕЛЯАТЬ, գնդակահարել: Մնացած թղթերը վերացել են, Թիֆիլիսի ԿԳԲ-ում հրդեհ է եղել ու բազմաթիվ փասթաթղթերի հետ նաև վառվել է պապիս թղթապանակը:

Ավետիսը ծնվել է 1896-ին Տրապիզոնում, 1919-ին դարձել է բոլշևիկ, եղել է ջութակահար: Փաստաթղթերում նրա անվան հետ գրվումէ նաև հեղափոխական կեղծանունը՝ Ռատիխան(երեք հեղափոխական ընկերենրի ազգանունների երկրորդ վանկերից է բաղկացած՝ Կիրակոսյան-ռա, Կետիկյան-տի, Իշխանյան-խան(վերջինը տատս է):

Նրա մասին շատ բան չգիտեմ,  ինչ որ ժամանակ հրավրիրվում է Վրաստան և նշանակվում Ադիգենի շրջանի կուսկոմի քարտուղար: Նրան գնդակահարում են ստալինյան ցուցակով(սա մի ցուցակ էր՝ կուսակցական աշխատողների, որի վրա անձամբ Ստալինն էր վրան նշումներ արել, այդ մասին տես hetq.am-ում՝ «Պատմություն, որը չդարձավ պատմություն». Դավիթ Ջիշկարիանիի հետազոտությունը` ստալինյան բռնադատությունների մասին»): Ավիսի մասին պատմում է նրա եղբայրը՝ Հարությունը, որ հրապարակել եմ այստեղ:

Վահան Չերազի գնդակահարության որոշումը

Վահան Չերազի գնդակահարության որոշումը

Ամենաշատ փաստաթուղթ պահպանվել է Վահան Չերազի վերաբերյալ՝ 44 էջ, ամենակարևորը 12 էջ հարցաքննություն և երեք էջանոց մեղադրական եզարակացություն: Ենթադրում եմ, որ սա ամբողջը չի, ինչ որ մաս անհետացել է: Բայց դա լուրջ ուսումնասիրությունց հետո կարելի է ասել: Եվ կրկին մի առանձին փաստաթուղթ վերնագրված «Քաղվածք արձանագրությունից»՝ Чераз Вагана Каспаровича- подвергнуть высшей мере наказания РАССТРЛУ (Չերազ Գասպարի Վահանին ենթարկել բարձրագույն պատժի՝ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ):

Վահան Չերազը ծնվել է 1886-ին Կոնստանտինոպոլսում: Հիմնադիրներից է հայկական ֆուտբոլի և սկաուտական կազմակերպության: 1914թ.մեկնում է Թիֆլիս ու մտնում Անդրանիկի կամավորական ջոկատ, մասնակցում մարտերին մինչև 1919, հետո մեկնում Կոնստանտինոպոլիս, ապա Հայաստանի կառավարության հրավրեով վերադռնում Հայաստան ձևավերլու հայական սպորտը: 1921-ին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը, որն էլ դառնում է նրան գնդակհարելու գլխավոր պատճառը:

Վահան Չերազ կամավորական

Վահան Չերազ կամավորական

Սովետական կարգերի ժամանակ Լենինականում զբաղվում էր որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական ու մարզական խմբեր: 1924-ին աքսորվում է Սիբիր, վերադառնում, կրկին զբաղվում որբերի դաստիարակությամբ, ապա 1927-ին կրկին ձերբակալվում ու գնդակահարվում: Չերազի մասին Բեյրությում հրատարակվել է «Վահան Չերազ և իր երգը հայաստանի» գիրքը(տես վիքիպեդիայում):

Վահդանուշին ու Ավետիսին գնդակահրել են եռյակի որոշումով: Չերազի վճիռը կարծես այլ կերպ է կայացվել` դատական կոլեգիայի նիստում, 1927-ին եռյակներ չկային: Մասնագետը կարող է բացատրել:

Ուրեմն, երեքն էլ գնդակահարվել են նույն տարիքում՝ երկու պապերս՝ 41 տարեկանում, տատս 40-ում:

Չերազի հարցաքննությունների ու մեղադրական եզրակացության մասին հաջորդիվ:

 

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

կեղծարար լուսանկարիչները «Ադելի կյանքը». առանց դերի կնոջ ու «դերակատարի» դրաման

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com