Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ

08.02.2012 at 00:00 Оставьте комментарий

Ռաֆիկը իր կյանքի ինը տարիները կորցրեց Ռուսաստանում ստրկության մեջ

Ռաֆիկը իր կյանքի ինը տարիները կորցրեց Ռուսաստանում ստրկության մեջ

Ինը տարի անց անհայտությունից վերադարձած 55-ամյա Ռաֆիկի ստրկական աշխատանքի վկայությունը նրա`80-ամյա ծերունու տեսքն է ու կորցրած առողջությունը, ինչի հետեւանքով հազիվ է տեղաշարժվում ու դժվարությամբ խոսում:

Երբ չորս տարի առաջ Ռաֆիկը վերադարձավ Երեւան, նրա կինն արդեն կարծում էր, թե նա մահացել է:

Ռաֆիկի հետ պատահածը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ աշխատանքային միգրանտները, ընկնելով ծուղակը, ստրկական շահագործման են ենթարկվում արտասահմանում: Ռաֆիկն աշխատանքային թրաֆիքինգի զոհ է դարձել Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք փնտրելիս, մինչդեռ աշխատանքային շահագործման մյուս զոհերին անմիջապես Հայաստանից են տանում արտասահման`աշխատանք տրամադրելու կեղծ խոստումների միջոցով:

Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից հարյուր հազարավոր մարդիկ են մեկնում արտասահման սեզոնային աշխատանք գտնելու եւ փող վաստակելու ակնկալիքով, քանի որ իրենց երկրների ծանր տնտեսական վիճակը թույլ չի տալիս նրանց համապատասխան գումար վաստակել հայրենիքում: Հայաստանի դեպքում, ըստ հարցումների, աշխատանքային միգրանտների 92, 9%-ը մեկնում է Ռուսաստան:

Աշխատանքային միգրացիան զանգվածային բնույթ է կրում, եւ այս երեւույթն  ունի իր բացասական կողմերը. կանայք սեռական բնույթի շահագործման ենթարկվելու սպառնալիքի տակ են հայտնվում, իսկ տղամարդիկ հաճախ աշխատանքային թրաֆիքինգի զոհ են դառնում, սակայն այս խնդիրը պակաս ուշադրության է արժանանում:

Ռաֆիկը, ում անունը ընտանիքի խնդրանքով փոխված է,  ասում է,  որ 9 տարի` 1999-2008 թթ, Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի հանրապետության Բոգդաշկինո գյուղում ստրկության մեջ է եղել եւ կատարել ստրկատիրոջ պարտադրած աշխատանքը: Պատմում է, որ Ռուսաստանում հայտնվել է Ֆայլաբազար կոչվող աշխատանքի շուկայից, ուր փողոցում կանգնած բանվորները սպասում են, թե մեկը կգա կտանի աշխատելու: Մի քանի հոգու տեղում առաջարկում են միկրոավտոբուսով մեկնել Ռուսաստանի Ալմետևսկ քաղաքը`մանկապարտեզի շինարարության վրա աշխատելու, սակայն մի քանի օրից աշխատանքը կանգնում է ու մեկնողները անգործ են մնում: Բանվորները սկսում են այլ աշխատանք փնտրել, եւ այդ ընթացքում էլ Ռաֆիկը հայտնվում է Բոգդաշկինո գյուղում ու հայրենակիցների հսկողության տակ հարկադրաբար օրական 15-16 ժամ սեւ աշխատանք է անում` կարտոֆիլ հավաքում, ձմռանը ցորեն ամբարում եւ ստանում գոյատեւելու համար օրական 100 ռուբլի (մոտ 3 դոլար):

Ամքորի թրաֆիքինգի ծրագրի ղեկավար Վիկտորիա Ավակովան

Ամքորի թրաֆիքինգի ծրագրի ղեկավար Վիկտորիա Ավակովան

«Պասպորտները հավաքեց բրիգադիրը`Ալեքսանյան Գրիշան, թե էթանք ձեր անունով հաշվի համար բացեմ ու չվերադարձրեց, ըտենց էլ մնացինք առանց պասպորտ գերության մեջ,-պատմում է նա իր գերության սկիզբը,- առավոտ տանում էին, իրիկուն բերում, մի հատ գոմ էր, ըտե էինք ապրում, գոմի ներսը մի սենյակ էին հատկացրել, էդտեղ էինք ապրում, իրեք հոգի էինք, մի կին, երկու տղամարդ»:

