«Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չէր», պրոբլեմը վրացական նացիոնալիզմն է

11.08.2009 at 00:00 Оставьте комментарий

«Նայի, տես Ցխինվալին: Տես` ինչ հեշտ է չէ՞ թվում վերցնելը»,- ցույց է տալիս ինձ քաղաքագետ Պատա Զաքարաշվիլին Ցխինվալիի 4 հարկանի շենքերը  վրացական Էրգնետի գյուղից:

Շատ հեշտ է թվում, երկու գումարտակ ու Ցխինվալին քոնն է: Վրացիներն այդպես արեցին անցյալ տարվա օգոստոսի 7-ին: Բայց հաջողությունը մեկ օր տևեց: Հաշվարկը սխալ էր:Հիմա էլ զինվորներ չեն երևում, բայց  այստեղ կանգնելը վտանգավոր է։ Դիպուկահարները թաքստոցներից տեսնում են մեզ:

Դեռ Թիֆլիսում iwpr-ի (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ, Լոնդոն) Համակովկասյան ցանցի համակարգող Կլաուս Ռեյնդհոլդը նայեց իմ կանաչ շալվարին, սև մայկային, կանաչ գլխարկին ու ասեց` Էրգնետի գնալուց առաջ շորերս փոխեմ, սնայպերները քողարկող գույներով մարդ են տեսնում, զինվորի տեղ են դնում ու խփում են։ Չունեմ ուրիշ շոր, հետս  շորտեր եմ վերցրել, էն էլ ա կանաչ: Կլաուսը ժպտաց, այսինքն, տեսնենք` գլխիդ ինչ է գալու։

Երբ Զաքարաշվիլին ցույց էր տալիս Ցխինվալին, ես հանել էի կանաչ գլխարկս ու ճաղատող գլուխս թողել արևի ճառագայթման տակ։ Չկրակեցին։

Իսկ նախորդ օրը կրակել էին. վրացական լրատվությունը հաղորդում էր, թե ռուսներն են կրակ բաց արել, ռուսականը` թե վրացիներն են ականներ նետել։ Հուլիսի 31-ն էր:

Հիմա հանգիստ է ու պատերազմի մասին խոսում են Էրգնետիի ավերակ տները, որոնք կվերականգնվեն։ Արևմուտքը 4,5 միլիարդ եվրո էր խոստացել, ճգնաժամի հետևանքով ավելի քիչ կտան, բայց կտան իրենց հակառուս եղբորը: Բայց Ցխինվալին վրացիներն այլևս չեն գրավի:

Զաքարաշվիլիի ասածի պես` տես ինչ հեշտ է վերցնելը, վրացիները ներշնչված էին, թե Ցխինվալին հեշտ կգրավեն:
Որտեղի՞ց էր այդ վստահությունը:

Զաքարաշվիլին ասում է, որ արդեն 2006 թվից Թիֆլիսում խոսում էին` «Ցխինվալին գրավելը պրոբլեմ չի»: Բա ռուսնե՞րը: Պրոբլեմ չէր, որովհետև այն վստահությունն էր իշխում, թե ռուսները չեն խառնվի:

Ցխինվալին գրավելու ծրագրերը իշխանության վերին ոլորտից իջնում էին մինչև փողոցներ ու օսերի հետ հարաբերությունները ջերմացնելու քաղաքականությունը հետզհետե վերափոխվում էր Թբիլիսիի կոշտությանը, որի արդյունքը եղավ սահմանագլխի Էրգնետիի շուկայի փակումը, ուր համերաշխ առևտուր էին անում օսերն ու վրացիները:

Ի՞նչն էր ներշնչել Սահակաշվիլիին, որ Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չի, որ ռուսները հանգիստ կթողնեն անցնեն իրենց խաղաղապահների վրայով, գրավել քաղաքը ու նայել, թե ինչպես է իր սահմանակից միավորված Վրաստանը ՆԱՏՕ մտնում:

Վրաստանում շատերն են համոզված, որ Սահակաշվիլին ընկավ Ռուսաստանի` նրբորեն լարած թակարդը, և որ «Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չի» պնդումը ռուսական գաղտնի ծառայություններն էին ներշնչել հակառուս Սահակաշվիլիին:

Մեկն ինձ պատմում էր, որ երեք տարի առաջ Նյու Յորքում վրացական քաղաքական վերնախավի մի երեկույթի ժամանակ, որին ինքը ներկա է եղել,  ՄԱԿ-ի աշխատակից, Սահակաշվիլիի քեռին` Թեմուր Ալասանյան արտասանել էր` «Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չի»:

ՄԱԿ-ի զինաթափման բաժնի աշխատակից, սովետական դիվանագետ, սովետական էլիտայի մեջ ամուր կապեր ունեցող, Ռուսաստանի քաղաքացի, Սահակաշվիլիի իշխանության գորշ կարդինալն ասում է վրացի իր կոլեգաներին՝ պրոբլեմ չի:

Ժամանակին վրացական ընդդիմությունը պայքարում էր, որ Ալասանյան չազդի նախագահի վրա, որի արդյունքում նա հեռացավ Վրաստանից ՄԱԿ իր պաշտոնին։ «Վրեմյա նովստիին» 2006-ին տված հարցազրույցում Հանրապետական կուսակցության անդամ Լևան Բարձենիշվիլին ասում է. «Նա մեծ դեր է խաղացել Սահակաշվիլիի դաստիարակման համար, բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է ազդեցություն ունենա երկրի ղեկավարի վրա։ Նախագահը չպետք է ղեկավարվի ոչ մեկի կողմից՝  ո՛չ տատի, ո՛չ պապի։ Երևի Սահակաշվիլին դա հասկացավ։ Ինչպե՞ս մենք չբողոքեինք, երբ տեսնում էինք, որ քեռին մասնակցում է անվտանգության խորհրդի նիստին։ Նաև ակնհայտ է, որ Ալասանյան ԿԳԲ-ի հետ առնչություն ունի։ Առանց դրա ինչպե՞ս կարող էր արտասահմանում աշխատանք ստանալ»։

Իսկ հասարակական գործիչ Կակաբաձեն Ռեգիոնին տված հարցազրույցում ասում  է, թե Ալասանյան ГРУ-ի լրտես է` «дядя президента Михаила Саакашвили работает на ГРУ РФ»։

Այսուհանդերձ, Ռուսաստանը շատ կցանկանար, որ Սահակաշվիլիի ամենավստահելի, հարազատ մարդը նրան խորհուրդ տար՝ Ցխինվալին գրավելը պրոբլեմ չի ու հետո աներ Վրաստանի հետ այն ինչ արեց:

Ասում են, որ այդ վստահությունը ներշնչել են նաև ռուսական բանակում ծառայող վրացի սպաները:

«Հսկա Ռուսաստանի ինչի՞ն են պետք էս սարերը»,-հարցնում է ադրբեջանցի լրագրող Սաբուհին:

«Ռուսաստանին սարերը պետք չեն, Ռուսաստանին պետք է, որ Վրաստանը ՆԱՏՕ չմտնի»,-պատասխանում է Զաքարաշվիլին: Քանդված պաշտպանության համակարգով, խոցելի մի երկիր, որ անընդհատ հակամարտության մեջ է հարևանի հետ, ՆԱՏՕ-ի համար լուրջ գլխացավանք կդառնար, ու Ռուսաստանը, Վրաստանին ներքաշելով պատերազմի մեջ, թույլ չտվեց, որ ՆԱՏՕ-ն այդ գլխացավանքն ունենա:

Ինչպես Զաքարաշվիլին է ասում`  ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կվերցներ իր կազմի մեջ մի երկիր, որի մայրաքաղաքից ընդամենը 50 կմ-ի վրա այլ պետության զորքերն էին:

ՆԱՏՕ-ի դռները երկար ժամանակով փակվեցին Վրաստանի առաջ, և Ռուսաստանը կարողացավ հմտորեն իր սահմաններից հեռացնել ռազմաքաղաքական այն հսկային, որն իրեն թշնամի է համարում:

«Իսկ չկայի՞ն Վրաստանում մարդիկ, որ մտահոգվեին, կանխատեսեին, որ Ցխինվալին վերցնելը պրոբլեմ է, որ Ռուսատանը թույլ չի տա»:

«Ինչո՞ւ չկային, երբ օգոստոսի 8-ի առավոտյան, երբ Ցխինվալին գրավել էին, ու ամբողջ Թիֆլիսը հրճվանքի մեջ էր,  ես «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում ասացի, որ սա շատ մտահոգիչ է ու վտնագներով լեցուն»:

Զաքարաշվիլին ասում է, որ ինքը վստահ էր` Ռուսաստանը թույլ չի տա գրավել Օսեթիան, բայց չէր պատկերացնում, որ կհասնի մինչև Գորի ու ամբողջ վրացական ռազմական համակարգը կոչնչացնի:

Մեկ տարվա մեջ Գորիում երկու անգամ լինելը մի քիչ շատ է: Մեկ էլ անցյալ սեպտեմբերին iwpr-ի կազմակերպած այցով եղանք հետպատերազմական քաղաքում, էն ժամանակ ես armenianow.com-ի թղթակից էի, հիմա` «Անկախ»-ի խմբագիր: Կարգավիճակս թույլ է տալիս ռեպորտաժի սահմաններից դուրս գամ ու նույն պատերազմի մասին այլ կերպ գրեմ ու հանգիստ ասեմ՝ գոնե ռուսները մի խիզախ քայլ կարային անել, չարեցին` պայթեցնեին Գորիի կենտրոնում վեր խոյացող Ստալինի արձանը ու Ստալինի տուն թանգարանը: Այդ սիմվոլիկ նվերը վրացիներին գուցե սթափեցներ ու ամեն տեղից վեր կացող նախագահ իրեն չնույնացներ Ստալինի հետ ու չորոշեր երկիրը մաքրել այլազգիներից կամ ենթարկցնել նրանց կամքն:

Սահակաշվիլին կրկնեց իր նախորդ երկու նախագահների նացիոնալիստական ամբիցիաները և կրկին տանուլ տվեց. Նախորդները կորցրել էին Աբխազիան ու Օսեթիան, ինքը այդ երկու տարածքները հետ բերելու ճանապարհին կորցրեց վրացական իրավասության տակ գտնվող Կոդորի կիրճն ու Ախալգորին (այս շրջանը, որ սովետական տարիներին եղել է Օսեթիայի կազմի մեջ, մինչև անցյալ տարի Վրաստանի իշխանության տակ էր: Սահակաշվիլին Ախալգորին հռչակեց  Օսեթիա ու այնտեղ տեղադրեց իրեն կամակատար «Օսեթիայի իշխանությունը»: Նպատակն էր այդ «իշխանության» տակ Ախալգորիին միացնել ամբողջ Օսեթիան, բայց եղավ հակառակը` 90 տոկոս վրացի բնակչություն ունեցող Ախալգորին «միացավ» Օսեթիային: Նույնն էլ Կոդորի կիրճն էր, որի վրա աբխազները ոչ մի հավակնություն չունեին: Այնտեղ Սահակաշվիլին զորք մտցրեց, հռչակեց վերին Աբխազիա, և այնտեղ տեղադրեց, այսպես կոչված, «Աբխազիայի վտարանդի կառավարություն» ու դարձրեց պլացդարմ Աբխազիան գրավելու համար, սակայն, անցյալ օգոստոսին հակառակը եղավ՝ (անցյալ օգոստոսի 12-ին Կոդորին միացվեց Աբխազիային):

«Կլաուս, ճիշտ չէ՞ր լինի՝  էս անգամ էլ մյուս կողմից տեսնեինք պատերազմի հետևանքները»: Արժեր մի քիչ էլ լսել, որ վրացիներն են ագրեսոր: Կլաուսը մտածեց՝ այո, ճիշտ կլիներ, բայց ֆինանսները չեն հերիքում: Մեկ տարվա մեջ iwpr-ը երկու անգամ կազմակերպում է լրագրողների այց Վրաստանի` պատերազմից տուժած շրջաններ(տես այստեղ), ու ես երկրորդ անգամ լսում եմ Շիդա Քարթլիի գուբերնատորի տեղակալ  Զուրաբ Չինկինակաշվիլիի ծեծված տեքստերը, որ ռուսները ագրեսոր են, նրանք են սկսել պատերազմը, դա ապացույցների կարիք չունի, իսկ Օսեթիան անկախ պիտի չլինի, դա ծիծաղելի է: Փոխվել էին միայն մի քանի թվեր. եթե անցյալ տարի ավերված տների քանակը 1200 էր, էս տարի՜ 10 հազար:

Գորիի լրագրող Սաբա Ցիցիկաշվիլին ասում է, որ Վրաստանում հայրենասերները նրանք են, ովքեր հայհոյում են ռուսներին ու սեպարատիստներին, և այդպիսիներն էին, որ պատերազմի օրերին ամբողջ ժողովրդին անտեր ու խուճապի մեջ թողեցին:  Նա պատմում է, որ անցյալ օգոստոսի 7-ին վրացական կենտրոնական TV-ին հաղորդում էր, թե վրացական զորքերը հաղթել են, գրավել են վեց գյուղ ու բնակչությունը հանգիստ տներում նստած էր ու մտքներով չէր անցնում, որ իրենց գլխին վտանգ է կախված: Եվ երբ ռումբերը սկսեցին պայթե բնակարաններում ոչ մի պետական օղակ չփորձեց էվակուացնել ժողովրդին, իսկ Գորիի ինֆորմացիոն կենտրոնում ոչ մի պաշտոնյա չեկավ, որ բացատրի` ինչ է կատարվում:

«Մարդիկ չգիտեին` ինչ անել, Կարբիում հավաքվել էին գյուղի կենտրոնում, ու ռումբն ընկել էր ուղիղ նրանց վրա, ութ հոգի մեռան, լիքը վիրավոր: Մարդիկ պանիկայի մեջ էին, չգիտեին` որ կողմ գնան, որ գնդակների տակ չհայտնվեն, ոչ ոք նրանց ոչինչ չէր զգուշացրել, ես տեսնում էի, թե ինչպես են վազելով փախչում: Միայն օգոստոսի 22-ից, երբ ռուսները գնացին, իշխանությունները սկսեցին գործել, ու որ քաղաքը լցվի, բռնի Գորի վերադարձրին նրանց, ովքեր դեռ չէին ուզում վերադառնալ»: Սաբան հանգիստ չի տալիս Գորիի իշխանություններին` բացահայտելով կոռուպցիայի ու ապաշնորհ կառավարման փաստեր, և ասում է, որ  գուբերնատորն ու իր տեղակալը մի քանի հոգու հետ էնպես են ծեծել, որ ընկել է հիվանդանոց: Չինկինաշվիլիին հարցրի, թե ճի՞շտ է, որ Սաբային ծեծել են, ասեց` սուտ է, ոչ մի վկա չկա, որ հաստատի նրա ասածը, եկեք ավելի կարևոր թեմաների մասին զրուցենք, ու սկսեց ներկայացնել, թե օգնությունները ինչպես են տեղաբաշխում ու ինչպես են պատերազմի վնասները վերացնում։

Զաքարաշվիլիին հարցնում եմ` վրացական նացոնալիզմը չի՞ պատճառն այս կորուստների, նա պատասխանում է` ինչ է հայերը նացիոնալիստ չե՞ն: Նացիոնալիստ են, բայց քանի որ Հայաստանը միատարր է, այլ ազգեր գրեթե չկան, նացիոնալիզմը չի արտահայտվում: Ահա տեսնում ես, ասում է, հետսովետական բոլոր հանրապետություններն էլ նացիոնալիստական են: Այո, 70 տարվա կոնսերվացված նացիոնալիզմը, որ չի ապրել ֆաշիզմի փորձությունն ու փոխարենը ճնշվել է, գլուխ կբարձրացներ սովետի փլուզումից հետո: Բայց իրո՞ք բոլորը նույնքան նացիոնալիստ են, չկա՞ն տարբերություններ:

Վրացական նացիոնալիզմ:

Լրագրողներիս չորս հոգիանոց խմբին տանող Աշոտն առաջին անգամ էր Վրաստանում։ Պատմում էր, որ գիշերը 3-ին Թիֆլիսում երկու պատանիներ` տղա ու աղջիկ, կանգնացրին մեքենան, ինքը վերցրեց: «Էդ տղեն Եհովայի վկա էր, ջահել տղա ու տենց հավատացյալ»: Հարցրի. «Ինչի՞ց իմացար, որ Եհովայի վկա է»: «Այ ախպեր, քշում եմ, դեմը եկեղեցի ա հայտնվում, էրեսին խաչ ա հանում»: Բոլորս ծիծաղեցինք, Աշոտ ջան, վրացիները շատ հավատացյալ են, հենց մի եկեղեցի հեռվից տեսնեն, խաչ են հանում: Ռուսթավելիով քայլում ես, մեկ էլ դեմիցդ բոլոր եկողները խաչակնքում են, ի՞նչ է պատահել, հո աշխարհի վերջը չի՞, նայում ես շուրջդ, պարզ է` դեմի մայթին եկեղեցի կա: Դե Աշոտը չգիտի, որ Եհովայի վկան խաչ չի քաշում, ուղղակի նրա համար Եհովայի վկան հավատացյալի վերջն է:

Սաքարթվելո հյուրանոցը ռեմոնտի մեջ է, միայն հինգերորդ հարկն է աշխատում, ադմինիստրատորի անկյունը, ուր բանալիներն ենք հանձնում, ոնց որ եկեղեցի լինի` սրբապատկերներ պատով մեկ` Հիսուս Քրիստոս ու վրացական ուղղափառ եկեղեցու հոգևորականներ, մանկական դեմքով մի ծերունի։ Ո՞վ է նա, ադմինիստրատորուհին պատասխանում է` սուրբ է: Հարցնում եմ` ո՞ր դարի: Մի տասը տարի առաջ մահացավ: Առաքելականի վերջին սուրբը ո՞ր դարում է եղել:

Հյուրանոցի աշխատակիցները հենց մոտենում էին բանալի տալու կամ ինչ-որ բանի հետևից մի հատ խաչակնքում էին ու օրը ամեն մեկը մի քսան անգամ կխաչակնքեր:

Էրգնետիում Չլայիձեների երկու հարկանի տունը ավերակ, այգում նախկին խոհանոցը հինգ հոգիանոց ընտանիքը վերածել է մի նեղլիկ բնակարանի, բայց մի անկյունը հատկացված էր սրբապատկերներին` երկու պատով մեկ, նույն մանկական դեմքով ծերունին ու բազմաթիվ այլ սրբեր:

Հավատն ու նացիոնալիզմն առանց իրար գոյություն չունեն, Աստծո կողմից ընտրյալ ազգ լինելու գաղափարն է էներգիա տալիս նացիոնալիզմին ու ներշնչում, որ Աստծո տված երկիրը միայն իրենցն է ու այն պետք է մաքրվի այլազգիներից: Դա դեռ Աստվածաշնչից է գալիս, ուր Աստծո ընտրյալ ժողովուրդը «մաքրում» էր Իսրայելը, ցեղասպանություն անում այլ ժողովուրդներին: Ռուսական ուղղափառ եկեղեցին էլ սնում է ռուսական նացիոնալիզմը, ոգի տալիս նրան, ու այլազգի հարավցիներին սպանող պատանիներն ու երիտասարդները  ուղղափառ հավատացյալներ են, աղոթում են սպանելուց առաջ(ինչպես, օրինակ ազգային, կրոնական և սեռական փոքրամասնությունների դեմ մի քանի տեռորիստական ակտ արած Իլյա Տիխոմիրովը, իր օրագրում գրել է, որ իր առաջին ահաբեկչությունը անելիս չէր դադարում հիշել Աստծուն ու աղոթում էր, իսկ երբ իմանում է , որ 2006թ. ապրիլի 22-ին մետրոյում նացիոնալիստ ընկերները սպանել են 17-ամյա Վիգեն Աբրահամյանցին, գրում է, թե սպանվածը հակաֆաշիստ էր և Աստծո կամոք նրան վիճակված չէր իր կեղտոտ, սատանայակն գործը անել,  Քրիստոս հարյավ: Աբրահամյանցին սպանող Նիկիտա Սենյուկովը և Իլյա Տիխոմիրովը նույն «ՍՊԱՍ»(“СПАС”) ուղղափառ մոնարխիստական խմբավորման անդամներ են, (տես այստեղ ): Իսկ նացիոնալիսնտերը ձերբակալված այս մարդասպաններին անվանում են` խղճի կալանավոր, հավատի և ազգի զինվոր, (տես այստեղ ): Ոմանք ուղղափառ ուղղվածության դպրոցների սաներ են(օրինակ, սրբապատկերագրային դպրոց): Լինում է նաև, որ ռուս նացիոնալիստներին տեռորից առաջ ռուս հոգևորականները օրհնում են, ինչպես 2006-ի մայիսին Մոսկվայի հոգևորական Կիրիլը օրհնել էր սափրագլուխներին գեյ-երկույթի վրա հարձակվելուց առաջ(տես այստեղ)։ Ռուսաստանում նացիոնալիստ մարդասպաններին տվել են նաև ուղղափառ-ֆաշիստ անունը:

