Սիրիան ԱՄՆ-ի մամլիչի տակ

20.08.2012 at 19:05 Оставьте комментарий

«Ամերիկայի հետ լավ եղիր, թե չէ քո երկիր դեմոկրատիա կբերեմ»fb-ի Occupy Wall St.էջից

«Ամերիկայի հետ լավ եղիր, թե չէ քո երկիր դեմոկրատիա կբերեմ»fb-ի Occupy Wall St.էջից

Լավ ու վատ ոստիկանները

Ի՞նչ տարբերություն կա Բուշի և Օբամայի մեջ, էրկուսն էլ երկրներ են շուռ տալիս, էրկուսն էլ ԱՄՆ-ի շահերը առաջ բրդելով միլիոնավոր մարդկանց են դժբախտացնում ու անունն էլ դնում՝ պայքար ազատության համար:

Տարբերությունը մեկն է՝ Բուշը կացնային է տապալում, բանի տեղ չդնելով իր դաշնակիցների ու ՄԱԿ-ի կարծիքը՝ ինչպես արեց 2003-ին Իրաքում, իսկ  Օբաման նույնը անում է ավելի նուրբ, ինչպես Սիրիայում, զորք չի մտցնում՝ փոխարենը զինում է աշխարհիկ իշխանության թշնամիներին՝ սուննի մոլեռանդ մուսուլմաններին, իր բարեկամ Թուրքիայի,  Սաուդյան Արաբիայի ու Կատարի միջոցով վարձկաններ լցնում երկիր, տեռորիստներին էլ հռչակում ապստամբներ ու դեմոկրատական ընդդիմություն և հետո դաշնակիցների հետ միասին պատրաստվում ռազմական աջակցություն ցույց տալ այդ «դեմոկրատ ընդդիմությանը»` չի կարելի մենակ թողնել «ազատության համար պայքարողներին»:

Նրան չեն հայոհոյում, նրա դեմ ցույցեր չեն անում, հակառակը նրան ներկայացնում են որպես «ազատության մարտիկների» բարեկամ:

Շատ ձեռնտու է Սաուդյան Արաբիայի պես բարեկամ ունենալը, ոչ միայն որ շատ նավթ ունի, այլև դա  մի երկիր է, որ ուզածդ ժամանակ  դիմադրող վարչակարգերի դեմ իսլամական գրոհներ կկազմակերպի: Իսկ որ այդ երկիրը շատ ավելի բռնապետական է քան այն երկրները, որոնք ԱՄՆ-ն քանդում է  «դեմոկրատիա» հաստատելու անվան տակ, չի անհանգստացնում, ինչքան էլ նկատեն ամերիկյան կայսրականության քննադատները:

«Սաուդյան Արաբյան աշխարհի ամենաբռնապետական ռեժիմներից մեկն է և մարդու իրավունքների վիճակը այնտեղ ավելի վատ է քան աշխարհի ցանկացած երկրում բացառությամբ Հյուսիսային Կորեայի…: Նրանց  համար նողկալի է նույնիսկ միտքը կանանց  հետ կապված այնքան, որ բարոյականության հսկիչները արգելեցին աղջիկներին դուրս գալ հրդեհվող դպրոցից, քանի որ նրանք համապատասխան հագնված չէին և կարող էին մահացու ազդեցություն թողնել մարդկանց վրա: Միայն Ամերիկան և նրա մերձավոր դաշնակիցները(Սաուդիային միլիարդավոր դոլարների ամենաժամանակակից զենքեր վաճառող և դրանք օգտագործելու համար զինվորականներին ուսուցանող երկրները) կարող էին լրջորեն ընդունել այն միտքը, որ Սաուդյան Արաբիան պայքարում է Սիրիայում մարդու իրավունքների համար և բարձրաձայն չծիծաղել»,- գրում է վերլուծաբան Մարկ Ադոմանիսը:

Եթե 2003-ին Օբաման լիներ նախագահ կմտնե՞ր Իրաք: Հարցը անիմաստ է, ԱՄՆ-ն գիտի՝ երբ ունենա Օբամա, և երբ Բուշ: Իրաքի ռեժիմը տապալելու համար ներսում ապստամբություն հրահրելը գրեթե անհնար էր, փորձերը արդյունք չէին տվել, ուրեմն, ի՞նչ անել. վատ ոստիկան, Բուշ էր անհրաժեշտ, ով կարհամարհեր միջազգային հանրությանը ու տապոռը կիջեցներ Սադամի ռեժիմի գլխին:

Իսկ հիմա լավ ոստիկանի ժամանակն է, տապոռի կարիք չկա,  «արաբական գարունը» նվեր եղավ ԱՄՆ  վարչակարգին, որ մի  գարուն էլ ծաղկեցնի Սիրիայում ու  հետո առատ բերք ստանա, իրականացնի այն ինչ ծրագրվել էր դեռևս Բուշի վարչակարգի օրոք՝ տապալել Ասադին:

«Հասկացիր, Սիրիայում բռնապետական ռեժիմ է, ժողովուրդը ապստամբել է Ասադի դեմ, Ասադը արյունարբու բռնակալ է, ԱՄՆ-ն կապ չունի, ԱՄՆ-ի նախագահը այլևս Բուշը չի, այո Բուշը սրիկա էր, բայց հիմա Օբաման է», -զայրույթից գոռում էր ֆրասնիացի լրագրող բարեկամս:

Իսկ անցյալ տարի էլ Ամերիկայից ու ֆրանսիայից եկած քույր ու եղբայր ազգականներս Ասադի հասցեին դրական մի փոքրիկ ակնարկի համար քիչ էր մնում սեղանի գինու շիշը շպրտեին՝ ոնց թե, արյունարբու բռնակալը պաշտպաններ ունի՞: Նրանք բացարձակապես տեղյակ չէին ընդդիմադիր կոչվող տեռորիստների սարքած մասսայական սպանդից, արևմտյան մամուլը տհաճ լուրեր չի հաղորդում բռնապետի թշնամիների մասին:

Միայն հիմա, արյունահեղությունը սկսվելուց մեկ ու կես տարի անց տարածվեց տեսագրություն, ուր Սիրիայի ազտագրության բանակը գնդակահարում է արյունլվա ասադականներին, ու շարքային եվրոպացին սկսեց մտածել՝ գուցե մարդու իրավունքների համար ընդդիմության ուշքը  այնքա՞ն էլ չի գնում:

Այս դահիճները հենց արևմուտքի բացահայտ  աջակցությունը վայելող ուժերն են(սփյուռքահայ ընկերս բանավիճելով ինձ հետ մի քանի օր առաջ գրեց. «էսօր Ազատ Բանակի ֆետայիները իրենց արիւնով են կերտում Վաղուան Ազատ ու ինքնիշխան ու լայիք ՍԻՐԻԱՆ»): Ավելի դաժան խմբավորումներ կան, որոնց տարաձայնությունն է՝ մի կողմը պնդում է, որ պետք է  ավտոբուսներ տրաքացնելով անմեղ բնակիչներին էլ հետը սպանել(«Ջաբահ ան-նուսրա» խմբավորումը) և պայթեցնում է, իսկ մեկ այլ խումբ դեմ է դրան:

«Եթե Սիրիայում բարեկամներ չունենայի, ես էլ չէի իմանա թե ինչ է կատարվում այնտեղ: Նրանք են ինձ ամեն ինչ պատմում, որ իսլամիստները մարդկանց սպանում են, մարդիկ վախենում են ընդդիմությունից, շատ են Ասադի կողմնակիցները: Թերթերը այդ մասին ոչինչ չեն հաղորդում, միայն գրում են, թե Ասադը սեփական ժողովրդին սպանում է»,-ասում է Փարզից նոր եկած ազգականս:

Արևմտյան հակաասադական լրտավական քարոզչական հեղեղի մեջ հազվադեպ են սպրդում ճշմարտության նշույլներ, ինչպես օրինակ Նյու Յորք Թայմսում քրիստոնյա արաբի մտահոգությունը. «Մատարը իր և իր նմաններին անվանում է «մեծ խաղի մեջ մանրադրամ»,-Արևմուտքն էլ իր սեփակաան շահերն է հետապնդում, մեր ճակատագիրը նրանց չի հետաքրքրում: Ես չեմ արդարացնում Ասադի ռեժիմը,-մենք գիտենք որ դա բռնատիրություն է: Բայց այս տղաները նույնիսկ չեն թաքցնում որ ուզում են կառուցել իսլամական պետություն, չեն թաքցնում իրենց պայքարի մեթոդները-նրանք ուղղակի մարդկանց փողոցներում կկախեն»:

Քրիստոնեական եկեղեցի Հալեպում

Քրիստոնեական եկեղեցի Հալեպում
Photo REUTERS/Yazen Homsy

Քրիստոնյաների ցեղասպանությո՞ւն է սպասվում

Օբամայի ծաղկեցրած Արաբական գարունը սպասված բերքը չտվեց, չորային եղավ, Սիրիայի բնակչությունը չցանկացավ ոռոգել դավադրությունը, պարզվեց, որ Ասադը ի տարբերություն արաբական մյուս երկրների ղեկավարների ավելի ժողովրդականություն է վայելում:

«Արևմուտքը վստահ էր, որ երկու ամսում Ասադին կգցեն, բայց չստացվեց, չէին պատկերացնում որ Ասադը ուժեղ է, որ երկրի բնակչության մեծամասնությունը Ասադի կողմն է, ու այդպես հեշտ չեն կարող տապալել: Դրա համար էլ մեկ ու կես տարի ձգվում է արյունահեղությունը»,-ասում է Սիրիացի ընկերս:

Արևմուտքը ու արաբական երկրները ինչքան էլ զինեցին ապստամբներին, տեռորսիտներ լցրեցին երկիր, սակայն դեռևս չի ստացվում Ասադին տապալել: Այսուհանդերձ, ջանքերն ու ծախսերը անտեղի չեն, արդարացնում են, իրենց համար դրական արդյունքներ տալիս են,  բարոյապես մաշվում է Ասադի իշխանությունը:

«Բայց հիմա Ասադի հեղինակությունը թուլանում է, որովհետև շատ արյուն թափվեց»,-ասում է ընկերս:

«Իսկ Ասադի ռեժի՞մը, դժգո՞հ չէին մարդիկ»:

«Արաբական երկրում իշխում են կամ տանկերը կամ մինարեթներ: Քրիստոնյաների համար Ասադը լավ է, իսլամիստների գալը վտանգավոր է, քրիստոնյաներին գուցե չսպանեն, բայց կքշեն, եթե չքշեն էլ, մեկ է ճնշելու են»,-ասում է նա: Ու նրա շուրթերից լսում եմ իսլամիստների այն լոզունգը որ  մամուլում եմ կարդացել՝«Ալևիներին գերեզման, քրիստոնյաներին դուրս»: Կա ևս մի տարբերակ «ալևիներին գերեզման, քրիստոնյաներին խաչ»:

«Եթե մեկը ասի Ասադի կողմ եմ տեղում կսպանեն»,-ասում է Սրիրիայից եկած մեկ այլ երիտասարդը,-Իսլամիստ դեմոկրատիան ո՞րն է, գիտե՞ս՝ միայն մուսումանը իրավունք ունի բռնաբարել, թալանել, սպանել, սա է նրա դեմոկրատիան»: Մյուս ընկերն էլ պատմում է, որ երկու արաբներ իրեն գումար էին պարտք, հիմա հրաժարվում են տալ, պատճառաբանում են՝  մուսուլմանը պարտավոր չի քրիստոնյայի պարտքը վերադարձնել:

Դամասկոսում է աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկը: Սիրիայի բնակչության 10 տոկոսը, մոտ 2 միլիոն քրիստոնյա է, որոնց անվտանգության երաշխիք էր հանդիսանում Ասադի ռեժիմը: Իսկ սուննիները վրեժով լցված Ասադի աջակից քրիստոնյաների դեմ միայն սպառնալիքներով չեն սահմանափակվում, բռնությունները նրանց դեմ դեռ անցյալ տարի են  սկսվել:

«Ժողովրդավարություն անմարդկային դեմքով» հոդվածում ռուս վերլուծաբան Բովտը գրում է. «Ազատության մարտիկները» չեն կարող ներել քրիստոնյաներին, որ նրանք պաշտպանել են Ասադի ռեժիմը և այժմ նրանց սպառնում են Ջիհադով: Եվ հենց դրա համար էլ քրիստոնյաները Ասադին աջակցում էին, հասկանալով, որ միայն կոշտ ռեժիմն է ի վիճակի ճնշել մշտապես կայծկլտող  միջկրոնական ատելությունը: Եվ եթե սիրիական «ազատության մարտիկները» գան իշխանության, ապա առաջին զոհերը կդառնան հենց քրիստոնյաները:

Երբ ապստամբները գրավել էին Հոմսը հենց դա էլ տեղի ունեցավ: Ասադին ընդդիմադիր խմբավորումների զինված գրոհայինները, ինչպիսին է «Ֆարուկի բրիգադը», ներխուժում էին քրիստոնյաների տներ մահվան սպառնալիքի տակ հրամայելով քաղաքից ռադները քաշել: Հաշված օրերում 50 հազար քրիստոնեկան համայնքին քշեցին լեռնային գյուղեր: Մոտ 200 հոգու դաժանաբար սպանցին: Թալանել էին մասնավորապես պրեսվիտերական  եկեղեցին(բողոքական ուղղություն): Հոգևորականին տարել էին անհայտ ուղղությամբ, նրա մասին ոչ մի տեղեկություն չկա: Այս տեղեկությունները տարածել էին միայն առանձին քրիստոնեական միսիոներական կազմակերպություններ: Սակայն դրանք չհայտնվեցին արևմտյան մամուլի «հեդլայն նորություններում» , այս առիթով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ չհրավիրվեց: «Արյունարբու» Ասադին տապալել պահանջողներից ոչ ոք չպահանջեց դադարեցնել ապստամբներին զենքի մատակարարումը»:

Քրիստոնյաների նկատմամբ բացահայտ բռնությունների մասին լռում են արաբական և արևմտյան լրատվամիջոցները:

Սիրիական կոնֆլիկտի արդյունքում ևս մի անգամ բացահայտեց որ գոյություն չունի հայկական մամուլ, այն կցորդն է արևմտյան քարոզչության, ու արտատպելով արևմտյան լուրերը ակամայից մասնակցում է հակաասդյան քարոզչությանը և Հայաստանն էլ դարձնում հակաասադ քարոզչության երկիր:

Քրիստոնյաների դեմ բռնությունները այնքան ակնհայտ են դարձել, որ արևուտքի համար մի փոքր դժվար է շրջանցել դրանք,  և երբեմն  արևմտյան մամուլում էլ են ընկնում այդ բռնությունների մասին տեղեկություններ, բայց «արյունարբու» Ասադին «մերկացնող» քարոզչության մեջ դա տոկոս էլ չի կազմում:

Այդպիսի մի բացառիկ հրապարակում է BBC-ի հոդվածը «Սիրիացի քրիստոնյաները վախենում են ապագայից, քանի որ բռնությունը ուժգնանում է». «Սիրիայի քրիստոնյաները վախենում են ապագայից, քանի որ բռնությունը սաստկանում է: Մի փախստական պատմում է, որ տարբեր երկրներից արաբներ կային, ովքեր ներխուժում էին քրիստոնյաների տներ ու մեղադրում նրանց որպես աստվածանարգներ: Իր տունն էլ է հարձակման ենթարկվել, երբ միայն կինն ու երկու երեխաներն են տանը եղել.- «Դա աննկարագրելի սարսափ էր, նրանք անվադողեր էին վառել տան առաջ և ուզում էին տունն էլ այրել: Իմ կինը վերցրել է երեխաներին ու պատերով ցատկելով փողոցից-փողոց փախել է»:

Քրիստոնյաների դեմ հետևողական հարձակումների մասին զեկուցումներ եղել են դեռ ապստամբության սկզբից, 2011-ի մարտից` ներառյալ հարձակումները եկեղեցիների վրա: Քրիստոնյաները դիտվում են նաև որպես ռեժիմի աջակիցներ:

Քրիստոնյաները կրոնական հանդուրժողականություն էին վայելում նախագահ Բաշար ալ Ասադի և նրա հոր` Հաֆեզի օրոք, ոմանք կառավարական բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Հունական կաթոլիկ եկեղեցու` Սիրիայում ամենամեծ կաթոլիկ միաբանության պատրիարք Գրիգորիս III-ը զգուշացրել է Սիրիայում օտարերկրյա ներխուժման դեմ և մեղադրել լրատվամիջոցներին, որ խեղաթյուրված են ներկայացնում իրավիճակը: Նա գիտակցում է, որ քրիստոնյաների դեմ բռնության շարժառիթը այն ընկալման պատճառով է, որ քրիստոնյաները պաշտպանում են Ասադի ռեժիմը:

Ռեժիմի նկատմամբ քրիստոնյաների կողմ կամ դեմ լինելը գալիս է իրենց վիճակի անորոշությունից, նրանք տեսել են իրենց կրոնակիցների փորձը Իրաքում, որի քրիստոնյա բնակչության առնվազն կեսից ավելին լքել է երկիրը այնբռնարարքների պատճառով, որ ծավալվեցին երկրում 2003թ. ԱՄՆ-ի` Իրաք ներխուժելուց հետո: Նրանցից շատերը Իրաքից Սիրիա էին տեղափոխվել` հավատալով, որ Սիրիան կրոնական հանդուրժողականության ապաստան կլինի»:

Դժվար չէ կռահել, որ եթե իշխանության չեկած ընդդիմադիրները արդեն սկսել են հաշվեհարդար տեսնել քրիստոնյաների նկատմամբ, եթե գան իշխանության ինչ կլինի: Իսկ ի՞նչպես կարձագանքեն արևտյան  երկրները, որոնք  «դեմոկրատիայով» ու «մարդու իրավունքների» մտահոգությամբ են պատճառաբանում պայքարը Ասադի ռեժիմի  դեմ: Պարզ է, այնպես ինչպես հիմա են արձագանքում, այսիքն կլռեն, ձայն չեն հանի իրենց բերած իշխանությունների վայրակագությունների մասին ևս մեկ անգամ պարզ կդառնա, որ մարդու իրվունքներն ու դեմոկրատիան մահակ է միայն թշնամիների գլխին իջեցնելու համար:

Բովտը հարցնում է, թե ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ առաջադեմ միջազգային հնարությունը կանհանգստանա եթե մասսայական ջարդեր լինեն ու պատասխանում.

«Այդ դեպքում ինչու՞ դա տեղի չունեցավ դիկտատուրայից ազատագրված մյուս երկրում՝ Իրաքում: Այնտեղի քրիստոնյաները նույնպես ժամանակին Սադամ Հուսեյինի հետ դաշինք էին կազմել փրկվելու համար կրոնական ատելությունից: Սադամին տապալելու պահին Իրաքում ապրում էին մոտ 1,5 միլիոն քրիստոնյա, բնակչության մոտ հինգ տոկոսը,աայն մերձավոր արևելքում հնագույն համայնքներից է: Առանց Սադամի ապագայի նկատմամբ մտահոգությունը, ցավոք, արդարացվեց: Հիմա տարբեր հաշվարկներով Իրաքում 400 հազարից քիչ քրիստոնյա է մնացել, Բոլոր չափանիշներով դա լայնածավալ ցեղասպանություն է:

Մոտ 300-400 հազար փախել են Սիրիա, մյուսները Թուրքիա, Հորդանան, Մեծ Բրիտանյա, այլ երկրներ, Իրաքի քրդական տիրապետության տակ գտնվող շրջաններ: Քանիսն են սպանվել, քանիսը բռնությամբ իսլամացել, քանի կին է բռնաբարվել, և քանիսին են ստիպել Հիջաբ հագնել, ոչ ոք չգիտի:

Նրանց հետ, ովքեր չհացրեցին փախչել «ազատագրված ժողովրդից», մոտավորապես կատարվեց այն, ինչ Մոսուլում եղավ քրիստոնյաների հետ, երբ փողոցում մարդկանց հենց այնպես կանգնացնում էին, ստուգում փաստաթղթերը և տեղում գնդակահարում երբ հայտնաբերում էին ասորական կամ քրիստոնեական արմատներ: Կամ ինչպես Բաղդադում, երբ 2010-ի հոկտեմբերին Ալ-Քայիդային մոտ «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը տիրացավ կաթոլիկ եկեղեցուն, մի քանի տասնյակ սպանվեցին, ներառյալ հոգևորաականին: Հետո այդ գրոհայինները քրիստոնյաներին հայտարարեցին «վրեժի օրինական թիրախ, և բարձրացավ զանգվածային սպանությունների ու ահաբեկչության ալիք»:

Քրիստոնյաները և մասնավորապես հայերը հասկանալով իրենց գլխին կախված վտանգը, այնուամենայնիվ հույսի նշույլ են փնտրում, որ գուցե իշխանափոխությունից հետո իրենց չեն ճնշի և կարող են հանգիստ ապրել իրենց երկրում: Հույս է ներշնչում Սիրիայի ապստամբներից մի քանիսի հայտարարությունները, թե իշխանափոխության դեպքում փոքրասնություններին ձեռք չեն տա, ինչպես ասել է«Սիրիայի ազատ բանակի» գեներալ Աբդել Ջաբբար ալ Օգաիդին և Սիրիայի ազգային խորհրդի նոր ղեկավար Աբդել Բասեթ Սայդան: Սակայն այդ հավաստիացումների վրա սառը ջուր է լցնում Ռեյգանի վարչկարգի ժամանակվա պաշտոնյա, վերլուծաբան Փոլ Քրեյգ Ռոբերթսը.

«Սիրիայի ազգային խորհուրդը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից է նախագծված: Ցանկացած հայտարարություն, որ անում է Սիրիայի ազգային խորհուրդը, քարոզչություն է՝ ուղղված Սիրիայի ներկայիս ռեժիմի տապալմանը: Հայտարարության նպատակն է հավատացնել փոքրամասնություններին, որ նրանք անվտանգ կլինեն, եթե ընդունեն ռեժիմի փոփոխությունը: Բայց Սիրիայում վարչակարգի տապալումը բերելու է այն նույն շարունակական արյունահեղությանը, որը բնութագրական է Իրաքի եւ Լիբիայի համար: Ոչ ոք այլեւս ապահով չի լինելու Սիրիայում»:

«Իրանի շուրջ ԱՄՆ-ն ունի 40 բազա, Իրանը կզգա՞ սպառնալիք: Եթե Իրանը ունենար այդքան շատ բզաներ ԱՄՆ-ի շուրջ, մենք սպառնալիք կզգայի՞նք»:FB-ի Occupy Wall St էջից

«Իրանի շուրջ ԱՄՆ-ն ունի 40 բազա, Իրանը կզգա՞ սպառնալիք: Եթե Իրանը ունենար այդքան շատ բզաներ ԱՄՆ-ի շուրջ, մենք սպառնալիք կզգայի՞նք»:Fb-ի Occupy Wall St էջից

Արևմուտքի երեկ չէ առաջին օրվա դաշնակիցը, երեկ թշնամի, այսօր կրկին դաշնակից

Այսպիսով ինչպե՞ս պատահեց, որ Արևուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն իր թշնամի Ալ-Քայիդայի(այս կազմակերպության 6 հազար գրոհային է կռվում Սիրիայում Ասադի դեմ) և մյուս ծայրահեղական իսլամիստների, արաբական աշխարհում իշխող սուննի վերնախավերի հետ ուս-ուսի տված ոչնչացնում է աշխարհիկ Սիրիան:

Սիրիայում ինչքան երկարաձգվում է պատերազմը, ինչպես նշել եմ նախորդ մասում,  բարոյապես մաշվում է Ասադի իշխանությունը, բայց մյուս կողմից էլ ավելի ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս երկրներն են ստեղծել երկրում հինգերորդ շարասյունը  վերջին արաբական ազգային գործչին՝Ասադին տապալելու համար, որ ԱՄՆ-ի մարդու իրավունքների ու ազատության մասին բարձրագոչ խոսքերի ետևում թաքնված է նրա ու դաշնակիցների իշխող դասակարգերի շահերը՝ իրականացնել ԱՄՆ-ի երկու տասնամյակ առաջ մշակված ստրատեգիան՝ ավերել երկու դաշնակիցներ՝ Սիրիան և Իրանը, և վերհասկողության տակ առնել մերձավոր արևելքի ամբողջ էներգառեսուրսները:  Այդ շահերը առաջ բրդելու համար ոչ մի բանի առաջ նրանք չեն կանգնի, նրանց արգելակներ չունեցող բուլդոոզերը հանգիստ կանցնի հարյուր հազարավոր մարդկանց վրայով:

Գլոբալ կապիտալի շրջանակներից դուրս գտնվող որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն բացահայտում են ԱՄՆ-ի ցինիկ քաղաքականությունը Սիրիայում: Ինչպես օրինակ wsws.org կայքը  «Վաշինգտոնը օգտվում է ենթադրյալ ջարդից» հոդվածում ասում է.

«Սիրիայի Թրեմեշ գյուղում (հուլիսի 12-ին) կառավարական զորքերի և ընդդիմության բախման հետևանքով սպանվածների մասին զեկույցը օգտագործվեց ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից մեծացնելու նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելուն ուղղված իրենց քարոզչությունը:

Սիրիայի ընդդիմության խոսնակը սկզբում հայտարարեց, որ ասադամետ զինյալները մտել են գյուղ ու սպանել անզեն քաղաքացիներին: Հայտարարեցին, թե սիրիական բանակը կատաղի նշանառության տակ է առել խաղաղ բնակչությանը: Բայց շուտով պարզ դարձավ, որ համարյա բոլոր մահերը եղել էին կառավարական և օտարերկյա հակաասադ ռազմական խմբերի միջև մարտերի հետևանքով:

Վաշինգտոնի հովանավորյալ «Ազատ սիրիական բանակի» (FSA) ղեկավարությունը հիմնված է Թուրքիայում, որտեղ ստանում է ուղղություն և օգնություն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից(ԿԸՀ): «Ազատ սիրիական բանակը » հիմնականում կազմված է սիրիական բանակի նախկին անձնակազմից և սերտ կապեր ունի սուննի իսլամիստ ռազմական ոստիկանության հետ, զենք ու ֆինանսներ է ստանում Սաուդյան Արաբիայի և Քաթարի` արևմտյան հովանավորությամբ բռնապետություններից:

Թրեմեշի ենթադրյալ ջարդը վերջին օրինակն է Օբամայի վարչակազմի «մարդասիրական» ցինիզմի արդարացման ` էլ ավելի արյունալի միջամտության համար Սիրիայի կոնֆլիկտին: ԱՄՆ մեդիան, անքննադատորեն քարոզելով վարչակազմի գիծը, լայնորեն շրջանցում է պաշտոնական պատերազմամետ քարոզչությանը հակասող ապացույցները:

Ինչպես վերջերս բացահայտվեց գերմանական առաջատար Frankfurter Allgemeine Zeitung թերթի կողմից, Հուլայի սպանությունների բազմաթիվ ականատեսներ վկայել են, որ ջարդերը փաստացի իրագործել են «Ազատ սիրիական բանակի» զինյալները, որոնց թիրախն է եղել շիա, ալավի և քրիստոնյա փոքրամասնությունը, ովքեր հրաժարվել էին միանալ սուննի ընդդիմությանը: Սակայն այս փաստերըհամարյա ամբողջությամբ անտեսեց ու շրջանցվեց մնացած արևմտյան մամուլը:

Իսկ Սիրիայի ինքնուրույն, ԱՄՆ-ի շահերին հակասող իշխանության տապալման հիմնական նպատկներն են՝ վերացնելով Իրանի դաշնակցին ճանապարհ բացել Իրան ներխուժման համար, տարածաշրջանի  էներգառեսուրսները մինչև վերջ վերահսկողության տակ առնել»:

Նվաճողական քաղաքականությունը այնքան բացահայտ դարձավ, որ մեկ ու կես տարի անց այն սկսեցին նկատել նաև արևմտյան առաջատար թերթերը: Բրիտանական Independent-ը  «Սիրիայի` ստի և երեսպաշտության պատերազմը» հոդվածում գրում է. «Արևմուտքի իրական թիրախը Ասադի դաժան ռեժիմը չէ, այլ նրա դաշնակից Իրանը և նրա քիմիական զենքը: Մինչ Քաթարն ու Սաուդյան Արաբիան զինում ու ֆինանսավորում են Սիրիայի ապստամբներին Բաշար ալ Ասադի ալավի-շիա-բաասական բռնապետությունը տապալելու համար, Վաշինգտոնը ոչ մի բառով չի քննադատում նրանց: Նախագահ Օբաման և նրա պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն ասում են, որ ուզում են Սիրիայում դեմոկրատիա լինի: Բայց Քաթարը ավտոկրատիա է, իսկ Սաուդյան Արաբիան ամենակործանարար խալիֆաթա-թագավորական բռնապետությունն է արաբական աշխարհում: Այս երկու երկրների ղեկավարներն էլ ժառանգել են իշխանությունն իրենց ընտանիքներից, ճիշտ ինչպես Բաշարը, և Սաուդյան Արաբիան դաշնակիցն է Սիրիայի սալաֆիստ-վահաբիստ ապստամբների, ճիշտ ինչպես միջնադարյան թալիբանների ամենաջերմեռանդ աջակիցն էր Աֆղանստանի խավար տարիներին:

Սեպտեմբերի 11-ի 19 ահաբեկիչ մարդասպաններից 15-ը եկել էին Սաուդյան Արաբիայից, որից հետո մենք, իհարկե, ռմբակոծում ենք Աֆղանստանը: Սաուդյան Արաբիան ճնշում է իր սեփական շիա փոքրամասնությանը ճիշտ այնպես, ինպես հիմա  ուզում է ոչնչացնել Սիրիայի ալավի-շիաական փոքրամասնությանը: Եվ մենք հավատում ենք, որ Սաուդյան Արաբիան ուզում է Սիրիայում դեմոկրատիա՞ հաստատել:

Հարևան (Իրաքը) երկիրը անցած շաբաթ տուժել է 29 ռմբակոծությունից 19 քաղաքներում, սպանվել են 111 քաղաքացի, 235-ը : Նույն օրը Սիրիայում նույն թվով մարդիկ են արյան լոգանք ընդունել: Բայց Իրաքը «էջի ներքևում է», ինչպես մենք` լրագրողներս ենք ասում, որովհետև, անշուշտ, մենք ազատություն ենք նվիրել Իրաքին, ջեֆերսոնյան դեմոկրատիա և այլն, և այլն, այդպես չէ՞:

Այս ամենը նրա համար է կատարվում, որ մենք փափագում ենք ջախջախել Իրանը և նրա միջուկային ծրագիրը, եթե, իհարկե, դա գոյություն ունի, և ոչ մի կապ չունի մարդու իրավունքների, կյանքի իրավունքի կամ սիրիացի երեխաների մահվան հետ»:

Ինքնուրույն, ԱՄՆ-ից անկախ իշխանությունները տապալելու համար  դեմոկրատիայի, ազատության, մարդու իրավունքների լոզունգերը «ընդունելի» պատրվակներ են մասսաների և երրորդ աշխարհի երկրների կոմպրադորային մտավորականության համար: ԱՄՆ-ն  սիրուն խոսքերի ու Օբամայի շնորհիվ կարողանում է շատ համախոհներ ընդգրկել իր պայքարում: Սակայն, եթե այդ պատրվակներն էլ չգործեն, ԱՄՆ և Մեծ Բրիտանյան բարդույթ չունեն օգտագործելու համար յուրաքանչյուր միջոց, որը կօգնի կապիտալի շահերին:

Այդպես,1951թ.  ընտրություններով Իրանի վարչապետ դարձավ  Մոհամեդ Մոսադիկը, ով ժողովրդավարական բարեփոխումների հետ միասին Իրանի նավթային հանքերը խլեց ԱՄՆ-ի և բրիտանական նավթային ֆիրմաների ձեռքից և ազգայնացրեց: Արևմտյան մասնագետները քշվեցին երկրից: Երկու տարի անց, 1953թ. ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հեղաշրջում կազմակերպեց և տապալեց Մոսադիկին, իշխանությունը վերցրած գեներալ Զահեդին և հետ վերադարձրեց նավթային հանքերը բրիտանացիներին ու ամերիկացիներին:

Այս փորձի արդյունքում Իրանում եղավ հեղափոխություն և  ստեղծվեցին այնպիսի կրոնական կարգեր, որոնք ունակ են դիմադրելու կայսերական զավթողականությանը:

Սիրիայի դեմ քաղաքականության ակունքները

Նեգրին և Հարդտը կայսերական նվաճողական քաղաքականության արմատները տեսնում են դեռևս սևերի ստրկության ժամանակներում. «Սևերի աշխատանքի գերշահագործումը  երկրի ներքին կյանքում մեզ համար մի օրինակ է, այն իմպերիալիստական տենդենցի, որը անցնում է ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում»(Հարդ, Նեգրի, «Կայսրություն»):

Այսպիսով Օբաման պատմության մեջ կմնա որպես շարունակողը այն քաղաքականության, որը ստրկացրել էր իր նախնիներին:

Ֆրոնտիրը(frontier- ԱՄՆ պատմության սկզբում իրացման ենթակա տարածքները) ժամանակին անցնում էր վայրի արևմուտքում, այն նվաճելու միակ խոչընդոտը բնությունն էր, հնդկացիական ցեղերն էլ մարդ չէին, բնության մի մասն էին, որոնց որպես խոչընդոտ ոչնչացնում էին, «Ինչպես հողատարածքը պետք է մաքրվի ծառերից ու քարերից գյուղատնտեսական աշխատանքների համար, այնպես էլ տարածքը պետք է մաքրվի բնիկ ժողովրդից» ( Հարդ, Նեգրի«Կայսրություն»): 20-րդ դարի Ֆրոնտիրը «դրսում է», մասնավորապես այժմ ԱՄՆ-ից 10 հազար կմ հեռու Սիրիայում, ապա Իրանում, իսկ հետո ղարաբաղյան հակամարտության գոտում, նաև այն երկրներում որոնք կամա թե ակամա թույլ չեն տալիս գլոբալ կապիտալի ծավալմանը,  խոչընդոտում են ԱՄՆ-ի կայսերական գերիշխանությունը հաստատելու պլանները:

Անցյալը, պատմություն չի, այն  չի անհետանում, ոչ մի տեղ չի կորչում, այն ԱՄՆ-ի այսօրվա հզորության մեջ է, որտեղից  բուրում է միայն պատմությանը վերագրվող գենոցիդն ու ստրկությունը:

Եգիպտացի քաղաքագետ Սամիր Ամինը ասում է. «Բնիկ ժողովորրդների գենոցիդը մտնում էր նոր ընտրյալ ժողովրդի և աստվածային միսիայի տրամաբանության մեջ: Այդ սպանդը չի կարելի վերագրել հեռավոր ու մոռացված անցյալի բարքերին: Ընդհուպ մինչև 1960-ական թվերը այդ գենոցիդը բաց ու հպարտորեն փառաբանվում էր: Հոլիվուդյան ֆիլմերը հակադրում էին «լավ» կովբոյին» «չար» հնդկացուն և այս կարիկատուրայի վրա սերնդեսերունդ դաստիարակվում էր:

Նույնը վերաբերում է նաև ստրկությանը: Անկախությունից հետո մոտ մեկ դար անհրաժեշտ եղավ վերացնելու համար ստրկությունը:   Եվ չնայած բոլոր հայտարարություններին այդ վերացնելը ոչ մի առնչություն չունի էթիկայի հետ: Այն պատահեց միայն այն բանի համար, որ ստրկությունը այլևս չէր նպաստում կապիտալիստական էքսպանսիային: Այնպես որ, աֆրոամերիկացիները ևս մեկ դար պիտի սպասեին, որ ստանային նվազագույն քաղաքացիական իրավունքներ: Եվ նույնիսկ դրանից հետո իշխող դասակարգի ռասիզմը չէր անհագնստացնում:

…………….

Բոլոր որոշումները ընդունում է կապիտալը, և միայն հետո նրան ծառայեցնելու է բերվում ամերիկյան գաղափարախոսությունը: Նրա մեթոդներն են՝ հետևողական ապատեղեկատվությունը, քննադատների բերանը փակում են շանտաժի ծայրահեղ միջոցներով: Այսպիսով, իշխող դասակարգը հեշտությամբ մանիպուլիացիայի է ենթարկում «հասարակական կարծիքը»: Ռեժիմը հավեսով բռնություններ է կիրառում, նույնսիսկ ամենածայրահեղ ձևերով, միայն թե պետք լինի:

Ամերիկյան նոր հեգեմոնիայի ռազմավարությունն է՝ կանխել ցանկացած ուժի գործունեությունը, որը ընդունակ է հակադրվել Վաշինգտոնին: Դրա համար անհրաժեշտ է ավերել «հնարավորին չափ շատ» պետություններ և ստեղծել հնարավորին չափ շատ հացկատակներ, որոնք պատրաստ են իրենց մոտ ընդունել ամերիկյան բազաներ «պաշտպանության» համար»(«Ամերիկյան գաղափարախոսություն»):

Ահա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն իր «երդվյալ թշնամու»՝ Ալ Քայիդայի հետ դաշնակցած տապալում Սիրիայի իշխանությունը: Միայն թե Ասադը, ապա Իրանում իսլամական հեղափոխության կարգերը և դրանց հետ գլոբալ կապիտալին համակարգված դիմադրությունը տապալվի, իսկ թե դրանից հետո ի՞նչ կլինի տարածաշրջանում՝ Ալ Քայիդան արյան գետեր կհոսեցնի՞, թե՞ մեկ այլ ծայրահեղական իսլամական ուժ կվերցնի իշխանությունը ու փոքրամասնությունների գենոցիդ կանի,  բացարձակապես չի հուզում Վաշինգտոնին: Սիրիայում ինչ իշխանություն էլ գա, նույնիսկ հակաարևմտյան լոզունգներ ունենա, եթե պետական կամ պետությունների դաշինքով համակարգված ուժ չի, չի կարող ու չի փորձի դիմադրել գլոբալ կապիտալի շահերին:

Իսկ կապիտալը, որի «ծարավը պետք է հագենա նոր արյունով և նա ստիպված է ամբողջ ժամանակ շարժվել դեպի նոր սահմաններ»(Նեգրի), չունի հեռու ափերում մարդկային կյանքերի նկատմամբ փոքրիկ անհնագստություն և պատրաստ է ստեղծել հրեշավոր ուժեր խնդիրներ լուծելու համար:

Այդպես, ԱՄՆ-ն ժամանակին սառը պատերազմի տարիներին միայն այն բանի համար, որ Սովետական Միությանը Աֆղանստանում հաղթի «ստեղծեց» այժմյան դեմքով իսլամական «Ջիհադը», և այսօր շատերի համար անբացատրելի Ալ Քայիդայի իռացիոնալ տեռորիզմը ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների աշխատանքի արդյունք է:

Էքբալ Ահմադը «Տեռորիզմ. Նրանց և մեր» ասում է.

«Իսլամում կա այսպես կոչված փոքր ջիհադ և մեծ ջիհադ: Մեծ ջիհադը նշանակաում է պայքար ինքն իր հետ: Փոքր Ջիհադը իր մեջ նաև բռնություն է պարունակում: Ջիհադ հասկացությունը գործնականում  չի օգտագործվել վերջին 400 տարիներին: Այն հանկարծ վերածնվեց ամերիկյան օգնությամբ 1980-ական թվերին: Երբ Սովետական միությունը ներխուժեց Աֆղանստան  Պակիստանի զինվորական դիկտատոր Զիյա ուլ Հակը կառչեց նոր հնարավորությունից(զինվորական ռեժիմը պահելու) և հայտարարեց ջիհադ անաստված կոմունիզմին: ԱՄՆ-ն այստեղ տեսավ աստծո մատը և հայտարարեց մոբիլիզացիա, որի ընթացքում կոչ արեց միլիարդ մուսուլմաններին դուրս գալ չարիքի կայսրության դեմ պատերազմի: Այս պայքարի համար ծախսվեցին հսկայական գումարներ: ԿՀՎ-ի գործակալները ցրվեցին ամբողջ մուսուլմանական աշխարհով և կոչ էին անում մարդկանց  հզոր Ջիհադի: Բեն Լադենը ընդգրկվեց այդ պայքարում»:

Այսպիսով, ինչպես «Ջիհադը», այնպես էլ տեռորիզմը անընդունելի են, երբ ուղղված են ԱՄՆ-ի և դաշնակիցների դեմ: Ավելին, տեռորը որպես բացասական հասկացություն օգտագործվում է միայն ԱՄՆ-ի հակառակորդների դեմ, նույն գործողությունը, երբ ուղղված է թշնամու դեմ, արդեն տեռոր չի, ազատգրական պայքար է, կամ նման մի «լավ» բան: Ինչպես օրինակ, երբ հուլիսի 18-ին Դամասկոսում տեռորիստը պայթեցրած ռումբից սպանվեցին Սիրիայի պաշտպանության նախարար Դադուդ Ռաջիխին,  նրա տեղակալն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պենտագոնի շտաբի նախկին պետ Քիթ Ուրբանը twitter-ում գրեց «առաջին անգամ տեռորիստ-մահապարտին, ով ոչնչացրեց Ասադի կաբինետի զգալի մասը, պետք է անվանել նահատակ»: Շատ պարզ, առանց երկար-բարակ մտածելու դիրքորոշում՝ երբ սպանում են արևմուտքցուն տեռորիզմ է, երբ սպանում են արևմուտքցու հակառակորդին, նահատակություն է:

Էքբալ Ահմադը գրում է որ տեռորի որևէ սահմանում գոյություն  չունի, և  քաղաքական նպատկահարմարությունն է որոշում թե որն է տեռորը և որպես օրինակ բերում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Շուլցի «սահմանումը». «տեռորիզմը արևմտյան քաղաքակարթության սպառնալիքն է»:

Այժմ ԱՄՆ-ն երեսուն տարի առաջ ստեղծած Ջիհադը, կրկին օգտագործում է այս անգամ Ասադի դեմ, հետո կփորձի նույնը անել Իրանում, հետո ամբողջ մերձավոր արևելքը նետել արյան հեղեղատներով ողողված անիշխանության գիրկը, իսկ արևմուտքում էլ կսկսեն վերլուծել իսլամի անմարդկային էությունը:

Քաոսը, անիշխանությունը, կոտորածները ոչ միայն խոչընդոտներ չեն, այլև ձեռնտու են, դրանք թույլ չեն տալիս արաբական հակաամերիկյան ուժերին համախմբվել և դիմադրության արդյունավետ միջոցներ ստեղծել:

Պոլ Կրեյգ Ռոբերտսը ասում է«Երբ աշխարհիկ պետությունը տապալվում է, իսլամական խմբավորումները կարող են հանգիստ միմյանց կոկորդ կտրել: Ներքին, միջկլանային պայքարը երկիրը դարձնում է թույլ: Արևմուտքի ազդեցությունը միշտ էլ գերակշռել է մերձավոր արևելքում, քանի որ իսլամական խմբավորումները միմյանց ատում են ավելի քան նրանք ատում են իրենց արևմտյան նվաճողներին: Այսպիսով, երբ Վաշինգտոնը տապալում է ոչ իսլամական, աշխարհիկ իշխանությունը, ինչպես դա եղավ Իրաքում, իսկ հիմա թիրախ է դարձել Սիրիան, իսլամիստները գլուխ են բարձրացնում ու սկսում են իշխանության համար իրար դեմ պայքարել: Դա լրիվ բավարարում է և՛ Վաշինգտոնին և՛ Իսրաելին, քանի որ այդ պետությունները դադարում են լինել իրենց հետևողական հակառակորդը»:

Հինգերորդ շարասյան օգնությամբ, «Ջիհադով» Ասադի ռեժիմը տապալել դեռևս չի ստացվում, և դա անհանգստացնում է Վաշինգտոնին, գուցե այդպես էլ չստացվի՞: Ուրեմն, պետք է օգտագործել պլան երկրորդը՝ իր՝ ՆԱՏՕ-ի շարասյունները մտցնել Սիրիա:

Սիրիա զորք մտցնելու ամերիկյան ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսում կոնգրեսմեն Ռոն Պոլը  հայտարարում է. «Մենք երեսպաշտություն ենք անում, երբ մեղադրում ենք Ռուսաստանին հարևան երկրներում իր շահերը պաշտպանելու համար՝ նույն բանում ինչ մենք անում ենք մեր ափերից հազարավոր կիլոմետրեր հեռու: Ասադի կառավարությանը ուղղված կեղծ մեղադրանքները այսպես կոչված զանգվածային սպանություններ անելու միայն պատերազմի պրոպագանդա է: Այժմ գիտակ մարդկանց մեծամասնությունը խոստովանում է, որ Սիրիայի դեմ ծրագրավորված պատերազմը կլինի Իրանի հետ պատերազմի ևս մեկ քայլը»:

Օգոստոս, 2012

 

Entry filed under: խոհ. Tags: , , .

Քեռին Ապացուցիր որ հայ ես. քրջոտ երկրի ֆաշիստական օրենքները

Оставьте комментарий

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

37 թիվ Armen Shekoyan Art bottle Georgia homosexual Jehovah’s Witnesses Literature «Մեդիսոնի շրջանի կամուրջները» «Միրհավը» ԱՄՆ Ակսել Բակունց Արմեն Շեկոյան Արցախ Բունիաթյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Գագիկ Ջհանգիրյան Գասպար Չերազ Դուբլին Երևան հյուրանոց Զանգիլան Իռլանդիա Լալա Ասլիկյան Լաչին Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայկական ժամանակ Ձյունը Ղրիմ Մերիլ Սթրիփ Մուշեղ Սաղաթելյան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռոբերտ Ուոլլեր Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Սահակաշվիլի Սիրիա Վահան Չերազ Վահե Բերբերյան Վահրամ Մարտիրոսյան Վրաստան Ցեղասպանություն Քաշաթաղ անտիպոեզիա արձակ արվեստ արտագաղթ արտագնա աշխատանք բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ ժամանակակից արվեստ իրավունք կին կրթություն հյուսիսային պողոտա հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ միասեռական շիշ հավաքող պատմվածք ռաբիս սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական քաղաքականություն ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к еще 4 865 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com