«Մեզ ասում էին`բոմժեր, դուք բոմժ եք, գերի եք, ձեռ էին առնում, մի խոսքով մարդ չէին համարում: Լուսը բացվում էր`դաշտում  էինք, մութը ընկնում էր, ընենց էլ էր լինում գիշերն էլ էինք մնում աշխատում: Ով չէր ենթարկվում, ծեծում էին: Մի գործի որ դնում էին, ասում էին`էս արա, ասում էր`չեմ կարա անեմ, ծեծում էին, որ ուժերից վեր ա, ո՞նց անի, – պատմում է նա, – փախչել էլ չէինք կարող, պասպորտները մոտներս չէր, ո՞ւր էթայինք`չգիտեինք: Նաեւ հսկող կար, մենակ չէին թողնում, դաժե զուգարան, որ էթում էինք հետեւում էին, րոպեներով էին թողում զուգարան գնայինք»:

Ժամանակակից եզրաբանությամբ`թրաֆիքինգի զոհ Ռաֆիկը Ռուսաստանում երկու ինսուլտ (ուղեղի կաթված) է տարել, իսկ երրորդը ստացել է մի քանի ամիս առաջ, որի հետեւանքով դժվարությամբ է խոսում եւ շատ մանրամասներ չի հիշում:

Առաջին ինսուլտը ստանում է գոմի մեջ:

«Ոտս թուլացավ: Ոնց որ աչքս հետեւից դուրս գար, վատացա, ճնշումս բարձրացավ միանգամից: Զանգեցին,  գնացին կենտրոն, գյուղամեջ, զանգեցին Գրիշին, բա արի, վատացած մարդ կա, Գրիշան էկավ, տարավ ինձ հիվանդանոց, իրա պասպորտով գրանցեց հիվանդանոցում, պառկա հիվանդանոց, 15 օրից դուրս գրեցին, էլի բերեց Բագդաշկին: Ասում եմ` Գրիշ ուզում եմ տուն էթամ, լավ չեմ, հանկարծակի կմեռնեմ, կմնամ վրեքդ, դու մեռնող պտուղը չես, ասեց, էլի բերեց Բագդաշկին, էլի աշխատեցի, բայց ոտս կաղում էր»:

Գերությունից ազատվում է առողջությունն ու աշխատունակությունը կորցնելու հաշվին:

«Էլ ընդունակ չէի աշխատելու: Պահում էին`ի՞նչ անեին, բեռ անեի՞ն: Էլ մեզ պետք չես, ասին,  մնալու տեղ էլ չկար, էդպես գնացի»:

Պատահական հանդիպած հայ տղաները փող են հավաքում ու նրան օգնում հասնել Մոսկվա, որտեղ երկրորդ ինսուլտն է ստանում ու ընկնում հիվանդանոց, իսկ այնտեղից էլ գտնում են նրա մոսկվաբնակ եղբորը:

2008-ի հոկտեմբերին Ռաֆիկի եղբայրը զանգահարում է նրա դստերը ու հայտնում, որ հայրը գտնվել է: Այնուհետեւ, քանի որ Ռաֆիկը ոչ մի փաստաթուղթ չուներ, Մոսկվայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ հնարավոր եղավ նրան վերադարձնել տուն:

«Հույսս կորցրել էի, հատկապես վերջին երկու-երեք տարին, աղջիկս ամուսնացած էր, թոռներ ուներ, տղաս հետո ամուսնացավ, մտածում էի` ինքն էն  ծնողը չի, որ անտարբեր լիներ, կմտածի իր ընտանիքի մասին, կզանգեր, ուրեմն մահացած ա», – վերհիշում է Ռաֆիկի կինը:

«Ոչինչ չուներ`դակումենտ բան, էնտեղի պասոլստվայով կարողացան բերեն հասցնեն Հայաստան, էլի ահագին ժամանակ պառկեց հիվանդանոց, ոտը գանգրենա էր, կտրեցին, էդ ամբողջ ժամանակ դեղորայքով աջակցեց կազմակերպությունը, որը կարողացավ բերել իրան, էլի փառք Աստծո, որ էկավ իրա ընտանիքին, իրա էրեխեքին», – ասում է նա:

Ոստիկանության տրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյան

Ոստիկանության տրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյան

Աղքատության մեջ գտնվող ընտանիքին օգնում է Ռաֆիկին տուն վերադարձնել ու Երեւանում նրա բուժման ծախսերն է հոգում «ԱՄՔՈՐ» կազմակերպությունը: «Ամքոր»-ը Հայաստանի այն երկու հասարակական կազմակերպություններից մեկն է, որ օժանդակություն է ցույց տալիս թրաֆիքինգի զոհերին, ծրագիրը իրականացնում է 2004 թվականից:

«Ուրախության հետ մեկտեղ անելանելի վիճակում էինք, միջոցներ չունեինք նրան Երեւան տեղափոխելու համար, – պատմում է Ռաֆիկի դուստրը, – մտորումների ժամանակ մետրոյի վագոնում մեկ էլ աչքիս ընկավ «Ամքոր»-ի հայտարարությունը, որ օժանդակում է թրաֆիքինգի զոհերին ու նաեւ թեժ գծի համարը»:

«Մեկ ամսում հնարավոր եղավ այդ անձին վերադարձնել Հայաստան, Նոր տարվա շեմին` դեկտեմբերի երեսունին, – պատմում է Ամքորի թրաֆիքինգի ծրագրի ղեկավար Վիկտորիա Ավակովան, – Երբ վերադարձավ ընտանիք, պարզ եղավ, որ նա շատ ծանր կյանք է տարել արտերկրում, իր տարիքի ու առողջության համեմատ շատ ծանր ու վնասակար աշխատանք է կատարել ու առողջական վիճակը վատթարացել էր աշխատանքի հետեւանքով»:

«Սցենարները բավական իրար նման են. թրաֆիկիորը միշտ առնում է նրանց համար տոմսեր, որոնց գումարը աշխատանքով իբր պիտի վճարեին, փաստաթղթերը միշտ վերցնում են ռեգիստրացիայի համար, որոնք էլ նրանք չեն տեսնում: Այդ մարդկանց խոստանում են, որ  կունենան լավ վարձատրվող աշխատանք, ինչ-որ շենք կկառուցեն, որ կաշխատեն քաղաքում, հիմնականում խոստանում են, որ  Մոսկվա կգնան, – ասում է Վիկտորիա Ավակովան, —  բայց հետո ստացվում էր, որ իրենց տանում են հեռավոր ինչ-որ  գյուղեր կամ փոքրիկ ավաններ, մեկուսացնում աշխարհից, աշխատեցնում են էլի շինարարությունում, բայց ստիպելով շատ ծանր աշխատանք կատարել, շատ վատ պայմաններում, քիչ են նրանց կերակրում: Արդյունքում նրանք ստանում են տարբեր առողջական եւ հոգեբանական խնդիրներ»:

Լայն զանգվածներին ստրկացման մասին առավել հայտնի դարձավ 2000թ. ՄԱԿ-ի  անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայով եւ նրան կից «մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի կանխարգելման եւ խափանման եւ դրա համար պատժի մասին» արձանագրությամբ, որից հետո բոլոր երկրներն ընդունեցին նոր հանցագործության գոյությունը`թրաֆիքինգ կամ մարդկանց առեւտուր:

2003թ. Հայաստանը միանում է ՄԱԿ-ի կոնվենցիային ու քրեական օրենսգրքում ներառում է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մասին հոդվածը, որի համար նախատեսվում է 5-15 տարվա ազատազրկում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գոյություն ունեցող թրաֆիքինգի մի քանի ուղղություններից, մասնավորապես սեռական եւ աշխատանքային թրաֆիքինգներից, առավելապես ուշադրության կենտրոնում է եղել սեռական շահագործումը:

Սեռական թրաֆիքինգի փաստով միայն 2005-2006թթ. 30 քրեական գործ է հարուցվել, այս գործերով բացահայտվել է, որ 70 կին շահագործման է ենթարկվել:

Սակայն աշխատանքային  թրաֆիքինգը, որին ենթարկվել է Ռաֆիկը, ավելի քիչ ուշադրության է արժանացել. աշխատանքային թրաֆիքինգով առաջին քր. գործը հարուցվել է 2008-ին, եւ մինչ այժմ այն անձանց նկատմամբ, ովքեր աշխատուժ են տարել Հայաստանից դուրս կամ դրսում շահագործել Հայաստանի քաղաքացիներին ընդամենը 4 գործ է հարուցվել, որոնցից մեկը կարճվել է հանցակազմի բացակայության հիմնավորմամբ:

Ռաֆիկի գործով քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանը (այժմ`Միջազգային կառույցների հետ աշխատանքի բաժնի պետ) 2011թ. աշնանը տված հարցազրույցում ասում է, որ քրեական գործ չի հարուցվել, քանի որ հասարակական կազմակերպության կողմից հայտնաբերված անձը, որը ներկայացվում էր որպես աշխատանքային շահագործման զոհ, առողջական վիճակի պատճառով տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացնում էր ամբողջովին իրարամերժ պատմություններ:

«Ութ տարի է անցել այն օրվանից, երբ քրեական օրենսգրքում ներառվեց մարդու առեւտուր անվամբ մի հոդված, որը փաստացի նկարագրում էր կոնվենցիայում առկա «թրաֆիքինգ» հասկացությանը վերաբերող հանցակազմը, – ասում է Տիգրան Պետրոսյանը, – կարճ ժամանակահատվածում, թեեւ մեծածավալ աշխատանք է կատարվել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում, բայց եւ այնպես կան ուղղություններ, որոնք կարիք ունեն կատարելագործման»:

«Ի սկզբանե կարծիք կար, որ ամենատարածված ձեւերից մեկը հենց պոռնկության շահագործման նպատակով թրաֆիքինգն է: Եվ կար հսկայական աշխատանք, որ պետք է կատարվեր հենց այս ուղղությամբ: Բնականաբար, այդ աշխատանքները ունեցան իրենց դրական արդյունքը, որը բերեց հանցագործության դեպքերի նվազեցման, եւ ժամանակ ստեղծվեց հարկադիր աշխատանքի դեմ պայքարելու համար»:

Թրաֆիքինգի դեմ պայքարում որոշակի արդյունքների շնորհիվ`Հայաստանը դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարության 2011թ. հրապարակված տարեկան զեկույցներում նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 2wl խմբի ցանկից եւ տեղափոխել 2-րդ խումբ: Դա նշանակում է, որ Հայաստանն այլեւս չի դիտարկվում որպես թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկիր: Վրաստանը 1-ին խմբում է, Իսկ Ադրբեջանը 2-րդ եւ 3-րդ խմբերի արանքում` 2wl խմբում:

«Ամքոր» կազմակերպությունը 2004 թվականից թրաֆիքինգի մոտ հարյուր զոհերի օգնություն է ցուցաբերել, որոնցից վեցն արտասահմանում աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվել` հինգը եղել են Ռուսաստանում, մեկը` Ուկրաինայում:

Հնարավոր է`հարկադիր աշխատանքի զոհերի իրական թիվն ավելի մեծ է, սակայն խնդրի գաղտնի բնույթն անգամ ամենակոպիտ հաշվարկներն անհնար է դարձնում:

Ինչպես նշում է Պետրոսյանը. «Քիչ էին այն մարդիկ, ովքեր հասկանում էին, որ իրենց հետ կատարվածը շահագործում է, թրաֆիքինգ, եւ համաձայնվում էին համագործակցել իրավապահ մարմինների հետ հենց իրենց հետ կատարված հանցագործության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Երևի, սրանք են հիմնական պատճառները, որ չէին հարուցվում հարկադիր աշխատանքի վերաբերյալ քրեական գործեր»:

Նա ասում է, որ իրենք արդյունավետ կերպով համագործակցում են Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ, եւ եղել են նախադեպեր, որ այնտեղ կատարվել են Հայաստանից ուղարկված քննչական հանձնարարությունները:

Սակայն ըստ Պետրոսյանի`բացահայտումները դժվարանում են, քանի որ հիմնականում մարդիկ դիմում են իրենց վերադառնալուց հետո, երբ արդեն վերացված են լինում անհրաժեշտ ապացույցները:

«Գնում են մարդիկ, որոնք տեղյակ չեն իրենց իրավունքների մասին կամ նույնիսկ եթե տեղյակ են, այլ ելք չունեն, Հայաստանում ընդհանրապես գումար աշխատելու ճանապարհներ չեն գտել ու փորձում են իրենց ուժերը արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում, որտեղ նույնպես կանոնակարգված կամ խիստ չի էն օրենսդրությունը, որը պահանջում է աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանություն», -ասում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը:

Օվսաննան, ով տասը տարուց ավելի է միգրացիայի ոլորտում է աշխատում, այնուամենայնիվ, նշում է. «Նախապատմությունը հուշում է, որ աշխատանքային թրաֆիքինգի բացահայտման դեպքերը պիտի ավելանան»:

Սակայն Ռաֆիկը հավատում է, որ իր նման շատ այլ մարդիկ կան, ովքեր գերության մեջ են Ռուսաստանի այն հատվածում, որտեղ նա 9 տարի է անցկացրել:

«Թաթարստանով մեկ գյուղերում լիքը գերիներ կան», – ասում է Ռաֆիկը ու հիշում իր հայրենակցին`Կիրովականից Արսենին, որը գերության մեջ էր հարեւան գյուղում:

աղբյուրը iwpr.net

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Armenian Migrants in Modern-Day Serfdom Լավագույն մասնագետները հեռանում են. Օրինական միգրացիա

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com