Հավատն էլ նացիոնաալիզմի հետ խուժեց հետսովետական հանրապետություններ և ավանդական եկեղեցիները, որոնք նացինոլիզմ սնուցող հիմնարկներ են, մոնոպոլիզացրեցին հավատը: Ու վրացիները իրենց Աստծո տված երկիրը փորձեցին մաքրել այլազգիներից` բարձրացնելով «Վրաստանը վրացիներին» լոզունգը։ Թիֆլիսում ծնված լրագրող Լիզա Տոնականյանը հիշում է, որ 90-ականներին երբ փոքրիկ աղջիկ էր, մեկ էլ մի օր իր մոտ ընկերուհին ասեց՝ ինչ գործ ունեք մեր երկրում, գնացեք այստեղից,  ու դեռ տառերը նոր սովորած աղջիկը մետրոների պատերին կարդում էր «հայերին 10 օր ենք տալիս», «ադրբեջանցիներին 10 օր ենք տալիս» ու նման բաներ։ Այդ տարիներին Լիզան ասում է, որ մորն ու հորը որպես հայ հեռացրին աշխատանքից։

Հայաստանում էլ առաքելական եկեղեցին դարձավ նացիոնալիզմ արտադրող գլխավոր հիմնարկներից մեկը, բայց հայկական հավատը կնունք ու թաղում, հարսանիք ու մատաղ անելուց էն կողմ չգնաց ու մնաց էն չափի մեջ, որի մեջ չեն տեղավորվում  եկեղեցի տեսնելուց խաչ հանելը ու տանը սրբատեղի ունենալը:

Վրացական նացիոնալիզմն արդեն սովետական ժամանակներում դիսիդենտության մակարդակից բարձրացել էր պետականի, որի պատճառով այլազգիներն առանց ազգանուններն աշվիլի դարձնելու չէին կարող կարիերա անել:

Սահակաշվիլին էլ հավանաբար ազգանվափոխ վրացիների ընտանիքի զավակ է: Սահակ անունը չկա վրացերենում, փոխարենը եղել են հայ Սահակյանների գերդաստաններ հենց Գորիի մերձակա շրջաններում, որոնք ազգանունները փոխել են ու դառել Սահակաշվիլի: Զաքարաշվիլին ասում է, թե Սահակաշվիլին  չի սիրում խոսել իր ազգանվան ծագման ու արմատների մասին:

«Վրաստանում պապուլյար քաղաքական գործիչ լինելու համար նացիոնալիզմն անհրաժեշտ պայման է,-ասում է Զաքարաշվիլին,- տեսեք, միակ ոչ նացիոնալիստական կուսակցությունը հանրապետականն է, բայց նա բացարձակապես պոպուլյար չի, ինչ անուն ասես կպցնում են նրան: Վրաստանում քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար պետք է նացիոնալիստական հռետորություն օգտագործես: Սահակաշվիլին նացիոնալիստ չի, բայց նացիոնալիստական հռետորություն է օգտագործում հաջողության հասնելու համար»:

Սահակաշվիլին իր վրացի լինելը ոչ թե ազգանունով, այլ արարքներով պետք է ապացուցեր, որի արդյունքում էլ Գորիի շրջանում իրար հետևից ձգվում են փախստականների ավանները:

Ցեռովանի ավանում 2000 փախստականի բնակարան են կառուցել, բոլորը  Ախալգորի շրջանից են: Առաջին ընտանիքը, որին սկսեցի հարցուփորձ անել, պարզվեց հայեր են՝ Թեմուր Ստեփանովը ու նրա քույրը` Դալի Ստեփանովան: Հայերեն չգիտեն, Դալիի ամուսինը վրացի է եղել, որդին` Դավիթը հայ լինելու թեման շրջանցում էր: Դալիին հարցնում եմ` ավանում էլի հայեր կա՞ն: Կան մի երկու ընտանիք: «Կարո՞ղ եք ասել` որտեղ են»: «Չէ, մի գնա, խորհուրդ չեմ տալիս, նրանք վրացու ազգանունով են, հերքում են, թե հայ են»: «Ինչո՞ւ, ինչի՞ են փոխել ազգանունները»: «էէէ, ամբողջ Ախալգորիում մենակ ես ու ախպերս ենք հայ մնացել, մենք սկզբունքորեն չփոխեցինք ազգանուններս:  Ով գնաց գնաց, ով մնաց, բոլորը փոխեցին»: Էլի եմ հարցնում, «Այ քեզ բան, ինչո՞ւ են փոխում»: «Ինչո՞ւ։ Ամաչում են որ հայ են, հայերին ծաղրում են, ձեռ են առնում, ու մարդիկ ստիպված փոխում են»: Դալին իսկապես խիզախ է, նրան քիչ բան է տվել ազգանվանը հավատարիմ մնալը, երեխաները վրացուց էլ վրացի են, բայց կարողացել է հասարակական կարծիքի ճնշմանը դիմանալ ու ծաղրված լինելուց չի ամաչել: Թե՞ նրան օգնել է ազգանվան ով վերջավորությունը: Եթե յան լիներ, ի՞նչ կաներ:

Վերջին մի տարում երեք անգամ եղա Թբիլիսիում ու կարողացա նկատել  արհամարհանքն ու ատելությունն այազգիների ու նաև հայերի նկատմամբ: Մի վրացի գործընկեր անընդհատ կրկնում էր, թե աբխազ ազգ գոյություն չունի: Հետո պատմեց, թե Ախալցխայում իր կոլեգային ոստիկանը հայի տեղ է դրել. «Ասեցի, ինչո՞ւ ես վիրավորում աղջկան»: Ուրեմն, տենց բաներ, հայ ասելը վիրավորական է: Կա՞ մի հայ, որին վրացուն նմանեցնեն վիրավորվի։

Ես հազար անգամ եմ լսել, թե որդիները դառնում են աշվիլի, հայրը ափերից դուրս է գալիս: Ինչքա՜ն մարդիկ են  աշխատանքի մեջ կարիերայի համար ազգանունը փոխել: Անցյալ տարի Կախեթիում մի խումբ վրացի լրագրողների հետ ծանոթացանք, մի աղջկա ներկայացրին` Արյուտյունյանի, մոտեցա հարցրի` դուք հայկական ծագո՞ւմ ունեք, չհասկացավ, միակ իմացած լեզուն վրացերենն էր, թարգմանեցին հարցս, դժգոհ ասաց` չէ, կապ չունեմ։ Ասեցի` ձեր ազգանվան արմատը հայերեն է` հարություն, գիտեի՞ք։ Չէ, ասաց, բայց մեր գյուղում ասում են, թե մի հիսուն տարի առաջ հայեր են ապրել:

Կախեթիում հազարավոր հայեր են վրացացել, հայկական գյուղում հայկական դպրոցը դարձնում էին վրացական, ու ժողովորդը 20 տարվա մեջ վրացի էր դառնում: Արուտյունյանին նրանց շառավիղն է:

Իսկ Սահակաշվիլի՞ն. նա փախստական դարձրեց նրանց, ում պատճառով Սահակյանները Սահակաշվիլի են դարձել:

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

քար “Взять Цхинвали – не проблема”. Проблема – грузинский национализм

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: